ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՈՒ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ

ԳԱՌՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

168.am կայքի խմբագիր








Մինչ հայաստանյան քաղաքական ուժերն ուշադրությունը կենտրոնացրել են կառավարության հրաժարականի-Սերժ Սարգսյանի չհրաժարականի հարցի վրա, իշխանությունն էլ տարված է կենսաթոշակային բարեփոխումներն ամեն գնով անցկացնելու մոլուցքով կամ հեռուստատեսություններին ալկոհոլային խմիչքի գովազդի հնարավորությամբ ապահովելու հույժ կարևոր գործով, աշխարհում տեղի ունեցող զարգացումները կարծես մոտենում են Հայաստանին: 

Արտաքուստ Հայաստանն այնքան է մեկուսացել աշխարհից ու միջազգային հարաբերություններից, որ թվում է՝ մեզ այլևս ոչինչ չի սպառնում, քանի որ ավելի վատ արտաքին քաղաքական իրավիճակ հնարավոր չէ անգամ պատկերացնել:

Սակայն քաղաքականության, այդ թվում ու առաջին հերթին՝ արտաքին քաղաքականության նրբություններից մեկն այն է, որ երբեմն խիստ բացասական իրավիճակները տարբեր գործոնների ազդեցությամբ կարող են դառնալ աներևակայելիորեն նպաստավոր:

Քաղաքական որոշումներ կայացնողների՝ նոմինալ առումով իշխանությունների, ու այդ որոշումների կայացումը սպասարկող ինստիտուտների գործունեության արդյունավետությունը որոշվում է հենց նման իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, ոչ թե մեկ-երկու, այլ բազմաքայլ գործողություններ իրականացնելու կարողությամբ: Կամ՝ հակառակը:

Սուվերենության հոգեբանություն

Հայաստանն ինչ-որ իմաստով ներկայումս գտնվում է հենց այդպիսի՝ բացասական ու վտանգավոր, սակայն, միևնույն ժամանակ, նպաստավոր դառնալու մեծ պոտենցիալ ունեցող իրավիճակում: Իրավիճակ, որը ստեղծվել է աշխարհաքաղաքական վերջին խոշոր զարգացումների՝ Արևմուտք-Իրան հարաբերություններում ջերմացման գործընթացի առարկայացման, ուկրաինական իրադարձությունների, դրանց հետևանքով՝ Ռուսաստան-Արևմուտք (և ոչ միայն Արևմուտք) հարաբերությունների փոփոխության արդյունքում:

Հայտարարելով Մաքսային միությանն անդամակցելու մասին` Հայաստանն արտաքուստ ամբողջությամբ իրեն զրկել է տարածաշրջանային և միջազգային որևէ գործընթացի մասնակցելու հնարավորությունից: Դատելով իշխանությունների և քաղաքական ուժերի մեծ մասի գործունեությունից՝ նրանք ընդհանրապես կարծես դադարել են արտաքին քաղաքականությունը համարել քաղաքականության բաղադրիչ և զբաղվում են բացառապես ներքին խնդիրներով:

Համենայնդեպս, իշխանական և ընդդիմադիր էլիտաների գործողություններից տպավորություն է ստեղծվում, որ դրանց ներկայացուցիչներն՝ անգամ հոգեբանորեն, ենթագիտակցական մակարդակում իրենց զրկել են արտաքին քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից, ինչն ընդհանրացնելով՝ անվանում ենք ինքնիշխանության կորուստ, որը վերջնականապես արձանագրվեց անցած տարվա սեպտեմբերի 3-ի հայտարարությամբ:

Ըստ ամենայնի, հրաժարումն ինքնիշխանությունից տեղի է ունեցել շատ ավելի վաղուց, և սեպտեմբերի 3-ին դա ընդամենը ֆորմալ ձևակերպում ստացավ: Որովհետև ինքնիշխանությունը ոչ միայն ինքնուրույն քայլերի ու գործողությունների իրականացումն է, այլ նախ և առաջ՝ ինքնիշխան լինելու գիտակցությունը, ինքնիշխան զգալու հոգեբանությունը, որից, ինչպես նշեցինք, կարծես զրկվել են թե՛ իշխանությունը, թե ընդդիմությունը ներկայացնող գործիչները: Կամ գուցե չեն ունեցել երբևէ:

Այսինքն՝ ներկայումս Հայաստանը կառավարում և կառավարելու ցանկությամբ պայմանավորված՝ քաղաքական գործունեություն են ծավալում մարդիկ, ովքեր անգամ հոգեբանական մակարդակում հրաժարվել են Հայաստանի շահերից բխող արտաքին քաղաքականություն ծավալելու իրավունքից, ինչի մասնավոր դրսևորումներից կարելի է համարել, օրինակ, Մաքսային միությանն անդամակցության փաստի անշրջելիության մասին հայտարարությունը ոչ իշխանական ուժերի հանրահավաքում:

Վստահաբար, այդ մտայնությունն իշխում է նաև իշխանության, որոշումներ կայացնողների շրջանում, որոնց համար աշխարհի հետ ցանկացած հարաբերություն այլևս անցնում է Մաքսային միության երևակայական պրիզմայով:

Շրջել անշրջելին

Ի տարբերություն մեր իշխանությունների և ընդդիմության, աշխարհը՝ համաշխարհային քաղաքականության սուբյեկտները, ըստ ամենայնի, դեռևս Հայաստանը չեն դասում «մեռնող պետությունների» շարքին ու շարունակում են այն դիտարկել՝ որպես տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների սուբյեկտ: Բնականաբար, ոչ թե Հայաստանի, այլ սեփական շահերից ելնելով:

Դրա վկայությունը պետք է համարել այս տարվա ընթացքում մի քանի առանցքային պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների սպասվող այցերը Հայաստան:

Առաջիկայում Հայաստան է այցելելու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ, իր պաշտոնավարումն իրանական խնդրի հանգուցալուծմանն ու Արևմուտքի հետ երկխոսությանն ուղղված քաղաքականությամբ նշանավորած Հասան Ռոհանին: Այդ մասին անցած ամիս հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին:

Ակնհայտ է, որ սա հայ-իրանական հարաբերությունների ընդգծմանն ուղղված հերթական այց չի լինելու. այդ հարաբերությունների կարևորությունն իրանական կողմը բավարար չափով ընդգծում է տարբեր խողովակներով կատարվող հայտարարություններով ու Հայաստանի համար շահավետ կոնկրետ գործողությունների կատարման պատրաստակամության մասին հավաստիացումներով:

Իրանի խնդրի շուրջ ծավալվող ներկայիս ժամանակաշրջանում այդ երկրի նախագահը որևէ պետություն այցելելու համար դիվանագիտական, արարողակարգային քաղաքավարությունից բարձր՝ շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ պատճառ պետք է ունենա: Հետևաբար՝ Իրանի նախագահի սպասվող այցը Հայաստան վկայում է, որ հարևան երկիրը Հայաստանի հետ կապված լուրջ, չափազանց լուրջ հաշվարկներ ունի, ընդհուպ բացառված չէ՝ Արևմուտքի հետ հարաբերություններին շաղկապվող հաշվարկներ:

Դրան պետք է ավելացնել նաև ուկրաինական իրադարձություններից հետո սովորականից զգալիորեն արագացած աշխարհաքաղաքական զարգացումները, մեր տարածաշրջանում ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր փոփոխությունները, այդ համատեքստում՝ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման կամ «բռնկման» հեռանկարները, որոնք խոշոր խաղացողների համար կարող են անհրաժեշտություն դառնալ:

Այս և մի շարք այլ գործոնների ազդեցությամբ առաջացած նոր տարածաշրջանային ու համաշխարհային իրադրությունում Իրանի նախագահի այցը Հայաստան միանգամայն այլ կարևորություն է ստանում, քան կլիներ «սովորական պայմաններում»:

Շատ ավելի պարզ ու ոչ դիվանագիտական լեզվով ասած՝ մեծ, շատ մեծ փոփոխությունների համայնապատկերում Իրանը Հայաստանից ինչ-որ ակնկալիք ունի, որն օբյեկտիվորեն կարող է բխել նաև Հայաստանի շահերից:

Եթե Իրանի նախագահի այցի ժամկետները դեռ հստակեցված չեն, ապա արդեն իսկ հայտնի է միջազգային քաղաքականության մեջ մեկ այլ ազդեցիկ երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարելիք այցի մոտավոր ժամկետը. այն կկայանա մայիսի երկրորդ տասնօրյակում:

Ըստ պաշտոնապես դեռևս չհաստատված տեղեկությունների՝ Օլանդի այցը պետական այցի կարգավիճակ է ունենալու, որը, ինչպես հայտնի է, երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակն ընդգծող դիվանագիտական նորմ է:

Այդուհանդերձ, հասկանալի է, որ Օլանդը Հայաստան է այցելելու ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ որպես Ֆրանսիայի, այլև՝ որպես Եվրամիության ազդեցիկ եռյակ պետություններից, միևնույն ժամանակ՝ ղարաբաղյան հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի ներկայացուցիչ: ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հրաժարված Հայաստան նման մակարդակի այցելությունը ցույց է տալիս, որ Եվրամիությունը նույնպես իր ընթացիկ և հեռանկարային ծրագրերից չի բացառել Հայաստանը:

Եթե առաջնորդվենք վերը նշված պարզ ու ոչ դիվանագիտական ձևակերպմամբ, ապա ոչ միայն Ֆրանսիային, այլև Եվրամիությանը Հայաստանից «ինչ-որ բան» է պետք, ինչի համար էլ Երևան է գալու Ֆրանսուա Օլանդը:

Եթե սրան ավելացնենք նաև այն տեղեկությունը, որ տարեվերջին էլ Հայաստան է այցելելու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ինչի մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ապա պատկերը, մեղմ ասած, ամբողջական կդառնա: Ավելին՝ Իրանի և Ֆրանսիայի նախագահների այցերից հետո Քերիի տարեվերջյան այցելությունն ըստ էության կարող է դառնալ ամփոփիչ, եզրափակող, ինչ-որ կարևոր քաղաքական ցիկլ եզրափակող ու գուցե նորի սկիզբ դնող այցելություն:

Լրջանալու պահը

Չնայած Հայաստանի իշխանությունների կամավոր կամ պարտադրված ինքնահանձնմանը, Հայաստանը ոչ միայն չի կորցրել աշխարհաքաղաքական կարևորությունը, այլ, ինչպես ցույց են տալիս այս տարի սպասվող իրադարձությունները, շատ ավելի մեծ նշանակություն է ձեռք բերել: Աշխարհը՝ լայն իմաստով, միջազգային քաղաքականության մեջ ազդեցիկ պետությունները՝ առանձին-առանձին, Հայաստանից կամ Հայաստանի հետ կապված ակնկալիքներ ունեն:

Դա նշանակում է, որ Հայաստանն ինքը կարող է նրանց հետ հարաբերություններում առաջ քաշել իր ակնկալիքներն ու դրանց բավարարման համար անհրաժեշտ քայլերը՝ միջազգային հանրության կողմից: Ի՞նչ տեսքով կարտահայտվեն դրանք՝ ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների հայանպաստ կարգավորմա՞ն, թե՞, օրինակ, Հայաստանի էներգետիկ և ռազմական կախվածության դիվերսիֆիկացիայի հնարավորությունների կամ Հայաստանը տարածաշրջանային խոշոր էներգետիկ նախագծերին մաս դարձնելու պայմանով՝ նշված համատեքստում ավելի դետալային հարցեր են:

Սկզբունքային, գլխավոր հարցն այն է՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունները կկարողանան ստեղծված անբարենպաստ իրավիճակը բարենպաստ դարձնելու բացառիկ հնարավորությունն օգտագործել ի նպաստ Հայաստանի, թե՞ Հայաստանը դեռևս որպես ինքնուրույն սուբյեկտ դիտարկող տերությունների հետ հարաբերություններում ու բանակցություններում կառաջնորդվեն ինքնիշխանություն չունեցողի հոգեբանությամբ, անշրջելիության գիտակցմամբ ու առաջնային կհամարեն Մոսկվայից ուղարկված շրջաբերականները:

Ռուսաստանին կարելի է հանձնել ամեն ինչ, բացի պետության վերջին շանսից: Հնարավոր է, սա Հայաստանի բացառիկ ու վերջին շանսն է:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
464 reads | 17.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com