ՀԱՅՐԻԿԻ ԼՈՒՍԱՄՈՒՏԸ ՀԱՎԵՐԺ ՓԱԿՎԵՑ...
ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ
Սփյուռքի հարցերի փորձագետ, ԵՐԵՎԱՆ








Նախ ասեմ, որ ես պաշտոնապես ոչ մեկ կապ եմ ունեցել ներգաղթի հետ։ Իմ առաքելությունը եղել է ժամանողների անձնագրային տվյալների ճշտում, որը վերաբերում էր ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր եկողներին։ 

Ներգաղթող հայերը ընդունվում էին Բաթումիի նավահանգստում, Հայաստանից ժամանած մի հանձնախմբի կողմից, որի հիմնական կազմը այն ժամանակ գործող ներգաղթի կոմիտեի աշխատակիցներն էին։ Ժամանողները տեղավորվում էին մի հսկա արտադրամասում (անգար), որտեղ տեղադրված էին հարյուրավոր մահճակալներ, գործում էր ճաշարան, ինչպես նաև բուֆետ։ 

Ժամանողներին մեկ շաբաթ չէր կարելի դուրս գալ քաղաք ու շփվել որևէ մեկի հետ։ 

Նրանք անցնում էին բժշկական քննություն, հաշվառում էին մասնագիտությունները, որպեսզի համապատասխան աշխատանք ապահովեր նոր բնակավայրերում։ Մինչ ժամանելը, դեսպանություններից նույն նպատակով ստացվում էին նախնական ցանկեր։ Անձնագրային տվյալները լրացվում էին մի առանձին սենյակում, ուր անվտանգության մի քանի աշխատակիցներ անկետաներ էին լրացնում, որոնց հիման վրա տեղում տրվում էին սովետական անձնագրեր։ 

1964-65թթ. ներգաղթի ժամանակ, երբ հիմնականում Սիրիայից, Եգիպտոսից և Կիպրոսից ժամանած հայեր էին, որևէ մեկին Հայաստանում նշանավոր անձ դարձած ես չեմ հիշում, առավել ևս երբ նրանց հետ հանդիպումը լինում էր րոպեների ընթացքում, միայն անկետային տվյալները լրացնելիս։ 

Կազմակերպչական հարցեր, գնացք, ապրանք տեղափոխել, տուն, աշխատանք կատարվում էր ներգաղթ կոմիտեի աշխատակիցների կողմից։
Նշված թվականներին ժամանած հայերին տեղավորում էին, հիմնականում Լենինականում, Կիրովականում, մասամբ Սպիտակում։
Երկու տարին էլ համընկնում էր նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, եղանակները անձրևային էին, ժամանողների համար ցուրտ։ 

Մինչև նախատեսված բնակավայրերը ներգաղթողները հասնում էին գնացքով, որը բնականաբար գրաֆիկից դուրս էր, և հասնում էր Հայաստան, հաճախ առանց կանգառի, երբեմն ամեն կայարանում ու կիսակայարանում ժամերով կանգնելով։ 

Տեղերում ժամանողներին ընդունում էին միտինգներով, փողային նվագախմբով, աղ ու հացով, ճառերով։
Այս տեղեկություններն ինձ հայտնի են, ոչ որպես մասնակցի, այլ որպես ներկայի և դիտորդի։

ՃԱԿԱՏԱԳԻՐ

Մեկ անգամ չէ, որ փորձել եմ գրի առնել այս պատմությունը, բայց միշտ այն մնացել է թերի, քանզի չի ստացվել բառային տեսք տալ այն զգացումներիս, որոնց ուզում եմ բառ «հագցնել» այսօր։ 

Օհան հայրիկը Բաթումի էր ժամանել Սիրիայից։ Նա չէր ժամանել, նրան բերել էին։ Բերել էին 5 թոռները, մեծ Օհանը, փոքր Օհանը, Րաֆֆին, Օսաննան ու Սալբին։ Մի հանգչող էակ էր Օհան հայրիկը, վտիտ, սառը, փոքրիկ մորուքով, որի թույլ տատանումներն էին կյանքի միակ նշանը։ Նա չէր ուտում, չէր խմում, չէր խոսում, պառկած էր պատգարակին, վերջինս էլ դրված էր 350 տեղանոց մի շինությունում տեղադրված մահճակալներից մեկի վրա, ուր մի շաբաթ պետք է «карантин» անցնեին Սիրիայից հայրենիք ժամանած հայերը։ 

- Քսան օրե ավելի այս վիճակի մեջ է, չէինք ուզեր բերել, բայց փափագն էր. Ըսավ մեռնեմ ալ նե, ինձի Հայաստան տարեք։ 

Աշխատանքային առօրյայի մեջ, ես չէի կարողանում կտրվել Օհան հայրիկից և կարծես թե ամեն վայրկյան, ամեն իրարանցման մեջ (որը հաճախ էր լինում Հայաստանից ժամանած որևէ մեկի ազգականի դարպասից այն կողմ երևալիս) սպասում էի, որ կգուժեն նրա մահը։ Իսկ ինչո՞ւ գուժեն, կհայտնեն, կասեն, լուր կտան։ Ո՛չ կգուժեն, օր օրի այդ ծերունու կերպարը դառնում էր թանկ ու սիրելի մի սիմվոլ, որի կորուստը, կարծես թե անձի կորուստ չէր, այլ հուշարձանի կամ խորհրդանիշի… 

Արդյոք ի՞նչ պայմաններում էր մեռել իմ պապը, որին անգամ մայրս չէր հիշում։ Նա իր մահկանցուն կնքել էր հեռու Բաթումիում ռուսական բանակում եղած ժամանակ, ուր հայտնվել էր Սարդարապատի ճակատամարտից հետո, ու թաղվել հայկական եկեղեցու բակում։ 

Քարավան գնացքը, դանդաղ պոկվեց կառամատույցից, ու երկու օր քարշ գալով գնում էր դեպի Հայաստան։ Քարավանը հասավ Ալավերդի։
- Հայրիկ հասանք, հայրենիք հասանք։ 

Օհան հայրիկը բացում է աչքերը, ժպտում։ Նրան իջեցնում են ցած, առանց պատգարակի, նա փլվում է հողին, համբուրում հողը ու քարշ գալով՝ բարձրանում գնացք։ 

Կիրովականում հայրենադարձներին դիմավորում են ծաղիկներով, տրանսպարանտներով, փողային նվագախմբով։ 

Երբ կառամատույցում կանգնած Օսաննային ասացի, թե հայրիկին թող մոտեցնեն պատուհանին, որ նա այս ընդունելությունը տեսնի։ Օսաննան գլուխը հակեց ու լացակումած ասաց. 

- Հայրիկի լուսամուտը Ալավերդիում հավերժ փակվեց… 

Իմ կյանքում Օհան հայրիկի մահը միակն էր, որը կարծես թե թեթևացած սրտով ու հոգու հանգստությամբ ընկալեցի։ Մարդն իր երազին հասավ, տա Աստված, որ նրա հոգին էլ գնա մեզ անհայտ մի այլ աշխարհ, ուր Հայրենիք չկա…
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
852 reads | 12.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com