ԱՍՏԱՆԱՅԻ ԽՈՍԱՓՈՂՆ ՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ






Աստանայում մայիսի 29-ին Եւրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագրի քննարկման պահին Ղազախստանի նախագահի կողմից Ալիեւի հղած նամակի ընթերցումը հիշեցնում է նախնական քննարկմանը նույն նախագահի` Հայաստանի Հանրապետության հավանական անդամակցության գծով արտահայտած վերապահությունը:

Պարզ է, որ Ղազախստանի նախագահը նման ընթերցում եւ ապա վերապահություն կամ հստակացումներ կատարելու համար ամեն տեսակի շեշտադրում համաձայնեցրել էր նոր ստեղծվող միության առաջատար ուժի հետ: Սա ուղերձ էր ուրեմն Մոսկվայից հղված Բաքվին. գուցե նաեւ ոչ միայն Բաքվին: Թեկուզ Ղազախստանի նախագահի միջոցով:

Կվերադառնանք ուղերձին եւ ղազախական կամուրջին: Նշենք միայն, որ բուռն բանավեճերի դուռ բացած այս խնդիրը ունի դիտարժան մի քանի կետ:
Նախ այն, որ ՀՀ-ը միջպետական կամ միջազգային համաձայնագրերին կմիանա իր ճանաչված սահմաններով: Դրանցից գլխավորը եթե նկատի ունենանք` ՄԱԿ-ը, այս դեպքում թե՛ Ադրբեջանը եւ թե՛ ՀՀ-ը դրան անդամակցել են իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Խնդիրը այն է, որ միջազգային կազմակերպությունների անդամակցությունը եւ տնտեսական միության անդամակցությունը հստակ տարբերություն ունեն: Այս դեպքում, մաքսային անցակետերի տեղադրման իրականությունն է, որ Բաքուն շահարկել է եւ Աստանայի միջոցով վերապահություն եւ պայմաններ է արծարծում:

Եթե մի կողմից նախագահ Սարգսյանի լուռ մնալը այդ ժողովին սուր քննադատության է ենթարկվում, մյուս կողմից նաեւ հարցի բարձրաձայնումը կարող էր հանգեցնել Բաքվի պայմանի որդեգրման` համաձայնագրի բնագիրը ստորագրող պետությունների ներկայացուցիչների կողմից:

Այս հարցի բանավիճումը կարող է շարունակվել: Կանխատեսումները կզարգանան հասնելու համար այնտեղ, ուր սա պատեհ առիթ է պաշտոնական Երեւանին հրաժարվելու եւրասիական կառույցներին անդամակցելուց:

Չմոռանանք, որ Արցախը միջազգային ընտանիքին ներկայանում է որպես ինքնորոշված տարածք, հետևաբար այն չի կարող նրանց կողմից Հայաստանի Հանրապետության մաս նկատվել: Տարբեր է անշուշտ իրողական բաժինը: Եւ այս բոլորի պատասխանը կլինի ՀՀ -ԼՂՀ առանց մաքսային կետի, ներկա անցակետային սահմանի դրվածքի պահպանումը:

Մտահոգիչը անշուշտ ռուսական գործոնի թույլտվությամբ կարդացվող նամակն է եւ նրա ներկայության արծարծվող նախապայմանային տրամադրությունները: Առանց Պուտինի համաձայնության ոչ մի Նազարբաեւ նման հանդիպումների ընթացքում նախապայմանային հռետորաբանություն չէր կարող օգտագործել:

Նազարբաեւը այստեղ ռուսական խոսափողի դեր է կատարել պարզապես: Ռուսական ուղերձը այլ տեղ եւս առարկայացավ, երբ զենքի նոր քանակի տրամադրում արձանագրվեց Մոսկվայից Բաքու: Ասացինք արդեն, որ ուղերձները հատում էին Բաքվի սահմանը: Նույն Նազարբաեւը, այս անգամ Թուրքիայում, մի քանի օր առաջ թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի չորրորդ վեհաժողովի ավարտին տրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Թուրքիան ապագայում կարող է դառնալ Եւրասիական տնտեսական միության ընկերակցող անդամ:
Նազարբաեւ նաեւ ընդգծել է թուրքական խորհրդի եւ Եւրասիական տնտեսական միության միջեւ որեւէ տարակարծության բացակայությունը:

«Եւրասիական տնտեսական միությունը բաց է այլ երկրների անդամակցության համար: Թուրքիան եւ այլ երկրներ կարող են ապագայում դառնալ նշյալ միության ընկերակցված անդամ»:

Մայիսի 25-ին Եւրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հեռարձակված բանավեճի ընթացքում հայտարարել էր, որ ներկա դրությամբ Թուրքիան չի կարող անդամակցել Եւրամիությանը: ԵՄ-ի ներկայացուցիչների կողմից անցքերի փակումը Անկարայի առաջ, Եւրասիական միության ճարտարապետներին մղել է «էստի համեցեք» ասելու Թուրքիային:

Այս բոլորը իրենց հերթին: Ալիեւի նամակը, Նազարբաեւի խոսափողի դերը, ռուսական ուղերձը, հայկական լռությունը կամ Անկարային ուղղված հրավերը երկրորդական նշանակություն կունենան: Կարեւորը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի միջեւ մաքսային կետի բացառումն է:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
843 reads | 10.06.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com