ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՈՐՊԵՍ ԴԻՎԱՆԱԳԵՏ. "Foreign Affairs"

Էդվարդ Պենտին             
Հռոմի The National Catholik Register ամսագրի թղթակից








Հրաժարվելով գահից, Հռոմի Պապ Բենեդիկտ XVI անցավ թոշակի, աղոթքներով և վարդապետություններով` հեզաբարո կյանք վարելու համար: Սակայն նա որպես Պապ կարողացավ միջազգային հարաբերությունների պատմության մեջ իրենից հետո թողնել բացառիկ, չնայած մասամբ ոչ ամբողջական հետք:

Բենեդիկտոս XVI-ի, ինչպես և նրա նախորդների ավանդը Վատիկանի արտաքին քաղաքականության մեջ խիստ զգալի է: Այսօրվա Հռոմեական կաթոլիկ եկեղեցին իրենից ներկայացնում է մի ազդեցիկ միջազգային կազմակերպություն` ավելի քան մեկ միլիարդ հավատացյալներով, դիվանագիտական հարաբերությունների մեջ աշխարհի հնագույն ծառայություններով և մարդասիրական օգնության կենտրոնների լայն ցանցով հանդերձ: Կարելի է փաստել, որ երկրի արտաքին քաղաքականության մեջ կաթոլիկ եկեղեցին ունի առավել մեծ մասնակցություն, քան որևէ այլ ինստիտուտ:

Այս իրողությունը ցայտուն կերպով դրսևորվեց երանելի Իոհանն Պավել II-ի կառավարման ընթացքում, երբ Վատիկանը հարեց Արևմուտքին` խորհրդային կոմունիզմը տապալելու նպատակով: Սակայն Հռոմի Պապը և Վատիկանը չէ, որ սահմանում են արտաքին քաղաքականության միտումները. նրանք կարող են միայն աշխարհի ուժեղներին մղել արդարությունը որոշակի ձևով ընկալելուն:

Արտաքին քաղաքականության մեջ Բենեդիկտ XVI-ի ստրատեգիան հասկանալու համար անհրաժեշտ է հիշել, որ նա գիտնական-պրոֆեսոր է: Գրքերին նվիրելով շատ ավելի ժամանակ, քան դիվանագիտական կորպուսի հետ հանդիպումներին (ի տարբերություն իր նախորդների, որոնցից շատերը փորձված քաղաքագետներ էին), նա իր գլխավոր առաքելությունն էր համարում միջազգային ասպարեզում կաթոլիկ եկեղեցու ուսմունքների հաստատումը և չէր խորանում պապականության ասպեկտների մեջ: Այդպիսի մոտեցմամբ նա շատ բան էր շահում: Այսպես, կաշկանդված չլինելով դիվանագիտական համաձայնություններով, նա կարողանում էր քրիստոնեական աշխարհին անարգել կերպով քարոզել իր գաղափարները: Նրա ջանքերը տվեցին իրենց պտուղները, բայց դրա համար նա պետք է որոշակի գին վճարեր:

Հռոմի Պապի հրապարակային այն արտահայտությունները, որոնցում նա հաճախ շոշափում էր սուր պրոբլեմների սկզբնապատճառները, սովորաբար գնահատվում էին որպես դիվանագիտական վրիպումներ: Դրանցից ամենահանրահայտը (lectio magistralis) քրիստոնեության և իսլամի մեջ գիտակցության դերի մասին նրա դասախոսությունն էր, որը Բենեդիկտոս XVI-ը կարդաց Ռեգենսբուրգի համալսարանում 2006 թվականին: Հայտնի է, որ նա իր խոսքի մեջ հղում կատարեց միջնադարյան մի իմպերատորի ուսմունքին, որում դրույթ կար այն մասին, թե մարգարե Մուհամեդը ‹‹Իսլամը տարածեց սրով›› այսինքն բռնի ուժով: Չնայած որ դասախոսությունը նպատակաուղղված էր ժամանակակից մարտնչող արևմտյան լիբերալիզմի և ժամանակակից մարտնչող իսլամի մեջ ճշմարտության սխալ հասկացողության դեմ, այնուամենայնիվ, բերված մեջբերումն առաջացրեց հավատացյալ մուսուլմանների բողոքի պոռթկում: Այդ առճակատումը փորձության ենթարկեց Վատիկանի և իսլամական պետությունների միջև եղած փոխհարաբերությունները և ստիպեց Հռոմի Պապին հրապարակայնորեն ներողություն խնդրել, որ իր ասածն այդքան բացասական արձագանք է գտել: Բայց դրա հետ մեկտեղ, նրա դատողությունները շատերի մտքում արձագանք գտան՝ ստիպելով մարդկանց մտածել բռնության պրոբլեմի մասին, որը չնայած բազմաթիվ իսլամական խմբակցությունների ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն ժխտելու ցանկությանը, այնուամենայնիվ, լայնորեն տարածված է և գոյություն ունի մուսուլմանական աշխարհում: Բենեդիկտոս XVI-ի մեկնաբանությունները սկիզբ դրեցին բանավեճերի, թե ինչ է իրենից ներկայացնում Աստծո և մերձավորի նկատմամբ սերը: Դա կաթոլիկների և մուսուլմանների միջև վաղուց հասունացած երկխոսություն սկսելու ստիպողական անհրաժեշտության սկիզբը դրեց: Այս անգամ սիրալիրությունների սովորական փոխանակությունները վերջապես իրենց տեղը զիջեցին բաց բանավեճերին: Այդ կապակցությամբ 2007-ին Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլա բին Աբդել Ազիզը պատմական այց կատարեց Վատիկան, իսկ 2012-ին Պապական գահի կողքին հիմնեց միջկոնֆեսիոնալ հարաբերությունների զարգացմանն օժանդակող ֆոնդ:

Միևնույն ժամանակ Բենեդիկտոս XVI -ն ակտիվորեն օժանդակում էր Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության հաստատմանը: Պաշտպանելով հանդերձ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշումը Պաղեստինի անկախությունը ճանաչելու վերաբերյալ, նա կարողացավ կանոնակարգել Հռոմի կաթոլիկ եկեղեցու և Երուսաղեմի հարաբերությունները: Ինչպես իսրայելական, այնպես էլ հուդայական լիդերները հաճախ են նշել, որ Բենեդիկտոս XVI-ը ‹‹միշտ հավատարիմ է ճշտաբարո տեսակետին››, այդ պատճառով էլ նրա հետ աշխատելը բավականաչափ դյուրին է:
Վատիկանի պոնտիֆիկի օրոք հնարավոր եղավ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի, Բոցվանայի, Արաբական Միավորված Էմիրաթների, Մալազիայի , Չերնոգորիայի և, բոլորովին վերջերս, նաև Հարավային Սուդանի հետ: Այսպիսով, Վատիկանի պաշտոնական դիվանագիտական գործընկերների թիվը հասավ 180-ի: Բայց չի կարելի ասել, որ Հռոմի Պապին հաջողվեց իրականացնել իր առջև դրված բոլոր առաջնահերթ խնդիրները, օրինակ` հաստատել դիվանագիտական հարաբերություններ Սաուդյան Արաբիայի, Չինաստանի և Վիետնամի հետ:

Ափսոսանքով պետք է նշել, որ Աբդալլա իբն Աբդել Ազիզի հնչեղություն ստացած այցից հետո Սաուդյան Արաբիայում կրոնական ազատությունների տեսակետից իրավիճակը քիչ փոխվեց: Երկրում քրիստոնեական եկեղեցիների շինարարությունը մինչ այժմ արգելված է, ժամերգության արարողությունները պետք է կատարվեն գաղտնի: Մյուս կողմից` Սաուդյան Արաբիայում թագավորի կողմից թելադրված այդ պայմանները կարելի է ‹‹անհավատների նկատմամբ կրոնական անհանդուրժողականության քաղաքականության մեղմացում համարել››:
Հռոմի Պապը ձգտում էր բարելավել կաթոլիկների վիճակը Չինաստանում (հռոմեական եկեղեցուն նվիրված Չինաստանի կաթոլիկները ստիպված են եկեղեցական արարողությունները կատարել բառացիորեն ընդհատակում, քանի որ երկիրը պաշտոնապես ճանաչում է միայն պետական եկեղեցին` այսպես կոչված կաթոլիկ եկեղեցու հայրենասիրական չինական ասոցիացիան): Բենեդիկտոս XVI-ը ցանկություն հայտնեց անձամբ այցելել կոմունիստական Չինաստան և ձեռնարկեց ոչ սովորական մի քայլ: 2007-ին բաց նամակ գրեց չինական կաթոլիկներին, որում նա կոչ էր անում եկեղեցիների միասնություն և միավորում: Հավատացյալները պոնտիֆիկի ուղեձը ընդունեցին խանդավառությամբ, իսկ չինական կառավարությունը` սվիններով: Հռոմին նվիրված չինական կաթոլիկները առաջվա պես ենթարկվում են հալածանքների և ձերբակալությունների: Կոմունիստական Վիետնամում, որտեղ կաթոլիկների նկատմամբ ճնշումները գործնականում երկար ժամանակ չէին դադարում, Պապին հաջողվեց անել ավելին: Վատիկանը 2011 թվականին հնարավորություն ստացավ այդ երկրում հոգևորականներ նշանակել և հաստատել իր առաջին դիվանագիտական ներկայացուցչին: Այդ քայլը սկիզբ էր երկրների միջև լիարժեք դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:

Այդ հաջողությունները, սակայն, չկանգնեցրին Վատիկանի դիվանագիտական ստրատեգիայի հասցեին արված քնննադատությունները: Հռոմի դիվանագիտական կորպուսի մի մասը համոզված է, որ Վատիկանում` համեմատած անցյալ տասնամյակի հետ, ‹‹չեն տեսնում վերջնական նպատակը››: Դիվանագետները բողոքում են երկրի ներսում սրբազան գահի հետ հաղորդակցության թուլացումից: Վատիկանում համապատասխան վարչության բացակայությունը, ըստ նրանց, թույլ չի տալիս հեռարձակել օրվա ընդհանուր միջազգային օրակարգը, և, հետևաբար թուլացնում է կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը:

‹‹Հռոմի Պապը կամ չգիտի պրոբլեմների մասին կամ, ընդհակառակը, շատ լավ տեղյակ է և մտադիր չէ դրանք լուծել: Երկու տարբերակներն էլ ընդունելի չեն››,- այսպես է արտահայտվել Հռոմում դիվանագիտական պատասխանատու աշխատողներից մեկը:
Նորին Սրբությունը շատերին զարմացրեց իր շրջագայությունների քանակով: Նա 24 այցելություն է կատարել Իտալիայից դուրս: Բանեդիկտոս XVI-ը պապական ցանկացած այցելություն դիտարկում էր որպես ուխտագնացություն, հնարավորություն` կաթոլիկ հավատքը և Աստծուն հրապարակայնորեն փառաբանելու, ինչպես նաև տեղական եկեղեցիներին օգնության ձեռք մեկնելու համար: Այսպիսով նա ամրապնդեց այցելած երկրների և Վատիկանի միջև եղած կապերը:

2013 թվականին դիվանագետների առջև արտասանած ճառում պոնտիֆիկը նշեց. ‹‹խաղաղության պահպանումը ոչ միայն մարդկային ճիգերի արդյունք է, այլ նաև սեր դեպի Աստված: Շատ բաների մեղքը ուղղակիորեն կայանում է Աստծո նկատմամբ մարդկային քամահրանքի մեջ, որը և անխուսափելիորեն տանում է դեպի բռնություն»: Միայն այսպիսի բառերը կարող են միջազգային դիվանագիտական պրակտիկայում փոխել աշխարհը:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1541 reads | 11.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com