ԱՄՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ՇՓՈԹՎԱԾ Է

Ամերիկյան հետախուզությունը Օբամայի աշխատակազմին և Կոնգրեսին զեկուցեց, որ ռուսական զորքերը կփորձեն Ղրիմ տանող ցամաքային միջանցք բացել՝ հարձակում գործելով Խարկովի, Լուգանսկի և Դոնեցկի վրա: Սակայն, հնարավոր է, որ թիկունքային նախապատրաստումները նշանակում են, որ առաջ քաշված զորամիավորումը երկար է պատրաստվում մնալ ուկրաինական սահմանների մոտ:

Ղրիմը իր տիրապետության տակ վերցնելուց հետո ռուսական զորքերի թվաքանակը Ուկրաինայի հետ սահմանին մշտապես աճում է: Զորքին մատակարարվում է մեծ քանակի սննդամթերք և դեղորայք, որը նախատեսվում է հնարավոր հետագա գործողությունների համար:

Սակայն ամերիկյան հետախուզությունը չի շտապում հնարավոր հարձակման վերաբերյալ ստույգ տարեթվեր ասել: Վլադիմիր Պուտինի գործողություններին գնահատական տալը այնքանով է դժվարանում, որ վերլուծաբանների տրամադրության տակ ռադիոէլեկտրոնային ստորաբաժանումների կողմից տրամադրված չափազանց քիչ տվյալներ կան, որը նույնպես անհանգստության տեղիք է տալիս: Բացի այդ, ամերիկյան հետախույզները չեն տիրապետում տեսանկարահանումների, որոնք սովորաբար ստացվում են անօդաչու թռչող սարքերի կողմից, այլ միայն ստիպված են ռուսական զորքերի ստույգ տեղակայման վայրի մասին ենթադրություններ անել արբանյակներից ստացված լուսանկարներից:

Մարտի 27-ին տեղեկություն ստացվեց, որ ռուսական բանակը ռազմա-դաշտային հոսպիտալ է տեղակայել Բրյանսկի շրջանում, որը ընդամենը 20 կմ է հեռու ռուս-ուկրաինական սահմանից: Հաղորդվում էր նաև, որ ռուսական երկաթուղիները բանակային ստորաբաժանումների համար տարբեր տեսակի ապրանքներ են մատակարարում: Այս ամենը կարող է նշանակել, որ զորամասերը և առանձին ստորաբաժանումները երկար են պատրաստվում մնալ այդտեղ՝ առանց նպատակ ունենալու հարձակվել Ուկրաինայի վրա: Սակայն վերջին շրջանում ամերիկյան հետախուզության վրա «չարժե հույս դնել»:

Վերջին շրջանում հետախուզության գործողությունները հակասությունների և վեճերի առիթ են տալիս: Մի շարք ամերիկյան քաղաքական գործիչներ կարծիք են հայտնում, որ տեղեկատվության արտահոսքը թույլ է տվել ռուսական ստորաբաժանումներին շրջանցել ամերիկյան հետախուզության բազմաշերտ ցանցը: Վարկածներ են հնչում, որ ամերիկյան հետախուզությունը, որը ծանր հարված է ստացել Սնոուդենի կողմից, այս պարագայում այդքան էլ մեղավոր չէ, պարզապես ռուսները կապ են պահել նրանց հետ, ովքեր լիազորված են եղել նման տեղեկատվություն կրելու համար և խստագույնս պահպանել են անվտանգությունը կապուղիներից օգտվելու ժամանակ, որը գնահատանքի արժանի պրոֆեսիոնալիզմ է:

Այս պարագայում արդեն ամերիկյան հատուկ ծառայությունները կրկնապատկել են իրենց ուշադրությունը և լի են վճռականությամբ կորցրած հեղինակությունը վերականգնելու համար: Ուկրաինական իշխանությունների տվյալներով Ռուսաստանը սահմանին տեղակայել է 100 հազարանոց զորամիավորում, տվյալներ են հնչում նաև ավելի պակաս՝ մոտ 30 հազարանոց խմբի մասին, որը սակայն նույնպես բավական է ուկրաինական բաժան-բաժան եղած և վատ կազմակերպված բանակի նկատմամբ հաղթանակ տանելու համար:

Ներկա պահին ռուսական զինված ուժերը տեղակայված են Ռոստովի, Կուրսկի և Բելգորոդի շուրջ, որը անմիջականորեն դեմ դիմաց է Խարկովին, Լուգանսկին և Դոնեցկին: Ուժերի նման դասավորվածությունը, իրոք, մեծ անհանգստության պատճառ է:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ foreignpolicy.com

 

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
482 reads | 28.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com