ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ՔՐԴՍՏԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ. ՍՏԱԼԻՆԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ









20-ական թվականների սկզբին Լենինը աջակցում էր Քեմալ Աթաթուրքին՝ Անտանտին դիմակայության մեջ։ Հանուն ընդհանուր հակաիմպերիալիստական ճակատի Սովետական Ռուսաստանը 1921 թ. Կարսի պայմանագրով Թուրքիային զիջեց Հայաստանի տարածքի մեծ մասը։ 30-ական թվականների վերջին երկու երկրների հարաբերությունները փոխվեցին։ Այս առումով հետաքրքիր է Ստալինի արտահայտությունը՝ ասված նոյեմբերի 1940 թ Կոմինտերնի գործկոմի գլխավոր քարտուղար Գ.Դիմիտրովին՝ «Մենք թուրքերին կքշենք Ասիա։ Դա ի՞նչ Թուրքիա է։ Այնտեղ կան երկու միլիոն վրացիներ, կես միլիոն հայեր, մեկ միլիոն քուրդ եւ այլն: Թուրքերն ընդամենը 6-7 միլիոն են»։

Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Մոլոտովը 1939 թ. ապրիլին թուրքական կառավարությանը առաջարկեց «կազմակերպել Թուրքիայի եւ ՍՍՀՄ ներկայացուցիչների փոխադարձ խորհրդակցություն և նախանշել ագրեսիայից պաշտպանության հնարավոր միջոցները»։ Սովետական Միությունը հավակնում էր թուրքական տարածքի մի մասին և պահանջում էր ռազմածովային բազայի տրամադրում Բոսֆորի և Դարդանելի նեղուցների շրջանում։ Սակայն թուրք նախարարը մերժեց այդ առաջարկները։ Անկարան շտապեց փոխօգնության պայմանագիր կնքել Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ։ Ողջ 1940 թ. սովետական դիվանագետները Բեռլինում ձգտում էին ստանալ Թուրքիային ՍՍՀՄ վերջնագրի դեպքում Գերմանիայի գործակցելու համաձայնությունը ։ Այդ մասին էին բանակցում Բեռլինում Մոլոտովն եւ Հիտլերը 1940 թ. նոյեմբերին։ Սակայն, Հիտլերը որոշեց, որ բավարար է զիջել։ Ընդ որում, գերմանացի դիվանագետները Անկարայում խոստացան սատարել ընդդիմանալու սովետական ճնշմանը, իսկ 1941 թ. հունիսի 18 (ՍՍՀՄ վրա հարձակումից 4 օր առաջ) կնքվեց բարեկամության եւ համագործակցության գերմանա-թուրքական պայմանագիրը։

Թուրքիան պաշտոնապես չէր պատկանում ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցների թվին։ Բայցևայնպես, Սովետական Միությունը դիտարկում էր նրան որպես հնարավոր հակառակորդ։ Դարդանելի եւ Բոսֆորի նեղուցներով գերմանական եւ իտալական ռազմածովային ուժերի անցման թույլտվությունը Թուրքիայի կողմից ծայրահեղ սրեց ՍՍՀՄ և Թուրքիայի հարաբերությունները։ Ստալինը պատրաստում էր հետպատերազմյան համաշխարհային կարգի ծրագրերը։

Անդրկովկասյան ճակատի հետախուզության վարչությունը 1944 թ. պատրաստել էր թուրքական բանակների տեղակայման մանրամասն գծագրերը, ինչը սովորաբար արվում էր հնարավոր հակառակորդի վրա հարձակման նախօրեին, ինչպես նաև քրդական ցեղերի բնակության հատուկ քարտեզ՝ ղեկավարների անուններով և թվաքանակով։ Նույն ժամանակահատվածում վերականգնվեցին կապերը քուրդ պարտիզանների և ՀՅԴ հետ։ ՀՅԴ պատրաստած «Մեր քարոզիչների համար ուղեցույց»-ում նշվում էր, որ «հակաթուրքական պայքարում քրդական գործոնն ունի հատկապես կարեւոր նշանակություն։

Դիտելով քրդերին որպես մեր դաշնակիցներ՝ պետք է ամեն կերպ նպաստել նրանց շարժման ուժգնանալուն»։ Միաժամանակ ակտիվացան քուրդ ապստամբները Թուրքիայի արևելքում, ընդ որում նրանք ավելի հաճախ էին համագործակցում հայկական կազմակերպությունների հետ։ Հայտնվեցին քարտեզներ Հայաստանից եւ Վրաստանից 1921 թ. առգրավված տարածքների, նաև քրդերով խիտ բնակեցված շրջանների, որոնք ինքնավարություն պիտի ստանային, երբ վերադարձվեին Վրաստանին եւ Հայաստանին։

Յալթայի կոնֆերանսից (1945 թ. փետրվար) հետո Ստալինը Քաղբյուրոյի անդամներ Անաստաս Միկոյանին և Գեորգի Մալենկովին ցուցում տվեց առաջարկություններ մշակել Թուրքիայի հետպատերազմյան վերակառուցման վերաբերյալ։ Ձևավորվեցին Կարմիր բանակի ազատագրած թուրքական քաղաքների կուսակցական շրջկոմները և քաղկոմները։ Հայաստանի կոմունիստական կուսակցության Կարսի շրջկոմի առաջին քարտուղար առաջարկվեց Ա.Քոչինյանը, իսկ Վրաստանի կոմկուսի Տաո-Կլարջեթի շրջկոմի առաջին քարտուղար՝ Մ.Ծղակայան։

Առանձնահատուկ կարևորվում էր Ստամբուլի գրավումը և Բոսֆորի ու Դարդանելի նավագնացության վրա վերահսկողություն հաստատումը։ 1945 ապրիլին ՍՍՀՄ չեղյալ համարեց 1931 թ. կնքված չհարձակման և չեզոքության սովետա-թուրքական պայմանագիրը և իրավաբանորեն դադարեց ճանաչել այդ պահին գոյություն ունեցող սովետա-թուրքական սահմանը։ Այնուհետև Պոտսդամի կոնֆերանսում Ստալինը պաշտոնապես հայտարարեց, որ Թուրքիան պետք է Հայաստանին եւ Վրաստանին վերադարձնի իրենց պատմական տարածքները, որոնք գրավվել էին Սովետական Ռուսաստանի ռազմաքաղաքական թուլության ժամանակ։ Ըստ Չերչիլին եւ Թրումենին ներկայացված փաստաթղթի՝ Թուրքիան պիտի Հայաստանին եւ Վրաստանին վերադարձներ 26,000 քառ.կմ, որից 20,5 հազար քառ.կմ՝ Հայաստանին և 5,5 հազար քառ.կմ՝ Վրաստանին։

Նախագահ Թրումենին ԱՄՆ հետախուզության զեկույցում ասվում էր, որ Վրաստանում, Հայաստանում եւ իրանական Թավրիզում նկատվում է Կարմիր բանակի զորամիավորումների ակտիվացող վերատեղաբաշխում և դրանց առաջխաղացում դեպի թուրքական սահմանը։ Բացի այդ, ամերիկյան հետախույզները հաղորդում էին, որ Թուրքիայի արևելյան մասի քաղաքների արդյունաբերական օբյեկտներում , տրանսպորտի եւ կապի ձեռնարկություններում նկատվում է հայ եւ քուրդ ապստամբների դիվերսիոն գործողությունների ակտիվացում։

1945 թ. նոյեմբերին ՍՍՀՄ ՀամԿ(բ)Կ ԿԿ Քաղբյուրոն թույլատրեց օտարերկրյա հայերի հայրենադարձությունը Հայաստան, և դեկտեմբերի 2-ին ընդունվեց ՍՍՀՄ Ժողկոմխորհի համապատասխան որոշումը։ Զուգահեռաբար, 1947-1948 թվականներին իրականացվում էր ադրբեջանցիների տարհանումը Հայաստանից Ադրբեջանական ՍՍՀ, միևնույն ժամանակ, Հայաստանում ապրող քրդերին որոշվեց թողնել, քանի որ նրանք դիտարկվում էին որպես ՍՍՀՄ հնարավոր դաշնակիցներ` Թուրքիայի հետ առաջիկա պատերազմում։

1945 թ. վերջին Մոսկվան եւ Անկարան արագորեն մոտենում էին ռազմական ընդհարման։ ՍՍՀՄ-ը թուրքական սահմանին մոտեցրեց մի քանի տասնյակ դիվիզիաներ, իսկ Ռումինիայում եւ Բուլղարիայում ուժեղացվեցին սովետական ռազմածովային բազաները։ Միևնույն ժամանակ Սովետական Միությունը հետաձգեց զորքերի դուրսբերումը Հյուսիսային Իրանից։ Մոսկվայի ուղղակի աջակցությամբ 1945 թ. դեկտեմբերի 12-ին Թավրիզում հռչակվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը: Թուրքիային սահմանակից իրանական հյուսիս-արևմտյան շրջաններում 1946 թ. հունվարի 22-ին պաշտոնապես հռչակվեց Քրդական Ժողովրդական Հանրապետությունը (Մեհաբադի Հանրապետություն)։ Մուստաֆա Բարզանին նշանակվեց զինված ուժերի գլխավոր հրամանատար։ 1946 թ. մարտի 4-ին 15 սովետական զրահային բրիգադներ մտան Ադրբեջանի գավառ, նույն օրը Քրդական Հանրապետությունը հայտարարեց Թուրքիայի հարավային մասում ապրող քրդերի ինքնավարության ։ Դա Իրանի եւ Թուրքիայի տարածքների վերաձևավորման ներկայացված մասշտաբների ցուցադրում էր։

Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատար Հ.Բաղրամյանը մի խումբ խորհրդային հրամանատարների հետ մարտի 6-ին ժամանեց Թավրիզ։ Այնուհետև Վրաստանը պաշտոնապես հայտարարեց հյուսիս–արևելյան Թուրքիայի (այդ թվում Տրապիզոնի եւ Սևծովյան ափի) նկատմամբ իր հավակնությունների մասին։ Ծանր զրահատեխնիկայի շարժը ուղեկցվում էր Անկարայի եւ Թեհրանի վրա դիվանագիտական ճնշմամբ։ Սակայն իրադրությանը ակտիվորեն միջամտեցին արդեն միջուկային տերություն դարձած ԱՄՆ-ը։ Հարրի Թրումենը հրաժարվեց կատարել Ռուզվելտի կողմից Ստալինին տրված խոստումները Լիբիայի և Թուրքիայի տարածքում սովետական բազաների տեղակայման վերաբերյալ, իսկ Թուրքիայի տարածքում, սովետական սահմանների մոտ տեղակայվեցին ԱՄՆ ռազմական եւ հետախուզական բազաները։ Անգլիայի և ԱՄՆ ճնշման տակ Ստալինը ստիպված էր օկուպացիոն զորքերը Իրանից դուրս բերելու որոշում կայացնել։ ՍՍՀՄ եւ Իրանի միջեւ ապրիլի 4-ին ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի Մոսկվան պարտավորվեց դուրս բերել զորքերը, իսկ Թեհրանը՝ Սովետական Միությանը նավթային կոնցեսիաներ հատկացնել հյուսիսային Իրանում (Մեջլիսը հետագայում հրաժարվեց վավերացնել այս պայմանագիրը)։ 1946 նոյեմբեր 21-ին Իրանը հայտարարեց իր զորքերի մուտքը Ադրբեջան եւ Քրդստան։ Այդ հանրապետությունների ղեկավարներներից շատերը (այդ թվում` Բարզանին) փախան ՍՍՀՄ։ 1949-ի վերջին դադարեցվեց հայերի հայրենադարձության գործընթացը, կապված ՆԱՏՕ-ի ստեղծման և ՍՍՀՄ հարձակման դեպքում Թուրքիային օգնելու ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի պատրաստակամության հետ։

Սկսվեց «սառը պատերազմը», որից հետո այս ծրագրերը առժամանակ սառեցվեցին։

РУССКАЯ ВЕРСИЯ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
3813 reads | 26.11.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com