ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ՝ ԶԱՐՈՒՀՈՒ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՐ
ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ
Սփյուռքի հարցերի փորձագետ








Ես Սաթիկը չեմ սիրեր, ըմմա Սաթիկը չսիրողը դհա չեմ սիրեր, ասում էր մեծ մայրս և մենք ծիծաղում էինք առանց իմանալու, որ այդ դարձվածքին անդրադառնալու եմ 70 տարի հետո: 

Րաֆֆի, բարեկամս, եղբայր իմ պատվական, դու լավ գիտես չէ՞, որ «ես քեզ ճանաչում եմ» ասելը քիչ է: Քանի տարի է անցել, երբ դեռ պատանի էիր և ժամանեցիր Երևան, աճեցիր, աճեցիր դարձար Նախագահի թեկնածու. ճշմարտախոս ես, արդարամիտ, փայլուն ճառախոս, հայրենասեր, անձնազոհ, հետաքրքիր տղամարդ, լեզուներ գիտես, լավ հայր ես, լավ ամուսին, լավ ընկեր, լավ քաղաքացի /կարող եմ շարունակել, սակայն ինքնասիրությունդ չվիրավորեմ, կասեր Վահե Վահյանը/, բայց ոչ դիվանագետ:

Ասա, խնդրեմ, աշխարհաճանաչ հայի զավակ, Ստրասբուրգում «մատյան գնդի» անդամ կնոջ հարցը Նախագահին, կարո՞ղ էր առանց Կուսակցության գիտության լինել: Թե´ դրական, թե´ բացասական պատասխանդ ոչինչ է փոխելու, քանզի արարքը, մեր հզոր լեզվում անուն չունի:

Թողնենք Սերժին. Նա խաղամոլ է, կնամոլ է, գինեմոլ է, «Դալմա Գարդեն մոլ» է, բնա´վ, կարևոր չէ: Կարևորը հաջորդ հարցիս պատասխանն է: Չէ՞ր կարող «մատյան գնդի» առաջատարը չարաբաստիկ /սա հարցի բնորոշ բառ է, ոչ՝ արարքի/ ասելիքը հնչեցներ Երևանում կամ մեկ այլ պետությունում՝ Ղարաբաղում:

Ինչո՞ւ հենց օտարի մոտ, ինչո՞ւ այդքան դավադիր, այդքան ստոր: Եթե հաշվարկն այն էր, որ դրանով հանրապետությունում անպատժելիության մթնոլորտը կփոխվի, ոզնին չի հավատա, արտագաղթը կկանգնի, ոզնու տղան չի հավատա, սփյուռքահային Պաշտպանության Նախարարության մեդալ /այդ թվում նաև Թուրքիայի քաղաքացու/ փաստը կայպանվի, ոզնու թոռը չի հավատա: Եվ այսպես, ոզնի, ոզնի մինչև վերջ: Ստրասբուրգը կփոխի՞ …

Ես դիմում եմ Ձեզ, պարոն Նախագահ, /Դուք լավն եք, թե վատը, դա այլ հարց է/, եթե մեր պատմության մեջ, ցավոք, ծանոթ դավաճանության փաստը ևս ներվի, ինչպես շատ այլ արարքներ, ապա դա կխոսի ոչ միայն Ձեր, այլ ողջ ազգի որակի մասին:

Դուք հասկանո՞ւմ եք, որ Դուք ազգի սիմվոլն եք: Սիմվոլը՝ Մարտիրոս Սարյանի կողմից է գծված. կամ առյուծ ու արծիվ է պատկերում, միևնույն է ժողովուրդը պարտավոր է հարգել: 

Չգիտեմ, որ միլիոներորդ մասով, այդ սիմվոլը նաև իմն է, և ինձ պատկանող մասով ես պատիվ եմ պահանջում, ես վրդովված եմ, զայրացած: 

Աշխարհը գիտե, որ իմ ողջ ազգն ու տակը և ես Հայաստանում եմ, և եթե «մատյան գնդի» տիկինն այս երկրում ապրի, ես էլի չեմ փախչի, բայց, հավատացեք, փախչողին չեմ մեղադրի:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
3819 reads | 07.10.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com