ՂՐԻՄԸ ՎԵՐՑՎԱԾ Է, ԻՍԿ ՀԵՏՈ՞ ԻՆՉ ԱՆԵԼ
Ռուսական պառլամենտում արդեն սկսվել են քննարկումները Ղրիմի և Սևոստոպոլի վերաբերյալ: Ամենահավանական տարբերակներից մեկը նախկին ուկրաինական ինքնավարության միացումն է Ռուսաստանին իբրև ինքնավար հանրապետություն Հարավային Դաշնային օկրուգի կազմում: Իսկ երկրորդ տարբերակով Ղրիմը և Սևոստոպոլը կարող են դաշնության առանձին սուբյեկտներ լինել, դրա հետ մեկտեղ Ղրիմը նաև հանրապետություն կլինի:

Ղրիմի ընդունումը առանց նրա անկախության ճանաչման արդեն չի դիտարկվում, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն ստորագրել է հրամանագիր, ըստ որի Ղրիմը ճանաչում է որպես անկախ հանրապետություն: .

Մեկ այլ հավանական տարբերակ է, որ Ռուսաստանը, ճանաչելով Ղրիմի անկախությունը, չի շտապի այն իր կազմի մեջ ներառել, ինչպես պատահեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դեպքում: Այդ ժամանակ ՌԴ սահմանադրական դատարանը որոշում ընդունեց, որով այլ պետության տարածքի միացումը պետք է տեղի ունենա պետությունների մակարդակով, այսինքն՝ Վրաստանի հետ համաձայնեցված:

Սակայն այս ամենի մեջ պետք է հաշվի առնել նաև հնարավոր բարդությունները: Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ ներառելը անկասկած կբարդացնի Մոսկվայի և միջազգային հանրության միջև առկա հարաբերությունները: Մասնագետների կարծիքով իրավիճակը ինչ-որ կերպ հարթելու և լիցքաթափելու համար անհրաժեշտ է որոշակի չափով զիջումների գնալ:

Անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը իր քայլերով արհեստականորեն չարագացնի գործընթացը, որպեսզի այն ավելի գիտակցված և հաշվարկված լինի: Այդ ամենը հնարավորություն կտա միջազգային դիտորդներին ժամանել Ղրիմ, պարզելու, թե ինչ չափով են խախտվել ռուսախոս բնակչության իրավունքները, որն էլ հիմք է հանդիսացել ռուսական զորքերի՝ թերակղզի մտնելու համար:

Այստեղ նաև բաց է մնում Կրեմլի կողմից ներկայիս ուկրաինական իշխանությունների ճանաչման հարցը, քանի որ Մոսկվան մինչ այժմ Յանուկովիչին է համարում Ուկրաինայի օրինական նախագահ, և նրան իր մոտ է պահում իբրև Կիևում գործող իշխանությունների վրա ազդելու լծակ: Սակայն անհրաժեշտ է ինչ-որ չափով շփման եզրեր գտնել Կիևի իշխանությունների հետ, մասնավորապես տնտեսական ոլորտներում, գազի արտահանման և առհասարակ, ռուս-ուկրաինական հարաբերություններում ընդհանուր վերցրած:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
417 reads | 18.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com