ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՆԱԿՑԵԼ ՉԻՆԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՄ ԱՌԵՎՏՈՒՐ ALIBABA.COM-ՈՒՄ
![]() Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտ, ՉԻՆԱՍՏԱՆ Ինչքան էլ, որ չինացին լավ հարաբերությունների մեջ լինի արտահասմանցու հետ, երբեք գումարային հարցերում դեմ չի գնա երրորդ չինացուն: Ոչ մի դեպքում չպետք է վստահել բանակցությունները չինացի գործընկերոջը կամ ծանոթին, քանի որ նա խնդիրն անպայման կլուծի այնպես, որ ձեռնտու լինի իր երկրացուն: Հնարավորինս պետք է խուսափել թարգմանիչներից, քանի որ չինացիներն ունեն մի տարօրինակություն՝ միջնորդը կամ թարգմանիչը հարցը ներկայացնում է լսող չինացուն այնպիսի երանգներով, որը դուր կգա ու կշոյի վերջինիս ինքնասիրությունը՝ նսեմացնելով հարցադրողի հարցը: ![]() Չինացիների համար շատ դժվար է ստանդարտից դուրս մտածելը. նրանք ունեն սեփական աշխարհընկալումը, իրենց ընկալումներից դուրս գաղափարներ կամ նախաձեռնություններ սկզբից չեն ընդունում: Պետք է պատրաստ լինել այն բանին, որ անհրաժեշտություն կլինի երկար բացատրել առաջարկի իմաստը, մի մոռացեք դանդաղ, հանգիստ ներկայացնել, թե դա ինչքանով օգուտ է իրենց: Եթե նրանք տեսնեն, որ առաջարկից իսկապես կշահեն, ապա կհամաձայնեն: ԱՆՊԱՅՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՔ: Բանակցությունների ընթացքում չպետք է թույլատրել, որ նրանք բանակցությունները վեր ածեն զգացմունքային թատրոնի, ուղղակի պետք է խնդրել, որ հետևեն պայմանագրին, երբեք չպետք է խղճալ նրանց, հայկական «աղայություն» չպետք է ցուցաբերել, նրանք կընդունեն դա, բայց փոխարենը ուրիշ լավ բան չեն առաջարկի... Սկզբնական գին պայմանավորվելուց հետո անմիջապես անհրաժեշտ է տալ գումարը, եթե հետո կատարվի վճարումը, ապա նույնիսկ մեկ շաբաթ առաջ պայմանավորվածի համար հաստատ ավելի բարձր գին կպահանջեն... Չինացիները, երբեմն փորձում են ճնշում գործադրել ձայնը բարձրացնելով, փորձեք հետ չմնալ, բայց միշտ ժպտացեք ու պահպանեք քաղաքավարությունը: Չինացիները լավ հարաբերություններ հաստատելու համար սովորություն ունեն գործընկերոջը հրավիրել ռեստորան ու փակել հաշիվը, անպայման հաջորդ անգամ ինքներդ հրավիրեք ու հյուրասիրեք: Ինչ-որ ձևով նշեք ձեր կրոնական պատկանելությունը, երբեմն այս պատճառով չինացիները ցայտնոտի մեջ են ընկնում, չիմանալով ՝ հյուրին հրավիրել սովորական, թե մուսուլմանական ռեստորան: ![]() Եթե գործընկերը շատ կարևոր է, ապա կարող եք նաև հրավիրել տուն ու հրամցնել ձեր ազգային կերակուրները, չինացիները սիրում են փորձել այն ամենը, ինչ կապված է արտասահմանի հետ: Միասին հաց կիսելը, ինչպես հայերի, այնպես էլ չինացիների համար ընկերական հարաբերություններ հաստատելու առաջին քայլն է: Կարևոր գործընկերոջը հանդիպելիս նախընտրելի է նվիրել որևիցե իր նրան կամ նրա ընտանիքի անդամներին: Կարելի է նվիրել թանկարժեք թեյ, յուրահատուկ ծխախոտ, քաղցրավենիք և այլն: Համացանցով հատկապես Ալիբաբա (http://www.alibaba.com) կամ այլ գործարարական ցանցերով որևիցե ընկերության հետ բանակցելու դեպքում պահանջեք, որ նրանք ձեզ ուղարկեն գործարարության լիցենզիան (business license) և որակի վկայականը (quality certificate), որից հետո փորձեք ճշտել՝ արդյոք գոյություն ո՞ւնի նման ընկերություն: Խորհուրդ եմ տալիս հետևել ժողովրդական ասացվածքին. «ավելի լավ է 1 անգամ տեսնել, քան հազար անգամ լսել»: Նախընտրելի է ուղևորվել Չինաստան ու հանդիպել ընկերության ղեկավարության հետ, պահանջել, որ ցուցադրեն գործարանը: Կապ հաստատող կողմից պետք է պահանջել, որ էլեկտրոնային նամակագրության համար օգտագործեն ընկերության պաշտոնական էլ. հասցեն, այլ ոչ թե yahoo.com, hotmail.com կամ այլ սոցիալական ցանցերում գործող էլ. փոստային հասցեները: Անպայման պետք է համեմատել ընկերության կայքի հեռախոսահամարները կազմակերպության անունից կապ հաստատողի հեռախոսահամարների հետ: Պետք է զանգահարել ընկերության հեռախոսահամարով և հարցնել տվյալ անձնավորության մասին: ![]() Ընդհանուր առմամբ խելացի, հյուրասեր ու բարի ազգ են չինացիները, բայց լավ են պատկերացնում իրենց շահերն ու երբեք չեն զիջում, եթե չեն տեսնում սեփական օգուտը... Առանց կռվի ոչինչ չեն զիջի, բայց հարգում են ուժն ու խելքը... Երևի հենց սա է պատճառը, որ մեծ երկիր ունեն ու նույնիսկ ծովում մի քանի քարակույտի համար պատրաստ են պայքարել: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
12601 reads | 02.12.2013
| |