ՎԻԼԼԻ ԲՐԱՆԴԻ ՆԱԽԱԴԵՊԸ
![]() Ռազմական փորձագետ Մեզնում հաճախ է խոսվում հանդուրժողականության մասին: Իսկ ի՞նչ է հուշում միջազգային փորձը, ինչպիսի՞ նախադրյալների առկայության դեպքում է երկու հակամարտող ազգերի միջև հաստատվում հանդուրժողականություն բառի բուն իմաստով: Այս համատեքստում ուշագրավ և ուսանելի է էթնոտարածքային հակամարտությունների լուծման, հակամարտող ազգերի միջև հանդուրժողականության հաստատման հետևյալ օրինաչափությունը: Ազգամիջյան փոխհարաբերությունների համաշխարհային և հատկապես եվրոպական փորձը հուշում է. ազգերի միջև հանդուրժողականություն է հաստատվել, թշնամանքը մեղմվել, ապա և աստիճանաբար վերացել միայն այն բանից հետո, երբ ագրեսիվ կողմը հրաժարվել է իր ագրեսիվ-ծավալապաշտական նպատակներից, երբ հրաժարվել է այլոց հայրենիքի հանդեպ հավակնություններից, ընդունել այլ, նախկինում նվաճված ազգի իրավունքն ապրել և արարել իր հայրենիքում: Այս ամենից հետո միայն, ազգային - ազատագրական պայքարի ելած ազգը աստիճանաբար դադարել է, իր, արդեն նախկին հակառակորդին ընկալել իբրև թշնամի: ![]() Այսօր սակայն Թուրքիայում, և հատկապես Ադրբեջանում կատարվում է ճիշտ հակառակը: Եվ անգամ այս երկրներում ձևավորված ծայրահեղ ագրեսիվ-շովինիստական դիրքորոշումների ֆոնին մենք հայելային անդրադարձի տրամաբանությամբ ատելություն չենք քարոզում թուրքի հանդեպ, չենք հռչակում Բաքուն, Ստամբուլը «հայկական բնօրրան», թեև այդ քաղաքաների պատմության մեջ հայկական ծանրակշիռ ներկայությանը: Մեր խնդիրն է ամեն վայրկյան պատրաստ լինել պաշտպանվել ագրեսորից, տեր կանգնել մեր կենսական իրավունքներին, և ոչ ավելին: Հանդուրժողականության մասին խոսելիս հարկավոր է անդրադառնալ ևս մեկ խնդրի. ինչպիսի՞ն պետք է լինի այն հիմա՝ հակամարտության ներկա թերևս ամենաթեժ փուլում: Այստեղ ամեն ինչ առավելագույնս հստակ է: Մեր թիրախը չպետք է լինի թշնամու խաղաղ, անզեն, անպաշտպան բնակչությունը: Այո, նրանք նույնպես թշնամական դիրքորոշման կրողներ են, սակայն թշնամու հանդեպ պաշտպանական ագրեսիան պետք է լինի ուղղորդված, ռացիոնալ, պատճառաբանված: Իր ատելությանը հագուրդ տալ փորձող զինված թշնամին է թիրախ. ահա այս տրամաբանությամբ է մեր բանակը սահման պահում: Այո, հայ զինվորականն իր մարդկային դեմքը պահելով հանդերձ պետք է անողոք լինի ասկյարի հանդեպ: Այո, թշնամու ասկյարի սրտում միշտ պետք է ահ լինի հայ զինվորականից, իսկ թշնամու երեխան պետք է վստահ լինի, որ հայի հենակետից իր վրա կրակ չի բացվելու: Երբ թշնամին կրակեց Դովեղ գյուղի մանկապարտեզի վրա հայոց բանակի պատժիչ գործողությունների թիրախը դարձավ թշնամու հենակետը, այլ ոչ թե հարակից թուրքական գյուղը: Հանդուրժողաքկանության խնդրին անդրադառնալիս հարկավոր է հատկապես անդրադառնալ նաև, այսպես կոչված դրամաշնորհային, «գրանտային» հանդուրժողականության վտանգավորությանը: Բանն այն է, որ այդպիսի հանդուրժողականությունը համարժեք չէ իրականությանը, քանզի ենթադրում է ինքնախաբեություն: Որպես կանոն մեզանում «հանդուրժողականության տարածում» ենթադրող գրանտային ծրագրեր իրականացնողների զգալի մասը արդեն իսկ դրամաշնորհային կախվածության մեջ գտնվելով կանխակալ են և խիստ կաշկանդված սեփական դատողություններում: Նրանք ի սկզբանե բացառում են ընկալել այլ տեսակետ, քանզի վճարվել են հանդուրժողականության հենց դոնորին շահեկան տարբերակի տարածման համար: Որպես կանոն նման հանդուրժողականությունը սահուն վերաճում է ադրբեջանական քարոզչության թեզերի տարածման: Ըստ էության նման հանդուրժողականության քարոզիչները բառի բուն իմաստով դառնում են հակամարտության կողմ, վերածվում սեփական երկրի դեմ գործող թշնամու քարոզչական թեզերը տարածողի: Ի՞նչ է սա եթե ոչ դավաճանություն: Ի վերջո, ինչպիսի՞ հանդուրժողականություն է մեզ հրամցնում նման դրամաշնորհային ծրագրերը. հանդուրժողականություն հայի տեսակի հանդեպ թշնամու վայրի անհանդուրժողականությա՞ն, ատելությա՞ն, նրա կողմից մեր իսկ հայրենիքում մեր ապրելու իրավունքը չընդունելու՞ հանդեպ: Միակողմանի հանդուրժողականությունը խիստ վտանգավոր է: Ադրբեջանական վայրագություններին, հախուռն ագրեսիվությամբ հագեցված կույր ռևանշիստական կոչերին ի պատասխան հանդուրժողականություն քարոզելը նշանակում է ժխտել իրականությունը և բթացնել հայ հանրույթի զգոնությունը: Սեփական կենսական շահերից հրաժարվելու գնով հանդուրժողականություն ձեռք չես բերում, նման կերպ հնարավոր է միայն ընկալվել որպես թույլ, մատչելի թիրախ: Սեփական կենսական շահերից հրաժարվելը միմիայն ավելի է լկտիացնելու ագրեսորին: Ավելին նման հանդուրժողականությունը միմիայն բթացնում է մեր հանրության զգոնությունը, ջլատում ազգի կենսունակության ներուժը: Պատերազմը հնարավոր է կանխել միմիայն վտանգի պահին ազգովի արագ մոբիլիզանալու պատրաստակամության շնորհիվ: Թշնամու հանդեպ համարժեք-իրատեսական ընկալումների կորուստը, իրականության աղճատված, ինքնախաբեությամբ հագեցած ընկալումները խոչընդոտելու են այդ պատրաստակամության ձևավորմանը: Գրանտային հանդուրժողականությունը թույլ չի տալիս մեր հանրությանը լիարժեքորեն պատրաստվել հնարավոր վտանգին դիմակայելուն, և ինչը հատկապես կարևոր է, հենց այդ պատճառով առավել իրատեսական է դարձնում պատերազմը: Մեր հանդեպ թշնամաբար տրամադրված թուրք հանրույթի հանդեպ իրատեսական պատկերացումները ձևախեղելը, նշանակում է իրականությունը փոխարինել պատրանքներով, ![]() 1970-ին Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդն այցելելով Լեհաստան ծունկի իջավ վարշավյան գետտոյի ապստամբներին նվիրված հուշարձանի մոտ: Նա մարմնավորեց զղջում, մեղք, ամոթ, բայց ամենակարևորը՝ նոր Գերմանիայի հրաժարվելը ծավալապաշտական նկրտումներից, այլոց ապրելու իրավունքի ընդունումը: Իր այս քայլով նա կատարեց առաջին, ամենաբարդ և ամենապատասխանատու քայլը դեպի հանդուրժողականության հաստատում գերմանացիների և լեհերի միջև: Վիլլի Բրանդի արարքը ներկայիս եվրոպական արժեքային համակարգի հաստատման գործում կատարում է հիմնասյունի դեր: Այն մի նախադեպ է, որն ավելի արժեքավոր է, քան բոլոր գրանտային հանդուրժողականության ծրագրերը միասին վերցրած: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2067 reads | 27.02.2013
| |