ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ՀԱՐՑԸ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր





Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որի համաձայն՝ Հայոց ցեղասպանության ժխտումը չի կարելի քրեական արարք համարել, իբրև բացատրություն, հիմնվում է ազատ կարծիքի սկզբունքի վրա: Սակայն ածանցյալ հիմնավորում կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում: Պարզ ձևով ասվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման առումով միատեսակ կարծիք չկա: Ճիշտ այստեղ է, որ մարդու իրավունքի եվրոպական կառույցը մատնում է ինքն իրեն: Հարցը համեմատվում է հրեական Ողջակիզման (Հոլոքոստ) հետ:

Հիմա փորձենք համեմատել ազատ կարծիքի իրավունքը և միջազգային համախոհությունը: Եթե մարդու կարծիքի ազատությունը բացարձակ և անքննարկելի սկզբունք է, ապա այդ դեպքում միջազգային համաձայնությունը տվյալ երևույթի նկատմամբ ինչպես կարող է արգելել այդ կարծիքի հրապարակումը: Փաստորեն, արգելված է ժխտել հրեական Ողջակիզումը: Իսկ նման դիրքորոշումը մարդու կարծիքի արտահայտության դեմ դրված ճնշամիջոց չէ՞:

Առանց խորանալու այլ հիմնավորումների բացատրության մեջ միայն այս անհամատեղելիությունը պարզում է խնդրին մոտենալու զուտ քաղաքական մղումը: Որովհետև բողոքառուն մարդու իրավունքների եվրոպական դատարանն է և ոչ թե միջազգային դատարանը: Իսկ Եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ գոյացած համախոհությունը դատելու համար պիտի հիմնվեր Եվրոպական խորհրդարանի որդեգրած կեցվածքների, դիրքորոշումների և բանաձևերի վրա և ոչ թե միջազգային ընտանիքի: Այլ է հարցը, որ մասնակիորեն այս ձևով եվրոպական կառույցը իր դիրքորոշումով հակասում է եվրոպական պետության որդեգրած օրենքին: Բայց իրավաբանական մեկնաբանությունների ծալքերի ոլորապտույտից հեռու մնալու համար կենտրոնանանք հարցի քաղաքական մոտեցումների վրա:

Հիշենք, որ նույն Ֆրանսիան իր Ազգային ժողովի մեկ հաստատությունից մյուսը և, փոխադարձաբար, հարցը քաղաքական շրջագայությունների մեջ դնելուց հետո չհաստատեց օրինագծի սահմանադրականությունը` ինքնահակասական ակներև երևույթ պարզելով դիպաշարին հետևողների առջև: Նույն Ֆրանսիայի համար քրեականացված է հրեաների Ողջակիզումը, մինչ սահմանադրական չէ Հայոց ցեղասպանության ուրացման պատժելիության վրա ուշադրություն դարձնելը: Իսկ այստեղ միջազգային համախոհության և համաձայնության հղում կատարելու խնդիր չկա, որովհետև խոսում ենք մի երկրի մասին, որը պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանությունները: Իսկ այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շատ հանգիստ հղում է կատարում Ֆրանսիայի Սահմանադրական դատարանին:

Եվրոպական ինքնահակասական դրսևորումներն էլ իրենց հերթին: Հայկական կողմին անհրաժեշտ է վերանայել իր մարտավարությունն այս հարցի ուղղությամբ: Կարծիքի կամ արտահայտվելու ազատությունը, ընդհանրապես, քաղաքակիրթ երկրների համար օրինաչափ է, որպեսզի գերարժևորման ենթարկվի: Այստեղ մեր խնդիրը զուտ հայեցողական առումով արդեն իսկ որոշ խոչընդոտների է հանդիպում, մանավանդ երբ նկատի ենք ունենում, որ ժխտողականության քրեականացման աշխատանքն առավելաբար կենտրոնացել է եվրոպական միջավայրերի վրա: Այս բոլորի վրա ավելանում են նաև հրեական խմբավորումների կողմից անուղղակիորեն ստեղծվող արգելակումները Ողջակիզման դեպքի եզակիությունը պահպանելու համար:

Այս և նմանատիպ հանգամանքների բերումով արդյունքում ստացվում է, որ Ֆրանսիայում կամ Շվեյցարիայում մեր առավելները վերածվում են նվազների: Այն երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այժմ մերժում են այն ժխտելու քրեականացումը կամ էլ ենթարկվում են քրեականացման իրենց որոշումների բեկանումներին:

Ճանաչումից հատուցում աշխատանքային անցման մեջ գտնվող հայկական կողմը բոլոր պատճառներն ունի այսօր իր մարդկային ու տնտեսական ներուժն ըստ առաջնահերթությունների կենտրոնացնելու: Իսկ այդ առաջնահերթությունները առավելաբար վերաբերում են Հայաստանի Հանրապետության ժամանակակից խնդիրներին: Ապաշրջափակման պահանջը, Անկարայի նախապայմանային քաղաքականության մերժումը, արցախյան հակամարտության մեջ թուրքական միջնորդության նկրտումների անընդունելիությունը առաջադրանքներ են, որոնք Թուրքիայի վարքագիծը հակադրում են միջազգային նորմերին, և այդ առումով կարող են որոշակի առավելություններ ապահովել հայկական կողմին:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1306 reads | 19.12.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com