ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ
Ռազմական փորձագետ






Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ամբողջ ընթացքում, և հատկապես հրադադարի հաստատումից առ այսօր մեզանում պարբերաբար հանրային քննարկումների առարկա է դառնում հայ – թուրքական փոխհարաբերություններում հանդուրժողականության հաստատման հիմնախնդիրը: Վերջինս մեզանում հաճախ է դարձել քաղաքական սպեկուլյացիաների առարկա՝ այլոց կողմից օգտագործվելով որպես շղարշ՝ իրենց քաղաքական հեռահար շահերի կենսագործումը քողարկելու նպատակով: Այդուհանդերձ այս հիմնախնդրի արդիականությունն ակնհայտ է, ուստի տեղին է կրկին այն արծարծել՝ անդրադառնալով այս բարդ և բազմակողմ հիմնախնդրի կողմերից մեկին: Եվ այսպես. ինչպիսի՞ն պետք է լինի մեր՝ հայերիս և թուրքերի միջև հաստատվելիք փոխադարձ հանդուրժողականության ճարտարապետությունը: Տվյալ դեպքում մենք ի նկատի ունենք թուրք էթնիկ հանրույթն ամբողջությամբ՝ ներառյալ ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակվող անդրկովկասցի թուրքերին:

Հայոց համար վաղուց ակնհայտ է դարձել մի պարզ իրողություն. մենք և թուրքերը դատապարտված ենք ապրել կողք – կողքի: Ավելին, մեր երկրի նախագահը բազմիցս արտահայտել է այս դիրքորոշումը նաև միջազգային ամենատարբեր ամբիոններից: Եվ ահա այստեղ հարկավոր է ընդգծել հետևյալ հատկանշական հանգամանքը: Բանն այն է, որ թուրքի հետ կողք – կողքի ապրելու անխուսափելիությունն ինքնաբերաբար ենթադրում է հիմնարար հանդուրժողականության առկայություն թուրքի ապրելու իրավունքի, պետություն ունենալու, մշակույթ զարգացնելու հանդեպ: Սակայն այս, բառիս բուն առումով մարդասիրական դիրքորոշումը ենթադրում է մի շատ կարևոր վերապահում. թուրքի ապրելու, պետություն կերտելու իրավունքը չպետք է լինի մեր կենսական իրավունքների իրացման հաշվին, մասնավորապես չպետք է բացառի իր պատմական հայրենիքի տարածքում հայոց պետություն կերտելու հեռանկարը: Վերաձևակերպենք, թուրքի՝ պատմական տվյալ պահին հայոց թշնամու կենսական իրավունքների հանդեպ հանդուրժողականություն, նրա հետ հարաբերվելու, խաղաղ համակեցության ներքին պատրաստակամություն, բայց միաժամանակ սեփական կենսական շահերը պաշտպանելու պատրաստակամություն: Ահա այսպիսի հանդուրժողականության դիրքորոշումն է հոգեբանորեն առողջ: Հումանիզմն առ թշնամին չպետք է լինի իր էությամբ ինքնակործան, չպետք է ենթադրի համակերպում հայրենազրկման փաստի հետ, հրաժարում սեփական կենսական իրավունքներից: Այն չի կարող ձեռք բերվել թշնամու ծավալապաշտական - ագրեսիվ նկրտումներին հագուրդ տալու գնով:

Իսկ ի՞նչ ասել է «հանդուրժել թշնամուն»: Առաջին հայացքից այս արտահայտությունը կարող է հակասական տպավորություն թողնել: Մինչդեռ ամեն ինչ կընկալվի անհակասական, եթե խնդրին մոտենանք իրականության համարժեք ընկալման դիրքերից:
Բանն այն է, որ տվյալ պատմական ժամանակաշրջանում թուրք էթնիկական հանրույթը մեր հանդեպ համակված է խորը թշնամանքով՝ հագեցած ատելության իռացիոնալ դրսևորումներով: Այդպես է, քանզի թուրք էթնոսի էթնոքաղաքական շահերը բացառում են մեր գոյությունն այս տարածաշրջանում, մեր պատմական հայրենիքում: Հարկ է հստակ գիտակցել՝ մեր հանդեպ թուրքերի գերակշիռ մասի թշնամանքն ու ատելությունը ածանցյալ է հենց այդ՝ համազգային հավաքական էթնոքաղաքական շահերից: Եվ որքան էլ որ անհեթեթ հնչի ասվածը, 21-րդ դարի իրողությունների պայմաններում հայության ոչնչացման նպատակը ակտուալ է թե Թուրքիայի, թե Ադրբեջանի թուրքերի գերակշիռ մեծամասնության համար նաև հիմա: Փաստը մնում է փաստ, որ այդ նպատակը մերթ ընդ մերթ դառնում է բացահայտ, մերթ ընդ մերթ մղվում երկրորդ պլան, սակայն իբրև այդպիսին շարունակում է մնալ առկա: Սա մի իրողություն է, որն անհնար է ժխտել: Այստեղ ինքնախաբեությունը հավասարազոր է ինքնակործանման: Եվ ընդհակառակը, այդ իրողության հստակ գիտակցումն իր հայրենիքում հայոց արժանապատիվ գոյության, նոր ցեղասպանությունները կանխելու հիմնական նախապայմանն է: Բերենք ասվածի ապացույցներ, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակում, ապաշրջափակման դիմաց մեզ ներկայացվող ադրբեջանահաճո նախապայմանները, մեր դեմ ուղղված Թուրքիա - Ադրբեջան ռազմական դաշինք, Հայաստանի Հանրապետության տարածքը որպես «Արևմտյան Ադրբեջան» պաշտոնապես հռչակելն Ադրբեջանում, Ջուղայի հայոց քաղաքակրթության ոչնչացումը, նախագահ Ալիևի կողմից համայն հայությանը թշնամի հռչակելը, Սաֆարովի հերոսացմամբ հայ սպանելն իբրև վարքի խրախուսելի մոդել հանրությանը մատուցելը և այլն, և այլն: Նման օրինակներ, որոնք ապացուցում են, որ «թուրքը մնացել է թուրք» կարելի է բերել տասնյակներով:

Այս համատեքստում հարկ է շեշտել հետևյալը: Ադրբեջանը թուրքական նախագիծ է, պանթուրքական նպատակների կենսագործման մի դրսևորում: Հետևաբար չկա և չի կարող լինել հակասություններ այս երկու թուրքական պետությունների ռազմավարական - էթնոքաղաքական շահերի միջև: Այդ շահերը նույնական են: Հակասությունները կարող են լինել միայն իրադրական հարցերում, այն էլ հիմնականում պայմանավորված ալիևյան կլանի քրդական ծագմամբ: Մասնավորապես, հայատյացության հարցում այս երկու թուրքական պետությունների միջև հակասություններ չեն կարող լինել անգամ տեսականորեն: Ընդ որում, հայատյացության դիրքորոշումները թե՜ Թուրքիայում, թե՜ Ադրբեջանում մնացել են գրեթե անփոփոխ, այնպիսին, ինչպիսին էին տասնամյակներ առաջ: Պարզապես պատմական տվյալ ժամանակաշրջանում իր հակահայկական - ագրեսիվ նկրտումները Թուրքիան փորձում է իրականացնել Ադրբեջանի միջոցով, որտեղ հայատյացությունը վերածվել է պետական գաղափարախոսության:

Սակայն իրերն իրենց անունով կոչելը, թուրքի թշնամանքն ընկալելն ու, հետևաբար թշնամուն թշնամի կոչելը, հայության կենսական իրավունքների պաշտպանությունը, հայապատկան Հայաստանի, Հայաստան հայրենիքի ազատագրման նպատակը չի նշանակում ունենալ թուրքերի տոտալ ոչնչացման նպատակ: Ահա՜ այս դիրքորոշումն է պատմականորեն արդարացված և ռացիոնալ:

Այստեղից կարևորագույն հետևություն, այս դեպքում հայելային անդրադարձի տրամաբանությամբ թշնամուն ատելության քարոզչությամբ պատասխանելը սխալ է. մենք պետք է պահպանենք մեր մարդկային դեմքը: Այո, հարկավոր է պատրաստ լինել թշնամու հետ հարաբերվելուն, ընդունել նրա հետ խաղաղ համակեցության հեռանկարը, պատրաստ լինել դադարել նրան ընկալել իբրև թշնամի: Բայց դա հնարավոր է միայն փոխադարձության դեպքում: Եվ որպեսզի այդ դիրքորոշումներն, ի վերջո, ձևավորվեն նաև թուրքական էթնիկական հանրույթի մոտ, հարկավոր է նրա ագրեսիվ հայատյացությանն ուժ հակադրել:
Բանն այն է, որ ագրեսիվ նկրտումների անիրականանալիությունն է իրականության հետ համակերպվելու, ծավալապաշտական նկրտումներից հրաժարվելու գրավականը: Հետևաբար՝ ագրեսիան զսպող, խաղաղություն պարտադրող ուժ՝ խաղաղ ապագայի հեռանկարի պատրաստակամությանը զուգահեռ: Ահա այսպես է միայն հնարավոր հարկադրել թուրքին ընդունել հայի հետ խաղաղ գոյակցության հեռանկարը՝ թուրքական հանրույթին թշնամուց, ի վերջո, վերածել հարևանի: Հանդուրժողականության ահա այսպիսի ճարտարապետությունն է միայն կարող լինել կենսունակ:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
2286 reads | 20.02.2013
Թուրքիա, ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ, հարևաններ, հայ-թուրքական հարաբերություններ, հանդուժողականություն, Ադրբեջան |
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com