ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ՍԻՐԻԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Վեցդարյա Սիրիայի վրա կախված է դամոկլյան սուր: Երկիրը կանգնած է վարչական տրոհման և պետականության քայքայման իրական վտանգի առաջ: Արագություն է հավաքում քաղաքացիական զանգվածային կոտորածների թափանիվը՝ ներքաշելով իր մեջ երբեմնի ծաղկուն ու բարեկեցիկ հայկական համայնքը ևս:

Ինչո՞ւ հենց հիմա, XXI լուսավոր ու առաջադեմ այս դարում, երբ մարդկությունը հասել է զարգացման անհավատալի բարձունքների, վայելում է գլոբալիզացիայի ընձեռած հնարավորությունները, երբ բոլոր պետությունները` մեծ թե փոքր, խոսում են բարձր արժեքների մասին և հավատացնում, թե վերադառնում են հնամենի ու բարի ‹‹Հավասարություն, եղբայրություն, ազատություն›› բաղձալի և անրջային հավատամքին:

Ուրեմն որտե՞ղ է թաղված սիրիական ճգնաժամի ‹‹հոտած գլուխը››: ‹‹Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը››,-ասում է ժողովուրդը: Եվ հիմա հիշում են Խորհրդային Միությունը: Ոչ, չեն ափսոսում: Ինչպես մենք, այնպես էլ օտարները` չհաշված Ֆիդելին: Ոչինչ հավերժ չէ այս արևի տակ, այդ թվում նաև հզոր կայսրությունները: Սակայն ‹‹Մեկ վեցերորդը›› փլուզվելով՝ իր տակ թաղեց համաշխարհային երկբևեռ աշխարհաքաղաքական համակարգը, և ամենավտանգավորը` խախտեց միջազգային հավասարակշռությունը, պետություններին կանգնեցնելով լարախաղացի պարանին, որի վրայով քայլելը վտանգաշատ է: Այդ իսկ պատճառով մարդկությունը հայտնվեց լուրջ սպառնալիքի դեմ հանդիման: Այսպես, առաջ կար ԽՍՀՄ, իսկ օվկիանոսից անդին` ԱՄՆ: Նրանք էին ‹‹երաժշտություն պատվիրում››: Նրանք էին հիմնականում տնօրինում միջուկային զենքի պաշարները: Հիմա հոգեկան հիվանդ ահաբեկիչը կարող է այն տեղավորել ձեռքի ճամպրուկում և անել խելքին փչածը:

Երբ երկրագունդը դարձավ մեկբևեռանի, առաջինը հայտ ներկայացրեց քեռի Սեմը` ամենահզոր երկրի իրավունքով, և Բժեզինսկու բերանով ազդարարեց աշխարհի քարտեզի վերաձևավորման մասին: Հետևանքը`Բալկաններ, Իրաք, Լիբիա…

Իսկ Ռուսաստա՞նը: Ելցինի շրջանի միջազգային մարգինալացումից քաղաքական շփոթությունից, հասարակական կյանքի խառնափնթորությունից սթափվելով` պուտինյան Ռուսաստանն սկսեց աշխարհի հետ խոսել, թեկուզ թուլացած, սակայն մեծ տերության լեզվով, որ չի կարելի իրեն անտեսել և անհնար է շրջանցել համաշխարհային գործերը որոշելիս:

Սակայն կա մի շատ կարևոր հանգամանք, որը չի խոսում Մոսկվայի օգտին: Վերջին քառորդ դարում Ռուսաստանը գրեթե կորցրել է իր դիրքերը Մեծ Մերձավոր Արևելքում` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Նրա ակտիվում մնացել է միայն Սիրիան: Հրաժարվել այս վերջին հենակետից, անկախ այն բանից՝ Բաշար Ասադը կլինի նախագահ, թե ոչ, նա չի կարող երկու հիմնական պատճառով. ա/ Սիրիան միակ կետն է, որն ապահովում է ռուսական զինուժի ներկայությունը միջերկրածովյան ավազանում, բ/ այդ երկրում ֆունդամենտալ, մարտնչող իսլամիզմի հաղթանակի դեպքում (հավանականությունը շատ մեծ է) նրա շոշափուկները կտարածվեն դեպի Կովկաս՝ ընդհուպ մինչև ռուսական կենտրոնական տարածքները: Սա անընդունելի է Ռուսաստանի համար:

Սիրիան հայտնվել է ուժեղների հակամարտության կիզակետում: Երբ մեծերը կռվում են, փոքրերն ընկնում են ոտքի տակ:

Ուրեմն սիրիական ճգնաժամի առաջին բաղադրիչը գերտերությունների շահերի բախումն է տարածաշրջանում:

Չմոռանանք ‹‹Արաբական գարունը››: Սխալ է այն տեսակետը, թե սիրիական ճգնաժամը կապված չէ Եգիպտոսում սկիզբ առած գործընթացի հետ: Այն, ինչ կատարվում է ողջ տարածաշրջանում, համակարգված քաղաքական, տնտեսական ու ռազմական խորը մտածված և ծրագրավորված օպերացիա է, որի ալֆան եթե սկիզբ է առնում Կահիրեում, օմեգան վերջանում է Թեհրանում: Աշխարհի խոշոր մայրաքաղաքների դիվանագիտական ու հետախուզական կենտրոններում մշակված ծրագրերի հիմքում ընկած են նավթի, էներգիայի աղբյուրների և դրանց տեղափոխման ուղիների խնդիրները: Այնպես որ, անողոք պայքարը շարունակվելու է: Չնայած Սիրիան հարուստ չէ նավթով և գազով, սակայն ‹‹պատահաբար›› գտնվում է դրանց վերաբաշխման քառուղիներում: Սա` մյուս բաղադրիչը:

Ովքեր գրել են ‹‹Արաբական գարնան›› սցենարը, թույլ են տվել մի մեծ սխալ: Նրանք որպես հիմական խաղացող, ընտրել են իսլամական շարժման առաջամարտիկներին, որոնց, ի դեպ, իրենք են ծնել և սնուցել, որոնք էլ զենքն ուղղել են իրենց ծնողների դեմ: Ես նկատի ունեմ ‹‹ԱլՂաիդան››`սեպտեմբերի 11-ով հանդերձ: Սակայն ամեն սխալ չէ, որ դաս է դառնում: Սիրիայում կրկին հրեշը շշից բաց են թողնում: Իրենք` ամերիկացիները, հասկանում են, թե ինչ վտանգավոր խաղ են սկսել: Պատահական չէ, որ պետքարտուղար Քերրին Մոսկվայում ասաց, որ Սիրիան մագնիսի նման ձգում է իսլամական ծայրահեղականներին, որոնք իշխանության գալու դեպքում կստեղծեն ավելի վատթար վիճակ երկրում: Իսրայելն իր հերթին այն կարծիքին է, որԱսադը «չարիք է, իսկ ովքեր նրան ուզում են փոխարինել, տասնապատիկ անգամ ավելի չարիք են»:

Իսլամիստական ծայրահեղականները հաջորդ, թերևս, ամենավտանգավոր բաղադրիչն են սիրիական ճգնաժամում:

Մնացյալը սիրիական ոդիսականում ածանցյալ է: Լիբանանում գործող իրանական ‹‹Հըզբոլլահ›› շիա ռազմական միավորումը, որն առանց թաքցնելու հանդես է գալիս Իսրայելի ֆիզիկական գոյության դեմ և փաստորեն կռվում է Ասադի կողքին, վտանգավոր թիրախ է Սիրիայի համար: Թել Ավիվի անցյալ շաբաթվա ավիառմբակոծումներն ուղղված էին հենց ‹‹Հըզբոլլահի›› դեմ: Ոչ մի երաշխավորություն չկա, որ դրանք չեն կրկնվի և պատճառ չեն դառնա տարածաշրջանային լայնամասշտաբ ռազմական բախումների:

‹‹Հըզբոլլահի›› ներկայությունը Սիրիայում նրա ճգնաժամի բաղադրիչներից է:

Սիրիայի քաղաքացիական պատերազմում (կասկածել պետք չէ, որ եղածը պատերազմ է) ամեն մեկն իր մեղքի բաժինն ունի: Մյուս կողմից, լայնամասշտաբ տեղեկատվական հոսանքի առկայությունն իր հերթին դժվարացնում է օբյեկտիվ գնահատել իրադրությունը: DIPLOMAT.AM կայքը փորձում է դա անել:

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
արտակարգ և լիազոր դեսպան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1134 reads | 13.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com