ԿԻՊՐՈՍՅԱՆ ՍՑԵՆԱՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ԿԱՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

ՎԱԼԵՐԻԱ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ

Միջազգային հարաբերությունների մասնագետ









Ղարաբաղյան չլուծված հակամարտությունը շարունակում է սպառնալիք մնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության համար՝ խուսանավելու հնարավորություն տալով տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերին: Ըստ էության՝ այս հակամարտությունը ազգամիջյան է մնում միայն հայերի և ադրբեջանցիների համար, իսկ գործընթացի մյուս կարևոր մասնակիցների համար այն մի հնարավորություն է, որից շահագրգիռ երկրները, իրենց ազգային շահերին համապատասխան, ձգտում են առավելագույն օգուտ քաղել:

Կարելի է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջը տիրող իրավիճակն այժմ սառեցված է: ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման սցենարները քննություն չեն բռնել, ԵԱՀԿ-ի առաքելությունը, ըստ էության, սահմանափակվել-հասել է «ստատուս քվոն» պահպանելու խնդրին, ինչպես նաև կանխելու հակամարտության ուժային լուծումը, իսկ հակամարտող կողմերը բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում վերահաստատում են արդեն արտահայտած դիրքորոշումները: Այսպիսով՝ անրաժեշտ է բանակցային գործընթացը «վերակենդանացնել»՝ բանակցային գործընթաց վերադարձնել Լեռնային Ղարաբաղին: Սա առավել քան ակնհայտ է և ամբողջությամբ տեղավորվում է կարգավորման գործընթացի տրամաբանություն մեջ: Չպետք է մոռանալ, որ հակամարտությունը ծագել է և առկա է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, իսկ Լեռնային Ղարաբաղի՝ որպես լիիրավ կողմի կարգավիճակը իրավաբանորեն ամրագրված է ինչպես ԵԱՀԿ-ի, այնպես էլ միջազգային այլ կառույցների պաշտոնական փաստաթղթերում: Օրինակ 1994թ. դեկտեմբերին, ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթաժողովի ժամանակ, խոսքը հակամարտության երեք կողմերի՝ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի մասին է: Արժե նշել, որ բանակցությունների ընթացքի միակ հաջողությունը և գործող միակ պայմանավորվածությունը մինչև այսօր մնում է Բիշկեկի 1994թ. մայիսի համաձայնագիրը, որը նույնպես ստորագրել են երեք կողմերը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը: Դրանից բացի, մինչև Լեռնային Ղարաբաղին բանակցությունների եռակողմ ձևաչափից բացառելը, ենթադրյալ կարգավորման նախագիծը հենց երեք, այլ ոչ թե երկու կողմերի էր առաջարկվում:

Կիպրոսի հիմնախնդրի լույսի ներքո (Կիպրոսի վերամիավորման վերաբերյալ բանակցությունները սկսվել են 2014թ. փետրվարի 11-ին Նիկոսիայում, որի շրջանակում հունական և թուրքական համայնքների առաջնորդները համատեղ ամփոփագրում հայտարարեցին, թե ձգտում են ստեղծել միավորված Կիպրոս, որը որպես միասնական պետություն պետք է լինի դաշնային և երկհամայնքանի) աշխուժանում է Վաշինգտոնը. մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջոն Ուորլիքը հանդես է եկել առաջարկությամբ՝ վերականգնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված լիարժեք բանակցությունները: «Հունական և թուրքական կողմերի կիպրոսցիները հայտարարել են, որ անցնում են կարգավորման վերաբերյալ բանակցությունների լիարժեք ձևաչափին: Ինչո
՞ւ չի կարող նույնը տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղի պարագայում»,-հստակեցրրել է նա: Այսպիսով հնարավոր է դառնում այդ հայտարարության մեջ երկու միտումներն էլ ուրվագծել: Նախ՝ Մինսկի խմբի շրջանակներում Երևան-Բաքու բանակցությունների այժմյան ձևաչափը հայտարարվում է «անկատար»: Ապա՝ բացառված չէ, որ ԱՄՆ-ը ծրագրում է ղարաբաղյան գործընթաց ներմուծել կարգավորման կիրպոսյան նմուշը (որը ենթադրում է կարգավորել Աթենք-Նիկոսիա-Անկարա հարաբերությունների լրակազմը), այլ խոսքով՝ Ստեփանակերտը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում: Թերևս պատահական չէր, որ դեռևս անցյալ տարի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովը նշեց, թե որոշակի փուլում Լեռնային Ղարաբաղը պետք է բանակցային գործընթաց վերադառնա: 

Որպես լիիրավ կողմ
՝ բանակցային գործընթաց Լեռնային Ղարաբաղի վերադարձը կարող է կարևոր բաղադրիչ դառնալ հակամարտության կարգավորման գործում համաընդգրկուն համաձայնության հասնելու և իրականացնելու համար: Իսկ ղարաբաղյան ուղղությամբ ԱՄՆ-ի աշխուժացումը նշանակում է փոփոխություն ամերիկյան առաջնահերթություններում, ինչը, անշուշտ, ներգործություն կունենա բանակցությունների հետագա ընթացքի վրա:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
3843 reads | 26.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com