ՂՐԻՄԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՑԱԽՆ Է
Վերլուծելով ՈՒկրաինայում տիրող իրադրությունը` մենք նկատել էինք, որ Ղրիմի ինքնավարության թեմային պետք է անդրադառնալ առանձին։ Եվ օրերս մենք ապացույցներ ստացանք այն բանի, որ Ղրիմի ապագայի հարցը, ամեն դեպքում, կլուծվի ՈՒկրաինայից լրիվ առանձին, գրում է irates.am-ը:

Երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդարձակ հարցազրույց տվեց ռուսական և օտարերկրյա լրատվամիջոցներին, հատուկ վերապահություն արեց, որ Ռուսաստանը Ղրիմը իրեն միացնելու ծրագրեր չունի։ «Ռուսաստանը Ղրիմը միացնելու տարբերակ չի քննարկում։ Միայն քաղաքացիներն իրենք կարող են և պետք է ազատ կամարտահայտման ու անվտանգության պայմաններում որոշեն իրենց ապագան»,- հայտարարեց նա։ Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի ղեկավարը նշեց, որ «առայժմ ոչ ոք ազգերի ինքնորոշման իրավունքը չի չեղարկել»։ Հիշեցնելով, որ նման որոշում թույլ է տրվել կայացնել Կոսովոյի ու Մետոխիայի (Կոսմետ) ալբաններին, Պուտինը, սակայն, ընդգծեց, որ Ղրիմի առնչությամբ Ռուսաստանը «նման տրամադրություններ ու նման լուծում չի հրահրի»։ ՌԴ նախագահի օրինակով միմյանց հերթ չտալով, սկսեցին հանդես գալ լրատվամիջոցներն ու քաղմեկնաբանները, փորձագետները, և նրանց հայտարարությունների գլխավոր իմաստն այն էր, որ Ղրիմը նախօրոք նշանակված համահանրապետական հանրաքվեում կորոշի իր պետական իրավական կարգավիճակի բարձրացման հարցը։ Այսինքն, ինչպես բացատրվեց հանրությանը, Ղրիմը պարզապես կբարձրացնի իր ինքնավարության մակարդակը, բայց «դուրս չի գա» ՈՒկրաինայի կազմից, այլ պարզապես կհարկադրի Կիևին վերակազմավորելու պետական կարգը և համաձայնելու կա՛մ դաշնությանը, կա՛մ համադաշնությանը Ղրիմի հետ։

Սակայն, ինչպես ՈՒկրաինայում, այնպես էլ Ղրիմում իրավիճակն այնքան սրված է, որ ոչ մի վայրկյան տեղում կանգ չի առնում։ Ոչ ոք չէր սպասում, թե ղրիմցիներն իրենք նույնիսկ չեն ցանկանա նման ապագա։ Նրանց հասկանալ կարելի է. Կիևի հետ նույնիսկ դաշնային կամ համադաշնային հարաբերությունները, կամա-ակամա, Կիևին կստիպեն բանակցությունների մեջ մտնել նրանց հետ, ովքեր պաշտոնապես բնութագրվել են որպես քրեական հանցագործներ։ Նրանց հետ, ովքեր չեն խորշում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով կտրականապես ժխտելուց ուկրաինական նացիստների պատերազմական հանցագործությունները Երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Եվ ահա մարտի 6-ին Ղրիմի Գերագույն խորհրդի նիստում սկզբունքային որոշում ընդունվեց ինքնավար հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին` որպես ՌԴ սուբյեկտի։ Այդ մասին հայտարարեց Ղրիմի Ինքնավար Հանրապետության առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը։ Գերագույն խորհրդի նիստից հետո, որտեղ ընդունվել էր այդ որոշումը, Ղրիմի Ինքնավար Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչները այդ մասին հայտարարեցին շենքի առջև հավաքված հանրությանը։ Ժողովուրդն այդ հայտարարությունն ընդունեց ցնծությամբ և «Ռու-սաս-տան» վանկարկումներով։ Գերագույն խորհրդի շենքի առջև հավաքվածների մոտ դուրս եկավ խորհրդարանի պատգամավորներից մեկը և ընթերցեց Գերագույն խորհրդի որոշումը. «Առաջին, որոշում ընդունվեց մտնելու Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ` որպես ՌԴ սուբյեկտ, երկրորդ, հանրաքվեն կկայանա մարտի 16-ին»։ Ինչպես հաղորդեց պատգամավորը, հանրաքվեի կդրվի հետևյալ հարցը. «Դուք կո՞ղմ եք Ղրիմը Ռուսաստանի Դաշնությանը միանալուն»։ Նա հայտարարեց նաև, որ նիստում Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել դիմելու ՌԴ ղեկավարությանը «Ռուսաստանի Դաշնության մեջ Ղրիմի մտնելու գործընթացն սկսելու հարցով»։

Տասնյակ հազարավոր ղրիմցիներ Սիմֆերոպոլում Ղրիմի և Ռուսաստանի դրոշներով ու ցնծությամբ ընդունեցին այդ հայտարարությունը։ Եվ դա սպասելի էր։ Բավական է հիշել, թե մենք ինչպես էինք ցնծում, երբ Հայաստանի Գերագույն խորհուրդը 1992 թվականին որոշում ընդունեց Հայաստանին Արցախի վերամիավորման մասին։ Այն ժամանակ ամբողջ հայ ազգին թվում էր, թե ահա հաղթանակն ապահովված է։

Բայց... Չկա մի հայ, որ չիմանա։ Հետո եղավ պատերազմ, եղան զոհեր։ Եվ մենք ոչնչի համար չենք ափսոսում, գլխավորն այն է, որ հայոց հողի մի թիզ էլ է ազատագրվել զավթիչներից, որոնց Արցախն ու մեր մյուս հողերը (Նախիջևան, Կարս) դարձյալ ապօրինաբար «նվիրեցին» բոլշևիկները, ինչպես 1954-ին Խրուշչովը Ռուսաստանի Ղրիմի մարզը «նվիրեց» նախկին ՈՒկրաինական ԽՍՀ-ին։ Ինչը, ի դեպ, հատկանշական է. այստեղ լիակատար նմանություն է։ Մեր հողերը «նվիրեցին» նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ին, իսկ Ղրիմը` նախկին ՈՒկրաինական ԽՍՀ-ին։ Անկախ «Ադրբեջանի» կազմի մեջ Արցախը չի մտել. նա արդեն ինքնորոշվել էր և այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան հռչակել իր անկախությունն ու ինքնիշխանությունը։ 1991-ին Ղրիմը ևս փորձեց վերադառնալ մայր հայրենիքի գիրկը։ Բայց այն ժամանակ Ռուսաստանը ղեկավարում էր հարբեցող ու դավաճան Ելցինը, որի թողտվությամբ ՈՒկրաինային թույլ տվեցին ճնշել ժողովրդական շարժումը` ոմանց բանտ նետելով, ոմանց էլ ստիպելով փախչել և այլն։

Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի 2014 թ. մարտի 16-ին «Համաղրիմյան հանրաքվե անցկացնելու մասին» որոշումից. մարտի 6-ին ՂԻՀ Գերագույն խորհրդի արտահերթ լիագումար նիստում որոշում ընդունվեց 2014 թ. մարտի 16-ին «համաղրիմյան հանրաքվե անցկացնելու մասին»։

Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ։

2. 2014 թ. մարտի 16-ին նշանակել համաղրիմյան հանրաքվե (ներառյալ ք. Սևաստոպոլը), քննարկման դնելով հետևյալ այլընտրանքային հարցերը.


ա) Դուք կո՞ղմ եք Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանին` Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի իրավունքներով։

բ) Դուք կո՞ղմ եք Ղրիմի Հանրապետության 1992 թ. սահմանադրության գործողության վերականգնմանը և
Ղրիմի կարգավիճակին` որպես ՈՒկրաինայի մաս։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հաղորդել է, որ Վլադիմիր Պուտինին արդեն զեկուցել են ՌԴ-ի կազմի մեջ մտնելու վերաբերյալ Ղրիմի Գերագույն խորհրդի որոշման մասին։

Եվ այսպես, շուտով Ղրիմի Հանրապետության ապագայի վերաբերյալ հանրաքվեն է։ Համարձակվեմ ենթադրել, որ նույնիսկ մոտ 300 հազար ղրիմցի թաթարները, ավելի ճիշտ նրանցից քվեարկելու իրավունք ունեցողները, իրենց ձայնը կտան Ռուսաստանի կազմ վերադառնալու օգտին։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ Ղրիմի թաթարների մի շարք հասարակական կազմակերպություններ արդեն ՌԴ իշխանություններին են դիմել ուկրաինական ազգայնականների ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի գործում օգնության խնդրանքով։ Կիևի «լեզվական նախապատվությունները» չեն թաքցվել և չեն թաքցվում։ Բայց չէ՞ որ շատ դժվար կլինի «արգելել» ռուսաց լեզուն, առանց ազգային այլ փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի, հունգարների, Ղրիմի թաթարների, հույների, բեսարաբների, ռուսինների և այլոց լեզուների արգելման։ 

Ռուսաստանում երբեք նման բան չի եղել, իսկ Ղրիմի թաթարները շատ իրատես ժողովուրդ են, ինչը, ի դեպ, ակնբախորեն ապացուցել են նույն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Այս պահին նրանք ուժեղի կողմն են նայում։ Եվ վերջ։ Իսկ որ Ղրիմի ավելի քան երկու միլիոն ռուս և ռուսախոս բնակիչները կքվեարկեն հենց թերակղզու հանդեպ ռուսական իրավազորության վերականգնման օգտին, անձամբ ես կասկած չունեմ։ Հատուկ Հայաստանի ու Արցախի քաղաքացիների համար. Ղրիմի հայ համայնքը երբեք չի պաշտպանել ուկրաինական նացիզմը և, ինչպես Ղրիմի մնացած ժողովուրդը, հանդես կգա Ռուսաստանին հանրապետության վերամիավորման օգտին։ Խնդրում եմ Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիներին նկատի ունենալ այս հանգամանքը։

Ղրիմի հարցի մնացած կողմերի վերլուծությունն առայժմ հարկավոր է մի կողմ թողնել։ Մենք ակնբախորեն տեսնում ենք, որ Երևանում նստած կանխատեսումներ անելն անհնար է. շահագրգիռ ուժերը գրեթե ամեն օր կոնսուլտացիաներ են անցկացնում ամենաբարձր մակարդակներում։ Եվ համաղրիմյան հանրաքվեն արագացնելու որոշումը կարող էր ծնունդ առնել ինչ-որ հավաստի տեղեկության ազդեցությամբ, թե ուկրաինական նացիստների ուժերը կամ նույնիսկ Արևմուտքի նրանց դաշնակիցները բազմաթիվ սադրանքների նենգադավ պլան են նախապատրաստում, ընդհուպ մինչև զինված ներխուժումը թերակղզի կամ ահաբեկչական գործողությունները։ Ղրիմի իշխանությունները ևս լարված պատրաստվում են հնարավոր սադրանքներին։ Ստեղծվել են ներքին գործերի սեփական մարմիններ, սեփական դատախազություն, ձևավորվում են սեփական զինված ուժերն ու ազգային անվտանգության ծառայությունը։ Մի խոսքով, պետության կազմավորման բնականոն գործընթաց է տեղի ունենում։ Սակայն հորիզոնում ֆաշիստական Կիևն է և նացիստական Արևմտյան ՈՒկրաինան, որոնք հենվում են Արևմուտքի փարիսեցիների լայն աջակցության վրա։ Այնպես որ, կողմնակի հայեցողներին մնում է միայն հասցնել հետևել իրադարձությունների զարգացմանը։
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
705 reads | 12.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com