ՓԱՌԱՀԵՂ ԿՅԱՆՔ... ԳԱԶԱՆԱՆՈՑՈՒՄ
Գազանանոցում բնակվող կենդանիներից շատերն իրենց դես ու դեն էին նետում, պատեպատ զարկվում, ճողոպրելու ելք փնտրելու հույսով տենդագին հոտոտում վանդակաճաղերի երկաթներն ու` կրծոտելու գնով դրանցից ազատվելու ճիգեր գործադրում: Մյուսներն, ընդհակառակը, սմքել էին, մազաթափվել: Հաշտված իրենց այս կարգի գոյությանը, նրանք լիովին անկյալացել էին, կորցրել ախորժակը, քաշվել վանդակների անկյուններն ու անշարժ փռվել հատակին: Փակված լինելով վանդակում, նրանք կարոտում էին ազատությանը: Ոմանց մոտ անձկությունը մերթ ընդ մերթ վերաճում էր կատաղի բողոքի, մյուսների մոտ` փոխվում բացարձակ անտարբերության: Ու նրանք սատկելը գերության մեջ ապրելուց ավելի էին գերադասում:

Կենդանիների տառապանքը տեսնելով, գազանանոցի տնօրենը մեծ ցավ էր զգում: Երկար մտորումներից հետո նա, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքն, այնուամենայնիվ, գտավ: Ազատեց նրանց... Ամենեւին, ուղղակի բոլոր վանդակներում հեռուստացույց տեղադրեց ու սկսեց հատուկ կենդանիների համար պատրաստած հաղորդումներ հեռարձակել...

Ու, իսկապես, այդ պահից գազանանոցի կյանքը հիմնովին փոխվեց: Գազանների բողոքն ու ընդվզումը աստիճանաբար դադարեց: Նրանց սկսեցին ջունգլիների, սավաննայի, տափաստանների ու կուսական անտառների` նրանց հարազատ հայրենիքների մասին վավերագրական ֆիլմեր ցուցադրել: Կենդանիներն, ասես, երկրորդ շնչառություն առան: Ենթադրաբար, ըմբռնումներն էլ միանշանակ չէին: Այծյամները, զեբրերը, այծքաղերն ու քարայծերը, առյուծների մասին պատմող տեսահոլովակները սարսափ ֆիլմեր էին համարում: Իսկ առյուծների համար, քարայծների, զեբրերի ու այծյամների հեռուստաէկրանին հայտնվելն իսկ, ասես, ախորժաբեր հաբ լիներ:

Կարճ ասած, գազանները ողջ օրն անց էին կացնում հեռուստաէկրաններին կառչած` անխտիր նայելով բոլոր հաղորդումները: Պրպտող տնօրենը սակայն, սրանով չբավարարվեց: Նա նոր հեռուստաշարի գաղափար հղացավ, որն է'լ ավելի մեծ հաջողություն բերեց: Հաղորդումների միայն անվանումներն արդեն` «Նեղոսյան կոկորդիլոսի մեծ սերը», «Թե ինչպես կրծոտեցի վարժեցնողին», «Ինչպես պոզահարել որսորդին», ամեն ինչ արժեին: Նկարահանումներն անչափ գրավիչ էին եւ, գազանները տարված գլխավոր հերոսների դերերով, մոռանալով աշխարհում ամեն բան, անվերջ ծափահարում ու լաց էին լինում:
Ու որպեսզի հղացած գաղափարն իր ցանկալի ավարտին հասցնի, տնօրենը ձեռնամուխ եղավ «Վանդակ, դու հրաշալի ես...» նոր հեռուստաշարի էկրանավորման աշխատանքներին: Գազաններին հորդորում էին, թե գազանանոցում ապրելն, իսկապես, մեծագույն առավելություն է, թե այն օգտավետ է առողջության համար, թե հենց այնտեղ է անկախության ու անվտանգության իսկական երաշխիքը:

Ու, իսկապես, արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները...Հաղորդաշարի ավարտից հետո բոլոր գազաններն անասելի հուզվել էին: Նրանք նայում էին միմյանց, ներքուստ խոստովանելով` «Իսկապես, մեր բախտն իսկապես է բերել , որ մենք ապրում ենք... գազանանոցում»...

ԱՐԹՈՒՐ ԱԶԱՐՅԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1043 reads | 18.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com