82-ԱՄՅԱ ՃԱՊՈՆՈՒՀԻՆ ՎԵՐՀԻՇՈՒՄ Է ՀԵՐՈՍԻՄԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ՊԱՅԹՅՈՒՆԸ
«Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնը, որը մինչ օրս իրականացնում է «Խաղաղության լապտերներ» ծրագիրը, հուլիսի 18-ին առաջին անգամ Հայաստանում անցկացրեց եռակողմ վիդեո-կամուրջ՝ Երևան-Հիրոսիմա-Տոկիո:

Կոնֆերանսին իր ողջույնի խոսքով հանդես եկավ Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը. «Ես Ճապոնիա եմ եկել առաջին անգամ 1987 թվականին: Չնայած մեծ արհավիրքին, շատ տպավորիչ էր Հերոսիման: Ես դեսպան եմ դարձել երկու տարի առաջ և երկու անգամ հնարավորություն եմ ունեցել լինել Հիրոսիմայում: Շատ մեծ կարևորություն կա, որ բոլորն այդ ամենը գիտակցեն, այս ամենը փոխանցվի երիտասարդ սերնդին, որպեսզի նման արհավիրքներ երբևէ չկրկնվեն: Իմ խոսքը ուղղում եմ բոլոր երիտասարդներին, ովքեր ներկա են այս դահլիճում»,-ասաց դեսպանը, հավելելով, որ Հիրոսիմայի խաղաղության քարը մոտ ապագայում կտեղադրվի Հայաստանում:

Հիրոսիմայի խաղաղության մշակութային կենտրոնից իր տխուր հիշողություններով կիսվեց Հիրոսիմայի ատոմային ռմբակոծման ողբերգությունը վերապրած 82-ամյա ճապոնուհի Կաջիմոտոն: Տիկին Կաջիմոտոն ծնվել է 1931 թվականին: Ռմբակոծության ժամանակ եղել է տասնչորս տարեկան: Ներկայացնենք ամբողջական պատմությունը ճապոնուհու շուրթերից.

«Օգոստոսի 6-ին շոգ էր, արևը վառում էր և քանի որ չկար վտանգ, ութն անց տասնհինգ րոպեին ես գնացի աշխատանքի: Այդ օրը եղել եմ էպիկենտրոնից 2.3 կմ հեռավորության վրա գտնվող գործարանում, որտեղ պատրաստում էինք ինքնաթիռների համար մասեր... բոլորը աշխատում էին պետության հրամանով: Ես պատուհանից նկատեցի մի կապույտ լույս և հասկացա, որ դա ռումբ է: Ես, իհարկե սարսափեցի և անմիջապես հիշեցի ծնողներիս, երեք եղբայրներիս, տատիկիս, մտածելով, որ կմահանամ: Փակեցի աչքերս և ականջներս, քանի որ մեզ սովորեցրել են, որ ռումբի պայթյունից կարող են մարդու աչքերը դուրս գալ, ականջները խլանալ: Այնպիսի պայթյուն եղավ, ասեց երկիր մոլորակն ամբողջությամբ փուլ եկավ: Ես հայտնվեցի փլատակների տակ և կորցրի գիտակցությունս: Ամբողջը մութ էր և մթության մեջ ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում, սկսեցի շարժել մարմինս, աջ ուսս սկսեց ցավել, որից ես հասկացա, որ ողջ եմ: Ուսս վնասվել էր ապակուց: Որոշ ժամանակ անց նկատեցի ոտքեր, դա իմ ընկերոջ ոտքերն էին, և ես ընկել էի նրա վրա: Մեր ուսուցիչը ասել էր, որ գործարանում կրակ է օգտագործվում, և եթե փլվեց, ապա կարող է պայթյուն լինել և ես հասկացա, որ շատ արագ պետք է փախչել այդտեղից: Փորձում էի ինչ-որ կերպ դուրս գալ, օգնել իմ ընկերներին, սակայն շարժվելու դեպքում գլուխս ցավում էր, մեջքիս վրա ծանրություն էի զգում, իսկ աջ ուսս ավելի ու ավելի էր ցավում և ես մտածում էի, եթե հանկարծ հրդեհվի, ես, որ մասից կայրվեմ, ոտքերից, գլխից, ինչ կզգամ, ինչ ցավ և այդ մտքերից սարսափում էի: Այն ընկերս, որ օգնում էր, ասաց, որ այդտեղից լույս է տեսնում, կարող ենք փախչել:

Մենք երկուսով ջանասիրաբար շարժվում էինք, որպեսզի արագ հեռանայինք, բայց նկատեցի, որ ընկերոջս մարմինը ընկավ ներքև, այսինքն` տեղ կար փախչելու, բայց իմ ոտքը դեռ շարունակում էր ցավել: Այդ պահին ինչ-որ մեկը ասաց` Հիրոսիման վերացել է: Փլատակներից դուրս եկած իմ ընկերները հինգ- վեց հոգի էին: Մարմինը սևացած, մաշկը կախված, արյունոտված, բոլորը կիսամարդ էին դարձել: Այն ընկերս, ով իմ տակն էր մնացել և գոռում էր, իր ձեռքն էր վնասված և մենք ոչինչ չունեինք նրան օգնելու համար, ինչպես նաև իմ ոտքն էր վնասվել և իմ տաբատից կտրեցինք և կապեցի ոտքս: Գործարաններում դեռ մնացել էին մարդիկ, ովքեր փլատակների տակ էին, մենք փորձում էինք օգնել, սակայն նրանք, թե’ նստած, և թե’ կանգնած լալիս էին, ասելով` ցավում է, ցավում է, սակայն մենք ոչնչով օգնել չէինք կարողանում: Մի տղա երեխա, իր պոկված ձեռքով մոտեցավ ինձ, ծնկի իջավ ու մահացավ : Ես երբեք չեմ մոռանա այդ տղայի դեմքը: Իսկ մի մայրիկ, ում ձեռքին կար նորածին երեխա, որն արդեն մահացած էր, կարծես կինը խելագարված էր և այսպիսի մարդիկ գալիս էին ու գալիս: Բոլոր մարդիկ, ովքեր փախած գալիս էին, ջուր էին խնդրում, սակայն մեզ սովորեցրել էին, որ երկար ժամանակ ջրազրկված մարդկանց ջուր չտալ, քանի որ այրոցից կարող էին մահանալ, և մենք չէինք տալիս, իհարկե, շատ վատ էր, իսկ այսօր Հիրոսիմայի շատ վայրերում ջուր կա: Մենք տեսանք, որ մեր կողքի տունը այրվում է և մենք բոլորով մեկ-մեկ տեղափոխեցինք վիրավորներին: Այդ ժամանակ ամբողջ քաղաքը դիակների մեջ էր և քայլելուց մենք փորձում էինք այնպես քայլել, որ չտրորեինք նրանց, սակայն մարդիկ կային, որոնց մարմինները մասնատված էին և երբեմն հնարավոր չէր լինում: Մարդիկ, որոնց աչքերն են դուրս եկել, գլուխը չկա, ոտքերը, այդ արյան հոտը, ահավոր էր: Ոչ մեկին չեմ ցանկանա տեսնել նման բան և ես էլ չեմ ցանկանա երբևէ այդ մահով մահանալ…

Այդ գիշեր ես անցկացրի ծովափում և ամբողջ գիշեր չքնեցի: Մյուս օրվանից սկսեցինք մահացածներին հուղարկավորել, քանի որ հոտը տարածվում էր, ինչպես նաև միջատները հոշոտում էին դիակները: Մենք ազատ տարածքներում, ճանապարհներին մեծ փոսեր էինք փորում, որտեղ այրում էինք դիակները, որ դժոխք էր, թե’ այրվողների, և թե’ այրողների համար, բայց դա անհրաժեշտություն էր: Հիրոսիման պատվել էր սպիտակ ծխով: Երրորդ օրը ես իմացա, որ այն քաղաքը, որտեղ ես ապրում եմ՝ կանգուն է: Եվ ընկերներիս հետ գնացի, որտեղ ճանապարհին հանդիպեցի հայրիկիս: Հայրիկս ռմբակոծության օրվանից եկել էր Հիրոսիմա և դիակների մեջ փորձել էր ինձ փնտրել և չէր գտել, մտածելով, որ մասնատվելով արդեն մահացել եմ: Եվ հիմա , երբ ես եմ ծնող, ես հասկանում եմ, թե որքան ծանր է եղել իմ հայրիկի համար և մայրիկիս, ով կարող էր միայն տանը նստել և սպասել լուրերի: Տուն վերադառնալուց հետո, ես ամբողջ սեպտեմբեր ամիսը պառկած էի, քանի որ ուսս բորբոքվել էր, որդեր կային և տատիկս հերթով հանում էր, որը շատ ցավոտ էր: Երկու ամիս հետո բժիշկը քննելուց հետո, իմ մարմնից հանեց 7 կտոր ապակի և այդպես ես մնացի ողջ: Իմ հայրիկը, ով գտնվել էր ռմբակոծությունից երկուսուկես կիլոմետր հեռավորության վրա, չէր վնասվել, սակայն որոշ ժամանակ անց արյուն փսխելով մահացավ, դա նրանից էր եղել, որ ճառագայթման ժամանակ, նա դիակների մեջ փորձել է ինձ փնտրել: Ճառագայթումը, երբ մտնում է մարմնի մեջ, այլևս հանել հնարավոր չէ: Այդ մեկ պայթյունից մահացել է 140 հազար մարդ քառասունվեց հազար մարդ, տասերկու – տասներեք հազար երեխա մնացել են որբ: Այսօր 9 երկրներում կա շուրջ 20 հազար միջուկային զենք, որոնց ուժգնությունը մի քանի հարյուր անգամ ավելի մեծ է, քան այն, որ եղավ 60 տարի առաջ: Եթե ընկնի ահաբեկիչների ձեռքը, երկրագունդը կարող է վերանալ: Իմ ցանկությունն է, որ 2-րդ անգամ միջուկային զենքն այլևս նման արհավիրք չբերի»,-հուզվելով վերհիշեց և ներկայացրեց իր պատմությունը 82-ամյա ճապոնուհին, հավելելով. «Ես ուզում եմ, որ Ճապոնիան դառնա խաղաղություն քարոզող և տարածող երկիր, այդպիսի Ճապոնիա եմ ուզում տեսնել»:

Քրիստինա Միրզոյան
ARAVOT.AM
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
716 reads | 20.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com