«CNN–Ի ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ»՝ ՈՐՊԵՍ ՄՈԼՈՐԱԿԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ
ՌՈՒԲԵՆ ԷԼԱՄԻՐՅԱՆ
Միջազգային հարաբերությունների մասնագետ



                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     
Տեղեկատվական հեղափոխության հետևանքով լրատվության ստեղծումն ու օգտագործումն աննախադեպ չափերով ավելացան: Սակայն տեղեկատվական հոսքերի ավելացող ծավալները և անվերահսկելիությունը մեծացրել են հնարավորությունը՝ «պատվիրատուին» անհրաժեշտ ամենակարևոր հարցերում ներգործելու հասարակության գիտակցության և հասարակական կարծիքի ձևավորման վրա՝ հետապնդելով քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական որոշակի նպատակներ։ 

Տվյալ համատեքստում հատկապես հրատապ է դառնում վերանայումը այնպիսի հասկացության, ինչպիսին «CNN–ի ազդեցություն»–ն է, որը թե անհատական, թե հասարակական գիտակցության վրա ներազդելու հիմնական մեխանիզմներից է։ Վերջին տարիներին միջազգային հարաբերությունների ոլորտի հետազոտողները մտահոգություն են հայտնում, թե ԶԼՄ–ներն իրենց հնարավորություններն այնքան են ընդլայնել, որ կարող են ներգործել անգամ ԱՄՆ–ի դիվանագիտության և արտաքին քաղաքականության վրա։ Իրական ժամանակում աշխատող այս նոր համընդգրկուն ԶԼՄ–ների ազդեցությունը, որը «CNN–ի ազդեցություն» կամ «CNN–ի գործոն» անունով է կնքվել, շատ էական է, եթե ոչ պարտադրող։ Շատ լրագրողներ, քաղաքական գործիչներ և գիտնականներ արտաքին քաղաքականության վրա ԶԼՄ–ների ներգործությունը գնահատում են որպես պարտադրող։ ԶԼՄ–ների, PR-ի և միջազգային հարաբերությունների մասնագետ Սթիվեն Լիվինգսթոնը կարծիք է հայտնել, թե «CNN–ի ազդեցության» մասին խոսելիս կարելի է շեշտադրել երեք կետ. 1) քաղաքական օրակարգի հաստատման մեխանիզմը, 2) ցանկալի քաղաքական նպատակին հասնելուն խոչընդոտելը, 3) քաղաքական որոշումների կայացումն արագացնելը [1. S.Livingston, Clarifying the CNN Effect: An Examination of Media Effects According to Type of Military, 1997, http://www.genocide-watch.org/images/1997ClarifyingtheCNNEffect-Livingston.pdf]: Առաջին կետի էությունն այն է, որ լրատվամիջոցներն իրենք կարող են թելադրել պետությունների արտաքին գործերի գերատեսչություններին և քաղաքականություն իրականացնող անձանց, որոնց գործունեությունը կարևորել են, իրագործելու որևէ նպատակ, որը չի բխում այդ երկրի ազգային շահերից (որի պաշտպանն ու խթանողը պետք է լինեն դիվանագետներն ու քաղաքական գործիչները), այլ ձևավորվել է որևէ լրատվամիջոցի ազդեցությամբ։ Սա բավական հակասական կետ է, որի վրա կանգ կառնենք ստորև։ Մյուս կետը ներկայացնում է քաղաքականության և որոշումների ընդունման վրա ԶԼՄ–ների արագացնող ներգործությունը։ Եթե առաջ քաղաքական գործիչների համար բավարար ժամանակ կար ծանրակշիռ որոշումների հանգելու և դրանք ընդունելու համար, ապա այսօր տեղեկատվության հասանելիությունը նրանց հարկադրում է տեղի ունեցող իրադարձություներին արձագանքել ամենակարճ ժամկետում։ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Ա. Բեյքերը «CNN–ի ազդեցության» վերաբերյալ հետևյալն է նշում. «Ինչ է անում այդ ներգործությունը՝ այն քաղաքական գործիչներին հարկադրում է քաղաքական դիրքորոշում ընդունել։ Ես պետք է դա շատ արագ ձևակերպեմ, քանի որ իրական ժամանակի մեջ եմ։ Դու ծանրութեթև անելու ժամանակ չունես»։ Ինչ վերաբերում է ԶԼՄ–ների բացասական գործոնին, կարելի է դրա դրսևորման երկու ձև առանձնացնել: Դրանցից առաջինը զանգվածների վրա հուզական ազդեցություն է թողնում՝ թե ակնհայտ, թե թաքնված։ Երկրորդն առնչվում է գաղտնի տեղեկատվությանը, հաճախ՝ ռազմական նշանակության։ Երկու բաղադրիչներն էլ մեծ վտանգ են պարունակում։ Առաջինը տեղեկատվական–հոգեբանական ազդեցության մեխանիզմ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Մյուս կողմից, ԶԼՄ-ների համար տեղեկատվության բաց լինելը և իրական ժամանակում աշխատելը կարող են խնդիրներ առաջացնել: Դա հնարավոր է օրինակ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու ընթացքում, երբ օպերատիվ տվյալների բացահայտումը կարող է ձախողել ամբողջ գործողությունը: Այս հարցում առավել արմատական է այն հետազոտողների դիրքորոշումը, ովքեր ենթադրում են, թե արտաքին քաղաքականությունը կամ որոշակի դիվանագիտական քայլերը ամբողջությամբ ԶԼՄ-ների ազդեցությունից են բխում: Այսպես, ըստ Ջ. Բեյքերի, հեռուստատեսությունն է հանգեցրել եզրակացության, թե նախկին Հարավսլավիայի անկումը և Բալկանների պատերազմը ճգնաժամ էին: «Եվ հեռուստատեսությամբ անընդհատ դա էին լուսաբանում՝ դրանով Քլինթոնի վարչակազմին հարկադրելով դիմել որոշակի քայլերի: Նման բան (հեռուստատեսության ուշադրությունը), սակայն, չի եղել Ռուանդայում, որտեղ իրավիճակը շատ ավելի ծանր էր, քան Բալկաններում»: Ջ. Բեյքերը դրանից եզրակացնում է, թե արտաքին քաղաքականության շարժիչ ուժերը չպետք է ԶԼՄ-ներին ընդառաջ գնան: Թեև նման մոտեցումն առավել քան ակնհայտ է թվում, այդուհանդերձ, այդտեղ շատ հակասություններ կան:

Այսպես, Բուշի վարչակազմից մի պաշտոնյա՝ Անդրյու Նացիոսը, որ գլխավորում էր Սոմալիին օգնություն ցուցաբերելու գործողությունը, վիճարկում է ԱՄՆ-ի արտասահմանյան գործողությունների վրա «CNN–ի ազդեցությունը»: Նա այն կածիքին է, որ «CNN–ի ազդեցությանը» շատ ավելի է ուշադրություն հատկացվում, քան այն արժանի է՝ որպես բացատրություն այնպիսի երևույթների, որոնք բխում են Վաշինգտոնի իրականացրած քաղաքականության գործընթացներից: Իսկ «Աղետները և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը. Սոմալին և «CNN–ի ազդեցության» վերանայումը» աշխատության հեղինակներ Սթիվեն Լիվինգսթոնն ու Թոդ Էակուսը պնդում են, որ ԶԼՄ-ները մեծ մասամբ օգտագործում են որոշակի պաշտոնական դեմքերի՝ ուրիշ քաղաքական գործիչների ուշադրությունը գրավելու նպատակով, մի բան, որ մեծ չափերով կիրառվել է «CNN»–ի հայտնվելուց էլ շատ առաջ: Նույն Լիվինգսթոնը հաստատում է, թե չնայած նրան, որ Սոմալիի և Աֆղանստանի բնակիչներին շատ մեծ վտանգ էր սպառնում, այդուհանդերձ այդ երկու պետությունների վերաբերյալ ռեպորտաժները Բոսնիայի մասին հաղորդածների միայն 12 տոկոսին են հասնում:

Ակնհայտ է դառնում, որ «CNN–ի ազդեցության» վերը նշված շղթան (երբ քաղաքականությունը գործում է ԶԼՄ-ների ազդեցության տակ) ոչ թե պարզապես աղավաղված է, այլ հենց հակառակ կերպ է գործում. այն բնակչության զանգվածային գիտակցությունը նախապատրաստում է որոշակի քաղաքական գործողության՝ նպատակ ունենալով հասարակության մեջ և տարբեր երկրների հասարակություններում չհարուցել դիմադրություն, առավել ևս՝ տագնապ: Սրա առնչությամբ ուշագրավ է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը Սենատի միջազգային գործերի հանձնաժողվի լսումների ժամանակ, որտեղ նա խորհրդարանականներին պարզաբանում էր 2012թ. համար Պետքարտուղարությանը 47 մլրդ դոլարի գումար հատկացնելու անհրաժեշտությունը: Ըստ Քլինթոնի՝ համաշխարհային կարծիքի կարևորագույն պատերազմը ԱՄՆ-ը տանուլ է տալիս, և ԶԼՄ-ներն առաջվա պես դիվանագիտության համար հզոր ուժ են: Լրատվության ոլորտում ծախսերի կրճատումը հարկադրում է ծանր գին վճարել, երբ կրճատվում է «BBC»-ի հեռարձակումը, բայց զուգահեռաբար ընդարձակվում են ռուսական ու չինական տեղեկատվական ալիքները: Այս համատեքստում հատուկ հետաքրքրություն են ներկայացնում այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսին «Ալջազիրան» է կամ լատինամերիկյան «Տելեսուր» ալիքը: Այս վերջինը կոչված է տարածաշրջանում դառնալու «CNN»-ի և «BBC»-ի հակակշիռը: Իր հերթին «Ալջազիրան» պատկանում է Քաթարի իշխող ընտանիքին և աջակցում է արմատական իսլամին: Հ. Քլինթոնը նախազգուշացրել է, թե ԱՄՆ-ը համաշխարհային ազդեցության համընդհանուր մրցավազքը տանուլ է տալիս: Կասկածելով ամերիկյան ԶԼՄ-ների ազդեցությունը նվազելու մասին պետքարտուղարի խոսքերին, ինչը նաև ՆԱՏՕ-ի երկրների լրատվամիջոցներին է վերաբերում, այդուհանդերձ հարկավոր է նշել, որ նրա խոսքերը հաստատում են «CNN–ի ազդեցության» երկրորդ դրույթը, այն է՝ ոչ թե քաղաքականությունն է լրատվության հետևից գնում, այլ ընդհակառակը, միջազգային հարաբերությունների որոշակի գործող անձանց համար ԶԼՄ-ներն են դառնում աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ տեսակի շահերի խթանողը: Այս համատեքստում հատկապես կարևոր է նոր ԶԼՄ-ների դերը: Դրանք մի կողմից հնարավորություն են ընձեռում մեծացնելու ազդեցության չափը, քանի որ ոչ մի հեռուստա- կամ ռադիոալիք, ինչպես նաև պարբերական, չեն կարղ հավակնել գրավելու այնքան ընդարձակ լսարան, ինչքան որ այսօր ապահովում են «Ֆեյսբուք»-ը կամ «Թուիթեր»-ը: Մյուս կողմից էլ բազմապատիկ մեծանում է տեղեկատվության չափազանցվածությունը, քանի որ դրա տարածման անհամար միջոցներ կան, իսկ արգելափակելն անհնարին է:

Այսպիսով՝ համաշխարհայնացման և տեղեկատվության գործընթացները նշանակալի չափով մեծացրել են անհատի, հասարակության և պետության տեղեկատվական անվտանգության սպառնալիքները: Ըստ այսմ՝ տեղեկատվական անվտանգության բնագավառում պետությունների հիմնական ուղղություններից մեկը պետք է դառնա անհատի պաշտպանությունը տեղեկատվական-հոգեբանական ու տեղեկատվական-տեխնիկական ազդեցությունից և հասարակական կարծիքի ձևավորումը լրատվական տարածության մեջ:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
865 reads | 11.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com