ԼԻԿՈՒՐԳՈՍՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐԹՈՒՐ ԱԶԱՐՅԱՆ
Լրագրող, հրապարակախոս







Սպարտայի թագավոր Լիկուրգոսը եղել է Հոմերոսի ժամանակակիցը և ինչպես հաստատում են ոմանք, անձամբ է ծանոթ եղել Հոմերոսին: Լիկուրգոսն իր գործերով հիրավի գերազանցել է երբևէ գոյություն ունեցած հույն օրենսդիրների փառքը, ինչն Արիստոտելին դրդել է նկատել, որ «Սպարտայում արժանվույնս

 չեն պաշտել Լիկուրգոսին,թեպետ նրա նկատմամբ ցուցաբերվել է մեծագույն հարգանք: Մինչդեռ, ի պատիվ նրա, տաճար են կառուցել և ամեն տարի` աստծուն վայել զոհեր մատուցել»: Ասում են նաև, որ նրա աճյունը հողին հանձնելիս,կայծակը զարկել է դագաղին, որ նման դեպք չի պատահել մեծ մարդկանցից և ոչ մեկի հետ, բացի Եվրիպիդեսից… Լիկուրգոսի ներմուծած բազմաթիվ փոփոխություններից առաջինն ու ամենակարևորը` նրա հիմնած ավագների խորհուրդը` «գերուսիսն» է եղել, որը որոշակիորեն սահմանափակում էր թագավորական լիազորությունները, միաժամանակ` կարևորագույն հարցերի լուծման պարագայում ուներ նրան հավասար ձայն: Այդպիսով, Պլատոնի արտահայտությամբ, խորհուրդը թե՝ որպես փրկության խարիսխ էր ծառայում, թե՝ պետությանն ապահովում ներքին խաղաղություն: Մինչ այդ հուսալի հենարան չկար. ուժեղանում էր մերթ թագավորական իշխանությունը` հասնելով բռնապետության, մերթ ժողովրդի իշխանությունը` դեմոկրատիայի ձևով: Ավագների խորհուրդը զբաղեցնում էր միջին դիրք և ասես հավասարակշռում էր դրանք, ապահովելով լիակատար կարգ ու կանոն: Ավագները` թվով քսանութ հոգի, թագավորին էին հարում, երբ հարկավոր էր հակահարված հասցնել ժողովրդական նկրտումներին, մյուս կողմից, անհրաժեշտության դեպքում (բռնապետության դեմ պայքարում) աջակցում էր ժողովրդին… Լիկուրգոսի երկրորդ ու ամենախիզախ բարեփոխումը` հողի վերաբաժանումն էր: Վիճակի անհավասարությունն ահավոր էր. մուրացիկների և կարիքավորների զանգվածները սպառնում էին պետությանը, այնինչ հարստությունը կենտրոնացած էր սակավաթիվ մարդկանց ձեռքում: 

Ձգտելով վերացնել նախանձը, հանցագործությունները, շքեղությունը և պետական մարմնի ամենահին և ամենավտանգավոր երկու հիվանդությունը` ուռճացումն ու աղքատությունը, նա կարողացել է համաքաղաքացիներին համոզել` ի շահ պետության հրաժարվել հողատիրությունից, կատարել նոր բաժանում և միասնաբար ապրել հավասար պայմաններում այնպես, որ ոչ մեկը մյուսից բարձր չլինի, և դափնիները բաժանելիս նկատի ունենա միայն բարոյական հատկանիշները… 

Ընդհանրապես,անհավասարությունն ու անհամաչափությունը վերացնելու մղումով, նա ձգտել է չեզոքացնել շարժական գույքը, սակայն, նկատի առնելով, որ սեփականատիրոջ համար ծանր կլինի ունեցվածքից ուղղակի զրկվելը, գնացել է զարտուղիներով և կարողացել` կարգադրություններով խաբել շահասեր մարդկանց: Առաջին հերթին նա շրջանառությունից հանել է ոսկե ու արծաթե բոլոր դրամները` հրամայելով օգտագործել միայն երկաթից հատվածը, որը, սակայն, նվազ արժեքով հանդերձ այնքան ծանր էր ու զանգվածեղ, որ հարկավոր էր մեծ գանձարան պատրաստել ու դրամը տուն փոխադրել սայլով: Շնորհիվ դրա Լակոնիայում վերացել են բազմաթիվ հանցագործություններ. Ում մտքով կանցներ գողանալ, կաշառք վերցնել, ուրիշից փող պոկել կամ նրան թալանել,երբ անհնար էր ծածուկ պահել ավարը,որն առանց այդ էլ աննախանձելի բան էր, իսկ կտորտանքների ձևով` բոլորովին անպետք: Լիկուրգոսի հրամանով շիկացած երկաթը մտցրել են քացախի մեջ, ինչի հետևանքով այն զրկվել է պնդությունից և դարձել միանգամայն անօգտագործելի: Ճոխությունն առավել սահմանափակելու և շահասիրությանը վերջ տալու նպատակով,Լիկուրգոսը սահմանել է երրորդ` բոլոր առումներով հրաշալի` համատեղ սնվելու օրենքը: Ըստ այդմ, քաղաքացիները հավաքվել են ընդհանուր սեղանների շուրջ և կերել օրենքով սահմանված մսեղեն ճաշատեսակներն ու թխվածքները: Նրանք իրավունք չեն ունեցել ճաշել տանը` բազմած սեփական շքեղ գահույքին, լի սեղանների շուրջ… Մի խոսքով` չի թույլատրվել ի ցույց դնել սեփական թանկարժեք սպասքի բազմազանությունը և գոռոզանալ դրանցով: Ահա թե ինչու ողջ աշխարհում միայն Սպարտայում էր հաստատում գտել այն ասույթը, թե «Հարստության աստվածը կույր է, պառկած անկյանք ու անշարժ` ինչպես նկարում»: Դաստիարակությունը համարելով օրենսդիրի բարձրագույն ու ամենից կարևոր խնդիրը` նա իր ձգտումների իրագործումն սկսել է հեռվից և առաջին հերթին ուշադրությունը բևեռել ամուսնությանն ու մանկածնությանը: Արիստոտելը սխալվում է` ասելով, թե նա կամեցել է խելամտորեն դաստիարակել նաև կանանց, սակայն հրաժարվել է այդ մտքից`գտնելով,որ անհնար է պայքարել կանանց ծայրահեղ ուժեղ կամքի և ամուսինների նկատմամբ նրանց բանեցրած իշխանամտության դեմ: Հաճախակի արշավանքների բերմամբ տղամարդկանց վիճակված էր կանանց թողնել ամբողջ տունն ու կայքը, դրանով իսկ հնազանդվել` անցնելով բոլոր չափերն ու նրանց անգամ «տիրուհի» հորջորջել: Սակայն Լիկուրգոսը անհրաժեշտ ուշադրություն է դարձրել նաև կանանց սեռին: 

Մարմինը կոփելու համար աղջիկները պարտավոր էին վազել, ըմբշամարտել, սկավառակ ու նիզակ նետել, որպեսզի ապագա երեխաները սաղմնավորման պահից իսկ ամրակազմ լինեն: Երեխան չի տնօրինվել հոր կամքով: Նրան տանում էին քաղաքի ավագների հավաքատեղին, ուր զննում էին երեխային, և, եթե պարզվում էր, որ նա ամուր է ու առողջ, հանձնում էին հոր հոգածությանը` վերջինիս հատկացնելով համապատասխան հողամաս: Իսկ թույլ ու հաշմ մանուկներին նետում էին անդունդ: Նրանց ընկալմամբ, նորածնի կյանքն անօգտակար է և իրեն, և պետությանը, եթե նա լույս աշխարհ է եկել տկար ու վտիտ: Նորածնի առողջության վերաբերյալ վճիռ կայացնելու համար նրան լողացնում էին ոչ թե ջրի, այլ գինու մեջ… Ասում են` ընկնավոր և ընդհանրապես հիվանդ երեխաները թունդ գինուց մեռնում էին, իսկ առողջները` դառնում ավելի ամրապինդ և ուժեղ: Դայակները նրանց հետևում էին ամենայն ուշադրությամբ և հրաշալի գիտեին իրենց գործը: Նրանք չէին բարուրում նորածիններին: Լիովին անկաշկանդ թողնելով մարմինը, երեխաներին վարժեցնում էին սակավապետության, մթից ու մենակությունից չվախենալուն: 13 տարեկանը բոլորած ամենաարժանավոր պատանիների կյանքում հայտնվում էին` այսպես կոչված «երկրպագուները», ովքեր դիտվում էին երիտասարդ սպարտացիների հայրեր, ուսուցիչներ, խրատատուներ, ովքեր իրենցն էին համարում նաև նրանց և՝ պատիվը, և՝ ամոթը… 

Լիկուրգոսը ավագների խորհրդի անդամ էր նշանակում նրանց, ովքեր մասնակից էին դառնում իր ձեռնարկումներին: Իսկ հետագայում կարգադրել է նրանցից մեկն ու մեկի մահվան դեպքում փոխարենն ընտրել հարգանք վայելող վաթսունն անց որևէ քաղաքացու: Այդ միջոցին էլ երկրում սկսվել մեծագույն մարդկանց մրցությունը, ուր յուրաքանչյուր ոք պայքարում էր մինչև վերջին ուժերը: Խնդիրն այն չէր միայն, որ հռչակվեր արագավազներից ամենաարագավազը, ուժեղներից`ուժեղագույնը, այլ այն, որ լավերից ու խելացիներից ընտրվեին լավագույններն ու իմաստունները: Բարոյական առավելությունների համար հաղթողն արժանանում էր, եթե կարելի է այսպես ասել, կյանքի ու մահվան, պատվի ու արժանապատվության, առավել սեղմ` առաջնային ամեն բանի նկատմամբ պետական իրավունք կիրառելու բարձրագույն պատվին: Ընտրություններն անցնում էին հետևյալ ձևով: Հենց ժողովուրդը հավաքվում էր, ընտրության կազմակերպիչները փակվում էին մոտակա տներից մեկում, որտեղից չէին կարող ոչինչ տեսնել և նրանց էլ տեսնելու իրավունք ոչ ոք չուներ: Նրանց էին հասնում միայն հավաքյալների բացականչությունները: Ինչպես նման բոլոր դեպքերում, քվեները հաշվվում էին բացականչություններով: Ընտրողներն ի տես էին ելնում առանձին-առանձին` վիճակահանությամբ, և լռելյայն անցնում մարդկանց բաժանող միջանցքով: Փակ սենյակում նստածներն ունեին համապատասխան գրատախտակներ, որոնց վրա նշագրվում էր բացականչությունների ուժգնությունը` ամենևին իրազեկ չլինելով, թե ում են դրանք վերաբերում: Նրանց կոչումն էր` գրանցել, թե ինչպես են դիմավորել առաջինին, երկրորդին և այդպես շարունակ: Ընտրված էր համարվում նա, ում օգտին գոչել էին ավելի երկար ու բարձր: Պսակը գլխին դնելով հաղթողին տաճար էին տանում ամբոխի միջով` ոչ միայն փառաբանող երիտասարդների, այլև նման կյանքը երջանիկ համարող կանանց ուղեկցությամբ: 

Երբ Լիկուրգոսի կարևոր օրենքներն այլևս արմատավորվել էին քաղաքացիների կյանքում, երբ պետությունը բավական կայունացել ու ուժեղացել էր, նա աստծո նման, որ Պլատոնի արտահայտությամբ բերկրանքով էր դիտում իր ստեղծած աշխարհի առաջին շարժերը, հրճվում ու կախարդված էր իր ոգեկոչ օրենքների գեղեցկությամբ ու վեհությամբ… բոլոր քաղաքացիներին հրավիրել է ժողովրդական ժողովի և հայտարարել,որ պետական տվյալ կառուցվածքը բոլոր առումներով հասցված է կատարելության և կարող է ծառայել իրենց քաղաքի երջանկությանն ու փառքին...
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1006 reads | 14.02.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com