ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ ԶԱՐՈՒՀԻՈՎ
Զարուհի Փոստանջյանն ունի իր կարծիքն արտահայտելու ազատություն եւ իրացրեց այդ ազատությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով թղթակցի այն հարցին, թե որքանով է իրականությանը համապատասխանում տեղեկությունը, որ ԵԽԽՎ-ում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը նախագահ Սերժ Սարգսյանին նախապես «Ժառանգությունում» համաձայնեցված է եղել:

«Զարուհի Փոստանջյանը կայացած քաղաքական գործիչ է, նրանով ես շատ հպարտ եմ: Ինքն ունի իր ինքնատիպ ոճը եւ բովանդակությունը, իր ազատությունը եւ այդ ազատությունը իրացրեց: Պետք չէ վախենալ ժողովրդի շահը ներկայացնել: Հաշվետվողականության չափանիշը ամրագրող հարցը չպետք է դառնա օրակարգ, այլ այն թույլ տվող հանգամանքները»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Զարուհի Փոստանջյանն ավելի շատ բան կասեր ԵԵԽՎ-ում, եթե հարցի համար տրված ժամանակը սահմանափակ չլիներ. «Ես կարծում եմ, որ շատ քիչ ասաց Զարուհին: Եթե ես լինեի, ես շատ ավելին կասեի: Ինքը կարող էր ասել, թե ինչու մենք ունենք այսօր ոչ ընտրված իշխանություն, ինչպես կարող էր Մեղրիի ճանապարհի դեպքը պատահել, երբ Մեղրիի սահմանից 30 կիլոմետր հեռու՝ Հայաստանի ներսում, ռուս սահմանապահը կանգնեցնում է իրեն եւ խուզարկում»:

Ըստ Ժառանգության առաջնորդի, Զարուհու տված հարցը «շատ ավելի ուղիղ, մարդկային, պարզ հարց էր, քան այն ահավոր քաղաքական ռեպրեսիան, որը հետեւեց դրան»: 

«Դա իր իրավունքն է, ու ով փորձի իրեն կամ «ժառանգությանը» կամ ժողովրդին պատժել իր իրավունքի իրացման համար, ուրեմն ինքը ընդունում է այն մեղքը, որ մեր ոչ դե յուրե իշխանությունները ղումար են խաղում, ոչ անպայման ուղղակի իմաստով, այն այն իմաստով, որ գողացված ընտրությունների միջոցով, քաղաքացիների նկատմամբ բռնարարքներով, Թուրքիա-Հայաստան հարաբերություններով եւ հիմա արդեն Մաքսային Միության հայտարարությամբ ղումար է խաղվում այս մարդկանց կողմից մեր ժողովրդի սահմանադրության, իրավունքների, ինքնիշխանության վրա»,- ասել է քաղաքական գործիչը:

Րաֆֆի Հովհաննիսյանին դուր չի եկել ոչ թե Զարուհի Փոստանջյանի հարցը, այլ Սերժ Սարգսյանի պատասխանը. «Ցանկացած հրապարակային մարդ պետք է կարողանա հանգիստ պատասխանել հարցերին, ոչ թե չարացած, ոչ թե նեղացած: Ես էլ կարող եմ նեղանալ պարոն Սարգսյանի պատասխանից, վիրավորվել այս կամ այն խոսքից, բայց եթե դու հրապարակային ասպարեզում ես, պատասխանատու ես ժողովրդի գործունեության, ժողովրդի իրավունքների համար, պիտի կարողանաս հանգիստ պատասխանել»: 

Զարուհի Փոստանջյանի արածը, ըստ նրա, դաս էր. «Հավանում կամ չենք հավանում, մեզ հարմար է կամ հարմար չէ, դա դաս էր, տարրական քաղաքացիական կրթություն: Ցանկացած պաշտոնյա, անգամ եթե գողացել է պետությունից, պիտի հաշվետու լինի ժողովրդի առջեւ»:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ լիագումար նիստում հոկտեմբերի 2-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը նրան հետեւյալ հարցն էր ուղղել. «Դուք այստեղ հայտնվել եք ոչ թե հայ ժողովրդի կամքով, այլ կազմակերպված հանցագործության, հայ ժողովրդի քվեի գողության հետեւանքով: Ուստի Դուք դե յուրե չեք կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքն ու իրավունքը: Ես Ձեզ այլ հարց կտամ: Դուք Եվրոպայում կազինոյում եղե՞լ եք եւ այնտեղ կորցրե՞լ եք 70 միլիոն եվրո, եւ ո՞վ է վճարել Ձեր տեղը այդ գումարը»:

Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել էր. «Ես ազարտային խաղեր չեմ խաղում եւ չեմ եղել եվրոպական կազինոներում: Ես հնարավորություն չունեմ տնօրինել 70 մլն եվրո: Եթե ես այդքան գումար ունենայի, դրա մի մասը ձեզ կնվիրեի, որ գոհ լինեիք կյանքից եւ այդպիսի չարություն Ձեր մեջ չկուտակվեր»:

http://news.am/arm/news/174560.html
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
532 reads | 07.10.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com