ԿԱՐՈ՞Ղ Է ԱՐԴՅՈՔ ԵՎՐՈՊԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՎՐԱ
ԵՄ հետ հարաբերությունների խափանման և Թուրքիայում անդամակցության նկատմամբ ոգեւորության անկման պատճառով հայկական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Եվրոմիության կողմից ձեռնարկվելիք քայլերը դատապարտված են սահմանափակ մնալու: Այդուհանդերձ, ԵՄ-ն ի վիճակի է ավելի ակտիվ ու արդյունավետ օգտագործել անդամակցության բանակցությունների իր լծակները: Այս հարցում Թուրքիան առաջիկա երկու տարիների ընթացքում ձգտելու է շատ ավելի պաշտպանողական և ռեակտիվ լինել: Իրավիճակը, թեկուզ մասնակիորեն, կարող է փոխվել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների կտրուկ վերակենդանացմամբ, գրում է repairfuture.net վերլուծականը:

Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վրա երբեք անմիջական ազդեցություն չի ունեցել այն հանգամանքը, որ Թուրքական պետությունը 1915թ տեղի ունեցած մեծ ողբերգությունը ոչ միայն չի ճանաչում որպես ցեղասպանություն, այլ հաճախ է օգտագործում ժխտողականության լեզուն՝ փորձելով նույնիսկ պնդել, որ ողբերգության գլխավոր զոհն ինքն է եղել: Չնայած որ ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ հայտնել են, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է Թուրքիայի անդամակցության համար, այդուհանդերձ նման նախապայման շրջանառության մեջ չի դրվել ո՛չ 1999-ին՝ երբ կանաչ լույս վառվեց Թուրքիայի անդամության թեկնածությանը, ո՛չ էլ 2004-ին՝ երբ այդ այդ թեկնածությունը պաշտոնականացվեց Եվրոպական հանձնաժողովի կամ էլ խորհուրդի կողմից: Անդամության թեկնածուի կողմից կատարվելիք բարեփոխումների մեջ նման պահանջ գոյություն չունի, ինչն էլ թուրքական դիվանագիտության կողմից ամեն առիթով հիշատակվում է:

Մյուս կողմից սակայն, Եվրոմիության անդամ երկրներում Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ զգայնությունը ակնհայտ է: Դա արտացոլվում որոշ ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ցեղասպանության ճանաչման բանաձեւերում, ինչպես նաեւ Եվրոխորհրդարանի 1987-ից իվեր այս հարցում ցուցաբերած հաստատակամության մեջ: Եվրոխորհրդարանը 1987թ հունիսի 18-ին որոշեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ որոշումը պարտադիր բնույթ չուներ: Արդարեւ, 1999-ին՝ Եվրոպական Միությունը Թուրքիայի թեկնածությանը կանաչ լույս վառեց: Այնուհետեւ այս որոշման 1987թ Եվրոխորհրդարանի ցեղասպանության ճանաչման որոշման հետ հակասության մեջ լինելու պատճառաբանությամբ, կենտրոնը Մարսելում գտնվող Euro-Arménie ASBL ասոցիացիայի անունից՝ փաստաբան Ֆիլիպ Գրիգորյանը 2003թ Եվրոպական համայնքների դատարանում (CJCE) հայց ներկայացրեց ընդդեմ Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի ու Եվրոմիության խորհուրդի: Նույն թվականին, դատարանը որոշում ընդունեց, որ «խորհրդարանի այդ որոշումը ամբողջությամբ քաղաքական հայտարարության համատեքստ պարունակող փաստաթուղթ է, որի բովանդակությունը խորհրդարանի կողմից կարող է փոփոխվել ցանկացած ժամանակ», եւ հետեւաբար արդյունքները չեն կարող իրավաբանորեն պարտավորեցնող լինել: 2004 թվականին Վերաքննիչ դատարանը հաստատեց այդ որոշումը:

Այս նույն իրավիճակը կիրառելի է նաեւ Եվւոպական խորհրդարանի 2005-ին ընդունած բանաձեւի դեպքում: Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների 2005թ հոկտեմբերի 3-ի պաշտոնական մեկնարկից մեկ շաբաթ առաջ՝ նույն տարվա սեպտեմբերի 28-ին Եվրոխորհրդարանը Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու մասին որոշում կայացրեց: Այդ որոշման մեջ հիշեցվում է, որ Թուրքիայի իշխանությունները շարունակում են Եվրոխորհրդարանի 1987-ին ընդունած որոշումը բավարարող որեւէ նախաձեռնություն հանդես չբերել, ու կոչ է արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ընդգծելով, որ այս վերջինի ու Կիպրոսի Հանրապետության ճանաչումը կդիտարկվի որպես ԵՄ-ին անդամակցելու նախապայման: Ինչպես նախորդ որոշումը, այս որոշումը եւս պարտադիր չէր:

«Բնական քայլի» ակնկալիքը

Ըստ էության, Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը Եվրոմիություն-Թուրքիա բանակցությունների շարունակման նախապայման չէ։ Անդամակցության համար նախապայման լինելն էլ դեռ հարցական է: Թեեւ Եվրոխորհրդարանի ղեկավարների հետ մասնավոր զրույցներում ժամանակ առ ժամանակ նշվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը անդամակցության ոչ պաշտոնական մի պայման է, սակայն ո՛չ Եվրոհանձնաժողովը, ո՛չ էլ Եվրոպական խորհուրդը նման պահանջ չեն ներկայացրել: Հանձնաժողովում եւ Խորհուրդում հիմնականում այն կարծիքին են, որ երբ Թուրքիան անդամակցության բոլոր պայմանները կկատարի, այն ժամանակ էլ «բնականաբար» կառաջանա պատմական քայլ անելու անհրաժեշտությունը: Դա իրո՞ք «բնական քայլ» կլինի, թե՞ մի օր Թուրքիայի անդամակցության ընդունումը օրակարգ մտնելուն պես, դա կլինի աներեւույթ մի պայման՝ թաքնված այն հարնրաքվեների մեջ, որոնք մի շարք անդամ պետություններ մտադիր են անցկացնել: Առայժմ դա անհայտ է մնում: Երկրորդ հնարավորությունը ավելի իրական է թվում, բայց դրա համար նախ պետք է, որ Թուրքիան կարողանա անդամակցության ընդունման փուլ հասնի: Իսկ դրա հնարավորությունն էլ այսօր շատ մեծ չէ: Այս առումով, հայկական հիմնահարցի կարգավորման հարցումԹուրքիայի ներքին դինամիկան շատ ավելի մեծ կարեւորություն է ձեռք բերում:

2000թթ առաջին կեսի ԵՄ հետ ջերմ հարաբերությունների տարիներին՝ 1915թ հայերի տեղահանման հետեւանքով առաջացած մեծ մարդկային ողբերգությունը ճանաչելու, դրա համար ներողություն խնդրելու և այդ մեծ կոտորածի համար այդ ժամանակվա օսմանյան ղեկավարների պատասխանատվությունը ընդունելու ուղղությամբ Թուրքիայում ոչ մի քայլ չձեռնարկվեց: Ընդհակառակը, 2001 թվին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումից հետո, Թուրքիայի կառավարությունը, խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների աջակցությամբ, ԵՄ անդամակցության տեսակետից առանցքային դեր ունեցող այս երկրի հետ դիվանագիտական հարաբերություններն իջեցրեց ամենաստորին մակարդակի: Նույն վերաբերմունքը կրկին ցուցաբերվեց Ֆրանսիայի նկատմամբ 2007-ից հետո, երբ այս երկիրը ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծով հանդես եկավ, որն այս անգամ բացեիբաց դեմ էր արտահայտվել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: ԱՄՆ-ի և Եվրոպայի՝ մասնավորապես Ֆրանսիայի թուրքական դեսպանություններում «հայկական հարցը» շարունակում է մնալ ամենաշատ տեղ զբաղեցնող հարցերից մեկը: Մի խոսքով, ո՛չ ԵՄ-ի հետ հարաբերությունների ջերմ ժամանակահատվածում, ո՛չ էլ հարաբերությունների սառեցման և լճացման վերջին տարիներին, 1915 թվականին առնչվող Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն տեղի չունեցավ: ԵՄ-ի այս հարցում կայացրած ինստիտուցիոնալ որոշման բացակայության մասին արդեն հայտնել էինք: Հարցն այժմ ավելի շատ անդամ երկրների քաղաքական պատասխանատվության դաշտում է գտնվում:

Եթե Թուրքիայի անդամակցության բանակցություններում առաջընթաց լինի և նա կարողանա լիիրավ անդամակցության փուլ դուրս գալ, այդ պարագայում՝ եթե նույնիսկ Թուրքիան հրաժարվի ցեղասպանություն կոչել 1915 թվականի իրադարձությունները, որոնց զոհ գնացին հայերը, ապա պարտավորվելու է ընդունել հանցանքի ծանրությունը ու որեւէ կերպ ներողություն հայցել: Եթե դա նույնիսկ դե յուրե չկատարվի, ապա ամենայն հավանականությամբ շատ երկրների կողմից որպես դե ֆակտո պայման առաջ է քաշվելու:

Ադրբեջանի ճնշումների և շանտաժի քաղաքականությունը

Ֆուտբոլային հանդիպման առթիվ 2008թ հոկտեմբերին նախագահ Աբդուլլա Գյուլի Երեւան կատարած այցից հետո Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ թափ առած ոչ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններն սկսել էին ավելի պաշտոնական դառնալ՝ 2009թ երկու երկրների դիվանագիտականներկայացուցիչների ստորագրած արձանագրություններով: Սակայն, երկու երկրների կառավարությունները դրանք վավերացնելու ուղղությամբ քայլեր չձեռնարկեցին: «Արձանագրությունների դիվանագիտությունը» ձախողվեց: Պատճառներից մեկն այն էր, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը, արձանագրությունները հաստատելիս, հղում էր արել որոշ փաստաթղթերի, որոնք 1915 թվականի դեպքերը բնորոշում են որպես ցեղասպանություն, բայց գուցե ավելի մեծ դեռ է խաղացել Ադրբեջանի կողմից Թուրքիայի կառավարության վրա կիրառվող ճնշումների եւ շանտաժի քաղաքականությունը:

Դժվար է պնդել, թե ԵՄ անդամակցության հեռանկարը ուղղակի ազդեցություն ունի հայ-թուրքական հարաբերությունների վրա: Թուրքիան իր դիվանագիտականհարաբերությունները սառեցնելու և սահմանը փակելու որոշումը 1915 թվի հետ չի կապել: Նա այդ որոշումը կայացրեց Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ծագած Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ առաջացած պատերազմում անվերապահորեն Ադրբեջանին աջակցելու պատճառով: Այդ ժամանակից ի վեր նա գերին դարձավ իր «ձեռքերը կապող» այն որոշման, որի մեջ որեւէ դերակատարություն չունի: Եթե ԵՄ անդամակցության հարցը ավելի նպաստավոր հունով ընթանա, ապա հնարավոր է, որ Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունը և ազգայնական շրջանակների վրա ազդեցությունը թուլանա: Այդ դեպքում, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ամենափոքր իսկ շոշափելի առաջընթացը՝ ինչպես օրինակ գրավյալ յոթ տարածքների մեկից կամ երկուսից բանակի դուրս բերումը, կարող է բավարար լինել Թուրքիայի Հայաստանի հետ դիվանագիտականհարաբերություններ հաստատելու համար: Սակայն ակնհայտ է, որ այս հարցում ազդեցիկ դերակատարը ո՛չ ԱՄՆ-ն է, ս՛չ էլ ԵՄ-ն, այլ՝ Ռուսաստանը...

Սակայն այս ամենը պետք չէ քողարկի այն փաստը, որ խնդիրն իրականում հանգուցվում է Թուրքիայի ներքին հասարակական և քաղաքական դինամիկային: Հայկական հարցի լուծման ամենամեծ խոչընդոտն առաջանում է Թուրքիայի հասարակության մի ստվար հատվածի մոտ գոյություն ունեցող չափազանց հզոր «հիմնադիր դաշինք» հասկացությունից: Այս հարցի նկատմամբ որդեգրված ժխտողական դիրքորոշումը կարելի է բացատրել Հանրապետության հիմնադիր դաշինքներով, որոնք այսօր շարունակում են պահպանվել: Իշխող եւ ընդդիմադիր կուսակցություններին պահի տակ իրար միավորող «ազգային հարցը», և հետեւաբար վերքաղաքական «համազգային դիրքորոշումը» շարունակում է հայկական հարցի նկատմամբ մոտեցումը մի տեսակ «ազգային տաբուի» վերածել: 1915 թվականի հայերի աքսորը և հետագա տարիներին Թուրքիայի Հանրապետության տարածքից ոչ մահմեդական տարրերի տեղահանության քաղաքականության հետ առերեսվելը և վերջնականապես ներողություն խնդրելը, փոխհատուցման քայլեր անելը հասարակության ճնշող մեծամասնության կողմից ընկալվում է որպես երկրի պառակտում, Հանրապետության համակարգի փլուզում, պետության մասնատում, ազգի գոյությանն ուղղված մեծ սպառնալիք: Պետական քաղաքականությունը զարկ է տալիս այդ ընկալմանը: Հասարակական երեւակայության մեջ սպառնալիքի այդ ընկալումը սնող գլխավոր գործոնը Անատոլիայից հայերին վերացնելու ընթացքում նրանցից բռնազավթված ունեցվածքի մասին հաշիվ տալու վախն է: Մինչեւ 1925թ սեփականության գրանցամատյանների առ այսօր հանրությանը անմատչելի մնալը դրա վառ ապացույցն է:

Քաղաքացիական հասարակության առերեսման փորձերը

Թեեւ ԵՄ-ի հետ հարաբերությունների ինստիտուցիոնալացումը և անդամակցության բանակցությունների մեկնարկը 1915 թվի հետ առերեսման վրա որեւէ ուղղակի և պաշտոնական ազդեցություն չունի, բայց փաստ է, որ այն նպաստում է Թուրքիայում կրոնական փոքրամասնություններին «օտարերկրյա քաղաքացու» կարգավիճակից դուրս հանելուն միտված քայլերին: Անդամակցության բանակցությունների մեկնարկին հաջորդող տարիներին Թուրքիայի կառավարությունը քայլեր ձեռնարկեց ընդհանրապես կրոնական փոքրամասնությունների, իսկ մասնավորապես հայ փոքրամասնության որոշ խնդիրները լուծելու, մասամբ փոխհատուցելու անցյալի անարդարությունները: Այդ փոքր քայլերից ամենակարեւորն էր օրենսդրական փոփոխությունների ձեռնարկումը, որը թույլ տվեց վերջին 30-40 տարիներում պետության կողմից առգրավված ոչ մահմեդական համայնքների հիմնադրամներին պատկանող անշարժ գույքի մասնակի վերադարձը: Թույլատրվեց խորհրդանշական նշանակության մի քանի հայկական հոգեւոր կոթողի վերանորոգումը և եկեղեցական արարողությունների կատարումը: Որոշ տեղական իշխանություններ էլ աջակցեցին հայերի մշակութային ժառանգության վերականգնմանը: Ամենակարեւորը՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո, վերջ դրվեցին «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործողների նկատմամբ հետապնդումներին, վերացավ այդ հարցին նվիրված հանդիպումների ու հրապարակումների օրենքով արգելումը:

Իսկ ամենակարեւոր զարգացումը՝ ոչ թե պետության ու կառավարության ձեռնարկած քայլերն են, այլ քաղաքացիական հասարակության հայերի և այլ փոքրամասնությունների կոտորածների հետ առերեսվելուն ուղղված նախաձեռնություններն են: 1990թթ, երբ դեռ հորիզոնում չկային ԵՄ անդամակցության բանակցությունները, սակավաթիվ պատմաբաններ, ակտիվիստներ և քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ սկսել էին հայկական տաբուն կոտրելու ջանքեր գործադրել: Հետագա տարիներին, ԵՄ անդամակցության բանակցությունների շրջանակներում զարգացող հիմնարար իրավունքների և ազատությունների դաշտի շնորհիվ ստեղծված բաևենպաստ միջավայրը հնարավոր դարձրեց այդ հարցի շուրջ քննարկումներ ծավալել և բարձրացնել հասարակության իրազեկությունը: Չնայած խոչընդոտներին՝ պատահականություն չէր, որ հայկական հարցին նվիրված առաջին համապարփակ կոնֆերանսը հնարավոր եղավ իրականացնել 2005-ին: 2009-ից իվեր Թուրքիայի տարբեր քաղաքներում անցկացվող – ցավոք սակավաթիվ մասնակիցներով ու ոստիկանության վերահսկողության ներքո - Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները այդ տաբուի ազդեցության զգալի թուլացման մասին են վկայում:

Թուրքիայի դիրքորոշումը՝ 2015 թվականին ընդառաջ

Ուշադրությունն այժմ կենտրոնացած է 2015 թվի (որին մնում է ավելի քիչ, քան մեկ տարի ու կես) կամ էլ դրա նախօրեին Թուրքիայի բռնելիք դիրքի վրա: Որոշ զարգացումներ ենթադրել են տալիս, որ թուրքական պետությունը աշխարհում և Թուրքիայում կազմակերպվելիք 1915թ տեղահանության հիշատակի միջոցառումների դեմն առնելու քայլեր է ձեռնարկելու՝ առաջին պլան մղելով 1915թ Չանաքքալեի (Դարդանելի) հաղթանակը:

Մյուս կողմից, դժվար թե քաղաքական դաշտում տիրող տաբուն եւս սկսի կոտրվել մինչեւ 2015թ՝ հաշվի առնելով ընտրությունների օրացույցը: Եթե որեւէ փոփոխություն չլինի, 2014-ի սկզբի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, 2014-ի ամռան վերջի նախագահական ընտրությունում (որն առաջին անգամ տեղի կունենա համաժողովրդական քվեարկությամբ) և 2015-ի ամռանը տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում՝ իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունները լավագույն դեպքում «ռիսկի չեն դիմի» հայկական խնդրում, իսկ վատագույն դեպքում ու ավելի մեծ հավանականությամբ այն ազգայնական շահարկումների առարկա կդարձնեն: Ամեն դեպքում, 2015 թվին ընդառաջ՝ ավելի իրատեսական կլինի ակնկալել, որ հայկական հարցի շուրջ Թուրքիայում տաբուներ քանդելու նախաձեռնությունները հիմնականում քաղաքացիական հասարակության կողմից գան:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելուն ուղղված քայլերը դատապարտված են սահմանափակ մնալու, քանի դեռ ԵՄ հետ հարաբերությունները գրեթե կասեցված են և Թուրքիայում անդամակցության նկատմամբ ոգեւորությունն անկում է ապրում: Պաշտոնական և ինստիտւցիոնալ մակարդակով՝ ամենայն հավանականությամբ 2015 թվականը թե՛ ԵՄ և թե՛ նրա մի շարք երկրների հետ լարված հարաբերությունների տարի է լինելու: Մյուս կողմից սակայն, եթե ընդունում ենք, որ թուրք հասարակության ժողովրդավարացումը հայկական տաբուն կոտրելու ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայման է, ապա պետք է ակնկալել, որ ԵՄ-ն ավելի ակտիվ ու արդյունավետ կօգտագործի անդամակցության բանակցությունների իր լծակները: Այս համատեքստում, լիիրավ անդամակցության փոխարեն Թուրքիային առաջարկվող մասնակի անդամակցության մյուս ձեւերը, ինչպես բազում այլ բնագավառներում, այնպես էլ հայկական հարցում մեզ կհանգեցնեն այնպիսի մի իրավիճակի, որ Եվրոպան բոլորովին կկորցնի դրա վրա ներազդելու կարողությունը:

ԵՄ-ի փոխարեն՝ մերձեցում ՇՀԿ-ի հետ

Թեեւ այդ մասին հստակորեն չի բարձրաձայնվում, բայց ուշագրավ է, որ ի հակազդեցություն ԵՄ հետ հարաբերությունների առկախված մնալուն՝ Թուրքիան առաջ է քաշում Շանհայի համագործակցության կազմակերպությունը որպես այլընտրանքային նախաձեռնություն: 2011 թվականի ապրիլին, Թուրքիան «երկխոսության գործընկերոջ» կարգավիճակ ձեռքբերելու խնդրանքով դիմել էր այս կազմակերպությանը: 2012թ կազմակերպության Պեկինում կայացած գագաթնաժողովին դիմումն ընդունվեց, իսկ 2013թ ապրիլին Թուրքիան ստորագրեց համապատասխան հուշագիրը՝ ստանալով Շանհայի համագործակցության կազմակերպության գործընկերոջ կարգավիճակ:Սա կարելի է դիտարկել որպես Շանհայի հնգյակին լիիրավ անդամակցության առաջին քայլ, սակայն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մի այլ անվտանգության համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ դառնալը հազիվ թե հնարավոր լինի: Լինելով ՆԱՏՕ-ի շարունակությունը, այժմ լուծարված CENTO-ին (Կենտրոնական պայմանագրի կազմակերպություն, թարգմ.) Թուրքիայի երկակի անդամակցությունն այդ ժամանակ խնդիր չէր հարուցել: Բայց Շանհայի համագործակցությունն այլ բան է:

Թեեւ պաշտոնապես չի հայտարարվել, որ դա ԵՄ անդամակցությանն այլընտրանք է, բայց ՇՀԿ անդամակցության մասին առաջին անգամ խոսք եղավ 2005-ին արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Գյուլի Չինաստան այցի ընթացքում, բայց տվյալ պահին այն ջերմորեն չընդունվեց չինական իշխանությունների կողմից: Այդ ժամանակաշրջանում Չինաստանը մեծապես աջակցում էր Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: 2012թ երկխոսության գործընկերության ընդունումը Հիմնականում Ռուսաստանի եւ Ղազախստանի ջանքերով իրականացավ: Չինաստանի բացասական վերաբերմունքի մեղմացումը կապված էր Թուրքիայի ԵՄ հեռանկարի թուլացման հետ: Այնինչ, 2005թ չինական ղեկավարությունը այդ անդամակցությանը ջերմ չէր վերաբերվում ոչ միայն աշխարհագրական, այլ նաեւ Թուրքիայի ԵՄ մուտքի հեռանկարի պատճառով: Նրանց համոզմամբ՝ կարելի չէր մի ոտքով կանգնել այստեղ, իսկ մյուս ոտքով՝ այլ ճամբառում: Իրականում, սա շատ լավ է բնութագրում իրավիճակը: Տարածաշրջանային անվտանգության պայմանագրի վրա հիմնված Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր անդամ երկրները որդեգրել են ավտորիտար կապիտալիզմի մոդելը: Հետեւաբար, այս կազմակերպության հետ Թուրքիայի մերձեցումը նշանակում է ընդունել զարգացման ավտորիտար կապիտալիզմի մոդելը: Այս կողմնորոշումն այնքան էլ չի հակասում AKP (Արդարության և զարգացման կուսակցություն, ԱԶԿ) կառավարության ավտորիտար պահպանողական մտածելակերպին, սակայն լուրջ հակասության մեջ է Թուրքիայի տնտեսական իրականության և Թուրքիայի հասարակության զարգացման ընթացքի հետ:

Բացի այդ, Թուրքիայի ԵՄ ուղեծրից հեռանալն ու ավտորիտար ժողովրդավարության եւ պետական/կուսակցական կապիտալիզմի ուղեծրին մերձենալը ամենեւին չի օգնի հայկական հարցի լուծմանը, այլ կնպաստի դրա սառեցմանը: Ավելին, նման մերձեցման հետեւանքով Հայաստանի հետ հարաբերությունների հարցում նախաձեռնությունն ամբողջովին Ռուսաստանի ձեռքը կանցնի:

Մենք գտնվում ենք մի ժամանակահատվածում, երբ Թուրքիայի «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը փլուզման եզրին է, տարածաշրջանի լիդերը դառնալու նրա հավակնությունները եւ այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերը արագ արժեզրկվում, քանդվում են: Որպես «փափուկ ուժ» տարածաշրջանին կայունություն բերելու հավակնություն ունեցող Թուրքիան արագորեն ընթանում է դեպի մի իրավիճակ, ուր նա ամենուրեք սպառնալիքներ տեսնելով՝ ներքաշվում է պաշտպանողական, ռեակտիվ քաղաքականության մեջ: Առաջիկա երկու տարիներին, միջազգային հանրային կարծիքը լայնորեն կքննարկի հայկական հարցը, ամենուրեք տեղի կունենան ցեղասպանության ոգեկոչումներ: Նման միջավայրում, հայկական հարցին դրական լուծում փնտրելու Թուրքիայի մոտեցումն ավելի շուտ պաշտպանողական ու ռեակտիվ կլինի, քան թե պրոակտիվ: Այդ միտումը, թեկուզ մասամբ, չեզոքացնելու ուղղությամբ ԵՄ խորհուրդի կատարելիք կտրուկ մի քայլը կարող է նոր թափ հաղորդել բանակցային գործընթացին:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
559 reads | 19.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com