ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ… ՄԵՆԹԱԼԻՏԵՏԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ, ԹԵ ՊՐԱԳՄԱՏԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ…
ԽՍՀՄ փլուզումից ի վեր Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև հարաբերությունները թևակոխել են շատ անկայուն, միաժամանակ և մելոդրամիկ փուլեր: Նախ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Ադրբեջանի` իրար հաջորդող ղեկավարները` թե Այաս Մութալիբովը, թե հատկապես Աբուլֆազ Էլչիբեյը և թե Հեյդար Ալիևը աչքի չէին ընկնում իրենց ռուսամետ դիրքորոշմամբ: Ավելին, 1990-ականների սկզբին Ադրբեջանի ղեկավարությունը սպառնում էր դուրս գալ ԱՊՀ- ի կազմից:

Անկախանալուց ի վեր Ադրբեջանի ղեկավարությունը իրեն հայտարարեց ոչ թե ԽՍՀՄ-ի, այլ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ: Սակայն, չլինելով ռուսամետ, Ադրբեջանը փորձում էր անկախ երևալ նաև Արևմուտքի հետ հարաբերություններում ևս, չնայած, որ նավթագազային ոլորտին վերաբերող պայմանագրերը հիմնականում կնքվել էին հենց արևմտյան վերազգային կազմակերպությունների հետ: Արդբեջանի ղեկավարությունը թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ փորձում էր նմանակել իր մեծ եղբայրը համարող Թուրքիային` փորձելով նրա հետ կիսել արևելյան-թյուրքական ցեղային ավանդույթները միջազգային քաղաքականոթյան մեջ, որը ենթադրում է համարձակ, ինչ-որ տեղ նաև ագրեսիվ ուղղվածություն միջազգային հարաբերություններում:

Հեյդար Ալիևին փոխարինած Իլհամ Ալիևի օրոք ևս շարունակվեց նույն քաղաքական գիծը` հիմնված արևելյան թյուրքական քոչվորներին բնորոշ բնորոշ ագրեսիվ և ընդդիմացող հայտարարությունների, սպառնալիքների՝ միտված սեփական անձի նշանակալիությունը և թվացյալ հզորությունը թմբկահարելու և ամենակարևորը` ցանկալին իրականության հետ պատրանքներով համադրելու քաղաքականությունը: Վերջին տարիներին նման քաղաքականությունը ևս դրսևորվեց Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում, որը չէր կարող անարձագանք մնալ ռուսական կողմից, քանի որ վերջինս մտադիր չէր հաշտվել Ադրբեջանում իր ազդեցության նվազման և ինչու չէ նաև լրիվ կորստի հետ:

Փոխադարձ դժգոհությունները նոր թափ ստացան, երբ ադրբեջանական ռազմածովային ուժերը 2003 և 2004 թվականներին զորավարժություններ կատարեցին Կասպից ծովում, ինչը առաջացրեց ռուսական կողմի բուռն դժգոհությունը, դե իսկ 2012 թվականին ռուսական կողմը ակտիվացրել էր իր ռազմածովային ներկայությունը Կասպից ծովում, ինչը ադրբեջանական կողմից ևս դժգոհությունների տեղիք էր տվել:

2013 թվականի օգոստոսին տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը հարևան երկիր, որտեղ ստորագրվեցին երկկողմ համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, որոնք առաջին հայացքից աշխարհաքաղաքական առանձնակի կարևորություն չէին ներկայացնում: Հենց այս այցի ժամանակ էլ տեղի ունեցան մի շարք ուշագրավ դեպքեր: Նախ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ադրբեջանում դիմավորեցին ընդամենը փոխվարչապետի մակարդակով, որի նախադեպը դժվար է հիշել տարածաշրջանյան հանդիպումներում, ինչը մտահոգ քննարկման առիթ տվեց: Պակաս մտահոգիչ չէր նաև այն հանգամանքը, երբ համագործակցության հուշագիր ստորագրելու ժամանակ ՌԴ նախարար Սերգեյ Լավրովի անուն-ազգանունը ադրբեջանցի մեկնաբանի կողմից հնչեցվեց բավական գռեհիկ կերպով, որը մեծ աղմուկ հանեց, ինչպես ռուսաստանյան և ադրբեջանական լրատվականներում, այնպես էլ նրանց հարևան մի շարք երկրների լրատվականներում և բուռն քննարկման առիթ դարձավ: Քննարկումներում մասնավորապես նշվում էր, որ Սերգեյ Լավրովի անուն ազգանունը ադրբեջանցի մեկնաբանը գրավոր կերպով ուներ, հետևաբար դժվար թե որևէ շփոթմունք առաջանար այն արտասանելու ընթացքում և հարցի բուռն հնչեղություն ստանալու հետևանքով շուտով վերոհիշյալ մեկնաբանը ազատվեց աշխատանքից:

Պուտինի այցի ավարտից հետո էլ մի շարք արևմտյան ԶԼՄ-ներ և վերլուծաբաններ արտահայտում էին այն կարծիքը, որ իրականում Պուտին-Ալիև հանդիպումը ձախողվել է, և Ռուսաստանի նախագահին չի հաջողվել իր ուզած պայմանավորվածությունների հասնել Իլհամ Ալիևի հետ: Մատնանշվում էին հատկապես ադրբեջանական նավթի` Ռուսաստանին հարմար երթուղիներով տեղափոխման հետագա ծրագրերի քննարկման տապալումը, Ադրբեջանի մերժումը` բանակցություններ սկսել Ադրբեջանի` Մաքսային Միություն մտնելու թեման և այլն: Բացի այդ, չի կարելի մոռանալ նաև Կասպից ծովում դեռևս նոր հայտնաբերված նավթագազային պաշարների խնդիրը, որոնք ներակույմս կռվախնձոր են դարձել դարձել մերձկասպյան երկրների` Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Իրանի և Ադրբեջանի միջև, և այս հարցում ևս անժխտելի է, որ առկա են ռուս-ադրբեջանական հակասություններ:

Շատ չանցած տեղի ունեցավ Բրիևոլոյի հայտնի սկանդալը, երբ ռուսական հատուկ ծառայությունները ձերբակալեցին ռուսաստանաբնակ ադրբեջանցի ոմն Օրհան Զեյնալովին` ոմն ռուս Իգոր Շերբաչենկոյին սպանելու կասկածանքով: Դրան զուգահեռ Բաքվում թեթևակի բախումներ տեղի ունեցան ռուս և ադրբեջանցի երկրպագուների միջև, որոնք ներկա քաղաքական մթնոլորտում չի կարելի մանրուք համարել: Դեպքերը դրանով չսահմանափակվեցին, երբ մի քանի օր անց ձերբակալվեցին ևս 50 ռուսաստանաբնակ ադրբեջանցիներ` տարբեր հանցագործություններին մասնակցելու կասկածանքով: Բացի այդ դեպքերի հետևանքով Ռուսաստանում սկսված ազգայնական հուզումները, որոնք հիմնականում կրում էին հակաադրբեջանական բնույթ, նույնպես չեն կարող պատահական հողի վրա դիտվել: Ադրբեջանի ԱԳՆ-ը մի քանի բողոքի նոտա հղեց ռուսական կողմին, մի շարք ադրբեջանական կազմակերպություններ և քաղաքական գործիչներ սպառնացին հանդես գալ պատասխան գործողություններով: Սա խոսում է այն մասին, որ ռուսական կողմը ամեն կերպ պատրաստվում է շահարկել Ռուսաստանում ապրող միլիոնավոր ադրբեջանցիների ներկայությունը և նրանց վրա ճնշումը դարձնել հաղթաթուղթ պաշտոնական Բաքվի հետ հարաբերություններում և ստիպել Բաքվին` հրաժարվելու նմանօրինակ ինքնագլուխ և սպառնալից արտաքին քաղաքականությունից` համենայնդեպս ռուսական կողմի հանդեպ:

Ռուսական կողմին իրավիճակն արդեն պարզ է` Ադրբեջանը վերջնականապես հանգել է այն մտքին, որ պետք է վարի լիովին ինքնուրույն արտաքին քաղաքականություն` բացառելով որևէ ռուսական գործոն կամ միջամտություն: Ավելին, ինչպես նախկինում, ներկայումս էլ ադրբեջանական կողմի արտաքին թե տնտեսական թե քաղաքական միտումները զուրկ են որևէ տեսակի ռուսամետ հակվածությունից. Ադրբեջանում ռուսական ներկայության վերջին օջախը` Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը նույնպես արդեն ռուսների տրամադրության տակ չէ, հօդս է ցնդել <Բաքու-Նովոռոսիյսկ> նավթամուղի վերաբերյալ ռուս-ադրբեջանական համաձայնագիրը, Կասպյան քաղաքականության մեջ ադրբեջանական կողմը ևս ձգտում է անկախ քաղաքականության և դա էլ քիչ էր, արդեն միջազգային գերտերություն հանդիսացող Ռուսաստանի նախագահին Բաքվում դիմավորում են փոխվարչապետի մակարդակով, գռեհիկ կերպով են արտասանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի անունը, չի հաջողվում Ադրբեջանին ներքաշել Մաքսային Միություն մտնելու բանակցությունների մեջ… Պատճառների մի ամբողջ շղթա, (որը վստահաբար կարելի է ասել, որ այսքանով չի վերջանում), որոնք իսկապես կարող էին հանգեցնել ռուսական իշխանությւոնների զայրույթին և Ռուսաստանում հակաադրբեջանական ազգայնական տրամադրությունների հրահրմանը… Եվ թե իրադարձությունների այդ ֆոնի վրա ինչպես կվերաձևևեն ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ցույց կտա ժամանակը…

ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
2081 reads | 19.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com