ՓԻԹԵՐ ԼՈՐԵՆՍ. ԹԵ ԻՆՉՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՐՋՎԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԸ
Հայաստանի որոշումը՝ միանալ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը (ՄՄ) փոփոխություն մտցրեց կովկասյան այս երկրի հետ ավելի սերտ համագործակցություն ծավալելու՝ ԵՄ պլանների մեջ: Նոյեմբերին ԵՄ-ն պլանավորում է ասոցացման համաձայնագրեր կնքել նախկին Սովետական Միության մաս կազմող որոշ երկրների հետ, բայց, ամենայն հավանականությամբ, Հայաստանը նրանց մեջ չի ընդգրկվի:

Որպես կանոն՝ նման համաձայնագրերը հնարավոր նոր ուղիներ են բացում դեպի ԵՄ անդամակցություն:

Հայաստանի նման քայլը Արևմուտքի զայրույթն առաջացրեց՝ պնդելով փաստը, որ Ռուսաստանը վերահսկողություն է ցանկանում սահմանել նախկին Սովետմիության անդամ երկրների վրա:

Ի պատասխան՝ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանից բացատրություն պահանջեց նման դիրքորոշման վերաբերյալ, քանի որ վերջինս ավելի քան երկու տարի տևած բանակցություններից հետո պատրաստվում էր նոյեմբերին նախահամաձայնագիր ստորագրել ԵՄ հետ:

Ինչպես վստահեցնում է եվրահանձնաժողովը, այս համաձայնագիրը «զրոյական խաղադրույքով խաղ չէ», սա պարզապես ընտրություն չէ Ռուսաստանի կամ ԵՄ միջև:

ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Մենք հաշվի ենք առնում Հայաստանի նման ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը: Նաև ակնկալում ենք հնարավորություն ստանալ՝ ավելի լավ հասկանալու Հայաստանի հետագա մտադրությունները, թե ինչպես են նրանք տեսնում այս երկու համաձայնագրերի միջև համատեղելիությունը, և ինչպես են ստանձնելու պարտականությունները Ասոցացման համաձայնագրի և Խորը համապարփակ ազատ առևտրի գոտի ունենալու համաձայնագրերի միջև»:

Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության մասնագետ և Պահպանողական կուսակցության անդամ Չարլզ Թեննոքն այնուամենայնիվ նշում է, որ Հայաստանը միաժամանակ չի կարող գործել ըստ երկու տարբեր սակագնային կանոնների: «Եթե անդամակցում ես որևէ մաքսային միությանը, չես կարող ազատ առևտրի համաձայնություն ունենալ այլ իրավասության հետ», - ասել է նա:

ԵՄ Ասոցացման համաձայնագիրը սահմանում է հեշտացնել ազատ առևտրական հարաբերությունները համաձայնագիրը ստորագրած երկրների միջև, ստանձնել ժողովրդավարական սկզբունքները հարգելու պարտականություններ, ինչպես նաև իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Այս ամենը Ռուսաստանի գլխավորած մաքսային միության փաթեթում ընդգրկված չէ:

ԵՄ-ն մոտ 7 տարի փորձում է «Արևելյան Գործընկերության»եզրեր գտնել Մոսկվայի դաշնակից նախկին սովետական միության մաս կազմող պետությունների հետ:

ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքելու փուլում են Մոլդովան և Ուկրաինան: Համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է 2013-ի նոյեմբերին: Սակայն երկուսն էլ Ռուսաստանի՝ պարբերաբար ճնշման ազդեցության տակ թշվառ կարգավիճակում են՝ պայմանավորված ռուսական գազից կախվածությամբ:

Սեպտեմբերի 3-ին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մոլդովացիներին նախազգուշացրեց՝ ասելով, որ էներգիայի մատակարարումը կարևոր է, քանի որ առջևում ձմեռ է. «Չեք ուզում սառչել, այնպես չէ՞...»:

Ի պատասխան՝ Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտինն ավելի ուշ հայտնեց, որ իր երկիրն ամեն ինչ կանի ԵՄ անդամակցելու համար և «չի կարող ապրել սպառնալիքի կամ ճնշման տակ»:

Իսկ այս ընթացքում Ռուսաստանի կողմից զինված ռուսախոս անջատողականները դեռ վերահսկում են Տրանս-Դնիեստրի՝ նախկինում Մոլդովայի մաս կազմող, այժմ առանձնացված տարածքը:

Խոսելով հարցի մասին՝ Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը ասել է. «Ակնհայտ է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելը կատարվել է Ռուսաստանի ճնշման տակ, որն առայսօր կիրառվում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև այլ գործընկեր պետությունների նկատմամբ»:

Լինելով նախկին սովետական գործընկեր պետություններ՝ Հայաստանն ու Ռուսաստանը երկարամյա ուղի են անցել միասին՝ ունենալով քրիստոնեական միևնույն ավանդույթներն ու սովորույթները: Քանի որ Հայաստանը դեռևս ներգրավված է իր մահմեդական հարևան Ադրբեջանի հետ տարածքային վիճաբանության մեջ, որոշ վերլուծաբաններ ուղիղ համեմատական են տեսնում Լեռնային Ղարաբաղի հարցի և Մաքսային միության միջև:
Փաստը, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառել, հավանաբար, ավելի մեծ ազդեցություն է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կայացրած որոշման վրա:

Ինչպես տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները, նավթով հարուստ Ադրբեջանն իր զինուժն արդիականացնելու նպատակով ավելի վաղ Ռուսաստանից 1 միլիարդ դոլար արժողությամբ զենք էր գնել՝ այդ թվում տանկ և զանգվածային ոչնչացման տեխնիկա:

Հայ քաղաքագետ-վերլուծաբան, տարածաշրջանային ուսումնասիրությունների երևանյան կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այս գործարքը անվանել է «ռազմավարական սխալ»՝ հավելելով, որ սա դեռ վերջնագիր չէ, և ժամանակ կա շտկելու լրջագույն սխալը:

«Մաքսային միությանը անդամակցելով՝ Հայաստանը դառնում է էլ ավելի փոքր՝ «մեկուսացված պետություն»՝ Ռուսաստանին ենթակա տարածք», ասել է նա BBC-ին տված իր հարցազրույցում:

Կիրակոսյանը նաև որոշակի «ասիմետրիա» է նկատում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, քանի որ Ռուսաստանն արդեն իր զգալի բաժնեմասն ունի Հայաստանի ատոմային 5-րդ էներգաբլոկի, հանքաարդյունաբերության և ստրատեգիական ինֆրաստրուկտուրայում:

Բացի այդ, Ռուսաստանի հետ համատեղ սահման չունենալու հանգամանքն ու երկու երկրների տնտեսական զարգացվածության տարբեր աստիճանների առկայությունն ավելի կբարդացնի գործընկերությունը մաքսային միության մեջ:

Փիթեր Լորենս
Թարգմանությունը՝ Մարգարիտ Առաքելյանի
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1110 reads | 10.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com