ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր








17-րդ դարից հայտնի է բուրսահայ ոմն Հասան աղա, որը մինչև 1656թ. եղել է մաքսատան տնօրեն: Հայտնի է մի այլ՝ Դյոլեկչի Հասան փաշա, որը եղել է ծովային նախարար, և Կովկասյան ճակատում հրամանատար է եղել:

Պալատի ծառայությունների թվում առանձնանում են երկու ֆինանսական նախարարություններ: Ֆինանսների նախարարությանը զուգահեռ գոյություն է ունեցել սուլթանների անձնական գանձարանը, մայր սուլթանի գանձարանը, որոնք առանձին միավոր են հանդիսացել: Սուլթանի, զուտ անձնական գանձերի նախարարությունը տնօրինվել է առանձին պաշտոնյաների կողմից, որոնք ոչ մի առնչություն և կախվածություն չեն ունեցել կառավարության մաս կազմող ֆինանսների (ելևմտից) նախարարության հետ: Սուլթանի անձնական գանձերի նախարարությունն իր մեջ ներառել է խոշոր չափերի անշարժ գույք, ինչպես նաև հարստության տարբեր արտահայտությունների կուտակում, միջոցներ, որոնք տնօրինվել են Սուլթանի անմիջական, անձնական որոշմամբ: Սուլթանի անձնական գանձի նախարարները սովորաբար ստացել են վեզիրի տիտղոս, փաշայության աստիճանով (Hazineyi Hassa Nazırı): Այս նախարարության հետ սերտ կապեր են ունեցել Սուլթանի և Վալիդե (մայր) սուլթանի սեղանավորները, դրամահատարանի (փողերանոցի) տնօրինողները: Այս բարդագույն պաշտոնը սուլթանների հարստության պահպանման գրավականներից է եղել ու փոքրագույն մեղանչում, կասկած կամ զրպարտություն՝ ունեցել են դառնաղետ հետևանքներ, ինչպես օրինակ Տյուզյան ամիրաների զրպարտության դեպքում նրանց ընտանիքի տղամարդկանց գլխատումը: Միայն 1908թ. հետո այս նախարարությունը վերացվել է, իսկ նրա միջոցները վերադարձվել են Ֆինանսների նախարարությանը:

Աբդուլ Համիդ Բ-ն իր անձնական գանձարանը վստահել է միայն հայերին :

Հակոբ Գազազյան փաշա (1833-1891): Նա վարել է Սուլթանի անձնական գանձարանի գանձապետի պաշտոնը: Ունեցել է վեզիրի աստիճան: Հայազգի պետական այրերի մեջ իր կարևորությամբ առաջին տեղերից մեկն է զբաղեցրել: Լավագույն կրթություն ունեցող այս մարդը կարճ ժամանակ զբաղեցրել է Օսմանյան բանկի թարգմանական բաժնի տնօրինությունը, ապա շատ արագ իր մասնագիտական ու վստահելի կեցվածքի շնորհիվ թռիչքաձև առաջընթաց է ունեցել:
 
Օսմանյան բանկի ընդհանուր տնօրեն Ֆորսթերի կարծիքով Սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի գանձարանի նախարարի պաշտոնում միայն նրան են արժանի գտել: Նա եղել է նաև Սուլթանի անձնական գանձերի բարեկարգիչ հանձնաժողովի անդամ, ապա՝ անձնական գանձերի տնօրենը (1879): Շուտով այս պաշտոնն անվանվել է նախարարական (սուլթանի անձնական գանձերի նախարարություն) և նախարարը վեզիրի բարձր աստիճան է ստացել: Նա կանոնավորել է ծախսերը և հաշիվների մանրակրկիտ հսկողություն ապահովել, որով աննախընթաց աճել են հասույթները՝ արքունի ագարակների, հողերի, կալվածքների տեսքով: Այսպիսով նրա ղեկավարած նախարարությունը որոշակի կարևորություն է ձեռք բերել: 

Երկու անգամ Ֆինանսների նախարար է եղել (1885, 1888): Երկրի ֆինանսական համակարգի, նրա միավորման, կարգավորման ու բարեփոխումների, հեռանկարների ասպարեզում Հակոբ փաշայի մեծ ներդրումն ու ջանասիրությունը նրան բազմաթիվ արքայական պարգևների ու շքանշանների են արժանացրել, միջազգային հռչակ ապահովել: Եվրոպական թերթերը հիացմունքով են գրել հայազգի այս մեծ պաշտոնյայի գործունեության՝ ՙԴոյչ բանկ՚ի հետ փոխառության, բանկային այնպիսի կոնվերսների մասին, որոնց շնորհիվ երկրի արտաքին պարտքի տոկոսները զեղչվել են ու շահաբեր պայմաններով փոխառությունների պայմանագրեր են կնքվել: Օսմանյան կայսրության համար բազմաթիվ բանկային նորարարություններ է հաջողությամբ իրականացրել, հնարավորինս հավասարակշռելով երկրի ֆինանսական վիճակը: Եղել է հայատյաց Սուլթանի ամենասիրելի անձանցից մեկը:

Սուլթանի անձնական գանձարանի նախարարի պաշտոնում Հակոբ փաշա Գազազյանին իտալական կառավարության կողմից շնորհվել է Cordon d’Italie պատվանշանը (1873):

1884թ. Հակոբ Գազազյանը, որպես Սուլթանի անձնական գանձարանի նախարար վեզիրի աստիճանի էր հասել և ստացել SՉniye Vezaret: Որպես սուլթանական շնորհ նա դիմեց Սուլթանին և Էդիրնե գավառի մոտ 10 հայկական գյուղերում դպրոցներ բացելու և եկեղեցիներ կառուցելու հրաման ստացավ:

1885թ. Հակոբ Գազազյանը մեծ ծառայությունների համար արժանացել է ականակուռ Nişan-ı li-i Osman, ականակուռ Mecidiye , ստացել ոսկե և արծաթե շքադրամներով Imtiyaz: Ավելի քան 7 տարբեր երկրների 30 շքանշաններ է ստացել :

1885թ. Սուլթանի գանձարանի նախարար Հակոբ Գազազյանը Թուրքիա ներմուծեց չեքը դրամի փոխարեն օգտագործելը:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
854 reads | 10.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com