ՉԵԽԻԱՅՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ՀԱՅԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ. ԲԱԽՏԱՎՈՐ ԱԶԳ ԵՆՔ․
«Տենց երկիր չկա, իմ դասատուն պրոֆեսոր է, նա Հայաստան անունով երկիր չգիտի». 19 տարի առաջ Պրահայում, երբ ես ու քույրս պատասխանեցինք՝ «որտեղի՞ց եք հարցին», այսպես վրա տվեց մեր հասակակից մի չեխ երեխա: Ես ու քույրս բորբոքվեցինք, չնայած այդ ժամանակ մենք էլ կարգին չգիտեինք, թե որտեղ է մեր Հայաստանը: Վրա տվեցինք, որ՝ չէ, կա մի տեղ այդ երկիրը, մենք էդտեղից ենք եկել: Բայց մեր ասածը համոզիչ չէր կենտրոնական Եվրոպայում հասակ առնող բնակչի համար:

Ձեռքներս Kingfisher-ի աշխարհագրական հանրագիտարաններից էր ընկել, որտեղ Հայաստանի մասին ընդամենը մի էջ հոդված կար: Ամեն անգամ էդ էջը բացելիս երազում էի ցույց տալ ինքնությունս չճանաչող չեխին, որ համ իր բերանը փակվեր, համ էլ ասեի, որ իր պրոֆեսորին էլ իրազեկի: Բայց Էդ տղային այլևս չտեսա: Իմ՝ 6 տարեկան երեխայիս, երազանքը կատարվեց ոչ թե անգլիացիների հրատարակած հանրագիտարանով, որտեղ 5000 տարվա պատմություն ունեցող երկիրը խցկել էին մի էջի մեջ, այլ հենց հայերի շնորհիվ, Պրահայում՝ չեխերի մարզադաշտում:

Ցույց տվեցինք, որ մենք ոչ միայն գոյություն ունենք, այլև մտնում ենք իրենց հայտնի երկիրն ու ոչ պակաս հայտնի ֆուտբոլային հավաքականի համար անելանելի իրավիճակ ստեղծում: Թեպետ չեխ մեկնաբանն ասում էր, որ Կառլեն Մկրտչյանը հավերժ կհիշի Պետր Չեխին խփած գոլը, բայց չեխերն էլ երբեք չեն մոռանա իրենց համարյա անծանոթ երկրից կերած երկու գոլը: Առաջին գոլից հետո Չեխիայի հավաքականի՝ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը՝ Պետր Չեխը, հայացքը հառել էր հրճվանքից իրենց կորցրած հայերին, ուշադիր զննում էր: Petr Իմ աչքին նա վերածվեց Հայաստանը չիմացող այն փոքր տղային, որը, սակայն ի վերջո բացահայտում է Հայաստանն ու ջանք թափում, որ հասկանա, թե ովքեր են սրանք:

Նա նման էր տարիներ առաջ Գյումրիում տեսածս տղաներին, որոնք ապշած նայում էին մեքենայի ղեկին նստած հորաքրոջս ու չէին հասկանում, թե ո՞նց կարող է կինը մեքենա վարել: Մի քանի հարյուր հոգանոց հայկական տրիբունան«Հայեր, հայեր», «Հայաստան, հուպ տուր», երբեմն՝ «Սերժիկ, հեռացիր» գոռալով ավելի մեծ աղմուկ էր բարձրացնում, քան մյուսները՝ 20 000 տեղանոց մարզադաշտում: Տրիբունաներում հայեր կային, որոնք երբեք Հայաստանում ֆուտբոլ նայելու չէին գնա կամ, որոնք եկել էին, պարզապես, որ իրենց հայ ծնողները չնեղվեն: Բայց վերջում բոլորն էլ կտրված ձայներով էին միմյանց շնորհավորում: «Վահան, որ էս խաղը Հայաստանում լիներ, կգնայի՞ր», – հարցնում եմ: «Չէ իհարկե, առաջին անգամ էի ստադիոնում»- ասում է, տնտեսագետ Վահանը, որը երկու տարի է՝ Չեխիայում է. 24 տարեկանում արդեն յոթ համալսարան է ավարտել ու էլ երբեք չի վերադառնա Հայաստան:

Ես վերջին անգամ մարզադաշտ էի գնացել 2004թ.-ի Հայաստան Հունաստան խաղին (0-1), բայց երեսիս Հայաստանի նկարած դրոշը կրելու համար ինձ հասցված ձեռառնոցիներին չդիմանալով՝ պարզապես որոշեցի էլ երբեք չգնալ: Սակայն, երբ առաջին անգամ վերադարձա Չեխիա, որտեղ արդեն հին վիրավորանքս ոչ թե դեմքիս դրոշի համար էի ստացել, այլ՝ իմ դրոշն աշխարհի վրա չճանաչելու, գնացի մարզադաշտ: Փարատվեց 19 տարի առաջ Չեխիայի բակային ֆուտբոլի դաշտում ստացած մանկական վիրավորանքս, ու ես խաղից հետո կարող էի Հայաստանի խորհրդանիշներով շարֆը վզիս գցել, հպարտ նստել Պրահայի փաբում: Իսկ մոտեցող չեխերը չէին հարցնում՝ էդ ո՞նց էղավ, որ Մաքսային միություն եք մտնում կամ՝ ակտիվիստներին ծեծողներն ինչո՞ւ չեն բացահայտվում կամ՝ Սուրեն Խաչատրյանի տղային ո՞նց ազատեցին: Նրանց համար Հայաստանը մի երկիր էր, որը հաղթել էր իրենց, իսկ պարտությունն արդարացնում էին հայերի բախտի բերմամբ: Իսկ ես փոխանակ ասեի՝ մի հատ ձեր աշխարհագրական դիրքին նայեք, հետո՝ Հայաստանինը ու նոր խոսեք բախտից, պարզապես ասում էի՝ հայերի բախտը միշտ է բերում:

Հովհաննես Իշխանյան
Պրահա
Աղբյուրը՝ Aravot.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
641 reads | 10.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com