ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂ . ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐ ԵՎ ԱՍՈՐԱՑԻՆԵՐ ՉԵՆ ՄՆԱՑԵԼ, ՀԻՄԱ ԷԼ ՄԵՆՔ ՍՊԱՆՈՒՄ ԵՆՔ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ
Վերջին օրերս թուրքական լրատվամիջոցներում մեծ արձագանք է գտել թուրք լրագրող Բայրամ Կալկանի` «Անիծյալ ոչ մահմեդականը» խորագրով հոդվածը, որում խոսվում է մուսուլմանական աշխարհում տեղի ունեցող ներքին բախումների պատճառների մասին: Աղմկահարույց հրապարակումը ներկայացնում ենք հատվածաբար:

«Մենք՝ մահմեդականներս, վճարում ենք ոչ մահմեդական ժողովուրդների նկատմամբ դրսևորած դաժանությունների համար: Վճարում ենք Թուրքիայում, Իրանում, Պակիստանում, Աֆղանստանում, Սիրիայում: Մեզ մոտ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, թե ժամանակը չէ այդպիսի բաներ գրելը: Իսկ ես կասեմ, որ հենց հիմա է պետք գրել այդ մասին, բացատրեմ թե ինչու:

Մի՞թե մենք չիրագործեցինք Դերսիմում, Մարաշում, Չորումում ալավիտների կոտորածը: Մի՞թե մենք չասացինք միլիոնավոր հայերի, այդ թվում նաև հղի կանանց` «կամ իսլամ, կամ մահ»: Մի՞թե մենք չէինք, որ առանց խղճի խայթի հաշվեհարդար տեսանք մեր կրոնը չընդունող հայերի նկատմամբ: Մի՞թե մենք չէինք, որ հաշվեհարդար տեսանք Միդյաթում և նրա շրջակա տարածքներում ապրող ասորացիների նկատմամբ: Մենք չէի՞նք, որ ուժի միջոցով տիրացանք մեր ցեղակիցներ եզդիների ունեցվածքին` նրանց իրենց հողերից վտարելու համար օգտագործելով ճնշում գործադրելու տարբեր եղանակներ: Կարո՞ղ են արդյոք եզդիները հետ վերադարձնել մեզ պահ թողած հողերը, ունեցվածքը և գյուղերը: Համաձա՞յն ենք արդյոք մենք վերադարձնել այդ բոլորը: Ոչ, մենք համաձայն չենք : Դեռ ավելին, մենք իրականացնում ենք նմանատիպ դաժանություններ և հայտարարում, թե մենք ժողովրդավարական երկիր ենք, մենք մահմեդական ենք:

Որքա՞ն հայեր և ասորիներ կան հիմա մեր կողքին: Պատասխանը պարզ է` մեր շարքերում փաստորեն հայեր և ասորիներ չեն մնացել: Եզդիներին կարելի է մատների վրա հաշվել: Այս բոլորը պատերազմական վիճակում գտնվող իսլամական աշխարհում տեղի ունեցող կոտորածների մի փոքր մասն է միայն: Իսկ վերը նշված ոճրագործությունների կազմակերպիչները համարել և շարունակում են համարել, որ այդ ամենը արվում է հանուն իսլամի: Իրականում գոյություն ունի՞ արդյոք իսլամում այդպիսի դրույթ:

Իսլամում այդ տիպի ոճրագործություններին տեղ չկա: Ովքեր մտածում են, թե այդ սպանություններն ի կատար են ածվում հանուն իսլամի, սխալվում են: Ազգային փոքրամասնությունների կոտորածների համար մենք վճարում ենք նույն գնով` մորթոտում ենք մեկս մյուսին: Քանի որ մեր շարքերում այլևս չեն մնացել հայեր կամ ասորիներ, մենք կոտորում ենք յուրայիններին: Եթե առաջ ասում էինք, որ պետք է սպանել ոչ մահմեդականներին, ապա հիմա ասում ենք` «սրանք շիա-մահմեդականներ են, սպանեք նրանց» : Մյուսներն էլ կոչ են անում սպանել սուննի մահմեդականներին: Մենք միշտ սպանել ենք: Սպանությունը, ըստ երևույթին, դրված է մեր գեների մեջ:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
964 reads | 29.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com