ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԳԻՆԸ
Մուամմար Քադդաֆին, հավանաբար, կյանքի վերջին օրերին փոշմանում էր, որ ութ տարի առաջ պատժամիջոցների հանման դիմաց հանձնեց իր մոտ եղած միջուկային զենքը: Նույնը տեղի է ունենում Ուկրաինայի պարագայում, երկիր, որ ժամանակին միջուկային զենքի պաշարներով երրորդն էր աշխարհում: Այս ճգնաժամին ուշադիր հետևում են աշխարհի շատ երկրներում, և անցյալի փորձը կարող է մեծ ազդեցություն ունենալ անվտանգություն հասկացության վրա:

Փորձենք դիտարկել վերջին 10-15 տարվա իրադարձությունները, երբ համաշխարհային <<խաղարար ուժերը>> աշխարհի քարտեզի վրա ձևափոխումներ են կատարել, կամ վարչակարգեր փոխել: 1999թ. ՆԱՏՕ-ն իր ռազմական գործողությունների արդյունքում հասավ Հարավսլավիայի բաժանմանը, որի վերջնական արդյունքում Կոսովոն անկախացավ: Արժե հիշատակել նաև կոալիցիոն ուժերի կողմից Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումը:

Արեգակի տակ տեղը չկորցնելու համար մեծ խաղից անմասն չի մնում նաև Ռուսաստանը, երբ 2008թ. առանց ՄԱԿ-ի ԱԽ թույլտվության ռուսական զորքերը մտան Վրաստանի տարածք, իսկ հիմա Պուտինն իրեն իրավունք է վերապահում նաև նույնը կատարել Ուկրաինայի պարագայում: Բոլոր պարագաներում ազգային շահը շրջանցում է միջազգային իրավունքի նորմերը:

Բոլոր վերը նշված դեպքերը ունեն շատ նմանություններ և տարբերություններ, սակայն փորձենք բերել միայն մեկը՝ միջուկային զենքը՝ միջոց, որն ամենից արդյունավետն է վանում թշնամիներին:

Հյուսիսային Կորեայի օրինակը ամենացայտունն է. տիրապետելով ատոմային զենքին՝ ստանում ես բոլոր տեսակի հարձակումներից լիակատար անձեռմխելիություն, իսկ, նրանից հրաժարվելով, իհարկե, ձեռք ես բերում անվտանգության երաշխիքներ, որոնք, սակայն, մնում են թղթի վրա, իսկ ինչ-որ մի օր էլ թանաքը ցնդում է, և բոլորը մոռանում են տված խոստումների մասին:

Եվ ահա, այս ամենին ուշադիր հետևում են Իրանի Իսլամական Հանրապետությունում և համապատասխան եզրակացություններ անում, իսկ միգուցե նաև շատ այլ երկրնեում, որոնք իրենց փրկությունը հնարավոր <<դեմոկրատացումից>> կամ <<իրավական պետություն>> դառնալուց տեսնում են միջուկային զենք ունենալու մեջ:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
676 reads | 07.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com