ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ «ՄԵՆԱԿԸ» ՎԵՊՆ ԱՅՍՕՐՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎՈՂ ԵՎ ԱՄԵՆԱԱՐԱԳ ՎԱՃԱՌՎՈՂ ԳԻՐՔՆ Է
Ամիսներ առաջ լույս տեսավ գրող Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը:
 
Գրավաճառների ու գրքասեր հասարակության գնահատականներով, այսօր գիրքը դարձել է բեստսելլեր և արդեն հազարավոր օրինակներով վաճառվել է: Մեր տվյալներով, գիրքն արդեն գրեթե սպառվել է. գրախանութներում հատուկենտ օրինակներ են մնացել: Թեև գրողները սովորաբար չեն կարդում ժամանակակից գրողների գործերը, սակայն մեր հարցման արդյունքում ապացուցվեց հակառակը (հարցված 18 ԳՄ անդամ գրողներից 14-ը կարդացել էին «Մենակը» գիրքը): Ի դեպ, Ա. Աղաբաբյանը ՀԳՄ անդամ չէ: Ի՞նչն է «Մենակը» գրքի ֆենոմենը, ինչո՞ւ ընթերցողների շրջանում այն այսպիսի հետաքրքրություն առաջացրեց: Ներկայացնում ենք մի քանի արվեստագետների կարծիքը:

Ռազմիկ Դավոյան – բանաստեղծ
Աշոտ Աղաբաբյանը զբաղված է մի գրականությամբ, որ մեր միջավայրում գրեթե չկա: Հիմա, իհարկե, կլինի, քանի որ գիտության կաճառին բազմած նման անհատականության մասին է խոսվում: Ինչպես ֆրանսիացի գրողն էր գրում, էդ տեսակ նոր գրականության հիմնումի հոտ եմ առնում: Աղաբաբյանի քննախույզ հայացքը մարդու կենսագրության մեջ հայտնաբերում է այնպիսի բաներ, որ սերունդների համար կարևոր արժեք կունենա: Եվ չափազանց գրավիչ են այդ կերպարները: Չափազանց համակրանքով եմ վերաբերվում Աշոտ Աղաբաբյանի գրականությանը, կուզենամ` չդադարեցնի…
Միաժամանակ, Աշոտը փայլուն մտավորական է, նրա ստեղծագործական կարողությունները զորավոր են:

Ազատ Գասպարյան – ՀՀ ժողովրդական արտիստ.
Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը կարդացի գրեթե մի գիշերում: Շշմելու բան էր: 300 էջը` մի շնչում: Չորս անգամ հուզվել եմ, մի դրվագում` նույնիսկ լացել: Հրաշք գործ է` բացառիկ գրական արժեքով: Նուրբ, բարդ, մարդկային հոգեբանությունը մատուցվել է մեծ վարպետությամբ ու անսպասելի ուժեղ լուծում ստացել: Վեպի գլխավոր հերոս Առնո Սարոյանը հզոր կերպար է, հայերիս ոգեշնչող եզակի կերպար: Մեր ժամանակի հերոսը հայի այս տեսակը պիտի լինի: Բռավո, Աշոտ: Քո նախորդ` «Ռեզիդենտը» հրաշալի վեպից հետո «Մենակը» գիրքը արժանի հետնորդ է քո ստեղծածի: «Մենակը» յուրաքանչյուր հայի սեղանի գիրքը պիտի լինի: Եվ ես ուրախ եմ, որ այս գիրքը ուղղակի թռցնում են գրախանութներից:
17.04.2013թ.

Մերուժան Տեր-Գուլանյան – գրող-հրապարակախոս
Մինչև Աշոտի «Մենակը» կարդալը, նախորդ վեպը` «Ռեզիդենտն» էի կարդացել և, անկեղծ ասած, հիացել էի զարմանալի մոտեցմամբ, նյութի ուսումնասիրմամբ: Արդյունքը եղել էր փայլուն: Գիրքն ավարտում ես և զգում, որ հարստացար: Հասկանում ես, որ մի աննման մարդու մասին չգիտեիր և իմացար: Կամ գիտեիր շատ քիչ բան… այնքանով, որքանով… Աշոտի վեպով ճանաչում ես ճակատագրի մարդուն և հզոր անհատականությանը` հետախույզին, գիտնականին:

Ես պատիվ եմ ունեցել «Մենակը» գրքի հերոսի մենատանը լինելու: Եվ ոչ մեկ անգամ: Նա այնտեղ խոսում էր… ոչ գիտությունից: Խոսում էր ամեն ինչից, բայց չէր խոսում այն գիտությունից, որի տերն ինքն էր: Այդ մասին չէր խոսում: Եվ հանկարծ Աշոտ եղբայրս, ընկերս (ի դեպ, ինձ ասել էր, որ նման գիրք է գրում) մի քանի օր առաջ նվիրում է ակադեմիկոսի… չասած-չպատմածը: Գիրքն այնքան թեթև է կարդացվում, այնքան արագ, որ ուղղակի զարմանում ես: Աշոտը հրաշալի լեզու է գտել, անգամ ամենաբարդ հարցերը չի խճողել գիտական-միտական բաներով: Գրել է կենդանի մարդու, կենդանի գիտնականի մասին, հրաշալի վեպ՝ հրաշալի մարդու մասին: Այնքան առինքնող մի գործ, որ առաջին էջը կարդալուց հետո այլևս չես կարող չկարդալ: Աշոտն ըստ էության է վեպ գրել: Բռավո իրեն:

Սա փայլուն վեպ է հայ մարդու մասին: Առաջին անգամ Աշոտի վեպով ենք հասկանում, թե ով էր մեր կողքին ապրողը: Ես ինքս, այդքան մոտ լինելով, չգիտեի իր մասին այն, ինչ Աշոտն է բացահայտել: Շնորհակալ եմ իրեն այդ մեծ բացահայտումի համար:

Աշոտ Աղաբաբյանի ոճը հրաշալի է, խոսքը` թափանցիկ: Մի գիշերում կարող ես 307 էջը կարդալ: Իսկ ամենահետաքրքիրը… հասնում ես վերջին և կարդում` կամուրջն անցել էր… Հիմա էլ արցունքները դեմ են առնում կոկորդիս, հիմա էլ այդ տողը հիշելիս խեղդվում եմ: …Ես սիրում եմ լավ գիրքը: Ինքը` «Մենակ»-ի հերոսը, ուրիշ, լրիվ այլ տեղ էր: Կամուրջն անցնելու սիմվոլը լրիվ ուրիշ բան է: Նա ա°յլ աշխարհում է ապրում` սովորական, նսեմ, ճղճիմ, ամենօրյա հոգսերից հեռո°ւ: Թափառականից վերցրած էդ քստմնելի շինելով գնում է, չի էլ նկատում, որ… վիհն անցավ: Նրա ուղեղում փայլատակում էր միտքը: Վեհ, բարձր, վսեմ միտքը, և չի նկատում, որ անցավ….

Դավիթ Սարգսյան – արձակագիր
Աշոտ Աղաբաբյանը մեր գրականության մեջ գեղարվեստական մի նոր հուն է բացում: Նա իրական, փաստագրական, գիտական նյութը դնում է գեղարվեստական որակի մեջ: Սա նրա երկրորդ գիրքն է, և այս անգամ գրողն անդրադաձ է արել գիտնականին, մեր ժամանակների մեծ ու հզոր անհատականությանը: Հեղինակը վարպետորեն է նկարագրում հոգեբանական պահերը, մարդկային բարդ փոխհարաբերությունները, որոնցով անհատականությունը ներկայացնում է բախումների մեջ և կերտում պատմական, ճշմարիտ, հուզումնալից կերպարներ:
Գիտեմ նաև, որ նրա մյուս` 3-րդ գիրքը` «Գաղութը» նույպես այս հունի մեջ է լինելու: Համաշխարհային գրականության մեջ սա հայտնի մոտեցում է, բայց մեր գրականության մեջ դեռևս եզակի է, և Աղաբաբյանն` իբրև մունետիկ, իր գործն անում է հասուն, վարպետ գրչով:

Խաչիկ Վարդանյան («Բուկինիստ» գրախանութի տնօրեն)
Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» այսօր ամենավաճառվող գիրքն է, այսինքն` լավ գիրք է, որովհետև ժողովուրդը չի կարող սխալվել: Նախորդ գիրքը` «Ռեզիդենտը», նույնպես բացառիկ գիրք էր: Սպառվեց հաշված ամիսներում: Սա նշանակում է, որ մարդն իրավունք ունի գրելու: Նրա երկու գրքերն էլ կարդացվում են մի շնչով: Այս գիրքը գեղարվեստական է, ոչ փաստագրական, և ես կարծում եմ` դա շատ լավ է, որովհետև հերոսին որքան էլ գիտեինք, որքան էլ ճանաչում էինք որպես մեծության, նրա կյանքը լայնորեն լուսաբանված չէր: Դրանում մեղավոր էին և° ժամանակը, և° այն, որ նա ՙփակ՚ գիտնական էր: Ինքս իմ ծանոթներին անպայման խորհուրդ եմ տալիս կարդալ «Մենակը» և տեղեկացնում եմ, որ սա օրվա գիրքն է:
Գրքի վաճառքի մասին ընդհանրապես պիտի ասել, որ գնորդների գնողունակությունը շատ խղճուկ է: Այդ ֆոնի վրա Աղաբաբյանի գրքի վաճառքը, այս կարճ ընթացքում մի քանի տասնյակով հաշված, ռեկորդային է: Ոչ մի գիրք հիմա այդպես չի վաճառվում: Թերևս միայն Թումանյանն ու Նարեկացին են, որ իրենց մշտական գնորդներն ունեն, սակայն համոզված եմ, որ մարդիկ «Նարեկն» առնում են ոչ այնքան կարդալու, որքան իբրև մասունք տանը ունենալու կամ նվիրելու համար:

Լևոն Ջավախյան – արձակագիր
Աղաբաբյանի ինչպես առաջին, այնպես էլ այս գիրքը սրընթաց սյուժեով վեպ է: Հեղինակը բացառիկ ընդունակություն ունի բարդ խնդիրներ արծարծելու: Երբ գիրքը դնում ես ծնկանդ, տանը լինես, թե այգու նստարանին նստած, առանց ձեռքիցդ գցելու կարդում ես: Փաստական մեծ ծավալի նյութ է ուսումնասիրել Աղաբաբյանը և այնպես է ուսումնասիրել, որ գիտության հանճարեղ երևույթները հասանելի է դարձրել սովորական մահկանացուին: Քիչ հեղինակներ կան, որ կարողանում են այդպես գրել: Իմ խորին համոզմամբ, գրածը նախ պիտի ընթերցելի լինի: Շատ գրողների գրքեր երբ վերցնում ես, այդ գլխավոր և առաջին պայմանին չեն բավարարում: Իսկ սա… կարդալը քիչ է, դեռ բան էլ է ասում: Հանճարեղ է գտնված ավարտը: Հերոսը մտովի տանջվում է անելանելի վիճակից, որին հաջորդում է արգելակման պահը, և ահա խնդիրը լուծվում է ոչ թե կյանքի ընդհատման, այլ հաստատման ճանապարհով: Անկումային իրավիճակը բոլորովին անսպասելի` հակառակ ելք է ունենում: Ակնթարթորեն ծնված գյուտը հաղթում է հոռետեսությանը: Այդպես էլ կյանքն է: Ոչ թե մահվան, այլ կյանքի ճանապարհով պետք է լուծենք մեր հարցերը: Սա է գրողի հաղթանակը:

Հրաչյա Մաթևոսյան (Հրաչօ) – գրող
Զորավոր գիրք հզորագույն մարդու մասին: Զորավոր- զորական գրքի հեղինակը, գլխավոր հերոսը, հենց գիրքը էնպես են եռակված ու եռյակված, շաղախված ու հունցված, որ ակամա փշաքաղվում ու կանչում ես՝ մարդ Աստծո, մինչև հիմա ո՞ւր էիք: Հեղինակը լրագրողի, հրապակագրի, գրողի, խմբագրի տարի-աստիճաններով խորացած-բարձրացած, դեռ մանկությունից իր Կողբի բնության ու մարդու ներդաշնակությունն իր մեջ առած, Զիկատարի աչք-ականջը մտած, գրողի մենակությանը ձուլված Աշոտ Աղաբաբյանն է:

Էնքան կուռ ու ձույլ են, սիրառատ ու սրտացավ նրա հեղինակած «Ռեզիդենտը», «Մենակը» գրքերի դառնանուշ էջերը, որ թվում է, թե արձակագիր լինելուց առաջ նա քննիչ է, գիտության տարբեր ճյուղ- բնագավառների հմուտ տիրակալ-գիտնական, մարդ, որ եթե չի աշակերտել մեծահամբավ ուսուցիչների, ուրեմն սովորել է նրանցից: Բայց նա քննիչ չէ, այլ քննող է, զննող-մարդաբան, հոգեբան, ազգային կերպարի շտեմարանի ակնաղբյուրից ծարավ կոտրող էն անցորդն է դառնում, որը մի ումպով ցամաքեցնում է աղբյուրը ու նույն պահին զգում ես, որ քո աչքերի դեմ ակունքվում է ավելի բղխուն ու զուլալ մի աղբյուր:

Գեղարվեստը լուծվել է վավերականի հետ: Երբ կարդալու ժամանակ ընկա գրքի խորխորատները, հրճվեցի ալիքների վրա, հիշում էի Թումանյանի ափսոսանքը, որ է՝ երկիր ունենք՝ չենք ճանաչում, ժողովուրդ ունենք՝ չենք ճանաչում, գրականություն ունենք՝ չենք ճանաչում, պատմություն ունենք՝ չենք ճանաչում… Իբր մեր ի՞նչն ենք ճանաչում, ու չճանաչելով ո՞ւր պիտի հասնենք: «Մենակի» գլխավոր հերոս Առնո Սարոյանը և իր նախատիպ գիտնականը մեզ համար և° երկիր են, և° գրականություն, և° պատմություն: Աշոտ Աղաբաբյան գրողը հրաշալի գործ է արել, նախ ինքն է մորեմերկ ծանոթացել ոչ միայն Առնո Սարոյանի, այլ նրա ապրած ոչ էնքան բարի ու դաժան ժամանակի հետ: /Աստծո կողմից ընտրված մարդիկ միշտ էլ իրենց ապրած ժամանակի մեջ ունենում ու նաև ստեղծում են իրենց ժամանակը/:

Էջ առ էջ հառնում-փնջվում է հեղինակի սերը՝ դառնալով նորօրյա վիպերգ: Էս ի՞նչ բնաբուխ սեր ու ակնածանք ունի Աշոտ Աղաբաբյանը՝ առ իր ընտրյալը, որ նրան իր Գառնո հեթանոսական եզերք-տիեզերքից հանում ու հավերժորեն գրանցում է իր սիրո մատյան Զիկատարում՝ Երևանից հեռացնելով տասը անգամ ավելի ժամանակ-ճամփա: Հեղինակն էնքան հմուտ է, էնպես է գուրգուրում յոթնաշերտ ու յոթնուղեղ մարդուն, որ փորձում ես գուշակել՝ (հեղինակն այլևս դադար չի առնի) հաջորդ հանդիպումն ո՞ւմ հետ կլինի:

Այո, Աղաբաբյանն ում է անմահացնելու իր հաջորդ գրքով, ինչ հրաշք անակնկալով է ներկայանալու…

Այո, բացի նվիրյալի մասին նվիրյալ գիրք գրելուց, Աշոտն իր ծննդավայրի Զիկատարն է նվիրել հայորդուն-աշխարհորդուն: Դա գրողական գյուտ չէ ամենևին, այլ որդիական սիրո արտահայտություն: Որդիական, որ աչքիդ առաջ վեր է ածվում, եղբայրական, ապա մաքուր ազգային սիրո, սեր ու նվիրում, որի իրավունքն ունեն գրքի երկու ակոսդիրները՝ Առնո Սարոյանը և Աշոտ Աղաբաբյանը: Ինչպես «Ռեզիդենտը» եզակի գրքով, էս վեպով ևս Աշոտն, ասես կոչ է անում բոլոր նրանց, ովքեր արթուն խղճի ու գրչի տեր են, տեր լինեն մեր բոլոր էն հայորդիներին, որոնք զարդարել են ոչ միայն հայոց, այլ աշխարհի 20-րդ դարը: Եվ ոչ միայն 20-րդ դարը: Դրանցից մեկը Հայոց Մենակն է, զարմանալի հանճարը, որի մտերմությունը, վստահությունը փորձում էին վայելել ոչ միայն մեծահամբավ գիտնականները, այլև Կրեմլում և այլուր թառածները: Ի վերջո, աշխարհի առջև պարզերես լինելու խնդիր կա: Մարդու անունը կապվում է հենց իր տիեզերքի ու իր կառուցած «Ալֆա-1-ի», «Ալֆա-2-ի» հետ:

Այո, հայերիս մոտ մի բան ավելի լավ է ստացվում՝ փակել մարդու մտքի ճանապարհը, նրան փորձել տեսնել ու գնահատել էն ժամանակ, երբ վաղուց ղողանջել են իրիկնամուտի ձայները: Ոհմակներից վաղուց բաժանված Մենավոր Գայլը ոռնում, մղկտում էր ոչ թե ցավից, այլ վիրավորանքից:

Ամբողջ կյանքում ինչ մտածել, էն էլ արել էր աշխարհի գիտնականը, մարդը, հայը: Առաջին անգամ պարտվեց՝ չնետվեց կամրջից: Գուցե… Հեղինակի ձեռքը չգնա՞ց… Բայց հիշենք, որ գեղարվեստական էս վեպը երակվել էր վավերական փաստերից, հնարովի ոչինչ չկա: Աշխարհի հզորները կարող են քամել հայ մարդու տիեզերական միտքը, բայց մարդը մնում է որպես իր մոլորակի փառահեղ զավակը, որը հենց մոլորակ է, նրան հասնելու համար գուցե տասնամյակներ հետո հայտնվի մի նոր Առնո Սարյան, որը կպատրաստի էն հզոր զենքը, որով կարելի է թռչել ու վայրէջք կատարել էն աստղի վրա, որ կոչվում է Առնո…

Ինձ ի՞նչ է մնում՝ նորից կարդալ «Մենակը» հրաշալի, մտորուն գիրքը, հարազատներիս ասել, կարդացեք ու ճանաչեք «Մենակը» Մենակին ու Աշոտ Աղաբաբյան գրողին, բարին մաղթել անգամ չարակամներին ու շարունակել մեր դժվար ճանապարհը: Երկրի տերերին, ոչ միայն գրքի էջերում պսպղացող վարչապետին հորդորել՝ ճանաչիր ժողովրդիդ, ճանաչիր Առնո Սարոյանին:

…Ավարտենք, ո°չ ավարտել չի լինի, քանի որ ինչպես զգում եմ, դեռ ապրում եմ: Շնորհակալություն, անխոտոր, դիպուկ գրիչ Աշոտ Աղաբաբյան, «Մենակը» Մենակ, պինդ կաց ու շարունակիր ազնիվ գիրդ:

Ներսես Աթարբեկյան – բանաստեղծ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու
Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպի առեղծվածը. Աշոտ Աղաբաբյանի նախասիրությունը, իր նախորդ` «Ռեզիդենտը» վեպում արդեն իսկ ի հայտ եկած, առեղծվածն ու առեղծվածային մարդիկ են: Առաջին հայացքից` յուրահատկություն չի. առեղծվածայինը բոլորիս է գրավում` որպես հրաշքի սպասում, սենսացիայի սով, ՙպարապ վախտի խաղալիք՚, վերջապես: Աղաբաբյանի պարագայում յուրահատուկն առեղծվածը որպես գոյի ու մարդու կարևորագույն, կենսական ու կենսատու բաղադրիչ տեսնելն է: Մարդն ինքը առեղծվածն է, ինչն էլ առեղծվածային է դարձնում նրա կյանքն ու գործը:

Այս հայացքն, ինչպես ասացի, արդեն իսկ կա «Ռեզիդենտը» վեպում, իսկ «Մենակը» վեպում հասել է վերջնական խտացումին, ու դժվար է ասել` նյո՞ւթն է բանաձև հուշել, թե՞ բանաձևն է փնտրել-գտել իր նյութը. ամեն դեպքում` հանդիպումը կայացել է ու դա վեպի գյուտերից մեկն է:

Մյուս գյուտը մենակի բացահայտումն է, մենակի` որպես կենսաստեղծ ու կենսաշարժ գոյ: Անուններն այս պարագայում էական չեն. մենակը կարող է Բոնապարտը լինել, Թումանյանը կամ Փոքր Մհերը: Խնդիրը մենակ-ությունը որպես աշխարհաստեղծման ու աշխարհապտույտի հիմնաքար ընդունելն է: Ի վերջո, մարդկության պատմությունը ոչ թե զանգվածների, այլ մենակների պատմություն է: Զանգվածը, լավագույն դեպքում, բնազդով կամ գիտակցված տեղավորվում է մենակի խենթության շրջագծում, ու տեղի է ունենում թռիչքը, վատագույն դեպքում` մերժում կամ չի հասկանում, ու լինում է այն, ինչ կոչում ենք լճացում` դեգրադացիայի հեռանկարով: Եվ մենակն ի սկզբանե գիտի իր առաքելությունը ու դրա իրագործման կախվածությունը զանգվածի քմահաճույքից: Այստեղից էլ` մենակի ողբերգությունը, որ բազմաթիվ անուններ ու անվանումներ ունի քաղաքակրթության պատմության մեջ…

Մի գյուտ էլ` պատումի վավերականությունը: Աշոտ Աղաբաբյանը գիտի, որ ամենաֆանտաստիկը հենց ինքը կյանքն է, սովորական, ամենօրյա կյանքը, որի առտնին վիճակներում, շարքային շրջադարձերում, կանխատեսված անցումներում հազարավոր աներևակայելի վեպեր ու պոեմներ կան, պարզապես պետք է հավատալ սեփական ներզգացողությանը ու վստահել կյանքի` բացվելու մղումին:

«Մենակը» վեպ է մեր ժամանակակցի` բացառիկ մարդու և իրադարձությունների մասին: Անունն այս դեպքում, կրկնում եմ, էական չէ, որովհետև տասնամյակներ շարունակ գոնե իմ սերնդի ականջում ու շուրթերին է եղել հայտնի աստղաֆիզիկոսի անունն ու միֆը, բայց ավելին անհնարին էր. ոչ միայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ ՙչի կարելի՚-ների պատճառով, այլև` մենակի տարածք մտնելու մեր անկարողության: Եվ ահա Աշոտ Աղաբաբյանը համարձակվում է բացել դռներն ու բարձրացնել վարագույրները, բայց մենք էլ վեպը ոչ թե որպես կենսագրական կամ գիտական-արկածային ստեղծագործություն կարդալու-անցնելու, այլ մենակի երջանկությունն ու դժբախտությունը վերապրելու համարձակությունը պիտի ունենանք: Եվ այդ դեպքում, հավատացե°ք, վերջին էջը կփակենք թեև հոգու բազում սպիներով, բայց և հայտնության հրճվանքով հարստացած:

Վեպում մի խորհրդանշական դրվագ կա. աստղաֆիզիկոս Առնո Սարոյանն ու աստղագետ Հեկտոր Հարությունյանը հատում են Բաղրամյան պողոտան` Ակադեմիայից դիմացի Կենտկոմ անցնելու, ու հանկարծ, խոսքով տարված կանգ են առնում ճամփակեսին, և ամբողջ պողոտան կանգնում-քարանում է: Աշխարհահռչակ, բացառիկ գիտնականները հայտնվում են իրե°նց ժամանակի ու տարածության մեջ, մեր չափումից անցնում իրենց չափումը: Մենք տեսնում ենք նրանց, բայց իրենց չափման սահմաններն անթափանց են…

Ռերիխն իր աշխատություններից մեկում վկայում է, որ Շամբալայի սահմանները թափանցիկ էին, բայց` անթափանցելի. մարդիկ, կենդանիները, առարկաները բախվում էին մի անտեսանելի պատի, որից այն կողմ բացառիկների, ընտրյալների, այո°, մենակների տարածքն է: Նույնն է նաև Բաղրամյան պողոտայի դրվագում` նրանց երևանյան Շամբալան, մենակի երկիրը…

Հետո, իհարկե, կվերադառնան մեր տարածություն ու ժամանակ, կհասնեն Կենտկոմ, և նույնիսկ քարտուղարն իրեն իրավունք կվերապահի ձայնը բարձրացնելու նրանց վրա` Հավերժի վրա… Բայց հավերժի ինչի՞ն է անցողիկ հրամանը…

Զուգահեռ-չհատվող ժամանակներն իրողություն են ու հաճախ հանդիպում են կյանքում, պարզապես տեսնել է պետք: Աստված «Մենակի» հեղինակին տվել է այդ բարեբախտությունը…

Ինչո՞ւ կանգ առա հատկապես Բաղրամյան պողոտայի դրվագի վրա: Որովհետև վեպում գլխավորը հենց այս զուգահեռ-չհատվող ժամանակներն են: Պարբերաբար կրկնվող ՙԱռնոն արդեն տիեզերքում էր՚ դարձվածքը բանաստեղծական զեղում չէ, այլ վիճակների արձանագրում, որոնցից մեկը երկրայինն է, որտեղ ընկերը կարող է դավել, քարտուղարը` գոռալ, կինը` օտարանալ, իսկ մյուսը բացառապես իրենը` Առնո Սարոյանինը, մենակի°նը, ի°ր սքանչելի ու ցուրտ երկիրը, ինչպես Տիեզերքն է ցուրտ ու սքանչելի:

Առնո Սարոյանը շարունակ փորձում է բնակեցնել այդ երկիրը (անհնա¯ր, անմարդկայի¯ն է մեն-մենակ ապրել այդ գեղեցիկ ցրտում), բայց… Աղավնի կինը անհաղորդ է, Լուսին դուստրը իր տիեզերքն է գծում, Մանե սերը չի դիմանում բացառիկության ահռելիությանը, երկվորյակ-մենակներն իրենց մենությունն ունեն, իսկ ընդառաջ քայլ անողները մահանում են, ու նույնիսկ գայլը, ում Մենակ է անվանել, չի անցնում վերջին քայլաչափը…

Մենակների հանդիպումից է գուցե ծագել Տիեզերական մեծ պայթյունը, որ աշխարհներ է ծնում, բայց և… ոչնչացնում: Ուստի մենակներն իրենց ժամանակատարածության մեջ չեն հանդիպում` Կորոլյովը, Ալիխանյանը, Կելդիշը, Հարությունյանը, Յանգելը, Սարոյանը, գայլը… Ու մենք հաշտվում ենք բացառիկների չհանդիպման հետ` հանուն տիեզերական պայթյունի հետաձգման: Բայց հեղինակն ավելին է ասում, առավել հմայիչն ու սարսափելին` միայն բացառիկնե¯րը չէ, բոլորս ենք մենակ…

Վեպում մի դրվագ կա, երբ Առնո Սարոյանը սկսում է վեպ գրել… Աշոտ Աղաբաբյանի մասին: Առաջին հայացքից գրողական հնարանք է թվում (սկսվածքում հերոսն անվանափոխվում է), բայց իրականում խոսքն այլ բանի մասին է, շա¯տ կարևոր բանի մասին. բոլո°րս ենք մենակ, պարզապես մեկը դա ընդունում է որպես առաքելություն, մյուսն ընկալում որպես անցողիկ անհարմարավետություն: Եվ այս սահմանին մենակն ու զանգվածը տարանջատվում են…

Կարելի է, իհարկե, ասել նաև, թե Աղաբաբյանը ինչ վարպետությամբ է աննկատ-տեսանելի ներկայացրել սովետական չուգունամիտ իշխանավորներին, գիտության աշխարհի մանր ու տգեղ խծբծանքները, աստղագիտական հեղաշրջումները, մարդու անցումները անասունից ասունի և հակառակը, բայց դրա համար անհրաժեշտ կլիներ վերապատմել վեպը, ինչը ընթերցումի հաճույքը գողանալ է նշանակում և անթույլատրելի է: Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ հիշել ևս մի դրվագ` Առնո Սարոյանի ու պաշտպանության նախարարի հանդիպումը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ աստղաֆիզիկոսն առաջարկում է իր տիեզերական տվիչներով գերճշգրիտ զենք ստեղծել, որը թշնամուն կստիպի դադարեցնել ռազմական գործողությունները: Ու նախարարը մերժում է, որովհետև երկիրը չունի նման ծախսերի հնարավորություն…

Հիշեցի, որ պատերազմի տարիներին, մանավանդ, ռազմաճակատի ծանրագույն պահերին լուրեր էին պտտվում, որ շուտով մեր նոր, գերհզոր զենքը կխոսի… Ուրեմն միֆ չէր, վերջին հույսատեղ չէր, ուրեմն եղե¯լ է (հեղինակն, ահա, մի վարագույր էլ բարձրացրեց), պարզապես չենք կարողացել` երկիրը չի դիմացել Մենակի ծանրությանը: Այսպես արդեն պատահել է, երբ հողը Մհերի ծանրությունը չի կրել, ու նա փակվել է Ագռավաքարում: Բայց Ագռավաքարը վախճան չէ, այլ՝ անցում, ու Մենակին վերադարձնելու խոստում ունի: Եվ նորից կպտտվեն հավերժական Ժամանակն ու տարածությունը…

«Մենակը» վեպն ավարտվում է կրակոցի պես` «Կամուրջն անցել էր…»: Հիմա` բացելով առաջին էջը մենք պետք է վերադառնանք դոկտոր Առնո Սարոյանի անցած կամրջով ու մտնենք իր Շամբալան:
Թույլատրվա°ծ է…

Սամվել Մուրադյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ժամանակակից բացառիկ ու հրաշալի վեպը. Շատ ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել խոսելու մի նորածին գրքի մասին, որը ոչ միայն իր ծնողին է ուրախություն պատճառում, այլև բոլոր ընթերցողներին: Ես այսքան բազմազբաղ լինելով կա°րողացա գիշերները չքնել և կարդալ Աշոտ Աղաբաբյանի «Մենակը»: Երկու օր առաջ եմ գիրքը ստացել և այսօր եկել եմ ու շնորհակալություն եմ հայտնում ինձ այսպիսի մեծ գեղագիտական բավականություն պատճառելու համար: Հեղինակը` Աշոտ Աղաբաբյանը, արդեն իր «Ռեզիդենտը» վեպով շատ լուրջ հայտ էր ներկայացրել մեր գրականության մեջ, և ես ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ ինձ` որպես մասնագետ գրականագետի, ոչ-ոք չի կարող գրքով զարմացնել, առավել ևս այնքան ուրախացնել, որ ես կանգնեմ և հանրության առաջ բանախոսեմ «Մենակը» առիթով, մանավանդ որ իմ գործը հիմնականում դասականների հետ է, մեր ազգային գրականության մեծությունների հետ` դեռ Մովսես Խորենացու ժամանակներից: Բայց ես կարդալով «Մենակը», ականատես եղա ու շփվեցի իսկապես գրական մասնագիտական գրագիտությամբ փայլող մի անհատականության հետ, հեղինակի հետ, որը ստեղծել է մեր ժամանակներին բնորոշ գեղարվեստական շատ հրաշալի կառույց, կարողացել է վերջին տասնամյակների խորհրդային իրականությունը ամենայն մանրամասնությամբ ներկայացնել գեղարվեստի լեզվով, մանավանդ որ դա վերաբերում է շատ բարդ բնագավառի` տիեզերագիտությանը, գիտական աշխարհին, դա վերաբերում է նաև Խորհրդային երկրի ղեկավարությանը, այն ժամանակվա կուսակցական մարմիններին և այլն:

Ամենից կարևոր մի հարց կա, որին կցանկանամ անդրադառնալ, ամենևին չծանրանալով գրքի խմբագրի և առաջաբանի հեղինակ Ներսես Աթաբեկյանի առանձնացումների վրա, որն այնքան ճիշտ բնութագրումներ և առանձնացումներ է կատարել:

Ամբողջ հարցն այն է, որ այս վեպը ծայրից ծայր հենց այդպիսի առանձնացումների շարք է: Այսինքն` կարող ենք ամեն մի հատվածն առանձնացնել և դրա մասին խոսել` որպես գեղագիտական նվաճման: Բայց խոսենք ըստ էության:

Ինչքան բարդ է մարդկային հարաբերությունների ոլորտը, այդքան դժվար է գրողի գործը, իսկ եթե դա վերաբերում է տիեզերագիտության և խորհրդային միության Կոմկուսի Կենտկոմին, տիեզերագնացության բացառիկ մարմիններին, ամբողջ խորհրդային տիեզերագիտությանը, բնականաբար այս մակարդակի մարդկանց հարաբերությունները ճանաչելը և այն հավաստի գեղարվեստականացված լեզվով ներկայացնելը արդեն մի ուրիշ բարդություն է: Հատուկ ձիրք է պետք այդ ժամանակների մթնոլորտը ճիշտ ընկալելու, ճիշտ ըմբռնելու և ներկայացնելու համար:

Ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել ուրիշ կողմերի վրա` Մենակի խնդրի վրա, քանի որ ամենից առաջ գեղարվեստական մտահղացումը ճիշտ է իրականացվել: Իրականացվել է այն, որ այդ տեսակ հզոր անհատականությունները, ինչպիսին Առնո Սարոյանն է, իսկապես որ վճռական մենակներ են, որոնք իրենց գործունեությամբ, իրենց նպատակասլացությամբ փորձում են շտկել իրավիճակը, իրենց կյանքի գնով հարթեցնել և մարդկության համար ստեղծել տանելի պայմաններ: Այս տեսակետից այդ վճռական մենակի կերպարը, որին հեղինակը համեմատում է միայնակ ոռնացող գայլի հետ, պատահական համեմատություն չէ, սա ունի խոր իմաստ: Հիմա պատկերացնենք մի գրական հերոս, որն ունի իրական նախատիպ, որևէ ընթերցող եթե փորձի Առնո Սարոյանի կերպարի մեջ տեսնել միմիայն Գրիգոր Գուրզադյան աստղաֆիզիկոսի կյանքի պատմությունը, հաստատ կսխալվի, որովհետև այս նախատիպի հիման վրա հեղինակ Աշոտ Աղաբաբյանը ստեղծել է գրական-գեղարվեստական ուժեղ կերպար, որն իր մեջ ներառել է ոչ միայն մեկ անհատականության, այլ մի քանի անձնավորությունների բնավորության զանազան գծեր, խտացված մեկ անհատի լիարժեք կերպարի մեջ:

Ինձ ուրախացնում է այն, որ գիրքը ունի բացառիկ վիպական ճարտարապետություն, այսինքն` գեղարվեստական պատկերը հյուսված է ոչ միայն գիտական սկզբունքների, այլև գեղագիտական սկզբունքների հիման վրա, այլ կերպ ասած` գեղագիտությամբ ներկայացված է գիտական աշխարհը, ներկայացված է կուսակցական ոլորտը իր բոլոր նրբություններով, հակասություններով, իր լավ ու վատ կողմերով:

Այնպիսի հզոր անհատականություն, ինչպիսին Սերգեյ Կորոլյովն է, ասում է` պետք չէ խանգարել, մի խանգարք նրան, թողեք որ աշխատի ինչպես որ կամենում է: Բայց ահա տեսեք, որ ունենք տեղական չարախինդներ, ովքեր գրում են Մոսկվա, թե Առնո Սարոյանը հավաքարարին բարձր աշխատավարձ է վճարել, թե երիտասարդ գիտնականին պետական միջոցների հաշվին գործուղել է կրթություն ստանալու և այլն, և այլն… Հատուկ հանձնաժողովներ են ուղարկում նրա ֆինանսական գործերը ստուգելու այն պահին, երբ նա ոգևորված է իր այն գյուտերով, որոնք պետք է ներդնի տիեզերքի ուսումնասիրության ասպարեզում… Խանգարում են, չեն թողնում, որ նպատակը իրականանա, բայց Առնո Սարոյանը այն տեսակ մարդկանցից է, որը գիտի շիտակ երեսին ասել ճշմարտությունը, ոչ մեկի չի խնայում, լավին լավն է ասում, վատին վատը, և երբեմն էլ ըմբոստանում է այն երևույթի դեմ, թե կոմունիստական կուսակցությունը ինչու պետք է քիթը խոթի տիեզերագիտության մեջ, նա դրանից ինչ է հասկանում Բրեժնևից սկսած…բայց նրանք են վճռում ամեն բան…

Այս բարդությունները միանում են նաև անձնական դրամային և մենք տեսնում ենք լիարժեք գրական կերպար իր ընտանիքում, իր կնոջ, դստեր հետ ունեցած հարաբերություններում և վերջապես սիրո խնդրում` Մանեի հետ ունեցած հարաբերություններում: Եվ հանկարծ այս բարդ խնդիրների լուծման ճանապարհին մեկ էլ հանկարծ վերևից գալիս է արգելք…

Ալֆա 1-ի, Ալֆա 2-ի ստեղծումը, տիեզերական այդ բարդ սարքավորումները, որոնք Առնո Սարոյանինն են և որոնց մասին ամբողջ աշխարհը գիտի, ամերիկյան գիտնականները կնախանձեին իրենց երկրում ունենալ այդպիսի մեկին, և ստեղծում էին բոլոր պայմանները, որ այդ մարդը հիասթափված խորհրդային երկրում ստեղծված արհեստական խոչնդոտներից, թողնի գնա… Ստեղծել են բոլոր պայմանները նրան վարկաբեկելու համար, բայց նա հայ մարդու, հայ գիտնականի կատարելատիպ է, որի մասին վեպի հերոսներից մեկն ասում է. «Նա ավելի բարձր կոչում ունի, քան ակադեմիկոսն է: Եվ այդ
կոչումը նրա ձեռքից ոչ-ոք չի կարող խլել: Գիտե՞ք որն է այդ կոչումը՝ Առնո Սարոյան անունը, համաձայն չե՞ք, որ այդ անունն ավելի բարձր է հնչում, քան ակադեմիկոսի անունը…»:

Հեղինակն այդ բարդ հարաբերությունների մասին նյութեր կուտակելով, դրանք դասակարգելով, մի վիպական հյուսվածքի մեջ ներառելով, ստեղծել է մեր ժամանակների իրականությունը պատկերող հրաշալի վեպ, որի համար ես Աշոտ Աղաբաբյանին սրտանց շնորհավորում եմ:

աղբյուրը՝ Nyut.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
844 reads | 20.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com