«ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ» ՀՐԱՎԵՐ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր





Թուրքիայի արտգործնախարարի երևանյան այցելության առիթով և դրա ընթացքում շրջանառության մեջ դրվեցին տարբեր «տեղեկություններ»։ Հիմնականում բոլորի աղբյուրը թուրքական ԶԼՄ-ներն էին։

Փաստորեն, շրջանառությունը ընթանում էր հետևյալ կերպ. Անկարայի համապատասխան գերատեսչությունները ընտրում էին թեման, տրվում էր պատվեր ընտրված թեմայի արձագանքի համար. անպաշտոն խոսափողները տալիս էին լրատվության մեկնարկի ազդանշանը և սկզբում թուրքական լրատվադաշտը հեղեղվում էր թիրախային նշանակետ ճշտած լրատվություններով։ Նույնքան արագ արձագանքում էր հայկական տեղեկատվադաշտը։ Մինչ ադրբեջանական մամուլը հասկանալի պատճառներով կամ լռում էր դրա մասին, կամ խնամքով անուշադրության էր մատնում կամ էլ շատ զուսպ ու ժլատ լրատվություն թողարկում։

Փաստորեն խաղի կանոնները թելադրում է Անկարան. և չնայած որ հայկական կողմից բազմիցս հնչեցին, որ Անկարայի անունից հրապարակված տեղեկատվությունը քաղաքական իմիտացիոն գործողությունների շղթայի արտացոլումն է լրատվական դաշտում, այսուհանդերձ, հետաքրքրաշարժ լինելու մղումից կամ սենսացիոն տեղեկություն թողարկելու փորձությանը չդիմանալով՝ հայկական շատ լրատվամիջոցներ, ընդ որում՝ թե' հայաստանյան, թե' սփյուռքյան, ներքաշվեցին այս խաղի մեջ։

Մի քանի օրինակ. Դավութօղլուի այցը Երևան կապված է նախագահներ Ալիև և Սարգսյան Վիեննայի հանդիպման արդյունքից։ Սա մի կողմից Բաքվին հանգստացնելու, մյուս կողմից հանրային կարծիքն ապակողմնորոշելու համար էր, որ հայկական կողմն արդեն համաձայնել է իր ուժերը հեռացնել արցախյան երկու տարածքներից, որի համար էլ Դավութօղլուն համաձայնել է այցելել Երևան։

Մինչ որոշում կայացնելը Դավութօղլուն արդեն հայտարարել էր, որ Երևան-Անկարա հարաբերությունների վերաձեռնարկման նախապատրաստական աշխատանքները գտնվում են իրենց վերջին փուլում։ Սրան հաջորդեց դարձյալ թուրքական աղբյուրների կողմից թողարկված խանդավառ լրատվությունն այն մասին, որ իբրև թե ականազերծվում է սահմանի թուրքական կողմը՝ այն էլ եվրոպական ֆինանսավորմամբ։

Ստացվում էր այնպես, որ Թուրքիան ստեղծում էր իմիտացիա, որ իբրև թե հայկական կողմը համաձայն է հեռացնել իր ուժերը արցախյան երկու տարածքներից, որի դիմաց Դավութօղլուն ոչ միայն համաձայնել է գալ Երևան, այլ նաև ապաշրջափակել է Հայաստանի Հանրապետությունը։

Թվում էր, թե խաբկանքի այս քաղաքականության առանցքային խնդիրների հանգույցը վերաբերում էր արցախյան հիմնահարցին։ Թուրք լրագրողների հետ Երևանում կայացած փակ հանդիպումից սպրդած լուրը շեղեց թեմայի ուշադրության կենտրոնը։ Եվ ահա «Հուրիեթ» թերթը հրապարակեց Երևանում սպասված սենսացիոն հայտարարությունը։ Դավութօղլուն հայերի 1915-ի տեղահանությունը որակել է անմարդկային՝ խուսափելով, իհարկե, թուրքական կառավարության պատասխանատվությունից։ Թուրքիան չի աջակցել այդ քայլին՝ ասելով, որ Դավութօղլուն մշուշի մեջ է թողել, թե, ի վերջո, ով է անմարդկայնորեն տեղահանել հայերին։

Անկարա-թուրքական ԶԼՄ-ներ համակարգված այս տեղեկատվությունից դուրս, դիտարժան է Դավութօղլուի հանդիպումը հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։ Հարցազրույցի միջոցով հանրային խորհրդի նախագահն անդրադառնում է Դավութօղլուի հետ կայացած խոսակցությանը։ Խոսակցության ընթացքում Դավութօղլուն նշել է նաև, որ իրենք հատուկ քաղաքականություն են վարելու սփյուռքահայերի հետ` առաջարկելով, որ վերադառնան իրենց հայրենիքը, որտեղից գաղթել են իրենց պապերը։ 

Այս հաստատմանը կարելի է հղում անելով որոշ դիտարկում կատարել, որովհետև այն վերարտադրվել է հարցազրույցի կարգով հանրային խորհրդի նախագահի կողմից։ Այս հաստատումը կապվում է «Հուրիեթ» թերթի հրապարկման բովանդակությանը։ Ստացվում է այն միտքը, որ ժամանակին հայերը անմարդկային ձևով տեղահանվել են Թուրքիայից, որի համար պատասխանատվություն չունի այսօրվա կառավարությունը, որ իր արտաքին հարցերի գերատեսչության ղեկավարի ճամփով նախաձեռնում է «մարդասիրական» և «խաղաղասիրական» գործողություն տեղահանված հայերի ժառանգորդներին վերադարձնելու իրենց տները։

Հայերի այս «հայրենադարձությունը» իրականացնելու համար Դավութօղլուն ասել է, որ Անկարան վարելու է հատուկ քաղաքականություն Սփյուռքի հետ։ Մի կողմ թողնելով թուրքական լրատվամիջոցների բարձրացրած աղմկարարությունը` ամփոփենք Դավութօղլուի հայաստանյան և սփյուռքյան ուղղություններով վարած քաղաքականության փոխանցած ուղերձը։

Հայկական ուժերը կհեռանան արցախյան երկու շրջաններից, որի դիմաց Անկարան կբացի սահմանը, իսկ սփյուռքյան որոշակի շրջանակներ կհամաձայնվեն սկսել երկխոսություն՝ վերատիրանալու համար իրենց կալվածքներին, տներին և ունեցվածքին։ 

Այլոց կատարած անմարդկային տեղեհանության դիմաց սա Անկարայի ստանձնած փոխհատուցման քաղաքական «ժեստն» է։ Թվում է, թե բանակցությունների աշխուժացման ազդանշանը կտրվի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին…
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
605 reads | 16.12.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com