ՀԱՅ ԱԶԳԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏևԵԼ Է ՈՉ ԹԵ 30-40 ՏԱՐԻ, ԱՅԼ ՍԿՍՎԵԼ Է ԱՆԻԻ ԱՆԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ` 1045 ԹՎԱԿԱՆԻՆ. ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆ
Ներկայացնում ենք «Իրատես de facto»-ի հարցազրույցը գրող, արվեստաբան Ռուբեն Անգալադյանի հետ:

-Պարոն Անգալադյան, վերջին շրջանում գրված Ձեր էսսեներում առանձին խոշոր արվեստագետների կենսագրությունն ու ստեղծագործական մոտեցումներն եք վերլուծում` ինչպես միշտ զուգահեռելով դրանք համաշխարհային, համամարդկային անցուդարձերի հետ: «Կազիմիր Մալևիչ. «Սև քառակուսի» - մեծ քրիստոնեական մշակույթի ստվե՞ր, թե՞ ընտանիքի նոր բանաձևի փնտրտուք` «Ծնող Ա» և «Ծնող Բ» էսսեում նկատում եք, որ 20-րդ դարը մարդկության կյանք ներխուժեց այնքան կտրուկ ու անսպասելի, որ ոչ ոք չէր վճռում հետադարձ հայացք ձգել դեպի 19-րդ դար: 20-րդը կոչում եք ռեֆորմիզմի, էքսպերիմենտների, ինտերնացիոնալիզմի գերակայության դարաշրջան: Այսպիսի դարամուտն օրինաչափ էվոլյուցիայի արդյո՞ւնք եք համարում, թե՞ անսպասելի, չնախապատրաստված շրջադարձ մարդկության կյանքում:

-Դա էվոլյուցիոն պրոցես էր, ուղղակի վերջին փուլը շատ անսպասելի էր և ամբողջովին տարբերվող նախորդ 2000 տարիներից: 1700 տարի առաջ էր նման իրավիճակ ստեղծվել, երբ ոչնչացրին անտիկ մշակույթը և սկսեցին ստեղծել պրիմիտիվ քրիստոնեական մշակույթ: Հեթանոսությունը գոյություն ուներ իր ամբողջական մշակույթով, քաղաքական-պետական մեքենայով: Պետք էր դա հոշոտել: Սկզբում խղճի վրա խաղացին, ոգու. մեզ հայտնի են բոլոր այն սրբերը, որոնք նահատակվել են, բայց իրենց կրոնը չեն ուրացել: Իսկ երբ քրիստոնյաները եկան իշխանության, դաժանաբար վարվեցին հեթանոսության և դրա կրողների հետ: Սա նորմալ է: Ժամանակին նույն բանը հեթանոսությունն էր արել: Եկավ պահը, երբ ոչինչ չէր կարելի անել, բացի Քրիստոսի կյանքի որոշակի դրվագները, վարքը գովերգելուց, մեկնաբանելուց: Անտիկ թատրոնը, որ բնության գրկում էր, քրիստոնեության շրջանում տեղափոխվեց տաճարների մեջ: Դրանք պրիմիտիվ շենքեր էին, որ կոչվում էին բազիլիկ: Հետո ի հայտ եկավ եկեղեցական ճարտարապետությունը: Ի՞նչ է նշանակում մշակույթ: Մշակույթը` որպես ամբողջականություն, կարող է ծնվել ու զարգանալ միայն պետության մեջ: Առանց պետության մեխանիզմի անհնար է մշակույթ զարգացնել: Առանձին ձևեր, իհարկե, կարող են գոյություն ունենալ նաև առանց պետության: Ասենք, մի գյուղում ծնվել է տաղանդավոր երեխա, որը ձայն ունի: Նա կերգի, բայց օպերային երգիչ չի կարող դառնալ, որովհետև օպերային երգիչ դառնալու համար պետք է սովորել կա՛մ երաժշտական ակադեմիայում, կա՛մ մասնավոր դասեր ստանալ որևէ պրոֆեսիոնալ երաժշտից: Առանց կրթության, միայն ինքնակրթությամբ` մարդը չի կարող պրոֆեսիոնալ երգիչ դառնալ:

-Այսինքն` պրոֆեսիոնալիզմի ի հայտ գալը քրիստոնեական մշակույթում հնարավոր դարձավ միայն այն ժամանակ, երբ պետականորեն ընդունվե՞ց քրիստոնեական կրոնը:

-Այո՛: Մինչև 301 թիվը, այսինքն` Հայաստանի կողմից քրիստոնեությունը պետականորեն ընդունվելու ժամանակաշրջանը, բնականաբար, քրիստոնեական մշակույթ գոյություն չի ունեցել: Մեզնից 13 տարի հետո քրիստոնեություն ընդունեց Հռոմը, որը հետո դարձավ Բյուզանդիա: Փաստորեն, մենք ու Բյուզանդիան սկսեցինք զարգացնել քրիստոնեական մշակույթը: Հետագայում արդեն կային նաև ուրիշ քրիստոնյա երկրներ, բայց նրանց ազգային գեղարվեստական երևակայությունը և միտքը չտվեցին այնպիսի արդյունք, ինչպիսին տվեց փոքրաթիվ ժողովուրդ ունեցող Հայաստան աշխարհը: 301 թվականից մինչև 1045 թվականը` մինչև Անիի անկումը, մենք ազդել ենք համաշխարհային մշակույթի վրա և ազդվել ինքներս` ստեղծելով խոշոր մշակութային արժեքներ: 301 թվականին, քրիստոնեություն ընդունելով, մենք դարձրինք Հայաստանը հզոր ամրոց, որի պատի մեջ պատուհան թողեցինք` աշխարհի հետ շփվելու համար: ՈՒնեինք հզոր պատեր, բայց աշխարհի հետ կապ ունենալու համար բացեցինք պատուհաններ: Մենք գիտենք Թարգմանչաց տոնի մասին: Դա մեծ մշակույթ էր, որ հետո կամաց-կամաց դարձավ արհեստ, քրոնիկա: Բայց սկզբնական էտապում քրիստոնեությունը եղավ ծայրահեղ անհանդուրժող, ոչնչացրեց ամեն ինչ, բոլոր այն արժեքները, որ կային իրենից առաջ:

-Իսկ այդ արժեքները մշակույթի ո՞ր ձևերում էին արտահայտված:

-Այդպիսի արժեքներ, իրոք, կային: Կային ֆանտաստիկ պոեզիա, թատրոն, փիլիսոփայություն, քաղաքական մշակույթ, քաղաքական պատմություն: Մինչև 1045 թիվը մենք զարգանում էինք, իսկ հետագայում, երբ քանդվեց պետությունը, պրոցեսները դանդաղեցին և աստիճանաբար մարեցին: Եթե չկա պետություն, այսինքն` չկա պատվիրատու, ինչպե՞ս կարող է լինել ճարտարապետություն, քաղաքաշինություն: Փոքր-մոքր բաներ կարող են լինել, բայց ոչ` մոնումենտալ երևույթներ: Մինչև 14-15-րդ դարերը մեր եկեղեցական ճարտարապետությունը զարգանում, բարձրանում է և ընդունում այն ձևը, որը մենք օգտագործում ենք մինչև այսօր: Ապա կանգ է առնում այդ զարգացման պրոցեսը և վերսկսվում 19-րդ դարավերջից: Պոեզիայում դադար չի լինում, որովհետև պետությունը կործանվել էր, բայց լեզուն պահպանվում էր: Գուսանական, աշուղական պոեզիան կար` անկախ պետության անկումից: ՈՒ ամեն մի պատմական մեծ ժամանակահատվածի ֆոնին մենք տեսնում ենք, որ Հայաստանից ապամոնտաժվում են մեծ տարածքներ: Նախարարությունները դառնում են մելիքություններ, հետո դրանք էլ են վերանում, ու 20-րդ դար մենք մտնում ենք ընտանիքներով: Ռեալ ազգը արդեն փսորված մի բան էր, ցավոք: Եվ մենք պիտի հստակ գիտակցենք մի կարևոր ճշմարտություն. հայ ազգի ցեղասպանությունը տևել է ոչ թե երեսուն-քառասուն տարի, ինչպես ներկայացվում է պատմական աշխատություններում, այլ սկսվել է Անիի անկումից հետո: Եթե ճիշտ մեկնաբանվի այս ամենը, եթե մենք ունենանք քաղաքական պատմություն, շատ սխալներից այսօր հետ կկանգնենք: Կփայփայենք մեր երկիրը, ցինիկ չենք լինի այնքան, որքան հիմա ենք, չենք թալանի մեր ժողովրդին, հնարավորություն կտանք հարստանալու:

-Դուք հիմա նկարագրում եք հայկական իրականությունը և ընդհանուր առմամբ ուրվագծում այն ուղին, որով ընթացել են հայ ժողովուրդն ու հայկական պետականությունը: Իսկ ի՞նչ էր կատարվում այդ ժամանակահատվածում Հայաստանից դուրս` մեծ աշխարհում:

-Մեծ աշխարհում, անշուշտ, ձևավորվում էր նույն քրիստոնեական մշակույթը: 20-րդ դարն ապացուցեց, որ քրիստոնեական արվեստն իշխողն է աշխարհում: Երբ քրիստոնեական արվեստը Բյուզանդիայից տեղափոխվեց Եվրոպայի դաշտ, 13-14-րդ դարերում արդեն կրոնը դարձավ լիբերալ: Որովհետև այն որևէ մրցակից չուներ, իր դեմ ագրեսիայի որևէ դրսևորում չկար: Արվեստագետներին պատվիրվում էին ստեղծագործություններ, որոնք լիբերալիզմի արտահայտություններ էին: Իսկ ի՞նչ էր դա նշանակում: Նշանակում էր աշխարհիկի մուտքը քրիստոնեական մշակույթ` «Ռենեսանս»: Մինչև 13-րդ դար հայտնի էին Ջոտտո դի Բոնդոնեի գործերը. նա Տիրամայր էր նկարում: Իսկ Ռաֆայելն ավելի ուշ ստեղծեց Մադոննայի կերպարը` կիսով չափ աշխարհիկ կերպար: Դա նշանակում է, որ փոխվում, բարելավվում է գեղարվեստական ֆորման` ձևը: Իտալացիներն առաջինն էին այս փոփոխության հարցում, հետո դա նկատվեց գերմանացիների, հյուսիսային ժողովուրդների մեջ: Սկսեցին անդրադառնալ անտիկ շրջանի մշակույթին, կրկնօրինակել այն: Արվեստում եկեղեցական դոկտրինը և աշխարհիկը գտնվում էին 50։50 տոկոսային հարաբերակցության մեջ: Քրիստոնեական արվեստի ունիվերսալ ժամանակահատվածը Վերածնունդն է: Դրանից հետո եկան տարբեր ուղղություններ: Ինչքան մոտենում ենք 20-րդ դարին, այնքան դուրս է մղվում կրոնականը մշակույթից: Իսկ եթե ինչ-որ բան հանում ես, ձևը փոխվում է: ՈՒրեմն պիտի այդ փոխված ձևը լցնես բովանդակությամբ, որն ընկալելի կլինի ու կտարբերվի մյուս դարերի բովանդակությունից: Այդպես կրոնի փոխարեն մուտք է գործում բարոյականությունը, իսկ 19-րդ դարի վերջում ձևը դառնում է բովանդակություն: Դա իմպրեսիոնիստների մոտ երևում է: Բայց դեռ ձևն այն բովանդակությունը չէ, որ մենք տեսնում ենք հետագայում` 20-րդ դարում: Սա միայն սկիզբն է: Անտիկ շրջանը բարձր էր գնահատում մարդու մարմինը: Բայց մարդու մարմինը դիտվում էր իբրև աստվածային լույսի, կատարելության կրող: Վեներայի քանդակին նայելիս ոչ մի տղամարդու մեջ սեքսուալ բնազդներ չեն արթնանում, որովհետև դա կնոջ մարմնի կատարելության, լուսեղենության հանգամանքն է ընդգծում: 20-րդ դարում ևս սկսեցին նշանակություն տալ մարդու մարմնին, բայց այստեղ արդեն կար այլասերության տարրը: 20-րդ դար մտած մարդը վարտիքով քայլում էր հրապարակներում, այն դեպքում, որ մինչ այդ կրունկն անգամ չէին մերկացնում: Մարդիկ ազատագրվել էին բարդույթներից, ցուցադրում էին սեփական մարմինը: 20-րդ դարում քրիստոնեական արվեստի ձևերը ճաք տվեցին: Մարդն իր տեսակով անհանգիստ է, նա անընդհատ քանդում է իր ստեղծածը: 20-րդ դարում նա փնտրտուքի մեջ էր: Կերպարվեստի մեջ հանդես եկան մարդիկ ¥Պաբլո Պիկասոն, Մարտիրոս Սարյանը, Խուան Միրոն, Հենրի Մուրը, ուրիշներ¤, ովքեր ծնվել էին քրիստոնեական արվեստի քայքայման փուլում: Սրանք պիտի հասցնեին հինը բերել-հասցնել նոր ժամանակներ և ասեին, որ չպետք է հրաժարվել արվեստի հիմնական բաղկացուցիչներից: Նրանք իրենց գործով էին դա անում:

Մինչև 1934-35 թթ. արվեստը ազգային երևույթ էր, լոկալ: Դրանից հետո հենց Փարիզում` մշակույթի այն ժամանակվա մայրաքաղաքում, ի հայտ եկավ ինտերնացիոնալ արվեստը: Երվանդ Քոչարը, լինելով այնտեղ, դարձավ այդ արվեստի ներկայացուցիչը: Իսկ ի՞նչ էր իրենից ներկայացնում ինտերնացիոնալ արվեստը: Այն ստեղծագործողների, արվեստագետների խմբավորում էր` էսթետիկական տարբեր կատեգորիաների շուրջ` սյուրռեալիզմ, պոպարտ, աբստրակցիոնիզմ, ինստալյացիա և այլն: Իսկ ավելի ուշ ինտերնացիոնալիզմի երևույթն արվեստում դարձավ գլոբալիզացիայի հիմքը: Գլոբալիզացիան նույն ինտերնացիոնալիզմի արդյունքն է արվեստում:


-Ձեր` «Լուիս Բունյուել. ելարանն այս պարտեզում խոյանում է վեր» էսսեում զուգահեռներ եք տանում դիցաբանական հերոս Իկարի և Լուիս Բունյուելի միջև` գրելով, թե հնարավոր է, որ կյանքը հարկադրված փոխզիջում է, իսկ ստեղծագործությունը` երբեք: Արվեստագետը, ստեղծագործողը ֆիզիկական անձ է, և նրա ֆիզիկական, մտավոր կարողությունների, պահանջների ու երևակայության, ստեղծագործական մտահղացման միջև կարող են անհամապատասխանություններ լինել, ինչպես հենց Իկարի դեպքում: Արդյո՞ք սա չի հանգեցնում փոխզիջման նաև ստեղծագործության մեջ:

-Ո՛չ: Ստեղծագործողը երկու ճանապարհ ունի: Եթե նրա ստեղծագործական երևակայությունը թելադրում է մի բան, իսկ կյանքը, իրականությունը` այլ բան, եթե ստեղծագործողը` որպես մարդ, ուզում է լավ ապրել, բայց իր ստեղծագործությունը` որպես ապրանք, չի տալիս իրեն այդ հնարավորությունը, գնորդ չի ունենում, պահանջարկ չի ունենում, նա ընտրում է երկու ճանապարհներից մեկը: Որո՞նք են այդ ճանապարհները: Մեկն ինքնասպանությունն է: Այդպիսի դեպքեր շատ ենք տեսել ու դեռ կտեսնենք: Մյուսը հիասթափությունն է, դեպրեսիան, հոգեկան խանգարումը: Սա նորմալ է: Եթե մարդը ծնվել է որպես խոշոր երևույթ, չի կարող այլ բան անել, քան այն, ինչին կոչված է: Ես միշտ զարմացել եմ սովորական մասնագիտության տեր մարդկանց վրա: Մարդիկ ի սկզբանե համոզված են, որ իրենք պիտի հենց այդ գործն անեն, օրինակ` հավաքարար աշխատեն: Թեպետ մայրս ասում էր, թե լավ հավաքարար լինելու համար հավաքարար պիտի ծնվես: ՈՒ ասվածն ապացուցելու համար բերում էր մեր հարևանուհու օրինակը: Այդ կինը երգելով էր իր տան մաքրությունն անում, բավականությամբ, իր գործից գոհ: Մայրս էլ էր նույն գործն անում, իհարկե, բայց դժգոհելով, նեղսրտելով: Իսկ արվեստն ամենախաբուսիկն է այս առումով: Արվեստագետը ծնված է, որ ուսումնասիրի ռեալությունը, այն, ինչ կա մեր կյանքում: Իսկ ռեկոնստրուկցիան արվեստում անում է երևակայությունը: Արվեստագետին երազներ են պետք: Մեծ դժբախտություն է ստեղծագործողի համար, երբ ինքը գալիս է աշխարհ մեծ մտքերով, մեծ ցանկություններով և մեծ մեխանիզմով, իսկ ժամանակը նրան թելադրում է այս կամ այն պրոբլեմը: Նա ստիպված է հաշվի նստելու դրա հետ, որովհետև եկել է պրոբլեմ լուծելու: Սա բերում է նոր մոդա, նոր բարոյականություն:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Irates.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1255 reads | 03.07.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com