ՎԱՏ ՈՒ ԼԱՎ ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԱՅՇԵ ՀՅՈՒՐ
Թուրք պատմաբան և լրագրող





 

Ցեղասպանության հանցագործությունը հնարավոր կլիներ իրականացնել կայսրության հպատակների զգալի հատվածի հետ համագործակցության արդյունքում: «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը տեղահանության ու կոտորածների ժամանակ վարպետորեն օգտագործել է թե՛ քրդերի, թուրքերի, չերքեզների, վրացիների ու հայերի, թե՛ ալևիների, սուննիների, քիրստոնյաների, եզդիների և թե՛ շրջանների, քաղաքների, գյուղերի, աշիրեթների և նույնիսկ անձերի միջև առկա լարվածությունը:

Այսպիսով, հայերի (և բնականաբար հույների, ասորիների) նկատմամբ իրականացված փախցնելու և բնաջնջման գործողությունների ժամանակ «Միություն և առաջադիմություն» կուսակցության ընդհատակյա հատուկ կազմակերպությանը և բանակային միավորումներին աջակցող, բազմաթիվ վայրերում այս գործողությունները անձամբ համակարգող և գործադրող այնպիսի տարբեր էթնոսներից բաղկացած մուսուլման խմբերի միջև, ինչպիսիք են թուրքերը, քրդերը, չերքեզները, չեչենները, վրացիները, «որակյալ» մեղսակցություն է ստեղծվել:

Մնացյալ հայկական ունեցվածքը թալանած, հայ երեխաներին որպես ծառա կամ հոգեզավակ վերցրած, աղջիկներին իրենց կանանոց առած տեղական ղեկավարները կամ էլ ժողովրդական զանգվածները, հայերից բռնագրաված հարստությունը սեփական կապիտալի վերածած առևտրական բուրժուազիան, հայերից դատարկած արհեստի ասպարեզը զբաղեցրած արհեստավորները ևս դարձել են այս մեծ հանցանքի բացահայտ կամ գաղտնի մեղսակիցները:

«Վատ թուրքերը»

Տեղահանություն իրականացրած անձնակազմում էին «Հարբիյե» ռազմական ակադեմիայի շրջանավարտներից 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Մահմուդ Քամիլ փաշան, Գլխավոր շտաբի հետախուզության վարչությունից գնդապետ Սեյֆին, Ռազմական նախարար Էնվեր փաշայի հորեղբայր Հալիլ փաշան, և խորթ եղբայր Նուրի (Քըլլըգիլ) փաշան, Մոսուլի 6-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալի Իհսան Սաբիս փաշան, Հատուկ կազմակերպության մարդասպան Յակուբ Ջեմիլը և «Գիժ» Հալիթը (Քարսըալան), այնպիսի բժիշկներ, ինչպիսիք են Միություն և առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Բահաեդդին Շաքիրը, Նազըմը կամ էլ Դիարբեքիրի նահանգապետ Մեհմեդ Ռեշիդը, այնպիսի բարձրաստիճան բյուրոկրատներ, ինչպիսիք են «մահակով կառավարիչ» մականունով Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմին, նախ Երզնկայի նահանգապետ, այնուհետև Բիթլիսի, Բաղդատի և Մոսուլի նահանգների ընդհանուր նահանգապետ Մեհմեդ Մեմդուհը, Կրթության նախարար Ահմեդ Շյուքրյուն, Անվտանգության տնօրեն Իսմայիլ Ջանփոլադը, տեղական ավագանին, ինչպես օրինակ՝ Գիրեսունից Թոփալ Օսման աղան և Տրապիզոնից Յահյա Քահյան, Մալաթիայի մյուֆթի Զագիրզադեն:

Բնականաբար, ամենասարսափելի հանցագործությունները գործել են տեղահանության քարավանների վրա օսմանյան պատմության մեջ մինչ այդ նմանը չունեցող բարբարոսությամբ հարձակված, կողոպտած ավազակապետերն ու ավազակային խմբերի անդամները, որոնք ծագում էին տարբեր հասարակություններից: Այս բարբարոսության ընդհանուր պատճառն այն էր, որ այս ավազակախմբերը անդամների մեծ մասին արյունախում մարդասպանների միջից ջանասիրաբար ջոկել էին Միություն և առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ դոկտոր Բահաեդդին Շաքիրն ու Նազըմը: Նրանց, հատուկ հրամանով, բանտերից ազատել էին, որպեսզի իրականացնեին այդ դաժան պարտականությունները:

«Լավ
թուրքերը»

Ի հակադրություն վատերի՝ եղել են նաև ղեկավարներ և բնակիչներ, ովքեր հայերին սպանելու հրամանին ընդդիմանալու համար սպանվել են, հայերին իրենց տներում թաքցրել են՝ դրանով իսկ վտանգելով սեփական կյանքը. օրինակ՝ 1914 թ. սկսած նախ Հալեպի, այնուհետև Կոնիայի նահանգապետ Ջելալ բեյը թույլ չի տվել, որ իր նահանգի հայերին տեղահանեն:

«Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամի այն խոսքին, թե այս արյունոտ ճանապարհորդությունը «ազգային իդեալի» համար է, նա պատասխանել է. «Ո՞ր ազգային իդեալի: Թուրքերն ու մուսուլմանները այս ոճրագործությունների պատճառով արյուն են լացում, սակայն չեն կարողանում խոչընդոտել: Նման դաժանություններն ազգային իդեալ անվանելը ազգի համար ամենամեծ հայհոյանքն ու զրպարտանքն է»: Մինչև 1915 թ. հոկտեմբերը, երբ պաշտոնից ազատվեց, խոչընդոտել է բազմաթիվ հայերի՝ նաև շրջակա գավառներից, Դեր Զոր աքսորելուն: 1915 թ. օգոստոսին Անկարայի նահանգապետ Մազհար բեյը պաշտոնից ազատվել է, որ դեմ է արտահայտվել իր նահանգի հայերին աքսորելու հրամանին: Մազհար բեյը հետևյալ կերպ է մեկնաբանել հրամանին դեմ արտահայտվելու իր որոշումը՝ «ես նահանգապետ եմ, ոչ թե ավազակ»:

Քութահիայի կառավարիչ Ֆաիկ Ալին (Օզանսոյ) չի բավարարվել լոկ իր շրջանի հայերին աքսորելու հրամանին չենթարկվելով, Բալըքեսիրից, Աֆյոնից, Իզմիթից և Ադափազարից Քութահիա եկած հայերին ցուցաբերել է տարատեսակ օգնություն: Որպեսզի Քութահիայում չկուտակվեն, եկած հայերին, ըստ մասնագիտության և արհեստի, ուղարկել է շրջակա գավառներ և գյուղեր: Նա մյուս գավառներից Քութահիայում ապաստանած հայ աղքատներին է բաժանել այն 500 ոսկին, որը հավաքել և Կարմիր մահիկին էին տվել Ֆաիկ Ալիի հովանու տակ վերցված հայերը: Ֆաիկ Ալին գաղթականների համար ճաշարաններ է կառուցել: Որպեսզի հայ երեխաներն անուս չմնան, դպրոց է բացել և տնօրեն նշանակել մի հայի:

Կաստամոնուի նահանգապետ Ռեշադ բեյը, Յոզղաթի կառավարիչ Ջեմալ բեյն ու Էրզրումի նահանգապետ Թահսին բեյը չեն ենթարկվել բնաջնջման հրամաններին: Մալաթիայի քաղաքապետ Ազիզօղլու Մուսթաֆա աղան տեղահանությունը խոչընդոտելու իրավասություն չուներ, սակայն բազմաթիվ մարդկանց է թաքցրել իր տանը: Միություն և առաջադիմություն կուսակցության անդամներից մեկի որդին սպանել է նրան՝ ասելով, թե «պաշտպանում է անհավատներին»: Լիջեի քայմաքամ Հուսեին Նեսիմի բեյին, Բեշիրի քայմաքամ Մուավինի Սաբիթ բեյին, Բասրայի նահանգապետ Ֆերիթ բեյին, Մյունթեֆեկի կառավարիչ Բեդիի Նուրի բեյին և լրագրող Իսմայիլ Մեսթային սպանել են Միություն և առաջադիմություն կուսակցության պարագլուխներից դոկտոր Ռեշիդ բեյի հրամանով: Իսկ Մարդինի կառավարիչ Հիլմի բեյը վերջին պահին է փրկվել մահից:

Սավուրի քայմաքամ Սըթքը բեյը 200 դոմինիկյան միսիոների թաքցրել է իր տանը: Միդյաթի քայմաքամ Նուի բեյը, Չերմիքցի Մուհամմեդ Համդի բեյը, սավուրցի Մեհմեդ Ալի բեյը, սիլվանցի Իբրահիմ Հաքքը բեյն այն անձինք էին, ովքեր հայերին և ասորիներին օգնություն են ցուցաբերել: Եդեսիայի մայոր Սըթքը բեյը մահից փրկել է ասորի համայնքին և հայ կաթոլիկ համայնքի առաջնորդներին: Եդեսիացի Հաջի Հալիլը մի ընտանիքի 7 անդամներին փրկելու համար թաքցրել է իր տան առաստաղում:

Կոնիայի նահանգապետ Ջելալ բեյի հուշերը

Հոդվածն ավարտենք Կոնիայի նահանգապետ Ջելալ բեյի 1919 թ. «Վաքիթ» թերթում լույս տեսած «Հայկական դեպքեր, պատճառներն ու ազդեցությունը» վերնագրված հուշերից մի հատվածով. «Այդ ժամանակվա օսմանյան կառավարությունը քանի որ մտածում էր՝ ռուսները հարձակվելու են Սաքարիայի հովտի վրա, հայերն էլ նրանց աջակցելու են, որպես կանխարգելիչ միջոց` ասում էին, որ տեղահանությունը տարածվելու է մինչև Անկարա, Կոնիա և Էսքիշեհիր: Այդ ժամանակ քանի որ ռուսները դեռ նոր էին զրահանավերով մատակարարվել, մենք դեռ իշխում էինք Յավուզում, Լեսբոսում և Սև ծովում, անհնար էր, որ ռուսների զինվորները մտնեին Սաքարիայի ավազան: Եկեք այս հնարավորությունն էլ ընդունենք… Ինչու՞ Բուրսայի, Էդիրնեի և Թեքիրդաղի հայերին տեղահանեցին: Այս տեղերն է՞լ էին մտնում Սաքարիայի ավազանի մեջ: Հալեպում նահանգի բնակչության 1/70 անգամ չկազմող հայերից ի՞նչ էին ուզում: Ճիշտ, սխալ հայրենիքի բարօրության համար հայերին իրենց բնակավայրերից հանելը եթե անգամ անհրաժեշտություն լինի, նման ձևո՞վ պետք է իրականացվի: Կառավարությունը, որը հրամայում է հայերին ուղարկել Դեր Զոր, մտածե՞լ է, թե այս խեղճերն այնտեղ արաբ քոչվոր ցեղերի մեջ առանց կացարանի ու սննդի ինչպե՞ս են ապրելու: Եթե մտածել է, ապա հարցնում եմ` այնտեղ որքա՞ն սնունդ են ուղարկել, գաղթականների համար քանի՞ տուն է կառուցվել: Հայերի նման դարեր շարունակ նստակյաց կյանքով ապրող ազգին Դեր Զորի անապատներում, որտեղ ջուր և շինարարական այլ նյութեր չկան, բնակեցնելու նպատակը ո՞րն էր: Ցավոք, խնդիրը մերժելու և աղավաղելու հնարավորություն չկա: Նպատակը ոչնչացումն էր, ոչնչացրեցին: Կրկին թաքցնել ապարդյուն է, այս որոշումը կայացրել են «Միություն և առաջադիմություն» կուսակցության ընդհանուր կենտրոնի հայտնի անդամներից ոմանք, և, բնականաբար, այն կյանքի է կոչել կառավարությունը, որը բաղկացած է այդ ընդհանուր կենտրոնի անդամներից»:


Աղբյուրը` Akunq.net
Թուրքերենից
թարգմանությունը՝ Անահիտ Քարտաշյան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1165 reads | 22.06.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com