ՀՈՒՇԵՐ … ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՄԱՀԵՐԸ
ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ
Սփյուռքի հարցերի փորձագետ








Երբ լրացավ իմ 50 տարին, մի օր մայրս շատ խորհրդավոր, չասեմ, շուրջը նայելով, որ լսող չլինի, բայց կիսաշշուկով ինձ ասաց.
- Դու Սարդարապատի թանգարանում եղե՞լ ես։
- Այո։
- Մահապարտների գնդի նկարը տեսե՞լ ես։
- Չեմ հիշում, բայց անպայման տեսած կլինեմ։ Ի՞նչ կա որ։
- Դու գիտե՞ս, որ այդ նկարի կենտրոնում նստած հոգևորականը քո պապն է, իսկ ցածի շարքի աջից երկրորդը քեռիդ է՝ Մուկուչը։
- Ա˜յ քեզ բան, անշուշտ, չգիտեմ, բայց ինչո՞ւ այսքան ուշ, ինչո՞ւ այդպես կիսածածուկ. հարցերիս պատասխանն ինքս գիտեի։ 37 թիվ տեսած մեկի համար որևէ քաղաքական ու ազգային թեմա միշտ փակ է եղել, իսկ իմ պարագայում, երբ աշխատածս բոլոր հիմնարկները կուսակցական ու քաղաքական մակնիշ են ունեցել, մայրս ավելի զգուշավոր է եղել։

Նա վախ է ունեցել, ինչպես ասում են, հանկարծ մի բան դուրս չգա։

Հաճախ եմ հիշում, որ պատմում էին, թե ինչպես գիշերները մեքենայի ձայն լսելիս սպասում էին, թե գալու են իրենց ձերբակալելու։

Օրեր անց վազեցի Սարդարապատ և այդ նկարը տեսա, իսկ ավելի ուշ գտա մեկ այլ, ավելի մեծ լուսանկար, ուր մահապարտների գնդի երկու ղեկավարներն են և նրանց մեջ Տեր Ղևոնդը՝ մեծ հայրս, գավազանով՝ Արմենակ Մատնիշյանը։

Նա Սարդարապատից հետո սրտի արատ ունենալու պատճառով ռուս զինվորների հետ մեկնել էր Բաթում` որպես ծովեզերք, և իր մահկանացուն կնքելով, թաղվել Բաթումի հայկական եկեղեցու բակում։

Որքան էլ անհավանական լինի, մի պատմություն էլ պետք է անեմ, կապված մորեղբորս՝ Մուկուչի հետ, որը 17 տարեկանում կամավոր մեկնել է բանակ, հասել մինչև Իգդիր, և երբ ռուսական զորքը վերադարձել է, Մուկուչն էլ նրանց հետ ետ է եկել, բայց երկար ժամանակ տուն չի հասել։

Իր մահվան մասին որևէ լուր ու փաստ մեծ մայրս չի ստացել։

Որդու փնտրտուքներն անօգուտ են մնացել և մի օր, երբ դեռ փոքր 5 տարեկան մորս ձեռքը բռնած, Սաթենիկ տատս, այժմյան Լիբանանի անունը կրող փողոցով, ուր հիմնականում երկհարկանի տներ էին, արհեստանոցներ և խանութներ, անցնելիս է լինում, լսում է մի կնոջ ձայն, որն իրեն է կանչում։

Ահա մի մեջբերում մորս օրագրից։

Երբ մենք անցնում էինք այսօրվա Շահումյան փողոցով, փողոցի ամենավերջին տներից մեկի լուսամուտից մի կին մայրիկիս կանչեց.
- Տիրուհի˜, տիրուհի˜, տղադ այստեղ է, մեզ մոտ։

Մայրս խենթացած հետ դարձավ դեպի մուտքը։ Այն մի մութ, նեղ սանդուղքներով միջանցք էր, որտեղից դըղկ-դըղկ, կամաց-կամաց իջնում էր հյուծված ու հիվանդ եղբայրս։ Մայրս սանդուղքների տակ չոքեց, գրկեց եղբորս ոտքերը։ Նա մորս վերառավ, ինձ գրկեց, համբուրեց, կամաց-կամաց վեր ելանք …
Դե, արի ու ճակատագրին մի հավատա …

* * *

Ահա այդ դատողությամբ ես վերջացրի պատմածս, սակայն այն ավարտեմ տրագիկ ելքով։

Մկրտիչը /Մուկուչը/ լավ ձայն է ունեցել, կիթառ է նվագել ու երգել։ Նա Ղարաքիլիսայում /Վանաձոր/ հանդիպել է մի աղջկա, Մաշա-Մաշիկ Ջրպետյանին, սիրահարվել, մերժում ստացել և, կիթառը փոխանակելով ատրճանակի հետ, ինքնասպան է եղել քաղաքային այգում։

Տասնյակ տարիներ անց, Մաշիկ Ջրպետյանը, որն ամուսնացել էր Հայաստանի ղեկավարներից ինչ-որ մեկի հետ ու աքսորվել, վերադարձին իր հուշերում գրել էր, թե իր երկրպագուները շատ են եղել, նույնիսկ, մեկը՝ տերտերի տղան իր պատճառով ինքնասպան է եղել։

Այս պատմությունն ավարտված չի լինի, եթե Տեր-Ղևոնդի մեկ այլ զավակի՝ Անահիտի կյանքի մի էջ չներկայացվի ու չհիշվի։

Մեծ մորաքույրս՝ Անահիտը, որը զոհված Մուկուչի մեծ քույրն է եղել, սովորել էր Թբիլիսիի օրիորդաց գիմնազիայում, ապա ընդունվել նույն քաղաքի կոնսերվատորիա, ուսանել Հայկանուշ Դանիելյանի հետ և դեռ չավարտած, հանդիպել է Արևմտյան Հայաստանից կամավոր եկած հնչակյան Ներսես Դժխոյանին և ամուսնական ճամփորդության ելել, չգիտես ինչու, դեպի Ցարիցինո։

Անահիտ մորաքույրս առաջին Անուշ երգած երգչուհին է եղել, ով բեմ չի բարձրացել, քանի որ արձակուրդի օրերին Շարա-Տալյանի հետ երգել է Արշին-Մալալայում՝ առանց կոնսերվատորիայի ղեկավարության գիտության և նրան մեկ տարի զրկել են դասերից։ Նորից պատժվելուց խուսափելու համար Անահիտը հրաժարվել է Անուշի փորձերը շարունակելուց։

Ժամանակները հեղափոխական են եղել, անարխիկ և նորապսակները մինչև Ցարիցինո հասնելը, ինչ-որ կայարանում հանդիպել են գործադուլի, ուզել են ետ վերադառնալ, փոխել են գնացքը դեպի Օրենբուրգ, իբր ավելի ապահով ճանապարհ, սակայն նրանց ճակատագիրն արդեն վճռված է եղել։ Գնացքը մի քանի անգամ հարձակման է ենթարկվել, թալանվել, հատկապես, դաժան է եղել չեչենների հարձակումը։

Տառապանքը երկար է եղել, գնացքի ածուխը վերջացել է, անտառ են հատել, փայտ են վառել, եղածն աջ ու ձախ վաճառել և, վերջապես, հասել Խարբին։
Բնականաբար, այսպիսի տառապանք ապրած երիտասարդ կինը հյուծվել, անկողին է ընկել, վարակվել տիֆով, օրեր անց բարձր ջերմելով՝ կորցրել գիտակցությունը, իսկ ամուսինը, չունենալով ոչ մի հնարավորություն կնոջն օգնություն ցույց տալու, նրա մահվանից առաջ, հաղորդություն տալու համար դիմել է ռուս էմիգրանտներին ու մի հոգևորական հրավիրել, որպեսզի կինը հոգին թեթև ավանդի։

Կացարան է եկել մի ռուս բատյուշկա և տեսնելով հայ ընտանիք, ասել է, թե ինքը ճանաչում է մի հայ հոգևորականի, որը ռուս էմիգրանտների հետ եկել է Խարբին Հայաստանից /հավանաբար Սարդարապատից հետո/։

Նույն օրն իսկ ներկայանալով, հայ քահանան հարց ու փորձ է արել հիվանդին, իմացել, որ նա Ալեքսանդրապոլից է, և կատարվել է հրաշք։
- Տեր-Ղևոնդին կնմանիս, զավակս, - ասել է Տեր Հայրը և պարզվել է, որ Ալեքսանդրապոլում Տեր Հայրն ու Տեր-Ղևոնդը նույն դպրոցում են սովորել։ Դա եղել է, հավանաբար, այն դպրոցը, ուր ուսանել է Ավետիք Իսահակյանը, որի կենսագրության մեջ չկա մի փաստ, որ նրան՝ Իսահակյանին դպրոցից հեռացրել են Արմենակի /Տեր-Ղևոնդի/ հետ միասին ուսուցչին ծեծելու համար։

Տեր Հայրը մորաքրոջս այն աշխարհ ուղարկելու փոխարեն տեղափոխել է ռուսական հոսպիտալ։

Մորաքույրս ոչ պակաս տառապանքով վերադարձել էր Երևան, ապրում էր այժմյան Սայաթ-Նովա և Տերյան փողոցների հատման կետում՝ Զոհրաբյան կոչվող փողոցում։ 52 տարեկան հասակում մի բեռնատարի բախումից հետո հոգին գնաց այնտեղ, ուր նրան Խարբինից չէին ընդունել։
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
3766 reads | 21.08.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com