ԱԼԵՔՍԵՅ ԲՈԳՈՄՈԼՈՎ. Ո՛Չ ՍՏԱԼԻՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄԱՐԴԱԿԵՐ ՎԱԳՐԸ ՉՀԱՂԹԵՑԻՆ ՄԻԿՈՅԱՆԻՆ
Ժամանակին Ստալինն ու Միկոյանը մտերիմ ընկերներ էին: Բայց գնդակահարությունից Անաստասին փրկեց միայն առաջնորդի մահը, որն ուղղակի չհասցրեց դատաստան տեսնել նրա հետ:

Հոկտեմբերի 21-ին լրացավ Անաստաս Միկոյանի` քաղաքական երկարակեցություն ունեցող մի բացառիկ մարդու, ամենայն հավանականությամբ, ԽՍՀՄ-ի առաջնորդների մեջ ամենաարդյունավետ և բազմակողմանի մենեջերի մահվան 55 տարին:

Նրա անվան հետ են կապված և՛ ազգային խնդիրների, և՛ ԽՍՀՄ-ի ինդուստրացման հաջողությունները:

Նրան բավական էր 1936 թվականին մեկնել ԱՄՆ, որպեսզի մեր երկրում հայտնվեին մայոնեզն ու կետչուպը, պատրաստի կոտլետներն ու մատչելի շամպանսկին, եգիպտացորենի փաթիլներն ու ժամանակակից պահածոները, լուծվող սուրճը, փոշե և խտացրած կաթը, տնային սառնարանները, հացի գործարանները և գարեջրի արտադրության ձեռնարկությունները:

Նա, ինչպես հիմա են ասում, կրեատիվ մարդ էր, ինքն էր հնարում անվանումները, օրինակ`«Գաստրոնոմ», և բանաստեղծներին առաջադրանք էր տալիս պրոֆեսիոնալ գրել գովազդային տեքստերը` օրինակ, «Ժամանակն է արդեն, որ բոլորը փորձեն ու համոզվեն, թե որքան համեղ և նուրբ են խեցգետինները»: 

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Միկոյանը, որպես Պաշտպանության պետական կոմիտեի անդամ, պատասխանատու էր բանակին պարենի մատակարարման համար, որի հարցում բանակը պակաս չի զգացել:

Պատերազմից հետո նրա գործունեությունը բազմապլանային էր:

Միկոյանը «հնազանդեցրել է» Հունգարիան և Նովոչերկասկը, ուղղորդել Կարիբյան ճգնաժամի թնջուկը, բարեկամական հարաբերություններ պահպանել Ֆիդել Կաստրոյի և Չե Գեվարայի հետ, ներկա գտնվել Ջոն Քենեդիի հուղարկավորությանը:

Ղեկավարի իր գործունեությունը նա սկսել է Լենինի օրոք և ավարտել Բրեժնևի ժամանակ:

Ժողովրդի մեջ նա հայտնի էր որպես «Իլիչից մինչև Իլիչը` առանց ինֆարկտի և կաթվածի» բնորոշմամբ:

Այսօր մեր ընթերցողներին հնարավորություն ենք տալիս ծանոթանալու այդ փոքրամարմին (նա կարծում էր, որ 60 կիլոգրամից ավել չպետի կշռի), բայց խորհրդային դարաշրջանի ծայրաստիճան գործունյա և հեղինակավոր մարդու հարուստ կենսագրության մի քանի հետաքրքիր դրվագների հետ:

Թե ինչպես Ստալինը մտերմացավ Միկոյանի հետ 

Անաստաս Իվանի Միկոյանը կարողանում էր մտերմանալ և «իր կողը քաշել» տարբեր նախասիրությունների տեր մարդկանց:

Միակ թերությունը, որը նրան հնարավորություն չէր տալիս ավելի առաջնակարգ դիրքեր գրավել, նրա ուժեղ առոգանությունն էր, որից մինչ ի մահ չկարողացավ ձերբազատվել:

Բայց այդ առոգանությունը բոլորովին չէր վրդովում ՌԿԿ(բ)-ի գլխավոր քարտուղար ընկեր Ստալինին, որը սիրում էր իր հայ ընկերոջ հետ նույն շրջապատում լինել: 

Ստալինն էլ էր ակցենտով խոսում, այնպես որ նրանք իրար հիանալի հասկանում էին:

Ահա թե ինչ է այդ մասին հիշում ինքը` Միկոյանը 1970 թվին` «1934 թվին նա այնքան էր կապված ինձ հետ, որ երեկոները մենք շատ երկար էինք նստում, զրուցում էինք, նա ինձ խորհուրդներ էր տալիս: Մի անգամ ինձ առաջարկեց գիշերել իր մոտ` ամառանոցում: Ես, իհարկե, մնացի: Զանգահարեցի կնոջս, որպեսզի տեղեկացնեմ: Դա առաջին դեպքն էր, որ ես չգիշերեցի տանը: Կնոջս համար դա անցանկալի էր: Անցավ մի քանի օր, և նա նորից առաջարկեց մնալ գիշերելու: Ես նորից զգուշացրի կնոջս, որ տուն չեմ գալու, քանի որ նա միշտ սպասում էր ինձ, անկախ նրանից, թե երբ եմ վերադառնալու: Երբ դա տեղի ունեցավ երրորդ անգամ, զգացի (չնայած կինս ուղղակիորեն չէր ասում, բայց աչքերից երևում էր), որ կինս կասկածում է: Իսկ ինչպե՞ս կարելի էր ստուգել՝ ես Ստալինի մոտ եմ, թե ոչ: Պետք էր հավատալ միայն խոսքերիս: Ճիշտ է՝ կինս ինձ լավ գիտեր, մեր համատեղ կյանքի ընթացքում խանդի առիթ երբևէ չի եղել: Այնուամենայնիվ, հաջորդ անգամ, երբ Ստալինն ինձ առաջարկեց մնալ գիշերելու, ես պատճառաբանեցի, որ կինս անհանգստանում է, երբ տանը չեմ լինում, և նա չառարկեց»:

Աշխեն Լազարևնան՝ Անաստաս Միկոյանի կինը, իմաստուն էր: Նա ճիշտ ժամանակին ամուսնուն հետ պահեց «ժողովուրդների առաջնորդի» մոտ գիշերելու սովորությունից: Եվ դա օգնեց նրան ողջ մնալ: «Ինձնից հետո նրա մոտ հաճախ էր գիշերում Սվանիձեն` նրա առաջին կնոջ եղբայրը: Ըստ երևույթին՝ նա մենակ ձանձրանում էր: Հետագայում, երբ Սվանիձեն արդեն չկար, Ստալինի մոտ արդեն ոչ ոք չէր մնում գիշերելու, և նա էլ ոչ ոքի չէր առաջարկում»:

Միկոյան Ալեքսանդր (Ալյոշա) Սվանիձեի մահվան մասին շատ մանրամասներ չեն բացահատում: Մինչդեռ իրականում, նրան ձերբակալեցին 1937 թվին և չորս տարի հետո գնդակահարեցին:

Իսկ Անաստաս Միկոյանը սխալվում է՝ ասելով, թե Ստալինի ամառանոցում նրանից բացի ոչ ոք չի գիշերել: Պատերազմից հետո նրա մոտ մի անգամ գիշերեց Միքայել Չիաուրելին` հայտնի խորհրդային կինոբեմադրիչը: Նրա հետ գեներալի սիմուսը նույնիսկ շախմատ է խաղացել:

Հետագայում նա սարսափով էր հիշում, որ առավոտյան արթնանալով՝ իր սենյակում հանկարծ տեսավ առաջնորդի մարմինը, որը լռությամբ նայում էր իրեն: Բայց չէ՞ որ դրանից առաջ Ստալինը Չիաուրելիին պատմել էր իր երազը, որտեղ տեսել էր, թե բեմադրիչը պատրաստվում է իրեն սպանել:

Իսկ 1949 թվին Վոլնինսկի ստալինյան ամառանոցում մեկ ամիս ապրեց Մաո Ցզեդունը:

Ասացեք, Անաստաս Իվանովիչ, դուք լրտես ե՞ք

Միկոյանը շարունակեց հյուրընկալվել ստալինյան ամառանոցում մինչ 1948 թվականը` մինչ նրա գժտվելը առաջնորդի հետ:

Բայց 1949 թվի դեկտեմբերին` Ստալինի յոթանասունամյակի կապակցությամբ, Միկոյանը, այնուամենայնիվ, գնաց նրա մոտ:

Ահա թե ինչպես է նա հիշում այդ օրը. «Սովորաբար, դեկտեմբերի 21-ին, Ստալինի ծննդյան օրը, Քաղբյուրոյի անդամների մի նեղ խմբով, առանց հատուկ հրավերի, երեկոյան ժամը 10-11-ին մեկնում էինք Ստալինի ամառանոց` ընթրիքի: Առանց հանդիսավորության և ձևականությունների, ուղղակի ընկերական շնորհավորում էինք Ստալինին ծննդյան տոնի կապակցությամբ` առանց ելույթների և տոնական բաժակաճառերի: Մի քիչ գինի էինք խմում:

Եվ ահա XIX-րդ համագումարից հետո իմ և Մոլոտովի մոտ հարց ծագեց` պետք է արդյո՞ք հետևել մեր հին սովորույթին և դեկտեմբերի 21-ին Ստալինի ամառանոց մեկնել առանց հրավերի (դա «Վոլինսկի» ամառանոցն էր):

Մտածեցի, եթե չգնանք, նշանակում է, որ մենք փոխել ենք մեր վերաբերմունքը Ստալինի հանդեպ, որովհետև մյուս ընկերների հետ ամեն տարի լինում էինք նրա մոտ և հանկարծ խախտում ենք ավանդույթը:

Խոսեցի Մոլոտովի հետ: Խորհրդակցեցինք նաև Մալենկովի, Խրուշչովի և Բերիայի հետ և 1952 թ. դեկտեմբերի 21-ին երեկոյան ժամը 10-ին մեկնեցինք Ստալինի ամառանոց:

Ստալինը բոլորին, այդ թվում նաև մեզ, լավ դիմավորեց: Նստած էինք սեղանի շուրջը, սովորական խոսակցություն էինք վարում: Ստալինի վերաբերմունքն իմ և Մոլոտովի նկատմամբ կարծես թե հավասարակշռված էր, սովորականի նման:

Այնպիսի տպավորություն էր, կարծես ոչինչ չի եղել և վերականգնվել են հին հարաբերությունները:

Ընդհանրապես, Ստալինին վաղուց ճանաչելով և նկատի ունենալով, որ իմ և Մոլոտովի հետ նա մեկ անգամ չէ որ կոնֆլիկտներ էր ունեցել, որոնք հետագայում անցել էին, ինձ մոտ այն տպավորությունն էր, որ այս կոնֆլիկտն էլ կանցնի և հարաբերությունները կշտկվեն:

Բայց մեկ թե երկու օր հետո Խրուշչովը, թե Մալենկովը ասաց` «Գիտես ինչ, Անաստաս, դեկտենբերի 21-ից հետո, երբ մենք Ստալինի մոտ էինք, նա շատ բարկացած և վրդովված էր այն բանի համար, որ դուք Մոլոտովի հետ միասին ծննդյան օրը եկել էիք իր մոտ: Նա սկսեց մեզ մեղադրել այն բանում, որ մենք ուզում ենք հաշտեցնել նրան ձեզ հետ, և խստորեն նախազգուշացրեց, որ դրանից ոչինչ չի ստացվի. նա ձեզ այլևս ընկեր չէ և չի ցանկանում, որ դուք այցելեք իրեն»:

Սովորաբար ընկերներով գնում էինք Ստալինի մոտ` Նոր տարին նշելու: Սակայն այս ամենից հետո այլևս չգնացինք:

Ստալինի մահից մեկ թե մեկուկես ամիս առաջ Խրուշչովը կամ Մալենկովը ինձ պատմեցին, որ իրենց հետ զրույցներում Ստալինը ինձ և Մոլոտովին հիշատակել է որպես ամերիկյան կամ անգլիական լրտեսների:

Իսկ ես` շիթերի միջով

Անաստաս Միկոյանի մասին անեկդոտներ էին պատմում. «Կրեմլի շենքերից մեկի մուտքի տանիքի տակ կանգնած են
Քաղբյուրոյի անդամները: Անձրև է գալիս: Դուրս է գալիս Բերիան`նրա գլխին անձրևանոց են բացում, հետո Խրուշչովը`նույն բանը, այնուհետ վազում է Միկոյանը: Ստալինը թե «Անաստաս անձրևանոց վերցրու»: Իսկ նա՝ «Ես շիթերի արանքով, ընկեր Ստալին, շիթերի արանքով…»:

Եվ այդպես «շիթերի արանքով» Միկոյանը տասնյակ անգամ խուսափել է մահվան վտանգից:
Նրան կարող էին սպանել Առաջին հանաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական ռազմաճակատում և 1918 թվին Բաքվում:

Մեկ տարի անց նրան երկու անգամ ձերբակալեցին, և երկու անգամ էլ նա կարողացավ խուսափել դենիկինյան հակահետախուզությունից:

Միկոյանը միակ մարդն էր, որը քաղբյուրոյի կողմից խիստ նկատողություն էր ստացել: Դա տեղի ունեցավ 1933 թվի հունիսին: Իսկ պատժվել էր այն բանի համար, որ շարունակում էր օգտվել օդային տրանսպորտից՝ ի հեճուկս դրա արգելքի:

1942 թվականին դասալիք Սավելի Դիմիտրիևը, որը հրացանը կարողացել էր անցկացնել Ռիժսկի կայարանից մինչև կառափնարան,երեք անգամ կրակեց նրա մեքենայի վրա (կպավ լուսարձակներին և թափքի ներքևի հատվածին):

Անաստաս Միկոյանի թիկնապահ Պյոտր Իսաևը ժամանակին պատմում էր, թե ինչպես 1945 թվին` Մաո Ցզեդունի հետ հանդիպելու համար Չինաստան կատարած իր ուղևորության ժամանակ, քաղբյուրոյի անդամին պատահաբար մոռացան «Տիգրովայա» կայարանին մոտ գտնվող տեղամասերից մեկում:

Այնտեղ նրան կարող էր հոշոտել մարդակեր-վագրը, որից սարսափում էր ամբողջ շրջանը: Միկոյանը կարող էր զոհվել հենց այնտեղ` Կուրիլների մոտ տեղի ունեցած ուժեղ փոթորկի ժամանակ:

Պետանվտանգության վետերաններ Պյոտր Իսաևը և Ալեկսեյ Սալնիկովը հիշում էին, թե ինչպես արդեն հիսունական թվականների վերջերին Անաստաս Միկոյանը խեղդվում էր Ղրիմի կառավարական նստավայրի մոտ տեղի ունեցած փոթորկի ժամանակ, և նրան փրկեցին «ամբողջ աշխարհով»:

1952 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած XIX-րդ համագումարում Ստալինը դեմ արտահայտվեց համագումարի նախագահության կազմում Միկոյանին ընդգրկելու որոշմանը, իսկ հետո պլենումում շատ խիստ արտահայտվեց հենց նրա մասին:

Եթե առաջնորդն ապրեր ևս մի քանի ամիս, ապա Միկոյանը այս աշխարհին հրաժեշտ կտար 35 տարի շուտ (նրա մասին ցուցմունքներ էին կորզում Հրեական հակաֆաշիստական միության գործով ձերբակալվածներից):

Մահը գրեթե ամեն տեղ ուղեկցել է նրան՝ առանց տանիքի բաց զրահամեքենայով խռովարար Բուդապեշտի փողոցներով շրջելիս, 1959-ին SAS ավիաընկերության Բոինգ ինքնաթիռով թռնելիս, երբ վառվեցին չորս շարժիչներից երկուսը, ինչպես նաև «բժշկական սխալմունքի» պատճառով, երբ 1963-ին 68-ամյա ԿԿ նախագահության անդամին ներարկեցին հեպատիտով հիվանդի արյուն:

Երկար է ապրել Ահաստաս Միկոյանը, բայց 35 տարի առաջ՝ 83 տարեկան հասակում, բախտը կարծես երես թեքեց առաջնորդից:

Միութենական նշանակության թոշակառուն մրսելու հետևանքով ձեռք բերեց պնևմոնիա հիվանդությունն ու թոքերի այտուց…

Ըստ Խորհրդային բոլոր կանոնակարգի՝ նամ հանրահայտ, քաղբյուրոյի 40-ամյա ստաժով և պետությանը մատուցած կարևորաույն վաստակ ունեցող մարդը պետք է թաղվեր Կրեմլի պատի մոտ կամ հենց պատում:
Բայց Միկոյանն իր հանգիստը 20 տարի հետո գտավ Նովոդևիչի գերեզմանոցում` կնոջ կողքին …

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1510 reads | 11.11.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com