ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ








Մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող միջազգային պայմանագրերի կատարումը որոշ առումով տարբերվում է այլ բնույթի հարաբերություններ կարգավորող պայմանագրերի կատարումից։ Տարբերությունը նախ այն է, որ մարդու իրավունքների վերաբերյալ պետությունների՝ թեկուզ վավերացրած, միացած կամ ընդունած, սակայն չհրապարակած միջազգային պայմանագրերն իրավաբանական ուժ չունեն, այսինքն՝ կատարման ենթակա չեն, և երկրորդ, եթե սովորական պայմանագրերի կատարումը, հիմնականում, անմիջականորեն դրանց մասնակից պետությունների խնդիրն է, ապա մարդու իրավունքների վերաբերյալ պայմանագրերի բարեխիղճ կատարումը միջազգային ողջ հանրության գործն է, և դրա համար ստեղծվել ու գործում են միջազգային բազմաթիվ ոչ դատական կառուցակարգեր և մի շարք դատական մարմիններ։

Ոչ դատական կոնվենցիոնալ կառուցակարգերը։ Մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերը, նպատակ ունենալով ապահովել դրանց արդյունավետությունն ու այդտեղ ամրագրված իրավունքների և պարտականությունների իրացումը, նախատեսում են մասնակից պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջազգային վերահսկողության համապատասխան կառուցակարգեր:
Կոնվենցիոնալ կառուցակարգերի համակարգը կազմավորված է մարդու իրավունքների կոնկրետ ոլորտներին վերաբերող միջազգային համընդգրկուն պայմանագրերով և կոնվենցիաներով նախատեսված հատուկ կոմիտեներից։ Դրանք ստեղծվում են որպես այդ փաստաթղթերով պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հատուկ մարմիններ:

Միջազգային նման կառույցի օրինակ է ՄԱԿ-ի կողմից՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ. կոնվենցիայի 8-15-րդ հոդվածներին համապատասխան ստեղծված Ռասայական խտրականության վերացման կոմիտեն:

Բացի նշված կոմիտեից, ներկայումս ստեղծվել և գործում են համանման մանդատով և գործառույթներով օժտված չորս այլ կոմիտեներ ևս։ Դրանք են՝ Մարդու իրավունքների կոմիտեն (Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի հիման վրա), Կանանց նկատմամբ խտրականության հարցերով կոմիտեն (Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա), Խոշտանգումների դեմ կոմիտեն (Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի տեսակների դեմ կոնվենցիայի հիման վրա), Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն (Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի հիման վրա):

Այս կոմիտեները, պետությունների ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս, հիմնականում կիրառում են հետևյալ ընթացակարգերը:

Առաջին ընթացակարգը նախատեսում է համապատասխան միջազգային պայմանագրերի մասնակից պետությունների ներկայացրած ազգային զեկույցների քննարկում կոմիտեների կողմից: Համապատասխան պայմանագրերի կատարումն ապահովելու նպատակով իրականացվող միջոցառումների վերաբերյալ ազգային զեկույցներ ստանալու և քննության առնելու իրավասությամբ օժտված են վերոհիշյալ բոլոր կոմիտեները: Զեկույցներում, մասնավորապես, պահանջվում է ներկայացնել այն օրենսդրական, դատական և վարչական միջոցառումները, որոնց միջոցով մասնակից պետություններում կյանքի են կոչվում համապատասխան միջազգային պայմանագրերում ամրագրված իրավունքները: Այս ընթացակարգի գլխավոր նպատակը ոչ թե առանձին կառավարություններին քննադատելն է՝ իրենց ստանձնած պարտավորությունների կատարման գործում թերանալու համար, այլ նրանց աջակցելը:

Կոմիտեների՝ պետությունների զեկույցների քննության արդյունքում ընդունվող առաջարկություններն ու հանձնարարականները նպատակ ունեն աջակցելու համապատասխան պետություններին՝ կատարելագործելու իրենց օրենսդրական դաշտը, կառուցողական երկխոսություն ծավալելու մի կողմից շահագրգիռ պետությունների, մյուս կողմից, անկախ փորձագետներից կազմված կոմիտեների միջև: Կոմիտեներին պարբերական զեկույցներ ներկայացնելը հնարավորություն է ընձեռում նաև առանձին պետություններում բացահայտել կոնկրետ հիմնախնդիրները, նպաստել պետությունների միջև տեղեկատվության փոխանակմանը: Թեև զեկույցների քննության արդյունքում կոմիտեների կայացրած եզրափակիչ դիտողությունները, մասնավորապես, առաջարկություններն ու հանձնարարականները, իրավաբանական պարտադիր ուժ չունեն, այնուամենայնիվ, պետությունները դրանց վերաբերվում են լրջորեն, որովհետև անկախ փորձագիտական մարմնի կողմից ընդունված հանձնարարականներն անտեսելը և դրանք չկատարելը կվկայեն տվյալ պետության կողմից իր պարտավորությունների կատարմանն անբարեխիղճ մոտենալու մասին:

Միջազգային պայմանագրերի հիման վրա գործող կոմիտեների կողմից կիրառվող հաջորդ ընթացակարգը պայմանագրի մասնակից մի պետության կողմից մասնակից մեկ այլ պետության կողմից տվյալ պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու վերաբերյալ կոմիտեին ներկայացված հաղորդումների քննարկումն է:
Համապատասխան կոմիտեների գործունեության պրակտիկան վկայում է, որ այս ընթացակարգը գործուն և արդյունավետ չէ, քանզի այդ կոմիտեների ողջ գոյության ընթացքում համապատասխան պայմանագրերի մասնակից ոչ մի պետություն այն չի օգտագործել:

Երրորդ ընթացակարգի համաձայն, որը կիրառում են համեմատաբար քիչ թվով կոմիտեներ, նրանց իրավունք է ընձեռվում քննության առնելու այն անձանց գանգատները, ովքեր պնդում են, թե իրենք դարձել են միջազգային պայմանագրով նախատեսված այս կամ այն իրավունքի՝ մասնակից պետության կողմից խախտման զոհ: Կոմիտեներն այս լիազորությունն իրականացնում են երկու հիմնական պայմանով, որոնց նպատակն է ապահովել միջազգային այնպիսի հիմնարար սկզբունքների նկատմամբ հարգանքը, ինչպիսիք են պետությունների ինքնիշանության և պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները: Առաջին, կոմիտեներն իրենց այս լիազորությունը կարող են իրականացնել միայն այն դեպքում, եթե որպես իրավախախտ նշվող պետությունը ճանաչել է տվյալ կոմիտեի՝ նման գանգատներ քննության ընդունելու իրավունքը: Երկրորդ պայմանի համաձայն, ֆիզիկական անձինք իրենց իրավունքների խախտման վերաբերյալ գանգատ կարող են ներկայացնել համապատասխան կոմիտեին՝ իրավախախտ պետության օրենսդրությամբ նախատեսված ներպետական պաշտպանության միջոցներն սպառելուց հետո միայն:

Ի տարբերություն նախորդ երկու ընթացակարգերի, այս ընթացակարգը թերևս առավել գործուն և արդյունավետ է, քանզի այս դեպքում իրավախախտման զոհ դարձած անձն անմիջական հնարավորություն ունի իր կոնկրետ իրավունքների խախտման փաստը քննության առարկա դարձնելու միջազգային մարմնում, եթե, իհարկե, ինչպես արդեն նշվեց, նրա կարծիքով իր խախտված իրավունքների պաշտպանության ներպետական միջոցները լիարժեք չեն և իրեն չեն բավարարում:

Այս ընթացակարգը ներկայումս կիրառում են միայն Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, Մարդու իրավունքների կոմիտեն և Խոշտանգումների դեմ կոմիտեն:
Ոչ դատական կամ կոնվենցիոնալ առանձին կառուցակարգեր օժտված են հետևյալ լիազորություններով.
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1067 reads | 07.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com