ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՔՐԴՍՏԱՆ
ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ








ՍՍՀՄ կազմում քրդական կազմավորման մասին խոսակցություններ կային արդեն 1921 թվականին։ Ադրբեջանի ՍՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեի նիստում 1923 թ. հուլիսի 7-ին որոշում ընդունվեց Քրդստանի գավառի (միաժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հետ) ստեղծման մասին, ձևականորեն հաստատվեց Ադրբեջանի ՍՍՀ Կենտգործկոմի նախագահության հրամանագրով 1923 թ. հուլիսի 16-ին (նախագահ՝ Ս.Մ.Կիրով)։

Քրդստանի գավառը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև և ընդգրկում էր Քելբաջարի, Լաչինի և Կուբաթլիի շրջանները։ Կարևոր նպատակներից մեկն էր Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը բաժանող վարչական գոտու ստեղծումը։

Քրդստանի գավառի ստեղծումը նաև արտաքին քաղաքական նպատակներ էր հետապնդում։ Կարմիր Քրդստանը առաջին քրդական վարչատարածքային միավորը դարձավ աշխարհում, և միայն այդ հանգամանքն արդեն պիտի գրավեր քրդերի համակրանքը սովետական պետության նկատմամբ։ Քրդական ազգային շարժման առաջնորդների սովետամետ տրամադրվածությունը ուրախալի էր, սակայն Մոսկվայի ցանկացած ներգրավվածություն քրդական շարժման մեջ առաջացնում էր Անկարայի և Թեհրանի հետ հարաբերությունները լրջորեն փչացնելու վտանգ։

Այդ իսկ պատճառով քրդական հարցի վերաբերյալ ընդունվեց «միջին գիծը»՝ արտաքնապես համակրել քրդերին, բայց քրդական շարժումը հնարավորինս պահել հսկողության տակ, ձեռնածելով նրանով ըստ մերձավորարևելյան դրության փոփոխության։

Արտաքին գործերի ժողկոմիսարիատի կոլեգիան 1923 թ. մարտի 8-ին որոշում ընդունեց քրդական հարցի վերաբերյալ՝ «չաջակցել ոչ քրդական անջատողականությանը թուրքերի դեմ, ոչ թուրքական ամբողջատիրությանը քրդերի նկատմամբ և համակրանքով վերաբերվել քրդերի պայքարին Անգլիայի դեմ»։

Այն տարիներին քրդական հարցը բավական սուր էր դրված Մերձավոր Արևելքում, հատկապես Թուրքիայում։ Սևրի դաշնագրի պայմաններից ձերբազատվելու համար քեմալական իշխանություններն ակտիվորեն սիրաշահում էին քրդական վերնախավին։

Սակայն, Լոզանի պայմանագիրը (1923 թ. հուլիսի 24) ստորագրելուց հետո քեմալականները կտրուկ շրջադարձ կատարեցին քրդական հարցում իրենց քաղաքականության մեջ։ Քրդերի դժգոհությունը արտահայտվեց 1925 թ. Շեյխ Սայիդի գլխավորած քրդական ապստամբության տեսքով։ Ապստամբությունը դաժանորեն ճնշվեց, որից հետո Աթաթուրքի կառավարությունը հայտարարեց, որ Թուրքիայում ո՛չ քուրդ կա, ո՛չ էլ քրդական հարց։

Այս ամենը պիտի անդրադառնար նաև ՍՍՀՄ քրդերի վրա, քանսզի սովետական կառավարությունը բարեկամական հարաբերություններ էր պահպանում քեմալականների հետ և չէր ցանկանում գրգռել և նրանց բացասական հակազդեցությունը առաջացնել այն փոքրամասնության ազգային իրավունքները հարգելու պատճառով, որի ազգակիցները Թուրքիայում հայտարարվել էին օրենքից դուրս։

1925 թ. դեկտեմբերի 17-ին կնքվեց սովետա-թուրքական պայմանագիրը բարեկամության և չեզոքության մասին, որը հաստատվեց և զարգացվեց Անկարայի արձանագրությունների շարքով։

Շուտով նկատելի դարձավ ՍՍՀՄ հետաքրքրության նվազումը Թուրքիայում քրդական շարժման նկատմամբ և քրդերի գործողությունների վերաբերյալ մեկնաբանությունների ավելացող անբարյացկամ տոնայնությունը։

Հատկապես դա արտահայտվեց «Հոյբուն» կոմիտեի ղեկավարած արարատյան ապստամբության ժամանակ։ Սովետական սահմանապահ իշխանությունները անմիջական գործակցություն ցուցաբերեցին թուրքական պատժիչ զորքերին։

Անմասն չմնացին նաև սովետական հատուկ ծառայությունները (մասնավորապես՝ ՄՊՔՎ արտերկրների բաժինը), որոնք 20-ական թվականների կեսերից փորձում էին կապեր հաստատել Մերձավոր Արևելքի տարբեր ռազմաշունչ ցեղերի առաջնորդների հետ, որպեսզի օգտագործեն այդ ցեղերը «միջազգային ամբողջատիրության» դեմ պայքարում։

1925-1927 թթ. Քրդական ապստամբությունները գրավեցին սովետական հետախուզության ուշադրությունը։ Իրանական Քերմանշահում ՄՊՔՎ գործակալ Միխայիլ Ալխազովը (Ալլահվերդով), որը պաշտոնապես սովետական հյուպատոսության քարտուղարն էր, կապ հաստատեց ազդեցիկ քուրդ շեյխ Նիզամետդինի հետ, որը մանրամասն տեղեկացնում էր Իրանում քուրդ ապստամբների գործունեության և ծրագրերի, նաև Իրաքի քրդերի հետ նրանց կապերի մասին։

20-ական թվականների վերջում սովետական հետախուզությունը գործնականում դադարեցրեց Թուրքիայի դեմ աշխատանքը, քանի որ ՄՊՔՎ ղեկավարները ծրագրել էին Ստամբուլը դարձնել Մերձավոր Արևելքի գործակալական կենտրոն և համարում էին, որ եթե ՄՊՔՎ-ը չդիպչի թուրքերի շահերին, ապա նրանք պիտի մատների արանքով նայեն սովետական հետախուզության աշխատանքին այլ երկրների դեմ։ Այդ պատճառով դադարեցվեցին Մոսկվայի գործակալների կապերը քրդերի հետ։

Հառիթս, սովետական իշխանությունները ՀՅԴ և քրդերի կապերի մասին ՄՊՔՎ ուղիներով ստացված իրենց տեղեկությունները օգտագործեցին Մերձավոր Արևելքում ակտիվ գործող հայկական սփյուռքի չեզոքացման համար։

Թեհրանում սովետական լիազոր ներկայացուցիչ Յակով Դավթյանը (Դավիդով) թուրքական և իրանական կառավարություններին հանձնեց փաստաթղթեր քուրդ ապստամբների զինմանը և վարժեցմանը դաշնակների մասնակցության մասին։ Թուրքիայում և Իրանում կատարվեցին դաշնակցական գործիչների խուզարկություններ և ձերբակալություններ, ինչը փաստորեն կաթվածահար արեց ՀՅԴ գործունեությունը ՍՍՀՄ հարավային սահմաններին։

Քրդստանի գավառը գոյատևեց կարճ ժամանակ և 1929թ. ապրիլի 8-ին լուծարվեց Խորհուրդների VI համաադրբեջանական համագումարի որոշմամբ։ 1930թ. մայիսի 25-ին հրապարակվեց Ադրբեջանի ԽՍՀ ԿԳԿ որոշումը Քրդստանի օկրուգի կազմավորման մասին։ Այն տարածքով ավելի մեծ էր, քան իր նախորդը՝ Քրդստանի գավառը։ 

Նախկին գավառի տարածքից բացի, նրա կազմի մեջ մտան նաև Զանգելանի շրջանն ամբողջությամբ և Ջաբրայիլի շրջանի մի մասը։

Այսպիսով, Կարմիր Քրդստանը սահման ունեցավ Իրանի հետ։ Պետք է նշել, որ ըստ 1920-ական թվականների սկզբի քարտեզների` ԼՂԻՄ-ը սահման ուներ Հայաստանի ՍՍՀ հետ, սակայն նշված վարչական փոփոխություններից հետո այդ տարածքային կապը կտրվեց։

Երկուսուկես ամիս անց՝ 1930թ. հուլիսի 23-ին, ԽՍՀՄ Ժողկոմխորհը և ԿԳԿ-ն համատեղ որոշում ընդունեցին, ըստ որի՝ օկրուգները, որպես վարչական միավորներ, լուծարվում էին, իսկ օգոստոսի 8-ին համապատասխան որոշում ընդունվեց Սովետական Ադրբեջանի իշխանությունների կողմից։

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
4032 reads | 11.11.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com