ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԱԶԳՆ ԱՌԱՆՑ ԵՐԱԶԱՆՔԻ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Մեծարգո նախագաh,
Ձեզ եմ դիմում առաջին հայացքից վաղաժամ թվացող մի հարցով: Իսկ դիմում եմ Ձեզ, որովհետև մտահոգությունս անձնական չէ, այլ մեր ընդհանուր ապագային է վերաբերում, և քանի որ այսօր ի պաշտոնե Դուք եք մարմնավորում հայության հավաքականությունը, ապա Ձեր արձագանքն անտարակույս էական նշանակություն կունենա խնդրո վերաբերյալ ընդհանուր մթնոլորտ ստեղծելու, այնուհետև այդ ուղղությամբ գործնական քայլեր կատարելու առումով: Խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնելու կապակցությամբ մեր ունեցած պատկերացումներին:

Անշուշտ տեղյակ ենք, թե ինչպիսի լայնամասշտաբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հավուր պատշաճի նշելու համար, և թե ինչպիսի համերգաշարեր ու տարատեսակ միջոցառումներ են սպասվում այդ օրերին: Սակայն վստահ եմ` ներքուստ Դուք էլ եք համոզված, որ մեր ժողովրդի մեծ մասին այլևս սոսկ սգատոները չեն հետաքրքրում: Գաղտնիք չէ, որ, չնայած սկսել ենք ոչ միայն Ցեղասպանության ճանաչման, այլև հատուցման մասին խոսել վերջապես, սակայն առայժմ դեռ պարզ չէ, թե ինչպես է դա իրականացվելու: Պատճառն այն է, որ մենք, ցանկանալով որպես պահանջատեր հանդես գալ, առ այսօր չենք հստակեցրել մեր պահանջները, չունենք հստակ ծրագրեր ու մեխանիզմներ դրանց վերաբերյալ: Մինչդեռ հայ հանրությանը խորապես հուզում է այն հարցը, թե, վերջապես, ի՞նչ ենք ուզում, ինչի՞ համար ենք ուզում և ո՞ւմ համար ենք ուզում: Սա նշանակում է նաև, որ պահանջ կա կոնկրետացնել, թե պետական մակարդակով մինչև որտե՞ղ ենք հետամուտ լինելու մեր ազգային շահերին, արդյոք լրջորեն մտածո՞ւմ ենք նաև տարածքային փոխհատուցման մասին, թե՞ նախընտրելով այլ եղանակներ` պիտի մոռանանք հողի խնդիրը, ինչպես որ այդ մասին այլևս չենք հիշում մեր բարեկամ դրացիների պարագայում: Ընդհանուր հարցադրումների ահա այս ենթատեքստում է և իմ բարձրացրած հարցը:

Կարծում եմ` հնարավոր է 100-րդ տարելիցի շրջանակներում ստեղծել ևս մեկ պաշտոնական (կամ ոչ պաշտոնական) հանձնաժողով, որը գոնե կուրվագծի այդ պահանջները, որպեսզի Ցեղասպանության հետևանքները վերացնելու մանրամասները քննարկելու համար վաղ թե ուշ տեղի ունենալիք հայ-թուրքական բանակցությունների ժամանակ մեր ներկայացուցիչների ձեռքին պատրաստի փաթեթ լինի: Ընդսմին, համոզված եմ, որ նման աշխատանքը կարճ ժամանակում իրականացնելը միանգամայն հնարավոր է, քանզի հրապարակի վրա խնդրո վերաբերյալ արդեն բազմաթիվ առաջարկություններ կան, որոնք կարելի է որպես հիմք ընդունել: Իհարկե, դա չի կարելի մեր նպատակի իրականացման վերջնափուլը համարել, որովհետև եթե նույնիսկ ամեն ինչ բարեհաջող դասավորվի և մեր պահանջներն առավելագույնս բավարարվեն, ապա միևնույն է` չի կարելի ասել, թե մեր պատմության այդ ողբերգական էջը կփակվի, իսկ անելիքները կավարտվեն: Ընդհակառակը, մեր առջև կբացվի աշխատանքի այնպիսի մի ճակատ, որի մասին այս պահին պատկերացում անգամ չունենք: Այնինչ` այժմ արդեն հարկ է մտածել:

Ահա թե ինչի վրա եմ ցանկանում ուշադրություն հրավիրել: Վերը նշեցինք, որ չի կարող մեր պահանջների կարևորագույն կետերից մեկը Հայոց պատմական տարածքների հարցը չլինել: Թե ինչպիսի լուծում կստանա այն` բնականաբար, այսօր անհնար է կանխատեսել, բայց արդյոք դա խանգարո՞ւմ է, որ առաջ նայենք ու թեկուզ տեսականորեն ինչ-ինչ հավանական տարբերակներ քննարկենք:

Թեկուզև`
ա) ինքնավար կազմավորման ձևավորում Թուրքիայի Հանրապետության սահմաններում,
բ) Արևմտյան Հայաստանի որևէ հատվածի վրա անկախ պետականության հռչակում,
գ) որոշ սահմանակից տարածքների միակցում Հայաստանի Հանրապետությանը:


Անտարակույս, երեք դեպքում էլ մենք կարող ենք մեզ լիովին կամ մասամբ բավարարված զգալ, հետևաբար այստեղ անհանգստության այլ պատճառ ունենք: Բանն այն է, որ թվարկված ցանկացած տարբերակի իրականանալու պարագայում այնուհետև ոչ թե թուրքերի հետ պիտի գործ ունենանք, այլ ինքներս մեզ հետ: Ըստ այդմ, հիմա պետք է պարզենք` պատրա՞ստ ենք տեր կանգնելու և ապրեցնելու մեր հայրենիքի վերագտած մասը, թե՞ ոչ: Անձամբ ինձ հուզում է այն հարցը, թե ինչպե՞ս պետք է կառավարվի հայկական վարչատարածքային այդ նոր միավորը:

Խոսքը, իհարկե, առաջին կամ երկրորդ տարբերակի մասին է: Նկատի ունենալով բազմաթիվ հանգամանքներ` չշտապենք ասվածը միամտություն որակել: Պատմությունը հաճախ անկանխատեսելի ոլորաններ է գծում, որոնցից յուրաքանչյուրի դեպքում այս կամ այն ազգին մեծ հնարավորություններ է տալիս, այսինքն` ցանկացած ազգի վեր խոյանալու համար պայմաններ է ստեղծում: Այլ հարց է, թե ինչպես է օգտագործվում այդ պատմական շանսը: Ահա, ուրեմն, եթե հավատում ենք մեր ապագայի անընդհատությանը, նշանակում է` մենք պիտի պատրաստ լինենք կյանքի կոչել մեր շանսն ամբողջապես: Ավելին` հասունացնել այն այժմվանից: Հասունացնել և նախապատրաստվել: Բնականաբար, հասունացնել ասելով հասկանում ենք հատուցմանը նպատակաուղղված քայլերն ավելի հետևողական դարձնելը, ինչպես նաև միջազգային հանրությանը և հատկապես հարևան ժողովուրդներին համոզելը, որ այդկերպ կվերացվի հակամարտության չհանգած մի օջախ, նշանակալից հաջողություն կգրանցվի տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատելու գործում: Ինչ վերաբերում է նախապատրաստվելուն, ապա կարծում եմ հասկանալի է, որ պետք է նկատի ունենալ ոչ միայն ազգային տնտեսական, ֆինանսական ու ֆիզիկական ներուժն ի մի բերելը, այլև, ամենակարևորը, ազգի յուրաքանչյուր անդամին հոգեբանորեն ու գաղափարապես նախօրոք տրամադրելը: Խոստովանենք, որ մինչ օրս մեր բոլոր ցանկություններն ու պահանջները զգացմունքային հենք են ունեցել: Այսօր դա չի գործում, և որպեսզի հայ մարդը շարունակի հավատալ, որ իրեն պատրանքներով չեն թմրեցնում, որ ինքն իսկապես իր պատմական հողի վրա ապագա ունի, հարկ է նրան կոնկրետ ծրագիր ներկայացնել: Այսինքն` այն, ինչը, ցավոք, դեռևս չունենք:

Այսպիսով, անհրաժեշտ է, որպեսզի Հայ դատի կարևորագույն մի բաղադրամաս դիտարկվի ապագա հայկական պետական նոր միավորի կառավարման ձևի ու բովանդակության մանրամասների ճշգրտումը: Երբեք չբացառենք, որ կգա մի օր և մենք ստիպված կկանգնենք պետական այնպիսի մի մոդել կառուցելու հրամայականի առջև, որը մեզ բոլորովին անծանոթ կլինի: Նկատի ունեմ բազմազգ պետության մեջ անվանադիր ազգ դառնալու հավանականությունը: Նման կարգավիճակի և փորձառության մասին մենք հիմնովին մոռացել ենք, քանզի այդպիսին եղել ենք ավելի քան երկու հազար տարի առաջ, հետևաբար չի կարելի ապավինել լոկ հանգամանքների բարենպաստ դասավորությանը և ամեն ինչ թողնել հընթացս կարգավորելուն: Կամոքն Աստծո, եթե դա տեղի ունենա, ապա ներկա դրությամբ երևի թե մենք ընդունակ ենք միայն քաոս ստեղծել:

Առաջարկում եմ ձևավորել մասնագիտական մի խումբ` բաղկացած քաղաքագետներից, ապագայագետներից, տնտեսագետներից, իրավագետներից, պատմաբան-արևելագետներից, ազգագրագետներից, ժողովրդագրագետներից, կրոնագետներից (գուցե նաև այլ մասնագետներից), որը կփորձի նախապես ուրվագծել այն բոլոր հիմնախնդիրները, որոնք կարող են առաջանալ ինչպես ապագա նորահռչակ հայկական անկախ կամ ինքնավար կազմավորման ձևավորման, այնպես էլ նրա կենսագործունեության ընթացքում: Անտարակույս, այդպիսիք կլինեն, կապված`
ա) սահմանների ճշգրտման,
բ) Թուրքիայից դուրս ապրող հայ կամավորների ներգաղթի կազմակերպման,
գ) Թուրքիայի տարածքում ապրող քրիստոնյա և մահմեդական հայերի ինքնակամ հայկական տարածք տեղափոխվելու,
դ) տեղում ապրող այլազգիների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու,
ե) պետական լեզվի,
զ) զինապարտության,
է) կրթության,
ը) պետական գաղափարախոսության և համանման այլ հարցերի հետ:


Հայրենի հողի վրա հայոց այդ նոր օջախը պետք է գրավիչ ու ապահով լինի անկախ դավանանքից ու քաղաքական հայացքներից անխտիր բոլոր հայերի համար, և միանգամայն ընդունելի` շրջակա ժողովուրդների կողմից: Ուստի` հարկ է այդ ուղղությամբ աշխատել:

Հարգարժան նախագահ, ասվածն ամենևին չի նշանակում ջուրը չտեսած` բոբիկանալ: Պարզապես մենք սովորություն ունենք ամեն ինչում և ամեն ինչից ուշանալ: Իսկ պատմությունը հաճախ հենց դրա համար մեզ չի ներում: Այս անգամ փորձենք նախապես պատրաստվել: Իհարկե, մեր մեջ չափազանց շատ են, այսպես կոչված, պրագմատիկները, որոնք մատնացույց անելով ներկայիս մեզ կաշկանդող դժվարություններն ու շրջապատի հետ ունեցած մեր ուժերի հարաբերակցությունը` հազար պատճառ կբերեն նման գաղափարի իրականացման անհնարինությունը հիմնավորելու համար: Ըստ իս, դա քաղաքական մեծագույն անհեռատեսություն է: Մենք պիտի ոգեպնդվենք ու առաջնորդվենք այն հավատամքով, որ մեր փրկությունն այսուհետև ոչ թե երկինքն է լինելու, այլ երկիրը, մեր Էրգիրը, հողը հայոց: Պիտի հավատանք, որ գալու է Մեծ վերադարձի օրը, և հայի համար իր հողի վրա նոր հեռաստաններ են բացվելու: Թող դա ոմանց կողմից համարվի երազանք, բայց չէ՞ որ խոսքն ազգային երազանքի մասին է: Ինչպե՞ս կարող է ազգն առանց երազանքի լինել, և արդյոք այդ երազանքի ուժը չէ՞, որ պետք է մեզ նոր ավիշ ներարկի ու նոր եռանդ հաղորդի: Մի՞թե դեռ կասկած կա, որ լիարժեք ապրելու համար մեզ հարկավոր է մեծ նպատակ: Ժամանակը չէ՞, որ այլևս չնայենք, թե հայ ժողովրդի այլազգի որ բարեկամը ինչ է ասելու ի նպաստ մեզ (իմիջիայլոց, կարծես նրանց ժամանակներն անցել են` հրապարակում նոր մեծանուն բարեկամներ չեն երևում), այլ վերջապես ինքներս լծվենք գործի: Նաև հիշենք, որ չմտածելով մեր տարածքները վերադարձնելու և դրանք կառավարելու ձևի մասին, ինքներս ակամայից կարող ենք մեղսակից դառնալ ցեղասպանությունը կազմակերպողներին ու իրականացնողներին` ամբողջ աշխարհում արժանանալով անանց արհամարհանքի: Փաստ է, որ հենց երազանքի հիման վրա է այսօր աստիճանաբար իրատեսական դառնում քրդական պետությունը, իսկ մենք զարմանալիորեն ոչ մի կերպ չենք արձագանքում այդ գործընթացին: Չե՞նք ուշանում, թե՞ կարծում ենք, որ թուրքերը կընկրկեն միայն մեր առջև:

Պարոն նախագահ, մասնավոր նախաձեռնությամբ նման աշխատանքային խումբ չի կարող ստեղծվել, այդ իսկ պատճառով Ձեզ եմ դիմում: Դուք գործնական մարդ եք և մեր ներքին կյանքը կարգավորելու վճռականությամբ քանիցս հայտարարել եք, որ գործելու ժամն է: Ակնկալում եմ, որ դա կվերաբերի նաև համազգային կարևորություն ունեցող այս խնդրին: Պետք է ձեռնարկել գործը` ապավինելով լավագույն հույսերին: Ի դեպ, մենք հասակակիցներ ենք, միևնույն բուհի շրջանավարտներ, այդ իսկ պատճառով ես ինձ թույլ եմ տալիս բարեկամաբար իբրև հորդոր կարդալ Ղազար Փարպեցու հետևյալ տողերը` <<Շտապի´ր, որ քո´ ժամանակում լինի Հայոց աշխարհի համար մեծ և օգտաբեր այս գյուտը, որն ապագայում պիտի քեզ բերի առավել մեծ շահ, անմոռաց հիշատակ>>: Հուսով եմ, որ ականջալուր կլինեք այս հորդորին, քանզի այն մեր պատմության պահանջն է:

Խորին հարգանքով` Համլետ ԴԱՎԹՅԱՆ
Պատմաբան, հրապարակախոս
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1111 reads | 23.04.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com