ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՊԵՏՔ Է ԲՈՂՈՔԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր 





Անցյալ շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանությանն առնչվող մի կարևոր որոշում կայացրեց Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով: 

Փերինչեքը` փոքրամասնություն կազմող թուրքական կուսակցության ղեկավարը, 2005 թվականին մեկնել էր Շվեյցարիա այն դիտավորությամբ, թե ինչպես են շվեյցարական իշխանությունները հանդգնելու պատժել իրեն Հայոց ցեղասպանության ժխտման համար: Հայոց ցեղասպանությունը նա լկտիաբար անվանել էր «միջազգային սուտ»:

Ի պատասխան «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության կողմից քրեական գործ հարուցելու մասին բողոքի` Լոզանի ոստիկանության դատարանը 2007 թվականի մարտին Փերինչեքին դատապարտել և տուգանել էր ռասսայական խտրականության համար: Շվեյցարիայի վերաքննիչ դատարանը հաստատել էր դատավճիռը՝ որոշելով, որ նա խախտել է Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածը: Շվեյցարիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանը) դեռևս 2003 թվականին ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Հետագայում Փերինչեքն իր գործով դիմել էր Շվեյցարիայի բարձրագույն դատական ատյանին` Դաշնային դատարան, որն էլ վերահաստատել էր նրա դատավճիռը:

2008 թվականի հունիսի 10-ին Փերինչեքը բողոքարկել էր իր դատավճիռը Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ պնդելով, որ իր բազմաթիվ իրավունքները, այդ թվում` խոսքի ազատության իրավունքը, խախտվել են շվեյցարական դատարանների կողմից: Նա 140 հազար եվրո փոխհատուցում էր պահանջել բարոյական և ֆինանսական վնասների, ինչպես նաև դատական ծախսերի համար:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրադատարանը չի բավարարել Փերինչեք պահանջների մեծ մասը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 7-րդ, 14-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածները) և մերժել է փոխհատուցման նրա դիմումը: Սակայն, 7 դատավորներից 5-ը որոշել են, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը (Հոդված 10):

Սա շատ արտասովոր որոշում էր, քանի որ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ եվրոպական իրավագիտության մեջ: Շատ եվրոպական երկրներ սահմանափակումներ են կիրարկել խոսքի ազատության վերաբերյալ՝ ներառյալ ազատազրկում Հոլոքոստի ժխտման համար: Հոլոքոստի ժխտման պատժումը, իսկ Հայոց ցեղասպանության ժխտման հանդուրժումը անընդունելի երկակի ստանդարտներ են: Կամ երկու ցեղասպանությունների ժխտումը պետք է լինի պատժելի կամ ոչ մեկը:

Եվրոպական դատարանի 80 էջանոց որոշումը հեշտ չէր կարդալ ոչ միայն այն պատճառով, որ այն ֆրանսերեն էր գրված, այլ այն, որ հինգ դատավորները, որոնք հօգուտ Փերինչեքի էին վճիռ կայացրել, գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ սխալ մեկնաբանություններ էին արել: Մի ամբողջ գիրք կարելի է գրել նրանց անհամար փաստացի սխալները հերքելու համար: Դատավորները խեղաթյուրված են ներկայացրել Փերինչեքի անհիմն պնդումները, շվեյցարական օրենքներն ու դատավճիռները, Հայոց ցեղասպանության և նրա միջազգային ճանաչման փաստերը՝ միաժամանակ անընդհատ հակասելով իրենք իրենց: Իրավիճակն էլ ավելի խճճվեց, երբ դատարանի քարտուղարն անցյալ շաբաթ հրապարակեց չորս էջանոց մի հաղորդագրություն, որով ավելի խեղաթյուրեց դատարանի վճիռը, դրանով իսկ ամբողջությամբ շփոթության մեջ գցելով միջազգային լրատվամիջոցներին դատի մանրամասների վերաբերյալ:

Ահա այն հինգ դատավորները, որոնք հաստատեցին Փերինչեքի կեղծ մեղադրանքները. Գվիդո Ռայմոնդի (Իտալիա), Պիեռ Լորենցեն (Դանիա), Դրագոլյուբ Պոպովիչ (Սերբիա), Անդրաս Սաջո (Հունգարիա) և Հելեն Քելեր (Շվեյցարիա): Դեմ արտահայտված դատավորներն էին Նեբոժսա Վուչինիչը (Չեռնոգորիա) և Պաուլո Պինտո դը Ալբուկերկեն (Պորտուգալիա):

Դատավճռին կից յոթ էջանոց լրացման մեջ դատավորներ Ռայմոնդին և Սաջոն կրկին հակասեցին իրենք իրենց` արդարանալով հօգուտ Փերինչեքի վճիռ կայացնելու համար: Հարցեր բարձրացնելով «հայկական ջարդերի» հավաստիության մասին, հետո պնդելով, թե իրենց խնդիրը ցեղասպանության փաստերը գնահատելը չէ՝ այս երկու դատավորները հաստատեցին, որ հայ ժողովրդի ոչնչացումը եղել է կառավարության հովանավորությամբ՝ դրանով իսկ ընդունելով դրա ցեղասպան բնույթը:

Սակայն նրանք պնդում են Հայոց ցեղասպանությունը վկայակոչել որպես «Մեծ եղեռն», որը թարգմանում են որպես «Մեծ հանցագործություն»: Մյուս կողմից, դատավորներ Վուչինիչը և Պինտո դը Ալբուկերկեն դատավճռին կից ներկայացրել են իրենց 19 էջանոց խորապես ուսումնասիրված համապարփակ զեկույցը Հայոց ցեղասպանության մասին: Այս արժեքավոր ուսումնասիրությունն անհրաժեշտ է թարգմանել մի քանի լեզուներով և տարածել ամբողջ աշխարհում:

Առավել հրատապ, Հայաստանի կառավարությունը և Սփյուռքի գլխավոր կազմակերպությունները պետք է խնդրեն Շվեյցարիայի կառավարությանը բողոքարկել Եվրադատարանի դատավճիռը նրա 17 դատավորներից կազմված Մեծ պալատում 90-օրյա ժամկետում:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը բողոքել դատարանի վճռի դեմ` իրենց կառավարություններին դիմելու և Եվրադատարանին բողոքի նամակներ հղելու միջոցով: Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը խոստացել է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դատարանի որոշումը խափանելու համար` հորդորելով Շվեյցարիային հայց ներկայացնել:

Եթե Եվրոպական դատարանի որոշումը թողնվի անպատասխան, ապա այն բացասական ազդեցություն կունենա ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման ջանքերի վրա եվրոպական երկրներում՝ մասնավորապես Ֆրանսիայում, այլ նաև Ցեղասպանության առաջիկա Հարյուրամյակի վրա, ինչն ավելի կարևոր է: 

Դատավճիռն իր ներկայիս տեսքով հավանություն է տալիս ինչպես Թուրքիայի, այնպես էլ Փերինչեքի ժխտողական դիրքորոշմանը, որն իր քրեական գործունեության համար այժմ ցմահ ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրում է թուրքական բանտում: Թուրքիան անմիջականորեն միջամտել է դատին` ընդարձակ ցուցմունք ներկայացնելով Եվրադատարան:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել լկտի հայտարարությամբ` անամոթաբար ողջունելով դատավճիռը և պարծենալով խոսքի ազատությանն իր աջակցության համար: Համաձայն Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի` Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելը համարվում է հանցագործություն, մինչդեռ Շվեյցարիայում Ցեղասպանության մասին ստելն է հանցագործություն:

Հանուն ճշմարտության և արդարության չափազանց կարևոր է, որ Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկի դատարանի վճիռը և չենթարկվի թուրքական քաղաքական և տնտեսական բոլոր ճնշումներին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1612 reads | 25.12.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com