ՊԱՏԺԵ՞Լ, ԹԵ՞ ՉՊԱՏԺԵԼ. ԳԵՐՄԱՆԻԱՆ՝ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ
Ռուսաստանում գործում է մոտ 6 հազար գերմանական ընկերություն, որոնց մեջ ներդրված է ավելի քան 20 միլիարդ եվրո: Այս հանգամանքը ամեն անգամ Անգելա Մերկելը հիշում է, երբ ԵՄ-ում խոսք է գնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին:

Մինչև վերջերս Գերմանիան Ռուսաստանի նկատմամբ բավականին զգույշ էր՝ փորձելով բաց պահել բանակցությունների համար մի փոքր պատուհան: Բեռլինը հույս ուներ, որ կիևյան իրադարձությունները հնարավոր կլինի լուծել սեղանի շուրջ՝ բոլոր կողմերի համար նպաստավոր ելքով: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը և կանցլեր Անգելա Մերկելը կարծում են, որ Ուկրաինան պետք է փոխի քաղաքական ընթացքը, բայց և այնպես համոզված են, որ անհնար է ուժերի նոր հարաբերակցություն հաստատել՝ առանց հաշվի առնելով Ռուսաստանի, և նրա շահերի ամբողջությունը:

Այս քաղաքականությունը իր արտացոլումը գտավ Եվրոպական խորհրդի որոշումներում. մի կողմից որոշում կայացվեց սատարել ուկրաինական նոր կառավարությանը՝ վերջինիս տրամադրելով 11 միլիարդ եվրոյի չափ վարկ և վերադառնալով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանն ու ազատ առևտրի գոտու ստեղծմանը: Իսկ մյուս կողմից Ռուսաստանի դեմ կիրառվեցին, այսպես ասած, թեթև միջոցներ. մասնավորապես կանգնեցվեց վիզային ռեժիմի դյուրացման գործընթացը, որոշում կայացվեց բոյկոտել Սոչիում տեղի ունենալիք առաջիկա G8 գագաթնաժողովը: Այլ կերպ ասած՝ իրական պատժամիջոցների մասին դեռևս ոչ մի խոսք չկա, հնչում են միայն սպառնալիքներ:

Գերմանիայի նման զուսպ քաղաքականությունը բացատրվում է պարզ մաթեմատիկական հաշվավարկներով: Վերջին 20 տարիների ընթացքում Գերմանիայի և Ռուսաստանի մեջ հաստատվել են սերտ տնտեսական կապեր: ՌԴ-ում գործում է մոտ 6 հազար գերմանական ընկերություն, որտեղ ներդրված է մոտ 20 միլիարդ եվրո, իսկ ավելի քան 300 հազար աշխատատեղ Գերմանիայում կախված է Մոսկվայի հետ հարաբերություններից: Այսպիսով, հնարավոր պատժամիջոցները կարող են մեծ ազդեցություն ունենալ Գերմանիայի տնտեսության վրա, որը բացի վերը նշվածից, Ռուսաստանից արտահանում է իր գազի 40 տոկոսը:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ռուսական գազից Գերմանիայի կախվածությունը կարող է մեծապես սահմանափակել ԵՄ արտաքին քաղաքականությունը, իսկ եթե ԵՄ-ն և Բեռլինը չկարողանան արմատական փոփոխություններ կատարել արտադրության և գազի ձեռք բերման հատվածներում, ապա ԵՄ արտաքին քաղաքականությունը պարզապես կաթվածահար կլինի:

ԱՂՆՅՈՒՐԸ՝ ilmanifesto.it
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
770 reads | 13.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com