ԽԱՂԱՂՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայից, տնտեսական բլոկադայից, պատմության խեղաթյուրումից, էթնիկ զտումից և այլ թշնամական ակտերից բացի իրականացնում են նաև հոգեբանական պատերազմ: Մտածված և մշակված գործողությունների արդյունքում նրանք մեր հասարակության որոշ հատվածների մոտ արդեն իսկ կարողացել են ընկճված վիճակ առաջացնել: Սա է նաև մեր ռազմաքաղաքական անհաջողությունների պատճառներից մեկը: Շատ կարևոր է հասկանալ, թե որտեղից է կառավարվում այս գործողությունը և ինչ համարժեք պատասխան կարելի է դրան տալ: Այսպես՝ Հայաստանի դեմ իրականացվող հոգեբանական միջոցառումների համակարգը կազմակերպվում է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության և Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության կողմից՝ իրենց ածանցյալ մարմինների հետ համատեղ: Հարկ է հիշեցնել, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը համարվում է Օսմանյան Teşkilat Mahsusa-ի կամ հատուկ կազմակերպության ժառանգը, որը ներգրավվածություն է ունեցել Հայոց ցեղասպանության կազմակերպման և կատարման գործում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը, ապա այն վստահաբար պահպանում է սովետական КГБ-ի «լավագույն» ավանդույթները: Կարճ ասած այս երկու կառույցները միմյանց հետ գտնվում են փոխշահավետ համակեցության մեջ: Այդուհանդերձ այս ակնհայտ թշնամական գործողություններին հայկական անվտանգային համակարգը դիմադրում է, բայց, ցավոք, ունի օգնության կարիք, քանի որ դժվարանում է համարժեք հակահարված տալ: Չստանալով համարժեք պատասխան՝ ադրբեջանաթուրքական համագործակցությունը հնարավորություն է ստանում կեղծ լուրերի, քարոզչական հնարքների և հայ հասարակության համար զգայական թեմաների շահարկմամբ մեզանում պահպանել հոգեբանական լարված մթնոլորտ: Այս իրավիճակում ստանդարտ լուծումները հնարավոր են համաչափ և բավարար ռեսուրսներ ունենալու դեպքում միայն, ինչը մեր պարագայում, պարզապես, առկա չէ, սակայն պնդում եմ, որ հաճախ սուղ միջոցների խորամանկ կիրառումն է հաջողության գրավականը: Հնարավոր իրականացվելիք հակաքայլերից թվարկեմ միայն մի քանիսը: Նախ պետք է հասարական ինժեներիայի միջոցով ստեղծել անվտանգային համակարգին նպաստող մարդկանց շերտ և ընդհանուր առմամբ բարձրացնել քաղաքացիների հետախուզական գրագիտության մակարդակը: Դրա համար,օրինակ,Թուրքիայում այս հարցը լուծվում է քարոզչական սերիալների միջոցով, որտեղ գլխավոր հերոսները հատուկ ծառայությունների աշխատակիցներ են: Նրանց հետևելով՝ հանդիսատեսը ծանոթանում է հետախուզական աշխատանքի բնույթին և հակառակորդի հնարավոր թակարդներին, ձեռք բերում այսպես կոչված հակահետախուզական իմունիտետ: Հատկանշական է և բնավ զարմանալի չէ, որ այդ ֆիլմերում, ի թիվս այլոց, հայերի թշնամական կերպարը նույնպես իր արտացոլումն է ստանում: Եթե առաջնորդվելու լինենք այսպես կոչված խորքային պետությունների տեսությամբ, ապա նշենք, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը այդ երկրում խորքային պետության հիմնական մարմինն է, որը սպասարկում է պանիսլամիստական և պանթյուրքական օրակարգ: Պանիսլամիզմն արտահայտվում է իսլամական աշխարհը միավորելու և այն առաջնորդելու ջանքերով, դրանցից հատկանշական է բյուզանդական Այա Սոֆիա տաճարը մզկիթի վերածելը, որն իր հերթին նաև նեոօսմանիզմի յուրահատուկ դրսևորում է: Պանթյուրքական օրակարգի առաջնային նպատակներից է Թուրքիայի և Ադրբեջանի ֆիզիկական միավորումը, ինչը այդ երկրների նախագահների կողմից ստորագրված հակահայկական հռչակագրում իր պաշտոնական տեսքն է ստացել, (մեջբերում եմ). «Կողմերը (Թուրքիա և Ադրբեջան) հաստատում են, որ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև միջանցքի (այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, որը միավորելու է Ադրբեջանը և Թուրքիան) բացումը և խնդրո առարկա միջանցքի շարունակություն հանդիսացող Նախիջևան-Կարս երկաթգծի շինարարութունը կարևոր քայլ են լինելու երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և հաղորդակցական հարաբերություններն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ»(մեջբերման ավարտ): Հատկանշական է, որ թե՛ թուրքերեն, թե՛ ադրբեջաներեն տեքստում խոսվում է բառացիորեն Թուրքիայի և Ադրբեջանի այսպես կոչված միավորման մասին: ![]() Հոգեբանական և քարոզչական այս գրոհը երեկ չի սկսել և վաղն էլ չի ավարտվելու, և մենք տեսնում ենք, որ մեր հակառակորդների կողմից անընդհատ շահարկման է ենթարկվում հատկապես խաղաղ գոյակցության հնարավորությունը: Խաղաղությունը չի կարող լինել միակողմանի, հակառակ դեպքում դա գեղեցիկ փաթեթավորված ձախողում է: Այսպիսով, հերթական անգամ տեսնում ենք, որ խաղաղության օրակարգը ավելի շուտ քարոզչական թեզ է, քան իրական հնարավորություն, և ոչ այլ ինչ է, քան հայկական պետականության ներսում ներդրված տրոյական ձի: Հասարակ ճշմարտություն է, որ խաղաղության բարիքներից կարող են օգտվել միայն ուժեղները, իսկ հանձնվելը որպես խաղաղ գոյակցություն ներկայացնողներն իրենք իրենց են դատապարտում խառնակչի հավերժական խարանի: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
66 reads | 15.11.2023
| |