ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏՐԱԳԻԿՈ-ՄԵԴԻԱ
ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հանրային կապերի փորձագետ









Տնտեսագիտության մեջ գոյութուն ունի մեկ շատ պարզ, բայց նաև շատ բնութագրական բանաձև, համաձայն որի` երկրի տնտեսության ուղղվածության մասին գաղափար կազմելու համար բավական է ուսումնասիրել տվյալ երկրի գովազդային արտադրանքը:

Այս մասով, և որևէ մեկի համար դա գաղտնիք չէ, Հայաստանի տնտեսության համապատկերում քանակային առումով մեծ տեղ ունեն ծառայություն մատուցող-սպասարկող ընկերությունները՝ առևտրի և զվարճանքի կենտրոնները, ռեստորանները, խաղատները, գեղեցկության սրահները, ատամնաբուժարանները, տաքսի ծառայությունները և այլն:

Որոշ երջանիկ բացառությունների պարագայում կարելի է արձանագրել մի քանի արդյունաբերական (ավելի հազվադեպ՝ գյուղատնտեսական) արտադրատեսակներ՝ շինանյութ, գարեջուր, կոնյակ, քացրավենիք, պաղպաղակներ, կաթնամթերք, բնական հյութեր և այլն: Եթե գովազդային արտադրանքը երկրի տնտեսության ուղղվածության ցուցիչներից է, ապա լրատվական դաշտը՝ երկրի ընդհանուր վիճակի՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտակրթական, առողջապահական և բնապահպանական ոլորտներում առկա վիճակի լավագույն ցուցիչն է:

Այս իմաստով էլ Հայաստանը՝ իր բոլոր ոլորտներով հանդերձ, աչքի չի ընկնում գրավչությամբ ու բազմազանությամբ, ընդհակառակը՝ տիրում է գորշ և միապաղաղ ողբերգականություն: Հատկապես էլեկտրոնային մամուլը, որը այսօր ավելի ու ավելի ներկա է սոցիալական ցանցերում, հորդում է ողբերգական լուրերով: Առաջին հորիզոնականներում են արտագաղթը, զանազան պատահարները՝ ավտովթարներ, կենցաղային պայթյուններ, բնակելի կամ արդյունաբերական-պահեստային տարածքների հրդեհներ, սպանություններ (ամուսինը դանակահարում է կնոջը, որդին խեղդամահ է անում մորը, դրացին մորթում է դրացուն, այնուհետև մարմնի մասերը թաղում ինչ-որ ավտոտնակի կամ տնակի ետևամասում), ինքնասպանությունները (պարտքերի կամ չվճարված տոկոսների, գործազրկության, չհաջողված ամուսնական կյանքի և բազմաթիվ այլ պատճառներով):

Այս ամենը դեռ չմարսած՝ հասարակությանը այնուհետև ցնցում է հերթական բոթը՝ ՀՀ պաշտպանության բանակի N զորամասում (ինքնա) սպանության զոհ է դարձել հերթական ժամկետային զինծառայողը: Հոգեխեղվածքի հասցնող այսպիսի լուրերը մեկը մյուսին հերթ չեն տալիս լրահոսի մեջ, և տպավորություն է, թե մեր երկրում մարդիկ կամ արտագաղթում են կամ զոհվում այս կամ այն պատահարի արդյունքում:

Ողբերգական այս միապաղաղությունը դիպվածաբար խախտվում է որոշ այնպիսի իրադարձությունների արդյունքում, որոնք համահայաստանյան կամ գոնե համաերևանյան ցասում են առաջ բերում, օրինակ՝ Սաֆարովի արտահանձնումը, Պոդոլսկի ավտովթարը կամ ուղեվարձերի թանկացման դեմ ուղղված ակցիաները:

Բնականաբար, այն, որ այսօր մենք առավելապես նմանատիպ լրատվություն ենք ստանում, դա մամուլի մեղքը չէ, մամուլի մեղքը, թերևս, միայն մատուցման ձևերի ընտրության մեջ է: Մամուլի մեջ արձանագրվողը ընդամենը հետևանք է, այլ ոչ երբեք պատճառ, ուստի երևի թե չարժե շտապել մամուլը մեղադրել գաղջ մթոլորտի ստեղծման մեջ: Մամուլն ընդամենը միջնորդ է՝ մեդիատոր, իրականության և հասարակության միջև, և նրա միջազգային անվանումը՝ մեդիա, արտացոլում է հենց այդ միջնորդության փաստը:

Հայաստանյան մամուլը դեմ չէր լինի լուրեր սփռել արտադրական նոր ծավալների գործարկման կամ արտահանման ծավալների աճի, միջազգային բորսաներում հայաստանյան հումքի գների կամ ձեռնարկությունների բաժնեթղթերի արժեքի աճի, միջազգային արժեք ներկայացնող կինոնախագծերի, թատերական կամ օպերային բեմադրությունների, բժշկական կամ ճարտարագիտական նորարարությունների, աշխարհի լավագույն բուհերի ցանկում հայաստանյան բուհերի ներգրավման և նմանատիպ այլ իրողությունների մասին, բայց այդպիսի բաներ մեր երկրում կամ մեր երկրի անվան շուրջ պարզապես չեն կատարվում, և սա մտածելու լուրջ հիմքեր է տալիս: Կասեք՝ արձակուրդային շրջան է, ասել կուզի՝ քաղաքական ինտրիգները հետաձգվել են մինչև սեպտեմբեր…

Բայց երկիրը միայն քաղաքականությամբ չէ, որ պետք է ապրի: Եվ որովհետև քաղաքական կյանքում արձակուրդ է, մյուս իրողությունների ֆիզիկական բացակայությունն ավելի է աչքի զարնում: Եվ որպեսզի այդ դատարկությունն ինչ-որ կերպ լցվի, լրահոսում առաջին պլան են գալիս կամ պատահարներն ու սպանությունները կամ էլ ինչ-որ մարդկանց ֆեյսբուքյան կարգագրերը (ստատուսները):

Այս վերջին հանգամանքին չեմ ցանկանում անդրադառնալ, որովհետև կարգագրերով կամ ընդհանրապես չճշտված և այսպես կոչված սկանդալային նյութերով ապրող ԶԼՄ-ները երկար կյանք չունեն, և լրատվական դաշտից դրանց զտումը միմիայն ժամանակի հարց է: Ինչ վերաբերում է մատուցման ձևերին, ապա զարգացած երկրներում մեդիաբովանդակության մատչելիության տարիքային շեմը սահմանափակվում է հատուկ նշումներով, օրինակ՝ +12, +16 և այլն, դա վերաբերում է ինչպես հեռուստաեթերին, այնպես էլ աստիճանաբար նաև՝ կայքերին: Բացի դրանից, պատահարների կամ ողբերգական դեպքերի մասին լրատվությունը, հատկապես տպագիր և էլեկտրոնային մամուլում, անմիջապես չի «գցվում» բաց լրահոսի մեջ, այլ խմբավորվում է հատուկ խորագրերի ներքո, օրինակ՝ «Պատահարներ»: Նպատակը՝ հոգեբանորեն կամ հոգեպես խոցելի անձանց բռնության կամ ողբերգական պատկերներից կամ տեղեկատվությունից զերծ պահելն է:

Վերջին քսան տարիների ընթացքում, օրինակ, եվրոպական հասարակություններում լուրջ բանավեճեր են գնում առ այն, որ բռնություն պատկերող տեսաշարերն ու լուսանկարները վերացվեն եթերից, և ընտրվեն տեղեկատվության մատուցման ավելի մարդասիրական եղանակներ: Տեղեկատվության մատուցումը տարբեր առումներով հանրային պատասխանատվություն է ենթադրում՝ նախ, հանրությանը ստույգ և ճշգրտված լրատվություն մատուցելու, այնուհետև հեռուստադիտողների կամ ընթերցողների լայն շրջանակի հանդեպ որդեգրած էթիկայի և հարգանքի առումներով:

Ողբերգական լրատվության մատչելիությունը անհրաժեշտ է սահմանափակել նաև մեզ մոտ, և պետք չէ դա շփոթել խոսքի ազատության սահմանափակման հետ, որովհետև խոսքի մատուցման ձևի կարգավորումները սահմանափակում են ոչ թե նրա բովանդակությունը, այլ միայն՝ հասցեատերերի շրջանակը: Այլապես՝ «լրատվական ինկվիզիցիայի» շարունակվելու պարագայում, մենք սրընթաց կսլանանք դեպի մասայական հոգեխեղում: Իսկ որպեսզի լրատվությունը մեր երկրում չլինի կա՛մ միայն քաղաքական, կա՛մ էլ միայն ողբերգական, մեր պետական այրերը պետք է պարզապես արդարացնեն այն աշխատավարձը, որ ստանում են քաղաքացիներիս մուծած հարկերի շնորհիվ: Ինչպես կասեր հեռուստալրագրող Արմեն Դուլյանը՝ հո դեմ չե՞ք:

Աղբյուրը՝ «168 ժամ»
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1229 reads | 23.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com