ՏՐԱՄՎԱՅԸ. ՀԻՆ ԵՐԵՎԱՆՑՈՒ ՊԱՏՄԱԾԸ
Տրամվայը մեր մանկության անբաժանելի մասնիկն էր, ուրախությունը, քաջության և ճարպկության չափանիշը:

Տրամվայի երթուղիները քիչ էին, կարճ: Դե, Երևանը` ինքն ավելի շատ գավառական քաղաք էր, քան հանրապետական կենտրոն:

Հիմնական երթուղին սկիզբ էր առնում Աբովյան փողոցի վերնամասից` «Շրջանայինից», ուր հիմա Խաչատուր Աբովյանի արձանն է: Հետո «Սևան» հյուրանոցի մոտ թեքվում էր ձախ, հասնում կայարանի հրապարակ, այնտեղից էլ` «Թոխմախ գյոլ» արհեստական լիճը և վերադառնում էր «Շրջանային», պտույտ տալիս ու կրկնում նույն ճանապարհը:

Մի կողմի երթուղին մոտ 10 կիլոմետր էր: Գնալ-գալը` քսան: Այդ ճանապարհը տրամվայով անցնելը գերագույն հաճույք էր, կիրակնօրյա զբոսանք մեզ` երեխաներիս համար, որը երբեմն կազմակերպում էին մեծերը:

Աբովյան փողոցը, լինելով բավականաչափ զառիվայր, որոշակի վտանգ էր ներկայացնում այդ խաղաղ և ավանդական տրանսպորտի համար:

Ժամանակ առ ժամանակ տրամվայը «փախչում» էր, այսինքն արգելակները չէին գործում և մեծ արագությամբ հասնելով «Սևան» հյուրանոցի կեռմանը, դուրս էր ընկնում ռելսերից: Դա դեռ ոչինչ: Մի քանի անգամ տրամվայն այդ կեռմանում շրջվել էր կողքի, մարդիկ էին զոհվել: Թերևս, այդ վթարներն էին պատճառը, որ Աբովյան փողոցից տրամվայը շատ շուտ հանվեց:

Մենք սիրած խաղեր ունեինք` կապված տրամվայի հետ: Վերցնում էինք մեծ մեխը, դնում ռելսին, տրամվայը անցնում էր վրայով և մեխը դառնում էր փոքր դաշույն, որը մենք անվանում էինք խանչալ:

Մեխը մենք գտնում էինք շինարարական մեծ մեքենաների պարկից` այսպես կոչված, «Գործնական բակից», որի տեղում հիմա «Առագաստ» սրճարանն է:

Եվ ահա մի օր բակի ավելի հասակավոր տղաները ինձ` վեց-յոթ տարեկան երեխայիս, տալիս են մի մեխ, թե բռնի ռելսի վրա, որ այն դառնա խանչալ:

Ես էլ խելոք-խելոք պպզում եմ ռելսի առաջ և սպասում, որ տրամվայը գա և տափակեցնի ձեռքիս մեխը: Վագոնավարը, որին երևանցիները, չգիտես ինչու, անվանում էին անգլերեն «վատման», «նավավար»` բառով, հեռվից նկատում է, գրեթե ռելսին պպզած երեխային և շարժվելով Բժշկական ինստիտուտի կանգառից սկսում է հնչեցնել ազդանշան-զանգը, հուսալով որ երեխան կփախչի:

Տեսնելով, որ երեխան տեղից չի շարժում է, «վատմանը» սկսում է կտրուկ արգելակել…

Տրամվայը կանգնեց ուղիղ իմ քթի առաջ: Ռելսի և անիվի շփումից բարձրացած փոշու բարկ հոտը առնում էի երկար տարիներ:

Անցորդների վախեցած գոռոցներից, տրամվայի զանգի ձայնից, արգելակիչների սուր ճռռոցից լրիվ շշմել էի, իսկ երբ կին վագոնավարը դուրս ցատկեց և վազեց իմ կողմը, նախ վախից նստեցի տեղս, հետո գլխիս իջած հարվածից վեր թռա և փախա դեպի տուն:

Դիմացի շենքի պատշգամբից կախված կանայք սկսեցին բղավել. «Կարմիր վերարկուով երեխան ընկնում էր տրամվայի տակ»: Աղմուկ-աղաղակի վրա դուրս վազած մայրս ինձ կտրեց գետնից, նախ` սկսեց հունգուր-հուգուր լաց լինել, հետո կսմթելով խփել:

Նա շատ քիչ էր ինձ ծեծում, բայց ծեծում էր անպայման լաց լինելով և, չգիտես ինչու, կսմթելով:

Թվում է, թե սա դաս պետք է լիներ ողջ կյանքում և խրտնեցներ տրամվայից: Բայց, ի՜նչ վախ, ի՜նչ բան:

Հասնելով պատանեկան խենթ տարիքին՝ մենք ամեն կերպ փորձում էինք սանձել երկաթե նժույգը, տիրապետել նրան, ենթարկել մեր կամքին ու քմահաճույքին:

Խոսքս վերաբերում է կյանքի համար սպառնալից մի վտանգավոր խաղի, որը կոչվում էր «տրամվայ թռնել» և «տրամվայից թռնել»:

Երբ տրամվայի ազարտը մեզ դարձրեց իր գերին, նրա երթուղին, բարեբախտաբար, արդեն հանվել էր Աբովյան փողոցից:

Ուրեմն մեր թռիչք-մրցումները տեղի էին ունենում նախկին Ստալինյան, ներկայիս Մաշտոց պողոտայում, «Պոնչիկանոցի» շրջակայքում կամ Ալավերդյան փողոցում:

Մեծ արագությամբ ընթացող տրամվայ թռչելը պահանջում էր վազքի լավ ունակություն, քանի որ վազողի և տրամվայի արագության անգամ փոքր տարբերությունը թռչողին թույլ չէր տալիս կառչել սլացող տրամվայի դռան բռնակից:

Չհասցնել կառչելը կամ բռնակից պոկվելը կարող էին ունենալ ողբերգական հետևանքներ: Պակաս վտանգ չէր ներկայացնում տրամվայից թռչելը, մանավանդ նրանց համար, ովքեր դա անում էին ոչ թե ընթացող տրամվայի ուղղությամբ, այլ ընթացքին հակառակ և «մեխվում» տեղում:

Դա համարվում էր բարձր պիլոտաժ, որին տիրապետում էին քչերը: Նրանք վայելում էին փողոցի հարգանքը, աղջիկների հիացմունքը, շարժում հասակակիցների նախանձը:

Չի կարելի ասել, թե ծնողները, դպրոցը և միլիցիան չէին պայքարում այդ մահաբեր երևույթի դեմ: Կախում էին բացատրական պաստառներ, դպրոցներում անցկացնում զրույցներ, կազմակերպում այսպես կոչված «Անվտանգ երթևեկության շաբաթներ»:

Ցածր դասարանցիներին վախեցնում էին ընթերցարանում զետեղված հիմար և սենտիմենտալ մի պատմվածքով` «Աշոտիկի ոտքը»: Ուրեմն, Աշոտիկը չի լսում ուսուցիչներին, թռչում է տրամվայ, ընկնում անիվի տակ և դառնում միոտանի: Պատկերված է Աշոտիկը: Նա հենակներով է և տխուր-տրտում նայում է ֆուտբոլ խաղացող ընկերներին: Ինքը չի կարող խաղալ, քանի որ նա մի ոտքը չունի:

Ողջ քարոզչական կամպանիան, այդ պատմվածքով հանդերձ, մեզ համար կոպեկի արժեք չուներ: Թռիչքային կրքերը սկսեցին հանդարտվել, երբ հայտնվեցին նոր տիպի տրամվայներ, ավտոմատ կերպով բացվող-փակվող դռներով, իսկ հետո բոլորովին մարեցին` այդ տիպի տրանսպորտը գործածությունից դուրս գալուց հետո:

…Տրամվայն անհետացավ Երևանից: Եվ շատ իզուր: Այսօր նա, իհարկե, չէր վտանգի պատանիների կյանքը: Նրանք ունեն բոլորովին ուրիշ` հետաքրքիր և բովանդակալից կյանք: Մինչդեռ աշխարհի լավագույն քաղաքները պահում ու գուրգուրում են շրջապատը չաղտոտող, խնայողական, մաքուր ու հանգիստ այդ փոխադրամիջոցը:

Տրամվայը քաղաքին տալիս է ռոմանտիկ, գողտրիկ տեսք, զարդարում է մարդկանց կեցաղը, հաղորդում անկրկնելի հրապույր:

ԴԱՎԻԹ ԹՈՒՄԱՆՅԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1954 reads | 14.11.2013
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com