ԱՐԵՒԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԱԽՈՂՄԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր





Վարագույրն իջաւ այնքան սպասված Վիլնյուսի վեհաժողովի վրա: Երեւանը չնախաստորագրեց ասոցացման համաձայնագիրը:
Թեեւ հայտնի էր արդեն, որ ստորագրությունների արարողակարգի ծրագրում, երբ չէր հայտնվել Հայաստանի անունը, պարզ էր, որ նախաստորագրությունը չէր նախատեսվել։

Մի պահ, Ուկրաինայի մերժումը` շարունակելու ասոցացման գործընթացը, երկրորդ պլան մղեց ՀՀ-ի ՄՄ-ի միացման որոշումով Եւրոպական Միության հետ ասոցացման նախաստորագրության չեղյալ համարումը: Վիլնյուսի ժողովն ամբողջ իր քննարկումներով, մեկնաբանություններով եւ քաղաքական հայտարարություններով առաւելաբար կենտրոնացել էր Ուկրաինայի կարգավիճակի ճշտորոշման հարցերի վրա:

Մոլդուական տատանումները մի պահ նաեւ այն տպաւորությունը թողեցին, որ Վրաստանը առանձին էր մնալու Արեւելյան գործընկերության պաշտոնապես ասոցացվող երկիրներում, մանաւանդ որ նույնիսկ Ադրբեջանը, հակառակ դրա, որ աղյուսակում չէր ներառվել, ինչ-որ առիթով հայտարարեց, որ այդ ուղղությամբ ընթանալու մտադրություն չունի:

ՀՀ - ԵՄ համատեղ հայտարարությունը անշուշտ որեւէ իմաստով համազոր չէ այն փաստաթղթին, որի համար տարիներ ի վեր բանակցություններ էին վարվում: Այնտեղ ընդհանուր սկզբունքների շուրջ շեշտադրվող եզրեր են, որոնք հռչակագրային բնույթ ունեն, աւելի քան ընթացակարգային իրաւական նշանակություն ունեցող եւ հանգրվան ամրագրող համաձայնագիր:

Քաղաքական յուրահատուկ տեսաբանություն պետք չէ ձեւակերպել` հաստատելու համար, որ ՀՀ-ի ՄՄ-ին միանալու որոշումը Մոսկվայից Երեւան հասած ուղղահայաց թելադրանքների արդյունք է։

Բայց հիմա ունենք այն ինչ ունենք: Երեւանը երկարատեւ բանակցություններից եւ պատրաստ լինելուց հետո չի ստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը: Ուկրաինան նմանատիպ պատճառներով, ՀՀ-ը դուրս բերեց մեկուսացումից եւ իր վրա կենտրոնացրեց Վիլնյուսի ամբողջ ուշադրությունը:

Ճիշտ է, որ նման իրավիճակի գոյառման համար պատասխանատվության բաժին է հասնում արտաքին գերատեսչության վրա: Կա նաեւ հանգամանքների բացատրություն, թե որեւէ իշխանություն նման ժամանակահատվածի եւ նման պայմաններում ի՞նչ այլ քայլ առնելու հնարաւորություն ուներ։

Պատճառահետեւանքային կացությունների մասին կարելի է եւ դեռեվս պիտի խոսվի անպայման շատ: Մինչ ԵՄ-ի շրջանակների կողմից ինչպէս Կիեւի, այնպէս նաեւ Երեւանի համար կա հստակ մոտեցում իշխանություններն ու քաղաքացիական հասարակությունը այս հարցում տարանջատելու` ընդգծելու համար, որ ժողովուրդները միանշանակ կողմ են դեպի Եւրոպա սուրալու, մինչ իշխանությունները ռուսական պարտադրանքների տակ արգելակում են այդ ընթացքը, դեմ դուրս գալով ժողովրդի կամքին:

Քաղաքացիական հասարակությունները, հայտնաբար պիտի շարունակեն աշխատանքային թիրախ մնալ եւրոպական կառույցների կողմից, իհարկե, պետականին առընթեր: Եւ եւրոպական նորմերի տարածումն ու որդեգրել տալու վարքագիծը թվում թե աշխույժ թափ է ստանալու Հայաստանում գործող եւրոպական զանազան ոլորտների վերաբերող կառույցների մոտ։

Ինչ վերաբերում է պատասխանատվությունների ճշտմանը, այստեղ պետք է բանի քաղաքական հետեւյալ տրամաբանությունը եւս։ Մանաւանդ միջազգային եւ հատկապես եւրոպական հանրային կարծիքին հայկական կողմն ունի տվյալներ պատասխանատվությունը բեռցնելու ՀՀ-ը շրջափակած կողմի վրա:

Եւրոպական քաղաքական եւ հասարակական շրջանակները պիտի իմանան, որ Հայաստանի դեպի Եւրոպա դուրս գալու եւ առեւտուրը համապարփակ ու խոր տարողությամբ կայացնելու համար հիմնական ուղին Թուրքիայից է անցնում։ Այդ ուղին փակ է քաղաքական պատճառներով:

Նույն Եւրոպան, որին այսօր չհաջողվեց իրականացնել Արեւելյան գործընկերության ասոցացման համալիր ծրագիրը, Մոսկվային առընթեր պիտի փնտրի նաեւ դեպի Եւրոպա ընթանալ ցանկացողների դիմաց սահման փակող կողմի պատասխանատվությունը: Պատասխանատվություն, որ նաեւ իր (ԵՄ-ի) քաղաքականության ձախողման գլխաւոր պատճառներից է:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
741 reads | 02.12.2013
|
avatar

avatar
1
Վիլյնուսը Մյունխենի վերակենդանացման փորձ էր, պարզապես սահմագիծը չէր ճշգրտված...Եւ եթե Պուտինին փամեմատում են Ստալինի հետ, ապա միացյալ Եվրոպան Հիտլերն է...

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com