ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՈՒՆԸ ՉԻ ԷԼ ՀԻՇԱՏԱԿՎԵԼ
Մեկ ամիս առաջ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առանձնակի խանդավառությամբ հայտարարեց, որ Հայաստանն ունի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին (ՀՄԾ) դիմելու հնարավորություն:

«Դուք գիտեք, որ Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում իրականացված այս ծրագրի արդյունքները և այն գնահատել է որպես արդյունավետ ծրագիր, քանի որ բոլոր թիրախները, որ մենք դրել էինք մեր առջև, ամբողջությամբ ի կատար են ածվել: Այս առումով մենք պետք է շնորհակալություն հայտնենք Միացյալ Նահանգների վարչակազմին, քանի որ ծրագիրն էական նշանակություն ունեցավ մեր տնտեսության համար: Այսօր ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ մենք հնարավորություն ունենք ևս մեկ անգամ դիմելու այդ ծրագրին: Նախապայմանն այդ ծրագրից օգտվելու ցուցանիշներն էին, որոնք հրապարակվում էին, և որոնց գծով մենք պետք է ունենայինք դրական արդյունքներ»,- դիմելով գործադիրի անդամներին` ասել էր նա:

Նաև տեղեկացրել էր, որ ՀՄԾ գրասենյակի կայքէջում տեղադրված են վերջին գնահատականները, ըստ որոնց` Հայաստանը բոլոր երեք հիմնական չափանիշներով ստացել է դրական գնահատականներ:

«Մեր հիմնական թույլ կողմը համարվում էր կոռուպցիոն ռիսկերը, և այսօր այդ ոլորտում ևս արձանագրվել են դրական տեղաշարժեր»,- ասել էր Տ. Սարգսյանը: Նա նաև նշել էր, որ հավանականությունը քիչ է, որ Հայաստանը կստանա ֆինանսավորում, բայց պետք է դիմել:

Վարչապետի համար, իհարկե, այդ պահին կարևոր էր հանդիսավոր հնչեցնել այն միտքը, որ նույնիսկ կոռուպցիոն ռիսկերի առումով ՀՀ-ն դրական գնահատականների է արժանացել ԱՄՆ վարչակազմի կողմից: Թերևս, նա դա համարում է իր աշխատանքի դրական գնահատական:

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիան կատարել է իր ընտրությունը. աջակցություն կստանա հարավաֆրիկյան Լեսոթո պետությունը: Լեսոթոն այս տարի սեպտեմբերին հաջողությամբ ավարտել է նախկին 363 մլն դոլար արժողությամբ 5-ամյա ծրագիրը, որն օգնել է ընդլայնել կենցաղային և արդյունաբերական նպատակներով օգտագործվող ջրամատակարարումը, ամրապնդել երկրի առողջապահական համակարգը և վերացնել ներդրումներ իրականացնելու ճանապարհին առկա շատ խոչընդոտներ:

«Մենք անհամբեր սպասում ենք այս համագործակցության շարունակմանը և կօգնենք բասուտո ցեղախմբի մարդկանց ավելի բարեկեցիկ ապագա կերտել»,- ասել է ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Վ. Յոհանեսը: ՀՄԿ խորհուրդը նաև որոշել է երկրորդ անգամ իր աջակցությունը տրամադրել և վերակնքել համաձայնագրերը Գանայի, Լիբերիայի, Մարոկկոյի, Նիգերիայի և Տանզանիայի հետ` այդ երկրներում զարգացման ծրագրերը շարունակելու համար: Հայաստանի անունը չի էլ հիշատակվում ՀՄԿ հաղորդագրությունում:

168 Ժամ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
425 reads | 13.12.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com