18-րդ դարի ռուս նշանավոր դիվանագետները
18-րդ հարյուրամյակ Ռուսաստանը թևակոխեց Շվեդիայի դեմ երկրի համար կենսական նշանակություն ունեցող հաղթական պատերազմով, իսկ դարն ավարտեց որպես խոշորագույն կայսրություններից մեկը աշխարհում և միջազգային հարաբերությունների համակարգում: 18-րդ դարը Ռուսաստանի համար նշանավորվեց կարևորագույն, թերևս, բեկումնային նշանակություն ունեցող ռազմաքաղաքական հաղթական երթով ու դրանց համարժեք պատմադիվանագիտական հստակ, փայլուն պայմանագրերով, որոնք միջազգային իրավունքի առումով ամրագրում էին այդ նվաճումները: Եվ այդ ամենի մեջ մեծ էր ռուս հանճարեղ, համաշխարհային հռչակ ունեցող զորավարների ու տաղանդաշատ դիվանագետների հայրենանվեր գործունեությունը, որը որակական նոր մակարդակի ու բարձրագույն աստիճանի հասցրեց նրա լավագույն ավանդույթները: Առանձնապես մեծ է և անուրանալի ռուսաց առաջին կայսր Պյոտր Ա-ի դերը, քանզի նա ոչ միայն անձամբ անմիջականորեն մասնակցեց դիվանագիտական կարևորագույն գործընթացներին, այլև իր հետևողական գործունեությամբ ստեղծեց դիվանագիտական հզոր դպրոց, որից դուրս եկավ դիվանագետների մի ամբողջ սերունդ համաստեղություն՝ Ֆ.Ա.Գոլովին, Գ.Ի.Գոլովկին, Բ.Ի.Կուրակին, Ա.Ա.Մատվեև, Պ.Պ.Շաֆիրով, Ե.Ի.Ուկրաինցև, Գ.Ֆ. և Վ.Լ. Դոլգորուկիներ, Պ.Ա.Տոլստոյ, Ա.Ի.Օստերման, Պ.Բ.Վոզնիցին: Պյոտր Ա-ի հին զինակիցների կողքին երևացին նոր անուններ՝ Ա.Պ. և Մ.Պ. Բեստուժև եղբայրներ, Ի.Ի.Նեպլյուև, Ա.Դ.Կանտեմիր: Ռուսաց թագավորը խնամքով համալրում էր արտաքին գործերի (Պոսոլսկի) պրիկազը, ապա կոլեգիան անձամբ նշանակում դեսպաններին, օտարերկրյա ներկայացուցիչների հետ բանակցություններ վարող պատվիրակությունների ղեկավարներին: Դրանցից էր Պ.Շաֆիրովը, որը գիտեր լեհերեն, ֆրանսերեն, գերմաներեն՝ թագավորի անմիջական նախաձեռնությամբ լեհական հրեան, ծառայության անցնելով Պոսոլսկի պրիկազում, կարողացավ հասնել փոխկանցլերի բարձր պաշտոնին: Նա գրեց Հյուսիսային պատերազմի տարիների համար չափազանց հրատապ ու արժեքավոր աշխատություն՝ «Դատողություններ…» կարճ խորագրով, որտեղ հեղինակը միջազգային իրավունքի տեսանկյունից հիմնավորում է ռուսաց թագավորի ռազմաքաղաքական ու դիվանագիտական գործողություններն ընդհանրապես ու Հյուսիսային պատերազմի տարիներին հատկապես: Շաֆիրովի կարծիքով, միջազգային իրավունքը ոտնահարում ու խախտում էր Շվեդիայի թագավոր Կառլ 14-րդը, որն իր քաղաքականությամբ խոչընդոտում է Ռուսաստանի տնտեսական զարգացումը, շրջափակում դեպի Բալթիկ ծով տանող ուղին: Շաֆիրովն անխուսափելի է համարում ռուսաց արջի՝ Պյոտրի հաղթանակը Հյուսիսի Առյուծի՝ Կառլ 14-րդի նկատմամբ: Արդարացնելով Ռուսաստանի մասնակցությունը Հյուսիսային պատերազմին՝ «Դատողությունների…» հեղինակը, հավանաբար իր համար ելակետ էր դարձրել միջազգային իրավունքի խոշորագույն տեսաբաններից ու թերևս հիմնադիրներից մեկի՝ Հուգո Հրոցիոսի հիմնարար միտքը, թե արդարացի է այն պատերազմը, որ ուղղված է անօրինականության, իրավախախտման դեմ: Իսկապես, սկսելով Հյուսիսային պատերազմը, Պյոտրը ակամայից կամ գիտակցաբար հետևում էր պետության «բնական սահմանների» վերաբերյալ հայեցակարգին: Ռուսաց թագավորի դիվանագիտական բուռն գործունեության ընթացքում Եվրոպայում դեռևս շարունակվում էր պետական տարածքների, ազգերի, ժողովուրդների ձևավորման պատմական գործընթացը, որը ոչ միայն չէր բացառում պետությունների, թագավորությունների, կայսրությունների սահմանների փոփոխման կամ ընդլայնման, կրճատման, հաճախ նաև վերացման հնարավորությունը, այլև անմիջականորեն պայմանավորված էր միջազգային հարաբերությունների համակարգում կատարվող ռազմաքաղաքական կարևորագույն իրադարձություններով ու միջպետական կոնկրետ առնչություններով: Շառլ Մոնտեսքյոն հետագայում իր՝ «Օրենքների ոգու մասին» աշխատությունում հարևան հողերը գրավող միապետական երկրների մասին գրում էր, որ նրանց նվաճումները պետք է շարունակվեն, բայց այնքան ժամանակ, քանի դեռ նրանք դուրս չեն եկել նրանց կառավարմանը հատուկ բնական սահմաններից: Խոհեմությունը կարգադրում է նրանց կանգ առնել միայն այն ժամանակ, երբ նրանք խախտել ան այդ սահմանները: Ռուսաստանը, հետևողականորեն ամրապնդելով իր դիրքերը Բալթիկայում, նպատակադրվել էր նվաճել Եվրոպայի քաղաքական համակարգի մեջ՝ դառնալ եվրոպական քաղաքական նվագախմբի հիմնական անդամը: Այդ նպատակով Պյոտր Ա-ն ամուսնացրեց իր եղբոր աղջկան՝ Աննա Իվանովնային Կուրլյանդիայի դուքս Ֆրիդրիխ Վիլհելմի որդուն՝ արքայազն Ալեքսեյին՝ Վոլֆենբյուտելի արքայադուստր Շառլոտայի, եղբոր մյուս դստերը՝ Եկատերինա Իվանովնային՝ Մակլենբուրգի դուքս Կառլ-Լեոպոլդի հետ: Վերջապես Պյոտրի ավագ դուստր Աննա Պետրովնան հոր մահից հետո ամուսնացավ Հոլշտայնի դուքս Կառլ Ֆրիդրիխի հետ: Այս ամուսնությունների միջոցով Պյոտրը հաշվենկատորեն փորձում էր օգտագործել խնամիական-բարեկամական կապերը և դրանք հետագայում ծառայեցնել Ռուսաստանի շահերին: Պյոտրյան ժամանակաշրջանի նշանավոր դիվանագետներից էր Ազովյան արշավանքի ժամանակակից և թագավորի զինակից, հանրագիտական գիտելիքների տեր, բազմակողմանի կրթված Յակով Վիլիմովիչ Բրյուսը, որը ոչ պակաս նշանավոր դիվանագետ Հենրիխ Իոհան Ֆրիդրիխ Օստերմանի (Ռուսաստանում անվանվում էր Անդրեյ Իվանովիչ) հետ ստորագրեց պատմական Նիշտադտյան պայմանագիրը: Թեև Բրյուսը և Օստերմանը, անշուշտ, ընդունակ և աչքի ընկնող դիվանագետներ էին, այնուամենայնիվ, ավելի շուտ տաղանդավոր կատարողներ էին, քանզի Նիշտադտյան բանակցություններում նրանք գերազանցապես իրագործում էին Պյոտրի հանձնարարականները և կամքը: Նիշտադտյան հանդիպումից առաջ Պյոտրն արդեն մշակել էր հաշտության պայմանները, իսկ բանակցությունների ժամանակ նա ակնապիշ հետևում էր ընթացքին և անձամբ ընդունում վերջնական որոշումներ կարևորագույն հիմնախնդիրների վերաբերյալ՝ չմոռանալով նույնիսկ իր դաշնակիցների մասին: Նա պնդում էր պայմանագիրը կնքելիս նկատի ունենալ նաև Ավգուստ II-ի պահանջները, թեև քաջատեղյակ էր, որ իր դաշնակիցը մի պահ նույնիսկ հակված էր Ռուսաստանի համար ոչ նպաստավոր պայմանագիր կնքել Շվեդիայի ու Անգլիայի հետ: Անկասկած, խոսքին ու երդմանը հավատարիմ մնալու ասպետական վարքագիծը ոչ պակաս չափով պայմանավորված էր քաղաքական-դիվանագիտական մտահղացմամբ՝ անհրաժեշտ էր Ռեչ Պոսպոլիտայում ամրապնդել ու պահպանել սեփական ազդեցությունը, որը հնարավոր էր ոչ հավատարիմ «բարեկամի» նկրտումներն իրագործելու միջոցով: Ապագա ռուսաց կայսրը ղեկավարվում էր «վստահություն կորցնել՝ ամեն ինչ կորցնել» քաղաքական-դիվանագիտական մարտավարությամբ: Պյոտրը Հյուսիսային պատերազմի տարիներին և Նիշտադտյան բանակցությունների գործընթացում անընդհատ հայտարարում էր ու պաշտոնական վավերագրերում ամրագրում, թե Ռուսաստանին անհրաժեշտ է միայն հուսալի ու անվտանգ ելք դեպի Բալթիկ ծով, որ նա չունի նվաճողական ձգտումներ ո՛չ Եվրոպայում, ո՛չ էլ Սկանդինավիայում: Սակայն աչառու կլինի պատմաաշխարհագրական տեսանկյունից պնդել, թե Ռուսաստանը Հյուսիսային պատերազմում փորձում էր վերադարձնել միայն նախկինում իրեն պատկանող տարածքները: Եթե Նևա ու Նարվա գետերի գետաբերանը եղել է ռուսաց տարածք, ապա Ռևելը և Լիֆլյանդիան Ռիգայով Ռուսաստանին չեն պատկանել, դրանք միակցվել են Ռուսաստանին 1710թ.: Դրանից, սակայն, չի բխում, թե Պյոտրը կենսագործում էր բացահայտ ագրեսիվ արտաքին քաղաքականություն, որովհետև այդպիսին էր դարաշրջանի ոգին, միջազգային հարաբերությունների ողջ համակարգը, որը առարկայորեն պայմանավորված էր «բնական սահմանների» փոփոխման, ընդլայնման, կրճատման կամ իսպառ վերացման հետ: Լիֆլյանդիան ու Էստլյանդիան Ռուսաստանին միակցելուց հետո Պյոտրն անմիջապես երաշխավորեց պահպանել տեղի բնակչության բոլոր իրավունքները և արտոնությունները, վերադարձնել նախկին տերերին իրենց կալվածքները, պայմանով, որ նրանք հավատարմության երդում կտան Ռուսաստանին: Ավելի ուշ Շառլ Մոնտեսքյոն «Օրենքների ոգու մասին» գրքում նշում էր. «… պետք է, որպեսզի նվաճված երկրում ամեն ինչ թողնվի նախկին վիճակում. նույն դատարանները, նույն օրենքները, նույն սովորույթները, նույն արտոնությունները, ոչինչ չպետք է փոխվի, բացի բանակից և միապետի անունից»: Արտաքին քաղաքականության ու դիվանագիտության մեջ Պյոտրի համար գլխավորը ոչ թե անձնական, նույնիսկ արքայատան, այլ միայն պետության ազգային շահերն էին, ուստի և օրինաչափ է, որ ռուսաց թագավորը ղեկավարվում էր Եվրոպայում լայնորեն տարածված պետությունը հանուն «համընդհանուր բարօրության» սկզբունքով ու տեսությամբ, որտեղ հիմնավորվում է հայրենիքին անբասիր ծառայելու վեհ ու բարձր գաղափարը: Այդ տեսության համաձայն՝ բոլոր հպատակների բարօրությունը կարող է ապահովվել միայն այն դեպքում, եթե բոլոր դասերը և յուրաքանչյուր հպատակ անհատապես ազնվորեն ծառայեն պետությանը, իսկ պետությունը ղեկավարվի լավ մտածված, կշռադատված, մշակված օրենքներով: Պյոտրի դստեր՝ Ելիզավետա Պետրովնայի 20-ամյա թագավորության տարիներին Ռուսաստանի արտաքին քաղաքականության ծրագրերի մշակումը և դիվանագիտական լայնածավալ գործունեությունը սերտորեն կապված էր զգույշ, խելացի, փորձված, խորամանկ դիվանագետ կանցլեր Ալեքսեյ Պետրովիչ Բլեստուժև-Ռյումինի անվան հետ: Նա ստացել էր դիվանագիտական փայլուն կրթություն և այդ ոլորտում անցել երկար ու հարուստ ճանապարհ՝ բարձրանալով աստիճան առ աստիճան, քայլ առ քայլ պետական դիվանագիտական համակարգում: Դեռևս Պյոտր I-ը երիտասարդ Ալեքսեյին ու նրա ավագ եղբորը՝ Միխայիլին ուղարկել էր ուսանելու Կոպենհագեն, ապա՝ Բեռլին: Դիվանագիտական ծառայությունն Ալեքսեյը սկսել էր Պյոտրյան շրջանի նշանավոր դիվանագետ Կուրակինի հովանավորության ներքո, 1712 թվականից, երբ նրան ուղարկեցին Հոլանդիա՝ ռուսաց դեսպանատանն աշխատելու համար: Ալեքսեյ Բեստուժև-Ռյումինը դիվանագիտական մկրտություն ստացավ այն ժամանակ, երբ միջազգային հարաբերությունների համակարգում մի կողմից՝ ավարտվում էր «իսպանական ժառանգության» համար պատերազմը, իսկ մյուս կողմից Հյուսիսային պատերազմը գտնվում էր ամենաեռուն շրջանում՝ շարունակելով մնալ եվրոպական դիվանագիտության ուշադրության կիզակետում: Ուտրեխտում 1713թ. ստորագրվեց հաշտության պայմանագիր, որով ավարտվեց պատերազմը «իսպանական ժառանգության» համար: Երիտասարդ դիվանագետը հնարավորություն ստացավ մոտիկից ծանոթանալ ու իմաստավորել եվրոպական դիվանագիտության առանցքային հիմնախնդիրները, գտնել Ռուսաստանի ապագա դաշնակիցներին, ապա նաև՝ հնարավոր հակառակորդներին: Հանովերում ու Լոնդոնում ապրած տարիներին Բեստուժև-Ռյումինը կապեր հաստատեց Հանովերյան կուրֆյուրստի, Անգլիայի ապագա թագավոր Գեորգ I-ի հետ, որը հնարավորություն ընձեռեց երիտասարդ ռուս դիվանագետին լավ պատկերացնել անգլիական արտաքին քաղաքականության հարուստ, ուսանելի ավանդույթները և առանձնահատկությունները: Հետևապես Ալեքսեյ Բեստուժև-Ռյումինն իր դիվանագիտական մկրտությունը ստանալով է պյոտրյան թագավորության տարիներին, իրավամբ, համարվում է նրա դիվանագիտական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից մեկը: Նա եղել է Ռուսաստանի դեսպանը Դանիայում և Հոլանդիայում, կայսրության ներկայացուցիչը Համբուրգում և Լոնդոնում: Իր դիվանագիտական ծառայության համար նա արդեն 1741թ. աշնանը պարգևատրվեց Անդրեյ Պերվոզվաննու շքանշանով, նշանակվեց սենատոր, իսկ հետո՝ փոխկանցլեր: Սակայն պատմաքաղաքական առումով, իհարկե, ճիշտ չի լինի նրան համարել ազնվության կատարելատիպ ու զբաղվել գովազդով, կույր ջատագովմամբ այդ, անշուշտ, նշանավոր գործչին, քանզի, լինելով իր դարաշրջանի զավակը ու համոզված լինելով, որ նպատակն արդարացնում է միջոցը, Բեստուժև-Ռյումինը շատ հաճախ ղեկավարվում էր ամենևին էլ ոչ մաքուր ու ազնիվ գործելակերպով, որոնք հատուկ էին ու բնորոշ եվրոպական բոլոր կայսրությունների վեհաշուք պալատներին ու արքունիքներին՝ մրցակիցների և հակառակորդների նամակագրության գաղտնընթերցումը, դավերը, կաշառքը, նենգասպառնալիքը, իսկ հաճախ նաև սպանությունները: Այդուհանդերձ, Ա.Պ.Բեստուժև-Ռյումինի քաղաքականության հարաբերական ինքնուրույնության, ռուսաց կայսրության շահերի համակողմանի պաշտպանության համար դիվանագետ կանցլերը դառնում էր Պրուսիայի ու Ֆրանսիայի պետական այրերի քաղաքական լուրջ ու անցանկալի հակառակորդ: Եվրոպական դիվանագետները ցանկանում էին Ելիզավետա Պետրովնային գցել իրենց քաղաքական ազդեցության ներքո, որպեսզի ռուսաց կայսրության կենսագործած արտաքին քաղաքականությունը ընթանա իրենց ցանկալի հունով: Նրանց դիվանագիտական մտահղացման իրականացման ճանապարհին լեռան պես անխոցելի, անառիկ ամրոցի նման կանգնած էր լուրջ ու անպարտելի կանցլերը: Ֆրիդրիխ II-ի քաղաքականության գլխավոր խնդիրներից էր Բեստուժևի պարտադիր տապալումը, քանզի Պրուսիայի թագավորին ցանկալի էր ելիզավետյան արքունիքում տեսնել այնպիսի կանցլեր-նախարարի, որը կարողանար համոզել, ներշնչել, թերևս հարկադրել կայսրուհուն կատարելու այն, ինչ իրենք են ցանկանում: Այդպիսին էր թագավորի հրահանգը Պետերբուրգի իր դեսպան Ա.Մարդեֆելդին: Ֆրիդրիխ II-ն նրան խորհուրդ էր տալիս իր ծրագրի իրականացման համար կանգ չառնել խտրականության առաջ, գործել նպատակը արդարացնում է միջոցները նշանաբանով, անհրաժեշտության դեպքում անգամ փորձել կաշառել կանցլերին: Թեև Բեստուժև-Ռյումինը կաշառքն ընդունում էր հաճույքով, որը բնորոշ էր դարաշրջանի պետական գործիչների մեծամասնությանը, քանզի այն դիտվում էր որպես վարձատրություն, այդուհանդերձ, ո՛չ ֆրանսիական, ո՛չ պրուսական դիվանագիտությանը չհաջողվեց կաշառել կանցլերին, գցել նրան իրենց ազդեցության ներքո, ծառայեցնել Փարիզի ու Բեռլինի արքունիքների արտաքին քաղաքական նպատակներին: Եկատերինյան ազնվականության «ոսկեդարյան» պատմափուլում ռուսաց դիվանագիտությունը տվեց նոր փայլուն դեմքեր, որոնց մեջ պատվավոր տեղերից մեկը պատկանում է Նիկիտա Պանինին (1718-1783թթ.): Պալատական պատմիչ Շիլդերի պատկերավոր գնահատմամբ գեղեցիկ, բարեհամբույր, սիրալիր, վայելչակազմ պալատական Պանինը տարիներ շարունակ ծառայեց ռուսաց դիվանագիտության համակարգում: Պանինը շուրջ երկու տասնամյակ գլխավորեց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Շիլդերի կարծիքով Պանինն իր կրթական մակարդակով զգալիորեն գերազանցում էր ժամանակակիցներին, ուստի միանգամայն օրինաչափ է, որ լուսավորյալ միապետուհին նրան դարձրեց ոչ միայն իր գլխավոր խորհրդականը, այլև կոմս Վորոնցովից հետո վստահեց ղեկավարել դիվանագիտական գերատեսչությունը: Սկզբում Պանինին հովանավորում էր ամենահզոր Բեստուժև-Ռյումինը, սակայն հետագայում նրանք դարձան արժանի հակառակորդներ, որոնք տարբեր կերպ էին պատկերացնում Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները և դրանց իրագործման դիվանագիտական ուղիները: Պանինն իր դիվանագիտական ծառայությունը սկսեց 1747թ., երբ նրան ուղարկեցին որպես դեսպանորդ Դանիա, ապա՝ Շվեդիա: Շվեդիայում նա կարողացավ կանխել երկու պետությունների միջև հասունացող դիվանագիտական հարաբերությունների խզումը, իսկ 1758թ. ստորագրել ռուս-շվեդական հռչակագիր, որով երկու տերությունները պարտավորվեցին պահպանել առևտրական նավագնացությունը Բալթիկ ծովում, խոչընդոտել անգլիական ռազմանավերի մուտքը Բալթիկ ծով: Հատկանշական է, որ Պանինը թեև եղել է մեծ իշխան Պավել Պետրովիչի դաստիարակը, այնուամենայնիվ, նա համաձայն էր, որպեսզի գահից հեռացնեին Պյոտր III-ին, հաստատեին Եկատերինայի խնամակալությունը, մինչև իր սանի՝ արքայազնի չափահասությունը: Պյոտր III-ը, ինչպես ցույց տվեցին հետագա գործընթացները, իրավացիորեն չէր վստահում Պանինին, թեև նրան շնորհեց իսկական գաղտնի խորհրդականի աստիճան ու պարգևատրեց Անդրեյ Պերվոզաննու շքանշանով: Սակայն նույնիսկ այս շռայլությունը չփրկեց կայսրին, քանզի Պանինն ակտիվորեն մասնակցեց 1762թ. հունիսյան պալատական հեղաշրջմանը, և ապագա կայսրուհին ըստ արժանվույն վարձահատույց եղավ ոչ միայն Ռազումովսկուն, այլև Պանինին: Նրա լայնածավալ ու բազմամյա դիվանագիտական գործունեության մեջ հատկապես առանձնանում է «Հյուսիսային համակարգ» ստեղծելու ծրագիրը, որը երևան եկավ 18-րդ դարի 60-ական թթ.: «Հյուսիսային համակարգը» կամ «հյուսիային պայմանադրությունը» դաշինքի նախագիծ էր Ռուսաստանի, Անգլիայի, Պրուսիայի, Դանիայի, Շվեդիայի, Ռեչ Պոսպոլիտայի միջև, որը գլխավորապես ուղղված էր Ֆրանսիայի ու նրա հետ դաշնակցած Ավստրիայի դեմ: Ընդ որում, նախատեսվում էր, որ «հյուսիսային համակարգի» հիմքը կազմելու էր դաշինքը Ռուսաստանի, Պրուսիայի, Անգլիայի ու Դանիայի միջև, որոնց հատկացվում էր «ակտիվ» անդամների դեր, այսինքն՝ այս երկրները անհրաժեշտության դեպքում պետք է անմիջապես հակամարտության մեջ մտնեին ֆրանս-ավստրիական խմբակցության դեմ: Իսկ Շվեդիան և Ռեչ Պոսպոլիտան որպես համակարգի «պասիվ» մասնակիցներ, պետք է պահպանեին չեզոքություն: Ծրագրելով «հյուսիային համակարգի» ստեղծումը՝ ռուսաց դիվանագիտությունը Պանինի ղեկավարությամբ հետապնդում էր հետևյալ ռազմաքաղաքական ու դիվանագիտական նպատակները: Նախ՝ ապահովել Ռուսաստանի անվտանգությունը, որը հնարավոր կդառնար, եթե Եվրոպայի հյուսիսում հաստատվեր երկարատև անդորր ու կայուն խաղաղություն: Երկրորդ՝ հավասարակշռություն պահպանել Եվրոպայում, երրորդ՝ նվազագույնի հասցնել Բուրբոնների ու Հաբսբուրգների ռազմաքաղաքական դիվանագիտական մերձեցման հնարավորությունը Ռուսաստանի դեմ: Սակայն «Հյուսիսային պայմանադրության» կազմավորումը կապված էր առարկայական ու ենթակայական մեծ դժվարությունների և բարդությունների հետ, քանզի նախատեսվում էր մեկ միասնական դաշինքի ու համակարգի մեջ ընդգրկել ոչ իրավաչափ տարածք ու հզորություն, տարբեր շահեր ու, ինչպես իրավացիորեն նշում էր ռուս պատմաբան Կլյուչևսկին, պետական կառուցվածք ունեցող տերությունների՝ ինքնակալական Ռուսաստանին, սահմանադրական-արիստոկրատական Անգլիային, զինվորական-միապետական Պրուսիային: Պանինի փորձերը՝ համախմբել տարբեր շահեր ու նպատակներ հետապնդող երկրներին մի դաշինքի մեջ, անհնարին էր համարում հայտնի հետազոտող Մարտեսը: Չնայած դրան՝ Պանինը չէր հրաժարվում իր փայփայած ծրագրից, համոզված լինելով, թե իրատեսական է նման դաշինքի ձևավորումը: Նա նկատի ուներ նախ՝ անգլո-ֆրանսիական ավանդական հակամարտությունը և մրցակցությունը, նրանց համաչափ ձգտումը՝ թուլացնելու միմյանց՝ Եվրոպայում գերիշխելու նպատակով: Հետևաբար «Հյուսիսային համակարգը» չէր հակասում Անգլիայի շահերին, ավելին, այն հնարավորություն էր ընձեռում իր գլխավոր հակառակորդի դեմ պայքարում ստանալ եվրոպական տերությունների քաղաքական ու դիվանագիտական աջակցությունը, ուստի և կարելի էր ակնկալել Անգլիայի համաձայնությունը: Երկրորդ՝ Պանինը հաշվի էր առնում ավստրո-պրուսական ոչ պակաս սուր պայքարը Գերմանիայում առաջատար դիրքեր գրավելու և սեփական հեղինակությունը բարձրացնելու, հեռանկարում Գերմանիայի միավորումը գլխավորելու երկու անհաշտ մրցակիցների մտահղացումները: Ռուսաց դիվանագիտությունն այս առումով եռանդուն գործունեություն ծավալեց՝ ստանալու Պրուսիայի համաձայնությունը, բայց ապարդյուն, որովհետև Ֆրիդրիխ II-ը շարունակ ու անընդհատ հիշեցնում էր, թե իրեն բավարարում է միայն Ռուսաստանի հետ դաշինքը, և ցանկություն չունի ձեռք բերել այլ դաշնակիցներ: Ֆրիդրիխ II-ի կարծիքով թե՛ Ռուսաստանը, և թե՛ Պրուսիան ուրիշ տերությունների հետ դաշինք կնքելու պահանջ չունեն: Անշուշտ, ռուս-պրուսական երկկողմանի դաշինքը խիստ անհրաժեշտ էր Պրուսիային Ավստրիայի դեմ պայքարում: Վիեննայի արքունիքի զորեղացման ուրվականը մշտապես մտավախություն էր պատճառում Բեռլինին, մանավանդ որ Ֆրիդրիխ II-ը չէր բացառում Հաբսբուրգների և Բուրբոնների՝ Հոհենցոլերների համար խիստ վտանգավոր դաշինքը: Մինչդեռ Ռուսաստանը ցանկանում էր «Հյուսիսային» համակարգում ընդգրկել նաև Ավստրիային, որը ոչ միայն հնարավորություն կընձեռեր միջպետական առնչությունները պահպանել հիմնականում բավարար մակարդակի վրա, այլև ազդել թե՛ Վիեննայի և թե՛ Բեռլինի արքունիքների վրա ու դրանով իսկ ճանապարհ հարթել Եվրոպայում քաղաքական գերիշխանության հաստատման համար: Պանինի դիվանագիտական հաշվարկները հիմնականում արդարացվեցին: Նախ՝ 1764թ. ստորագրվեց ռուս-պրուսական պայմանագիր, այնուհետև ռուս-դանիական դաշնակցային համաձայնագիր (1765թ.), իսկ 1766թ. առևտրական համաձայնագիր Անգլիայի հետ: Ռուսաստանի ու Անգլիայի համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ խզել ֆրանս-շվեդական միությունը: Ռուսաց դիվանագիտությունը Պրուսիայի աջակցությամբ զգալիորեն սահմանափակեց Ավստրիայի ու Ֆրանսիայի ազդեցությունը Ռեչ Պոսպոլիտայում: Լեհական գահին բազմեց Ռուսաստանին «հարմար» թեկնածու Ստանիսլավ Պոնյատովսկին, իսկ լեհական սեյմի 1767թ. որոշմամբ Ռուսաստանը դառնում էր Ռեչ Պոսպոլիտայի պետական կառուցվածքի երաշխավորը: Պանինն իր հետևողական դիվանագիտական ծառայության համար կայսրուհու կողմից ստացավ կոմսի տիտղոս: Պանինը մահացավ 1783թ., երբ արդեն նկատելիորեն փոխվել էին ռուսաց արտաքին քաղաքականության գերակայող ուղղությունները և օրինաչափ է, որ մահվանից 2 տարի առաջ նրան տվեցին անժամկետ արձակուրդ, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ փաստացի պաշտոնանկություն: Պանինի ծրագիրը լիովին իրագործվել չէր կարող, որովհետև Ռուսաստանի հզորացումը ցանկալի չէր ո՛չ Անգլիային, ո՛չ էլ Պրուսիային: Պանինի մահից հետո արտաքին քաղաքականության հիմնահարցերում Եկատերինա II-ի գլխավոր խորհրդականը դարձավ Ալեքսանդր Բեզբորոդկոն (1746-1815թթ.): Փայլուն ընդունակությունների տեր ու հիանալի կրթություն ստացած Բեզբորոդկոն ֆեդմարշալ Ռումյանցևի միջնորդությամբ 1775թ. դարձավ Լուսավորյալ միապետուհու անձնական քարտուղարը: Նա մասնակցեց 18-րդ դարի վերջին քառորդի արտաքին քաղաքական բոլոր կարևորագույն գործողություններին և արքունիքում շատ արագ դարձավ կայսրուհու ամենավստահելի անձնավորությունը: Բեզբորոդկոյի ազդեցությունն արքունիքում անվիճելի էր, սակայն նա կանցլեր նշանակվեց միայն Պավել I-ի գահակալումից հետո: Բեզբորոդկոյի պետական ու դիվանագիտական գործունեության ժամանակ շարունակվում էր անշեղորեն աճել Ռուսաստանի միջազգային հեղինակությունը, ակնհայտ էր կայսրության ռազմական հզորությունը, որն իրավունք տվեց գլխավոր խորհրդականին և ապագա կանցլերին եզրակացնել, թե Եվրոպայում ոչ մի թնդանոթ չէր համարձակվում արկեր արձակել առանց իր երկրի թույլտվության: Հետևաբար ռուսաց կայսրության արտաքին քաղաքականության գլխավոր հիմնախնդիրները փաստորեն լուծվում էին ոչ այնքան դիվանագիտական բանակցությունների ընթացքում, որքան առարկայորեն նախապատրաստվում էին ռազմադաշտերում նվաճված փայլուն հաղթարշավի շնորհիվ: Ուստի ռուս տաղանդաշատ զորահրամանատարներից և նշանավոր դիվանագետներից յուրաքանչյուրը յուրովի լրացնելով միմյանց, զգալիորեն նպաստում էր միջազգային հարաբերությունների համակարգում Ռուսաստանի հետագա հզորացմանը, մանավանդ որ հաճախ բարձրաստիճան զինվորական այրերը հարկադրված էին զինվորական ծառայությունը համատեղել քաղաքական ու դիվանագիտական գործունեության հետ: 18-րդ դարի երկրորդ կեսի ռուս նշանավոր պետական, քաղաքական ու զինվորական գործիչների համաստեղության մեջ, անշուշտ, առանձնանում է Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինը (1739-1791թթ.), որը ժամանակակիցների անաչառ վկայությամբ կայսրուհուց հետո համարվում էր «ամենաազդեցիկ դեմքը Ռուսաստանում»: Եկատերինա II-ը բարձր էր գնահատում Պոտյոմկինի խելքը, աշխատասիրությունը, եռանդը, հետևողականությունը, անսահման նվիրվածությունը և հավատարմությունը: Խելացի, հաշվենկատ, հեռամետ կայսրուհին պետական խոշոր գործիչներին հատուկ կարողությամբ իր շուրջը համախմբելով դարաշրջանի ընդունակ ու տաղանդավոր մարդկանց, այսուհանդերձ ընդգծում էր, որ ինքը Ռուսաստանը կառավարում է Պոտյոմկինի հետ: Եկատերինա II-ին հղած զեկուցագրում Պոտյոմկինը հիմնավորում է Ղրիմի միակցման անհրաժեշտությունը և այդ ծրագիրն իրականացնելու համար կատարում է վճռական քայլեր: Եվ իզուր չէ, որ նա ստացավ Պոտյոմկին-Տավրիչեսկի անունը: Պոտյոմկինը դառնում է գեներալ-ֆեդմարշալ, զինվորական կոլեգիայի նախագահ, այսինքն՝ զինվորական նախարար: Ռումյանցևի, Սուվորովի, Ուշակովի փայլուն հաղթանակները ուրախացնում էին ու հիացմունք պատճառում Պոտյոմկինին: Նա համոզեց կայսրուհուն Սուվորովին շնորհել կոմս Ռիմնիկսկի տիտղոսը և պարգևատրել սրբազան Գեորգի I աստիճանի շքանշանով: Այս առնչությամբ Սուվորովը գրում էր. «Պոտյոմկինը ազնիվ մարդ է, նա բարի մարդ է, նա մեծ մարդ է, իմ երջանկությունն է մեռնել նրա համար»: Պոտյոմկինը մահացավ կյանքի ամենածաղկուն՝ 52 տարեկան հասակում, 1791թ. հոկտեմբերի 5-ին Յասսից իր հիմնադրած Նիկոլաև տանող ճանապարհին: Եկատերինա II-ը ստանալով տխուր լուրը, ասաց. «Այժմ կառավարման ողջ ծանրությունը միայն ինձ վրա է»: Իսկապես Պոտյոմկինն ակտիվորեն մասնակցում էր պետական ամենակարևոր փաստաթղթերի, հաշտության պայմանագրերի կետերի մշակման անմիջական գործընթացին: Պոտյոմկինի մահից հետո Եկատերինա II-ը գրում էր. «Իմ կարծիքով Պոտյոմկինը մեծ մարդ էր, որը չիրագործեց անգամ այն ամենի կեսը, ինչ ի վիճակի էր կատարել»: Ռուս-թուրքական 1768-1774թթ. պատերազմի ժամանակ ռուսաց բանակի գլխավոր հրամանատար և գեներալ-ֆեդմարշալ Պյոտր Ալեքսանդրովիչ Ռումյանցևը (1725-1797թթ.) փայլուն հաղթանակների հետ միասին կայսրուհի Եկատերինա II-ի հանձնարարությամբ Թուրքիայի մեծ վեզիրին իր անունից նամակ ուղարկեց հաշտության բանակցություններ սկսելու առաջարկությամբ: Պանինի, Օբրեզկովի, Ռումյանցևի համատեղ ջանքերով ստորագրվեց Քյուչուկ-Կայնարջիի հաշտության պայմանագիրը: Հանրահայտ է Ռումյանցևի, Իզեթ Մահմեդ փաշայի զինադադար կնքելու առաջարկին տված պատասխանը. «Ո՛չ մի զինադադարներ, ո՛չ մի բանակցություններ: Միայն հաշտություն»: Համաշխարհային ճանաչման արժանացած հանճարեղ զորավար գեներալիսիմուս Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովի (1730-1800թթ.) ռազմական տաղանդը փայլատակեց 18-րդ դարի երկրորդ կեսին, երբ միջազգային հարաբերությունների համակարգում տեղի էին ունենում արմատական փոփոխություններ և էական տեղաշարժեր: Միջպետական առնչությունները խիստ բարդ էին ու լարված, որոնք ավարտվում էին միմյանց հաջորդող երկարատև ու արյունալի պատերազմներով: Սուվորովը մասնակցեց իր դարաշրջանի բոլոր կարևորագույն ռազմական իրադարձություններին՝ Յոթնամյա պատերազմին, ռուս-թուրքական երկու պատերազմներին, լեհական, իտալական ու շվեյցարական արշավանքներին: «Դուք գիտեք,- գրում էր Սուվորովին կայսրուհին, - որ ես արտահերթ զինվորական կոչում չեմ շնորհում, բայց դուք ինքներդ ձեզ տվեցիք ֆեդմարշալի կոչում»: Բացառիկ վառ և ինքնատիպ անհատականության՝ Սուվորովի ռազմաքաղաքական գործունեության նկատմամբ ցուցաբերվել է մեծ հետաքրքրություն ոչ միայն Ռուսաստանում, այլև՝ Եվրոպայում, թերևս՝ աշխարհում: Այդ է վկայում տարբեր երկրների պատմաբանների, պետական-քաղաքական գործիչների, դիվանագետների թողած հարուստ ժառանգությունը, որի համակողմանի և սպառիչ լուսաբանումը դեռևս սպասում է իր անաչառ հետազոտողին: Եկատերինյան դարաշրջանի ռուս դիվանագետների ու զորահրամանատարների համաստեղության առաջին մեծությունները, ի փառս Ռուսաստանի, իրենց հայրենանվեր գործունեությունը նույնպիսի եռանդով ու անբասիրաբար շարունակեցին Պավել I-ի թագավորության ժամանակաշրջանում: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
224 reads | 08.02.2023
| |