ՎՅԱՉԵՍԼԱՎ ԿՈՍՏԻԿՈՎ. Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ՂՈՂԱՆՋՈՒՄ ԶԱՆԳԵՐԸ
Հոդված «Ռուսները չեն հանձնվում» լրագրից

Իհարկե, լավ է, որ մենք ունենք Կրեմլ, Կարմիր հրապարակ, Մեծ թատրոն, Տրետյակովյան պատկերասրահ, Քրիստոս Ամենափրկչի եկեղեցի և ԳՈՒՄ:

Ֆեդերալ իշխանության կենտրոն ժամանող ռուսաստանցիները, շրջագայելով այդ բոլոր տեսարժան վայրերով` հպարտության զգացումով են համակվում են մեր ունեցած հոգևոր և նյութական մշակույթի համար:

Հպարտանալու բան իսկապես որ կա: Բայց շատ կարևոր է նաև, որ հարուստ թաղամասերից լսվող ուրախ և հայրենասիրական երգերը, չխլացնեն մեր ծայրամասերի «ռյազանյան տառապանքների» ձայնը:

Շատ կարևոր է, որ իշխանությունները ժամանակ առ ժամանակ մաքրեն իրենց ականջները և լսեն ոչ միայն արհեստավարժ փառաբանողների «պղնձե շեփորների»` այլ նաև Կլավա տատիկի տխուր երգի ձայնը:

Լսել են ղողանջ…

Իսկ իրականում երկրում ստեղծվում է բարդ իրավիճակ: Ֆեդերալ պետական պաշտոնյաները ավելի ու ավելի են կտրվում մնացած Ռուսաստանի իրական կյանքից: Ֆինանսական բարեկեցության կենտրոնը կլանում և ներծծում է ազգային հարստության առյուծի բաժինը:
Չնայած վաղուցվա այն խոսակցություններին, թե անհրաժեշտ է կիսվել ռեգիոնների հետ, այնուամենայնիվ ռուսական ծայրամասերը ավելի ու ավելի խղճուկ տեսք են ստանում: Նամանավանդ շողշողացող, զվարճացող և կաքավող մայրաքաղաքի ֆոնի վրա:

Ավելի ակնհայտ են դառնում երկրի տարածքների անհամաչափ զարգացման վտանգավոր հետևանքները: Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ ֆեդերալ կենտրոնը ուշքի է գալիս, մտնում է իր գրպանը, և այն ժամանակ բարեբեր մանանան թափվում է մեկ Սոչիի, մեկ Կազանի, մեկ էլ Վլադիվոստոկի վրա: Բայց առատաձեռնության այդ բռնկումները միայն ավելի են ընդգծում ազգային հարստության օգտագործման աղաղակող անարդարացիությունը: Ռուսական փողերի մեծ մասը գետերով հոսում է դեպի Մոսկվա և հետո փոքր առվակներով ծորում դեպի Ռուսաստանի ծայրամասերը:

Մարզերի և նամանավանդ միջին ու փոքր քաղաքների բյուջեն զգում է փողերի մշտական պակաս` իր կենցաղային և սոցիալական պայմանների նվազագույն ապահովման համար: Եվ եկեք ուղղակիորեն ասենք` պետք չէ պատրանքներ տածել, թե խորքային Ռուսաստանը հպարտությամբ երգում է` «իմ հարազատ մայրաքաղաք, իմ թանկագին Մոսկվա»:

Այն տեղը, որտեղից ֆեդերալ իշխանությունը բարեհաճում է իջնել մինչև երկրի մնացած մասի կարիքներն և ակնկալիքները, մարզերի համար դարձել է զայրույթ առաջացնող, օլիգարխիկ Ռուսաստանի մայրաքաղաք, անհավասարության խորհրդանիշ: Եվ պատահական չէ, որ մայրաքաղաք ժամանած մարդկանց այդպես գրգռում է կայարաններում հնչած «Մոսկվա` ղողանջում են զանգերը», «Մոսկվա` ոսկեզոծ գմբեթներ»:

Չէ որ վերադառնալով տուն, նրանք ականատես են լինում բոլորովին այլ պատկերի: Եվ նրանք և՛ համեմատում են, և՛ զարմանում են, և՛ խորհում...

Նոր գետտո

Մտահոգվելու բան իսկապես կա: Նոր Ռուսաստանը տեղափոխվելով (ինչպես ասում են) եվրոպական բուրժուական ռելսերի վրա, իրականում պահպանել է ԽՍՀՄ-ում գոյություն ունեցող երկարատև ու շարունակվող աղքատության իրավիճակը: Բացառությամբ մի փոքր խավի, որը սեփականաշնորհման արդյունքում հնարավորություն ստացավ տիրանալու սեփականության, հարստության և բարեկեցության:

Բնակչության հիմնական զանգվածների կյանքը ըստ եկամուտների և կյանքի կենսաձևի շատ քիչ է տարբերվում ԽՍՀՄ-ի կյանքից: Երգերում, կինոնկարներում և բանաստեղծություններում փառաբանված «խորհրդային հասարակ մարդը» իր ամբողջ կյանքում աշխատում էր, իշխանությունների կողմից պատվոգրեր և «Հարվածային աշխատանքի համար» կրծքանշաններ էր ստանում, և մահանում էր աղքատության մեջ` իրենից հետո չթողնելով ոչ սեփականություն և ոչ էլ խնայողություններ: Լավագույն դեպքում վեցհարյուր քառակուսի մետր հող` շիֆերային տանիքով մի հասարակ ամառանոցային տնակ :

Վերջերս Ռուսական ազգային ակադեմիայի սոցիոլոգիայի ինստիտուտի հրատարակած «Աղքատությունը և անհավասարությունը Ռուսաստանում» մասշտաբային հետազոտության արդյունքները ցավալի տպավորություն են թողնում: Ըստ պաշտոնական վիճակագրության, աղքատների քանակը երկրում չի գերազանցում 9%-ը, կամ 13 միլիոն մարդ: Սակայն, անկախ սոցիոլոգների հաշվարկներով, այդ թիվը փոքրացված է առնվազն երկու անգամ:

Խոսք չկա, վերջին տասնամյակների ընթացքում աղքատության մասին պատկերացումները փոփոխվել են: Եթե 60-70-ական թվականներին նույնիսկ մայրաքաղաքում կարելի էր տեսնել բամբակաբաճկոններով և թաղիքե հողաթափերով մարդկանց, ապա այսօր շուկայում ոչ մեծ գումարով կարելի է հագնվել չինական էժանագին արտադրության շորեր և ունենալ պատշաճ տեսք:

Այսօր ընտանեկան բարեկեցությունը որոշվում է այլ կերպ` առանձին բնակարան, բուժման, հանգստի և ճիշտ սնվելու հնարավորություն: Եթե խորհրդային (մանավանդ հետպատերազմյան) տարիներին միլիոնավոր քաղաքացիներ բավարարվում էին կորեկաձավարի քաշովիով, թթու դրած կաղամբով, փորոտիքներից պատրաստված ապուրով կամ էժանագին օկրոշկայով, ապա հիմա ոչ մեկին չես զարմացնի անդրծովյան բանանով:

«Նոր աղքատության» խնդիրը ոչ թե «սովից չսատկելու» մեջ է, ինչպես ասում էին առաջներում, այլ նրանում, որ կյանքի պայմանների անբարենպաստ փոփոխությունների դեպքում (հիվանդություն, աշխատանքի կորուստ, կոմունալ ծառայությունների արժեքի բարձրացում, բնակարան վարձելու անհրաժեշտություն) մարդկանց գցում է «նոր աղքատության» մեջ : Ընտանիքի բյուջեի վրա ծանր է նստում նաև երեխայի ծնունդը»:

Երկրի համար դա ամոթալի է: Այդ բոլոր խնդիրները, որոնք խիստ զգալի են խոշոր քաղաքներում, կտրուկ սրվում են գյուղական վայրերում և փոքր ու միջին քաղաքներում: Վերջերս սոցիոլոգները սկսել են օգտագործել նոր` երկրի համար նվաստացուցիչ մի տերմին` «ռուսական գետտո» անվանումով: Այդպես են անվանում այն բնակավայրերը, որտեղ կյանքի և կենցաղի պայմանները բոլորովին չեն համապատասխանում ժամանակակից ոչ մի չափանիշի:

Այդպիսի բնակավայրերում մարդիկ փաստորեն զրկված են կոմունալ-կենցաղային պայմանների հնարավորությունից, էլ չենք խոսում մշակույթի և բժշկական ծառայությունների մասին: Հազարավոր բնակավայրերում չկա գազ, ջեռուցում, հաճախ նաև որակյալ խմելու ջուր: Չկան ճանապարհներ, մատակարարում, հասարակական տրանսպորտ: 

Աշխատանքի վարձատրումը նվաստացուցիչ ցածր լինելու պատճառով փոքր քաղաքներից և գյուղական բնակավայրերից հեռանում են բժիշկները, բուժքույրերը, ուսուցիչները: Փակվում են ֆելդշերային կետերը, գրադարանները, ակումբները, դպրոցները: Գյուղերում փաստորեն վերացել է նույնիսկ ամենահասարակ սպորտը: 

ԽՍՀՄ-ում մշակութային և սպորտային պարզունակ կյանքը գոյատևում էր զինվորական կայազորների շուրջը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բանակի կտրուկ կրճատման հետևանքով այդ աղբյուրն էլ վերացավ:

Երիտասարդությունը և աշխատանքի ընդունակ մարդիկ այդ «գետտոներից» վաղուց են փախել: Իսկ հիմա հեռանում են նաև փոքր քաղաքներից: «Դեպի Մոսկվա, դեպի Մոսկվա»` երազում էին չեխովյան պիեսի հերոսուհիները:

Կսովորենք մենք արդյո՞ք կարգի բերել ոչ միայն մայրաքաղաքը, այլ նաև երկիրը: Ե՞րբ ենք սկսելու հայրենասիրությունից բխող գլխավոր գործընթացը: Ե՞րբ կկարողանանք ետ կանչել հեռացած հայրենակիցներին` « Դեպի Ռուսաստան: Դեպի Ռուսաստան»:

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
552 reads | 26.10.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com