ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր






Բավական բարդ եւ միաժամանակ դժվար ու անշնորհակալ գործ է` իրատեսական կանխատեսումներ կատարել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի անմիջական եւ հեռակա հետեւանքների մասին: Գերտերությունների ազդեցության գոտիների ընդլայնման եւ փոքրացման միտումներ, սառը պատերազմի 21-րդ դարի տարբերակ, սահմանների վերաքարտեզագրումներ եւ տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքների բախումներ` գետնի վրա: 

Այս բոլոր գործընթացները խորապես փոխկապակցված են իրար իբրեւ քաղաքական տրամաբանություն ու մեկնաբանություն եւ իբրեւ աշխարհաքաղաքական ուժերի կողմից իրականացվող քաղաքականության տարբեր շղթաներ, երբեմն շաղկապված, երբեմն հակոտնյա կարգով իրար հակակշռող: 

Մարտի 16-ը սարերի հետևում չէ: Աշխարհը ականատես պիտի դառնա ինքնորոշվող Ղրիմի, որ իր խորհրդարանի միաձայն որոշմանն ընդառաջ պիտի քվեարկի Ռուսաստանի Դաշնությանը միանալու որոշմանը: Այստեղ է ճիշտ, որ աշխարհի ուշադրության կիզակետին հայտնված Ղրիմը պիտի շարունակի իր վրա պահված պահել հայկական լուսարձակները ակնդետ հետեւելու ինքնորոշվող տարածքի առաջադրած կարգավիճակին միջազգային ընտանիքի կողմից (ան)ընդունելիության տարբեր հակազդեցությունների եւ հանգրվանների վրա:  
Միջազգային ընտանիքի ընկալելիության նախադեպայնությունը՝ Արեւելյան Թիմորի, Հարավային Սուդանի, Կոսովոյի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ դեպի այդ առաջադրանքին ընդառաջ Շոտլանդիայի պարագաներին, էլ ավելի են համոզում ոչ թե միջազգային սկզբունքի համատարած եւ պարտադիր կիրառելիության մասին, այլ շահերի համընկման եւ բախման կետերին, ճիշտ պահին տրված եւ ընդունված որոշումների մասին: Ճանաչում ճանաչման դիմաց քայլը լավագույնս բնորոշում է Աբխազիան եւ Հարավային Օսիան ընդդեմ Կոսովոյի քաղաքական մրցախաղը:

Ինքնորոշման իրավունքն այժմ ազգերի իրավունքի տեսքով խորքում քաղաքական տվյալ պահի օգտագործվող խաղաթուղթ է: Ղրիմի խորհրդարանը Գորբաչովից մինչեւ Պուտինի երկրորդ պաշտոնավարություն պիտի չսպասեր ինքնորոշվելու համար: Այստեղ անշուշտ հարցը ոչ թե անկախացման կամ միացման առաջադրանքին է վերաբերում, այլ ուղղակի ինքնորոշման սկզբունքի կիրառմանը: 

Եւ, որովհետեւ քաղաքական պահը օգտագործելու միջազգային փորձի եւ օրինաչափության մասին է խոսքը, փորձենք կենտրոնանալ հայկական կողմի համար օգտագործելի թեմայի վրա: 

Փորձ կկատարվի արցախյան հիմնախնդրի ուղղությամբ անվերջ բանակցային գործընթացի միջազգային երկու սկզբունք` տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը համատեղելու: Արցախյան հակամարտության միջնորդական առաքելությունը ստանձնած համանախագահներից եւ ոչ մեկը մինչեւ հիմա մի սկզբունքը մյուսից չի փորձել գերադասել: 

Այս զգուշավորությունը միայն համանախագահների մոտ չէր նկատվել: Ղրիմի հարցով շահագրգռված եւ տեղի թաթար ազգաբնակչությանը տիրություն անելու կարգախոսով ազդեցության գոտի գրավելու հստակ քաղաքականությամբ հանդես եկող Անկարան նույնիսկ Բաքվի հաշվարկը կատարելով չի բարձրաձայնում Ղրիմի ինքնորոշման մասին: 

Ճիշտ է, որ համաարեւմտյան համազարկ է տրված Մոսկվան մեկուսացնելու նպատակով: Նույնքան ճիշտ է, որ Մոսկվայի (եւ ոչ միայն Մոսկվայի) համար միջազգային որեւէ սկզբունք նպատակահարմար պահի օգտագործելի խաղաթուղթ է: Միաժամանակ ճիշտ է նաեւ այն, որ առաջին անգամ լինելով արցախյան հակամարտության միջնորդությունը ստանձնած համանախագահող մի երկրի բարձրագույն ղեկավարը ինքնորոշման իրավունքը նկատում է համահունչ եւ իրավաչափ միջազգային օրենքի նկատմամբ: Եռանախագահող երկրներից մյուս երկուսը իրենց մոտեցումները համապատասխանեցնելու խնդիր ունեն այս ձեւով: Թեեւ յուրաքանչյուր պարագա անշուշտ ունի իր առանձնահատկությունները: Նախ այն առումով, որ իսկապես արցախյան ինքնորոշումը անխոցելի է թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից եւ թե՛ ժամանակին Խորհրդային Միության օրենքների առումով: Ղրիմը այս դեպքում ունի իր խոցելի կողմերը նախապես կնքված համաձայնագրերի եւ Ուկրաինայի սահմանադրության պահանջների տեսանկյունից: 

Այս բոլորով հանդերձ, թե՛ Ղրիմի եւ Ուկրաինայի հայ համայնքի անվտանգության հարցը եւ թե՛ ընդհանրապես Արեւմուտք-Ռուսաստան բախումներին չներքաշվելու մոտեցումը հանգեցրել են պաշտոնական Երեւանի զգուշավոր կեցվածքին:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
575 reads | 11.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com