ԹԵ ԻՆՉՊԵՍ ՋԱՐԴԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՐՔՆ ԻՐ ՏՈՒՆԸ ԾԱԽԵՑ ԵՐԵՔ ՀԱՅԻ
Քանի դեռ կենդանի են հայոց հերթական Եղեռնը վերապրածները, հարկավոր է գրի առնել նրանց դառը հուշերը, մեկառմեկ հավաքագրել այն արցունքոտ պատառիկները, որոնք հետագայում դառնալու են անջնջելի փաստարկներ եւ դրվելու են պատմության դատի առջեւ:

Ականատեսների պատմածները նպաստելու են ինչպես սումգայիթյան ոճրագործության մութ ծալքերը բացահայտելուն, միջազգային հանրությանը մեր տառապանքներին ականջալուր դարձնելուն, այնպես էլ սերունդներին ճշմարիտ պատմություն փոխանցելուն:

Սումգայիթյան ոճրագործության վերապրածներից ու ականատեսներից է նաեւ Վարդենիսի Շատվան գյուղում ապաստանած Մարդանյանների ընտանիքը։ Մարդանյան ամուսիններն այսօր էլ շարունակում են պայքարել կյանքի դժվարությունների դեմ։ Չնայած իր պատկառելի տարիքին` Շուրա Մարդանյանը մեր այցելության պահին ջուր էր բերում իրենց տնից բավական հեռվում գտնվող աղբյուրից: Իմացանք նաեւ, «որ տարիներ առաջ այս տնակի տանիքը քամին քշել էր, եւ համայնքապետարանը իր միջոցներով էր վերականգնել այն։

Հետաքրքիրն այն էր, որ երբ խնդրեցինք ծերունի ամուսիններին` նկարագրել իրենց սումգայիթյան բնակարանի մասին, նրանք վրդովված ու դողդողացող ձայնով սկսեցին պատմել, թե ինչպես են իրենց խաբել։ Երկար փնտրելուց հետո, երբ Շուրա Մարդանյանին հաջողվել էր Սումգայիթի իր երկու սենյականոց բնակարանը փոխանակել Շատվան գյուղի մի թուրք բնակչի սեփական տան հետ եւ համապատասխան փաստաթղթերը ձեռքին գալ Շատվան, «մեծ անակնկալի առաջ էր կանգնել»։ Պարզվել էր, որ այդ նույն թուրքը իր տունը Մարդանյաններից բացի փոխանակել էր եւս երկու ընտանիքների բնակարանների հետ։ Փաստորեն երեք ընտանիքներն էլ խաբված լինելով՝ կանգնել էին էլ ավելի ծանր իրողության առջեւ։ Բնական է, որ մեկ տունը երեք ընտանիքներ չէին կարող զբաղեցնել, ուստի երկու ընտանիքներին, այդ թվում նաեւ Մարդանյաններին, ուրիշ տներում էին տեղավորել: Ու քանի որ կռվախնձոր դարձած բնակարանը իր պայմաններով ավելի ընդարձակ ու հարմարավետ էր, հետեւաբար, Մարդանյան ամուսինները մինչեւ այսօր էլ չեն համակերպվել իրենց բաժին հասած այս անհրապույր, փոքր տանն ապրելու հետ։ Ամուսինների պատմելով` նրանք մինչ հիմա բնակարանի հետ կապված փաստաթղթերի ու գրանցման խնդիր ունեն։

1931 թվականին Բաքվում ծնված Շուրա Սարուխանի Մարդանյանը 1952 թվականին մշտական բնակության նպատակով Սումգայիթ է տեղափոխվել։ Համագյուղացիները Շուրային «պալկովնիկ» էին ասում` նրա խիստ ու ճշտապահ բնավորության պատճառով։

Շուրայի կինը՝ Ասյա Մարդանյանը պատմեց, որ 1988 թվականի խժդժությունների ժամանակ ինքը քիմիական գործարանում հավաքարար էր աշխատում։ Սումգայիթի հրապարակում բազմամարդ հանրահավաքում հայերին մեկուսացնելու, խոշտանգելու, թալանելու, սպանելու մասին կանխավ իմանալով՝ նրանց հարեւանը իրենց տանը պատսպարել է Մարդանյաններին՝ վտանգի տակ դնելով իր իսկ ընտանիքը։

Շուրան վերհիշեց իր սումգայիթյան կյանքի զարհուրելի էջը. «Երբ ասացին, որ վտանգն արդեն անցել է, որոշեցի գնալ աշխատանքի: Ճանապարհին ինձ սկսեցին հետապնդել չորս անծանոթ երիտասարդներ: Ճանապարհին ուրիշ մարդիկ էլ կային, ուստի հետապնդողները ինձ վրա միանգամից չհարձակվեցին: Կռահեցի, որ նրանք ուզում են ինձ որսալ աչքից հեռու մի տեղում: Ես սկսեցի վազել, ու քանի որ փողոցները լավ էի ճանաչում «վազքի ընթացքում փոխում էի ճանապարհներս ու շփոթեցնում նրանց: Վերջը կարողացա ապակողմնորոշել նրանց ու փախչել։ Պարզ երեւում էր «որ նրանք տեղացի չէին «այլապես ճանապարհները ինձանից լավ կիմանային, ու հաստատ նրանց կհաջողվեր բռնել ու սպանել ինձ։Վերադարձա հարեւանիս տուն եւ մինչեւ մեր Հայաստան գալը մեր թաքստոցից դուրս չեկա, հարեւանս մեզ պահեց»։

Մարդանյանների հարեւանը իր մեքենայով նրանց բերում, սահմանն անցկացնում է։ «1988 թվականի օգոստոսի 18-ից հետո հարեւանիս մասին տեղեկություն չունենք։ Նա կարողացավ մեզ անվտանգ տեղ հասցնել»:

Ծերունի ամուսիններն այսօր դեռեւս շատ առույգ ու ժիր են, ամուսնացրել են երկու զավակներին, ապրում են հող մշակելով ու չնչին թոշակով:

Հասմիկ Գրիգորյան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
692 reads | 11.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com