ԱՄԵՆՔԸ ԳՈՀ ԵՆ, ՄԵԿԸ` ԶԱՅՐԱՑԱԾ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Այն, ինչի համար տարիներ շարունակ պայքարում էին աշխարհի լավագույն դիվանագիտական ուղեղները, կատարվեց: ‹‹Լեռը հսկա ծնեց››:

Մի քանի ժամ առաջ Ժնևում իր աշխատանքն ավարտեց ‹‹Վեցյակի›› (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանի արտգործնախարարների խորհրդակցությունը, որը հանգուցալուծեց համաշխարհային քաղաքականության խոշորագույն խնդիրներից մեկը. համաձայնության եկավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Առանց չափազանցության կարելի է ասել, որ դա վերջին 10 տարիների ընթացքում միջազգային քաղաքականության ամենամեծ նվաճումներից է:

Կողմերին հաջողվեց համոզել Իրանին չտեղադրել նոր սարքավորումներ ուրանի հարստացման hամար և դադարեցնել ծանր ջրի ռեակտորի շինարարությունը, որը կարող է ստեղծել պլուտոնային զենք:

Պարզ ասած` Իրանը փաստորեն հրաժարվում է միջուկային զենք ստեղծելու պլաններից առայժմ վեց ամիս ժամկետով:

Պայմանավորվածությունն իրավունք է վերապահում Իրանին շարունակել խաղաղ ատոմի հետ կապված բոլոր աշխատանքները` Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում, որի անդամ-երկիրն է նա հանդիսանում:

Սրանք են ընդհանուր գծերով ‹‹Վեցյակի›› պայմանները, որոնց հետ համաձայնել է Իրանը:

Իսկ ի՞նչ է նա ստանալու դրա դիմաց: Շատ բան:

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խզելուց հետո Իրանի ակտիվները սառեցված են ամերիկյան բանկերում: Ինչպես հայտարարեց Բարաք Օբաման, դրանց անգամ մասնակի ապասառեցումը, Թեհրանին կբերի 8 մլրդ. դոլարի տնտեսական օգուտ:

Բացի այդ` միջազգային հասարակությունը կվերացնի իրանական նավթի արտահանման սահմանափակումը, ոսկու և թանկարժեք մետաղների առևտրի արգելափակումը, կիրականացնի օտար ներդրումներ Իրանի ավտոմոբիլային, տրանսպորտային, նավթատեխնիկական արդյունաբերության և այլ բնագավառներում:

Կվերացվեն հումանիտար, կրթական և գիտական համագործակցության արգելքները:

Պետական այրերը չեն թաքցնում իրենց ուրախությունը: Գոհ են բոլորը, բացի Իսրայելից, որտեղ համաձայնությունն առաջացրել է քաղաքական փոթորիկ:

‹‹Դա ոչ թե պատմական ձեռքբերում է, այլ պատմական սխալ››, ‹‹Արևմուտքի դիվանագիտության պարտություն››, ‹‹Իրանի դիվանգիտության հաղթանակ››,- այս կերպ են Թել Ավիվը և պրեմիեր Նեթանյահուն գնահատում կատարվածը:

Իսրայելը մտավախությունն ունի, որ Իրանը կվերադառնա ատոմային ռումբի արտադրման ծրագրին, որի հետևանքով ‹‹երկրագունդը կդառնա ամենավտանգավոր տեղը››: Եվ պահանջում է, որ Իրանն ընդհանրապես հրաժարվի միջուկային խաղաղ ծրագրից ու ոչնչացնի եղած տեխնոլոգիան:

Իրոք, Իրանը, ինչպես նաև տասնյակ այլ երկրներ իրենց ունեցած տեխնոլոգիաների օգնությամբ կարող են ստեղծել միջուկային զենք. դրա համար պետք է անել ընդամենը մեկ քայլ:

Ճշմարտություն կա նաև Իսրայելի այն ասածների մեջ, որ ժնևյան որոշումները կանաչ լույս կվառեն տարածաշրջանային այն երկրների ճանապարհին, որոնք ունեն նման տեխնոլոգիաներ և ներուժ, հետևաբար կարող են ստեղծել միջուկային զենք: Այդ երկրների թվում է Թուրքիան:

Սակայն խնդիրը ոչ թե զենքի արտադրության մեջ է, այլ հսկողության և դրա չտարածման:

Այնպես որ, երբ Իսրայելը հանդես է գալիս Իրանի` անգամ խաղաղ միջուկային ծրագրի դեմ, չգիտես ինչու մոռանում է, որ ինքը տիրապետում է զանգվածային ոչնչացման զենքին և ցայսօր չի ստորագրում դրա չտարածման միջազգային պայմանագիրը:

Իսկ ի՞նչ կբերի Ժնևի համաձայնությունը Հայաստանին.

ա/ անպայմանորեն կթուլացնի միջազգային լարվածությունը ողջ աշխարում, Մեծ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում,

բ/ ԱՄՆ-Իրան հակամարտությունը միշտ հղի է եղել ռազմական բախման սպառնալիքով, որի վերացումը կամ գոնե նվազումը, ուղղակիորեն առնչվում է Հայաստանի պետական անվտանգության և ազգային շահերի հետ:

գ/ ամերկա-իրանական հարաբերությունների կարգավորումը կարող է արմատական փոփոխություն մտցնել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրադրության մեջ, որը կրկին համընկնում է մեր ռազմավարական շահերի հետ:

РУССКАЯ ВЕРСИЯ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1705 reads | 25.11.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com