ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԼԱՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ




Հաղորդագրության փոխանցման վերաբերյալ առաջին մոտեցումներից մեկը առաջ է քաշվել քննադատական տեսությունների շարքում` Ստյուարտ Հոլի կողմից: Նա մատնանշել է, որ ցանկացած մեդիատեքստ հաղթահարում է որոշակի փուլեր` անցնելով աղբյուրից մինչև հասցեատեր ուղին: Նա մասնավորապես խոսել է հաղորդագրությունում առկա նշանների մասին, որոնք կարող են ունենալ ինչպես ակնհայտ, այնպես էլ ենթադրվող իմաստներ` կախված կոդավորողի ցանկությունից: Ըստ Հոլի` ինֆորմացիան հաղորդողը (կոդավորող) ի սկզբանե հետապնդում է որոշակի նպատակ, ուստի ցանկանում է տեքստը կոդավորել այնպես, որ հասցեատիրոջ (ապակոդավորող) մոտ առաջանա «ցանկալի, նախընտրելի» վերաբերմունք մատուցվող նյութի նկատմամբ: Իր հերթին ապակոդավորողը բոլորովին էլ «անելանելի» վիճակում չէ, կարող է նաև «ընդդիմանալ և չընկալել» ինֆորմացիան այնպես, ինչպես դա նախատեսել էր կոդավորողը: Այս իմաստով Հոլը, նախընտրելի ընթերցումից զատ, առաջ է քաշել նաև շեղված ընթերցում և ընդդիմադիր ընթերցում եզրերը: Շեղված ընթերցման դեպքում ապակոդավորումը կարող է մասամբ համընկնել նախընտելի արդյունքի հետ, իսկ ընդդիմադիր ընթերցումը վերջինի հետ աղերսներ անգամ չունի: 

Չփորձելով հերքել տեսության բացարձակությունը` հարկ ենք համարում շեշտել, որ այսօր խոշոր մեդահոլդինգները շատ համապարփակ են ուսումնասիրում մեթոդները, թե ինչպես է հնարավոր ապակոդավորման արդյունքը առավելագույն չափով մոտեցնել ցանկալի ընթերցման: Մեդիաաշխարհում իրենց խոսքի արժեքն իմացող կայանների մեդիատեքստերը կառուցվում են առավելագույնս պարզ` շրջանակավորման տեսության ողջ նրբությունը հաշվի առնելով ու կշռադատելով:

Թվում է` համացանցի առկայությունը ցրել է մարդու կախվածությունը ինֆորմացիայի աղբյուրներից, քանի որ դրանք այժմ միլիոնավոր են, բայց արի ու տես, որ հենց 21-րդ դարում է առաջ եկել «խճանկարային մշակույթ» եզրը, որ բառացի բնորոշում է ժամանակակից մարդուն` իբրև ինֆորմացիոն միօրինակ հոսքերի ազդեցության ուղղակի կրող: Սա առավել տեսանելի է Հայաստանում: Այսօր ՀՀ տարածքում գրեթե չկան միայն սեփական ջանքերով հայթայթած ինֆորմացիայով էջեր հագեցնող հզոր մեդիակենտրոններ: Բոլոր եղած ԶԼՄ-ների տեղեկատվական հոսքերի 40 տոկոսը, իսկ երբեմն ավելին, «գալիս են դրսից»: Վիճակը բացատրվում է մեծամասամբ ֆինանսական սուղ պայմաններով: Բնական է, որ հայաստանյան ԶԼՄ-ները, որոնք սնվում են հիմնականում գովազդից եկած եկամուտներով, չեն կարող իրենց թույլ տալ, ասենք, Սիրիայում հատուկ թղթակից ունենալու «հաճույքը»: Ցավոք` շատ ԶԼՄ-ներ դեռ թյուրիմացաբար կարծում են, թե որքան մեծ ու զանգվածային է այս կամ այն պարբերականը, այնքան ավելի հավաստի է նրա տրամադրած ինֆորմացիան: Այս իմաստով ինֆորմացիայի փնտրտուքների ժամանակ հայկական լրատվամիջոցները նախապատվություն են տալիս խոշոր, մեծ սփռում ունեցող այնպիսի «գիգանտների», ինչպիսիք են «New York Times»-ը «Washington Post»-ը կամ «ABC news» գործակալությունը: Հաճախ ստացվում է այնպես, որ սիրիական հակամարտությունը չի շրջանակավորվում հայկական լրատվադաշտում, այլ վերցվում է արդեն պատրաստի շրջանակի մեջ առնված, շրջանակ, որը ձևավորվում է հեռուստակայանների ու խմբագրությունների ցանցերում, ձևավորվում է որոշակի տեսանկյունից, կոդավորվում է հստակ, և նման հղկված տեղեկատվական հոսքերը ընդդիմադիր կամ թեկուզ շեղված ընթերցելու համար պետք է ունենալ որոշակի տեսական հենք ու գիտելիքներ, որոնք այսօր, գոնե Հայաստանում, շատերին չէ, որ հասանելի են:

Հայտնի և հռչակ վայելող ԶԼՄ-ների ընթերցողները կարող են ենթադրել, թե իրենք լավ տեղյակ են աշխարհում կատարվող ամենակարևոր հարցերից և իրադարձություններից: Այնուամենայնիվ, ըստ երևույթին, նորությունները հանրությանն են ներկայացվում այնպես, որ նա իրադարձությունները հասկանա որոշակի տեսանկյունից կամ էլ այն շրջանակից, որը մեդիան է, այսպես ասած, խորհուրդ տալիս: Նորությունների հաղորդումը հանգեցնում է ֆրեմինգի` մի գործընթացի, որով «հաղորդակցման աղբյուրը լսարանի համար կառուցում և սահմանում է սոցիալական ու քաղաքական իրադարձությունները»: Ֆրեմինգը մի ճանապարհ է, որով մեդիան ընտրված և կոնկրետ նշանակություն ունեցող տարրեր է հաղորդում այս կամ այն իրադարձության մասին: Որոշակի գաղափարների և թեմաների վերաբերյալ հոդված գրելով` լրագրողը շեշտում է հիմնական հատվածները, որոնք դառնում են ավելի ընդգծված, ստանում են ճանաչելի թեքություն»: Հենց այսպես էլ ծնվում են ընթերցողի հույզերն ու խոհերը տվյալ իրադարձության վերաբերյալ:
Հակամարտության առկայությունը կրկնակի ավելացնում է լրագրողի ցանկությունը` ստանալ նախընտրելի ընթերցում: Ռազմական բախում լուսաբանող խոշոր մեդիահոլդինգները, ավելի քան որևէ այլ հարցում, զգոնություն են ցուցաբերում համապատասխան շրջանակ ընտրելիս:
Այս աշխատանքում կփորձենք խտացնել ինֆորմացիա «արտադրող» երկու գերհսկաների ընտրած շրջանակները սիրիական հակամարտության լուսաբանման հարցում: Կտեսնենք, թե որքան տարբեր կարող են լինել հայացքները միևնույն խնդրին` ևս մեկ անգամ համոզվելով, որ այնքան էլ ակնհայտ չէ` ի վերջո կիսով չափ լի՞քն է բաժակը, թե՞ կիսով չափ դատարկ:

Գլոբալացման արդի ժամանակահատվածը նաև սրված հակամարտությունների ժամանակահատված է, հակամարտություններն այսօր առավելապես տեղեկատվական բնույթ են կրում, սակայն կան երկրներ, որտեղ այսօր, այս պահին, որոշակի պատմական իրավիճակում, զոհվում են մարդիկ, որոնց մասին մենք տեղեկություն ենք ստանում ընդամենը տարբեր ԶԼՄ-ների հաղորդագրություններից:

Սիրիայի հակամարտությունը մեր օրերի ամենաշատ քննարկվողներից և, թերևս, ամենաքիչ հասկացվածներից է:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության ու նրա հրաժարականը պահանջող խմբի միջև զինված հակամարտությունը սկսվեց 2011 թվականին, թեև տարաձայնություններն սկսվել էին շատ ավելի վաղ:

Նկատի ունենալով, որ սույն աշխատանքը նպատակ չունի պատմել հակամարտության զարգացման պատմությունը, ինչը նյութ կլիներ գրքեր գրելու համար` նպատակահարմար ենք գտնում անցնել բուն նյութին, այն է` հակամարտության շրջանակավորմանը ռուսական ու ամերիկյան ԶԼՄ-ներում:

Նախ անդրադառնանք ուսումնասիրված ԶԼՄ-ների ընտրությանը:

Ռուսական մեդիադաշտից «РИА Новости» և ամերիկյան մեդիադաշտից «ABC news» լրատվական գործակալությունների ընտրությունը կամայական չէ: Այն պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նախ նպատակահարմար է ուսումնասիրության համար վերցնել նորություններ ստեղծող խոշոր գործակալություն, քանի որ, ինչպես հայտնի է, հենց նրանք են ինֆորմացիան առաջինն ստանում ու տարածում մամուլի մյուս օրգանների համար, ովքեր օգտվում են արդեն պատրաստի արտադրանքից` հաճախ չխախտելով անգամ ի սկզբանե նշված շրջանակները:

Բացի այս, ընտրված երկու գործակալություններն ակնհայտորեն լուրջ աշխատանք են կատարում` հատկապես սիրիական հակամարտության մասին իրենց տարածման շրջանում որոշակի շատ հստակ գաղափար ստեղծելու նպատակով: Ասածին ի ապացույց նշենք, որ «РИА Новости» գործակալության վերջին մեկ ամսվա թողարկած լրատվահոսքի 600 անուն նյութերում խոսվում է սիրիական հակամարտության մասին` չհաշված թեմատիկ առանձնացումները (որոնցից յուրաքանչյուրի տակ կան ևս մեկ տասնյակից ավել լուրեր), և որոնք թվով անցնում են երկու տասնյակը: Համեմատության համար նշենք, որ նույն գործակալության մեկ ամսվա թողարկած լրատվահոսքում Հայաստանին վերաբերող կամ այդ բառը ներառող նյութերի թիվը չի հատում յոթ տասնյակի սահմանը: Եղածներն էլ վերաբերում են Հայաստան-Մաքսային միություն հարաբերություններին:

«ABC news» գործակալությունը նույն ժամանակահատվածում սիրիական հակամարտության լուսաբանմանն է նվիրել 500 վերլուծական հոդված այն դեպքում, երբ «Հայաստան» բառը նույն ժամանակահատվածում ներառվել է ընդամենը 7 նյութում, իսկ գործակալության ողջ պատմության ընթացքում` 165 նյութում:
Այժմ փորձենք հասկանալ, թե հատկապես ինչ աշխարհայացքի կերտմանն են միտված այս խոշոր թվերը:


Սիրիական հակամարտությունը ռուսական «РИА Новости» լրատվական գործակալությունում

«Ռուսաստանի բնակչության շուրջ կեսն սպասում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև «սառը պատերազմի»»: Հանդիպելով նման վերնագրով նյութի «РИА Новости» գործակալության սույն թվականի հոկտեմբերի 7-ի լրատվահոսքում` թվում է` պետք էր անակնկալի գալ, բայց մինչ այդ, ուսումնասիրած լինելով երկու երկրների` սիրիական հակամարտությունում առկա գերակա շահի վերլուծությունը ընտրված ԶԼՄ-ներում, արդեն իսկ ստեղծվել էր պատկերացում, թե երկու երկրների միջև իրապես սառը պատերազմ է ընթանում: Նշենք, որ նյութում առկա է նաև նման մոտեցում. «Ռուսաստանյան բլոգերների 45 տոկոսը գտնում է, որ երկու երկրների միջև «սառը պատերազմն» արդեն ընթանում է»:

Սա թերևս միակ կարծիքն է, որով հատվում են «РИА Новости» և «ABC news» գործակալությունների ստեղծած շրջանակները` չնչին այլ բացառություններով, որոնց կանդրադառնանք ընթացքում:

«РИА Новости»-ի ստեղծած շրջանակն ակնհայտորեն աշխատում է Սիրիայի գործող իշխանության դիրքերի ամրացման օգտին և հակառակը` փորձում է քայքայել իշխանամետ ուժերի դեմ կռվող խմբերի դիրքերը:

«Զինյալների միջև հակասությունները թուլացրել են Սիրիայի ընդդիմությունը: Սիրիայի ընդդիմության տարբեր խմբավորումների միջև զինված ընդհարումները ոչ միայն թուլացնում են նրանց ուժը` պայքարելու իշխանական ուժերի դեմ, այլև վերացնում են չնչին իսկ հույսերն այն մասին, որ Բաշար Ասադի հակառակորդները կկարողանան երկիրը կառավարել վերջինիս հրաժարականի դեպքում: Ընդդիմության տարբեր խմբերն անցել են բացահայտ զինված պայքարի: Ընդդիմությունը կորցնում է վստահությունը թե՛ երկրի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս: Շատ սիրիացիներ արդեն կասկածում են, թե ընդդիմության նպատակները համընկնում են իրենց նպատակների հետ: Իրենց հերթին ընդդիմության արևմտյան գործընկերները կասկածում են, թե բախման հետևանքով սիրիական վարչակարգի հակառակորդները կկարողանան հաջողության հասնել: Դա արդեն արտահայտվում է նաև արևմուտքից ստացվող ռազմական ու նյութական օգնության նվազեցան թափում», - գրում է գործակալության թղթակիցը` գրեթե չներկայացնելով բերված տեղեկատվությունը հաստատող փաստաթղթեր կամ փաստեր:

Հետաքրքիր է, որ «РИА Новости» –ի թղթակիցները` անգամ նրանք, ովքեր նյութեր են ուղարկում կոնֆլիկտի ամենաթեժ կետերից, շրջանցում են պատերազմի արհավիրքների «գունավոր» լուսաբանումը:

Պատերազմի բերած ողջ դժվարությունը ներկայացվում է միայն որոշ նյութերի վերջում, այլն էլ` որոշակի նպատակով:

«Չիլիի վարձկանին ձերբակալել են Սիրիայում: Չիլիացի կինն ու իր ամուսինը մի խմբավորման կազմում էին, որը պայքարում է Սիրիայի իշխանական ուժերի դեմ»: Այս նյութի վերջում, օրինակ, նման թվեր են ներկայացվում. «2011 թվականից Սիրիայում տեղի ունեցող հակամարտության ընթացքում այդ երկրում զոհվել է շուրջ 100 000 մարդ, ավելի քան 6,2 մլն մարդ արտագաղթել է»: Այս համատեքստում ստեղծվում է տպավորություն, թե մարդկային նման կորուստների պատճառը այն վարձկաններն ու ընդդիմադիրներն են, ովքեր հակամարտություն են հրահրում Սիրիայում:

Պատերազմական վիճակի համար շատ կիրառական է նաև միայն իշխանական ճամբարում գրանցված զոհերն ու կորուստները ներկայացնելը: Նման նյութերը բավական շատ են: Բերենք մեկ օրինակ. «Դամասկոսոմ ոչ պակաս, քան 12 զինվոր է զոհվել գրոհայինների հետ բախման ժամանակ: Մարտը Բարզեհ մարզի շրջակայքում սկսվել է երկուշաբթի, երբ իշխանական ուժերը փորձել են այնտեղից դուրս բերել ընդդիմադիրների գրոհայիններին, որոնց թվում եղել են ահաբեկչական ‹‹Ֆրոնտ ան-Նուսրա» կազմակերպության անդամներ: Հիշեցնենք, որ այս պահին Դամասկոսում կառավարական բանակի դեմ կռվում են խմբավորումներ, որոնցում ներգրավված են այլազգի վարձկաններ և տարբեր ահաբեկչական կազմակերպություններ»:
Այս և նմանատիպ այլ օրինակներում, թեև ակնհայտ է, որ տեղի է ունեցել բախում, զոհեր, անշուշտ, կան երկու կողմում էլ: «РИА Новости»-ի ընտրած շրջանակը չի ներառում ընդդիմության կրած կորուստները, ավելին՝ արվում է ամեն ինչ ցույց տալու համար, որ «ընդդիմությունն այնքան էլ ընդդիմություն չէ», քանի որ կազմված է ոչ թե սիրիացիներից, այլ օտարազգի ահաբեկչական կազմակերպություններից ու վարձկաններից:

Ի դեպ` ՔԶԱԿ-ի (Քիմիական զենքի արգելման կազմակերպություն) գործունեության հետ կապված լուսաբանումները գործակալության էջերում շատ յուրօրինակ տեսք ունեն: Որդեգրված է այն դիրքորոշումը, թե քիմիական զենքի հայտնաբերումն ու ոչնչացումը բխում է Սիրիայի ներկայիս իշխանության շահերից, քանի որ դրա կիրառումն «իրենց ձեռքի գործը չէ»:

«Սիրիայի գործող կառավարությունն ու բանակը նախաձեռնում են անհրաժեշտ միջոցառումներ` ապահովելու համար ՔԶԱԿ-ի և ՄԱԿ-ի ուսումնասիրողների անվտանգությունը: Դրա համար անգամ ստեղծվել է հատուկ հանձնաժողով»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մեջբերումներում առկա են դիրքորոշումներ, ըստ որոնց ՔԶԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը պետք է կատարի նաև անկախ փորձաքննություն` պարզելու համար, թե ում կողմից է կիրառվել քիմիական զենքը, քանի որ մեղավորները պետք է պատժվեն: Այդ համապատկերին վերևում բերված հոդվածի նման նյութերը ստեղծում են ակնհայտ շրջանակ այն մասին, որ «մեղավորները» հաստատ իշխանության վերևում չեն:


Սիրիական հակամարտությունը ամերիկյան «ABC news» լրատվական գործակալությունում

«ABC news» գործակալության հաղորդած լրատվությունը նախորդից տարբերվում է ոչ միայն անտեսանելի թելերով, այլև ժանրային ու առանցքային հայեցակագերով: Ի տարբերություն նախորդ գործակալության՝ «ABC news»–ի լրագրողները մեծ ուշադրություն չեն հատկացնում Սիրիայի շուրջը տեղի ունեցող բանակցությունների մասին լրատվությանը: Նրանց համար առաջնային են մեծ հոդվածները, վերլուծություններն ու ակնարկները դեպքի վայրից: Փորձ է արվում ստեղծել ներկայության պատրանք` ընթերցողին հաղորդակից դարձնելով հազարավոր վիրավորների և ամեն վայրկյան մահվան սպառնալիքի տակ գտնվող մարդկանց կյանքին: Լրատվությունն առավելապես նպատակ ունի ստեղծելու զգայական, հուզական վերաբերմունք պատերազմի արհավիրքների նկատմամբ:

Բազմաթիվ են հարցազրույցները դեպքի վայրում աշխատած բժիշկների, վիրաբույժների հետ, ովքեր մանրամասն նկարագրում են իրենց տեսածն ու լսածը` էլ ավելի սրելով զգայական պատկերը:

«Սամեր Ատտարը վիրաբույժ է, ով մասնակցել է սիրիացիներին տրամադրվող օգնությանը: «Հիմնականում վիրավորները կանայք էին ու երեխաներ, ոչ թե զինվորներ: Նրանց հետ կար այն ամենը, ինչ հարկավոր էր անդամահատման համար` դանակ: ԱՄՆ-ում ես անգամ էլեկտրական սղոցով ոտք կտրելու փորձ ունեի, բայց այստեղ հոսանքի վրա էլ հույս դնել չէր կարելի: Շատ-շատերը, այդ թվում՝ երեխաները, խնդրում էին կտրել իրենց ոտքը, քանի որ այլևս չէին կարող ապրել փտած ոսկորով կամ բաց վերքով», - պատմում է Ատտարը»:
Բազմաթիվ տեսահոլովակներն ու ձայնագրությունները պատմում և ցույց են տալիս, թե ինչպես են ընթանում այդ սարսափազդու վիրահատությունները: 

«93-ամյա ծերունին վիրավորվել է, երբ իշխանականների և ապստամբների միջև կռվի ժամանակ ականն ընկել է հենց իր տան վրա: Վիրահատվում է Ալ-Աքրա հիվանդանոցում»՝ վերնագրված է տեսահոլովակներից մեկը:

«Պոլիոմելիտի դեպքեր են հայտնաբերվել: Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով 10 երեխաներ ու նորածիններ վարակվել են այդ հիվանդությամբ». այս և մի շարք այլ նյութերում պատերազմն անվանվում է քաղաքացիական` այսպիսով դուրս մղելով բոլոր մտքերն այն մասին, թե Սիրիայում կարող են լինել նաև դրսի ուժեր:

Ստեղծված է շրջանակ, որից ներս Բաշար Ասադը մի բռնակալ է, ով հրաժարվում է ընդունել իրենից դժգոհողների բողոքներն ու ագրեսիա է սերմանում: Երբեմն նրան առաջադրվում են ուղղակի մեղադրանքներ. «Նախագահ Բարաք Օբամայի սոցիալական կայքի էջը դարձել է սիրիական հակերների զոհը, որոնք գործում են նախագահ Բաշար Ասադի հետ համաձայնեցված»: Նյութում չի տրվում որևէ պարզաբանում ենթադրությանը, թե որն է Բաշար Ասադին մեղադրանքի մեջ ներքաշելու հիմնավորումը: Բերվում են միայն օրինակներ. «Օգոստոսին Սիրիայի Էլեկտրոնային բանակն իր վրա էր վերցրել «New York Times»-ի «Washington Post»-ի էլեկտրոնային էջերը ջարդելու պատասխանատվությունը»:

Ինչ վերաբերում է այսպես կոչված ապստամբներին, գործակալության շրջանակում նրանք անվանվում են Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչներ, ովքեր նպատակ ունեն «ազատել երկիրն ագրեսորից»: Այդ «ագրեսորի գործած ոճիրների» նկարագրությունները շատ ազդեցիկ են: Բերենք մեկ օրինակ. «Սիրիական բանակի զինվորներն ուրբաթ օրը Դամասկոսից ոչ հեռու գտնվող աստամբների ճամբարից սպանել են ոչ պակաս, քան 40 կռվողների: Նրանց մարմինները արնաշաղախ ցրված են թողել ցամաքած գետի շուրջը գտնվող բլուրներին: Նախագահ Բաշար Ասադի ուժերով և լիբանանյան «Հըզբոլահի» օգնությամբ գրավել են նաև մի քանի կարևոր նյութատեխնիկական պահեստներ»:

«ABC news» և «РИА новости» գործակալությունների շրջանակներում առկա է ևս մեկ ընդհանրություն. դիտողը, ով չի ճանաչում Բաշար Ասադին, կարող է այդպես էլ չտեսնել նրա լուսանկարը և միայն մի քանի անգամ հանդիպել անվանը այն դեպքում, երբ Օբամա, Պուտին, Լավրով, Պան Կի Մուն անուններն ու համապատասխան լուսնակարներն ուղղակի լցնում են ողջ լրատվահոսքը: Սիրիան իր տարածքով, մարդկային ու նյութական ռեսուրսով, դարձել է մի խաղաքարտ «մեծ խաղացողների ձեռքում»:

Պատահական չէ, որ այս տպավորությունը ցրելու համար «ABC news››-ը մի ողջ հոդվածաշար է նվիրել «Սիրիայի քաղաքացիական պատերազմի առանցքային խաղացողներին», որում նախագահ Բաշար Ասադի, ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ ալ-Ջարբայի, Սիրիայի ազատ բանակի հրամանատար Սալիմ Իդրիսի, իսլամիստական-ծայրահեղական խմբավորման անդամ Ջաբհատ ալ-Նուսրայի համառոտ կենսագրություններն են, ինչպես նաև ‹‹Իսլամական Իրաքի ու Լևանտայի›› և «Հըզբոլահ» խմբավորման մասնակցությունը հաստատող անցքերը:

Փորձելով ընդհանրացնել երկու շրջանակները` կարող ենք ասել, որ ռուսական լրատվական գործակալության մոտեցումը «հեռավորության շրջանակ» է (framing of distance), որն ընթերցողի համար զոհերի հետ առնչություն չունեցող զգացողություն է թողնում, իսկ ամերիկյան լրատվական գործակալության մոտեցումը «մոտիկության շրջանակ է» (framing of proximity), որ առաջացնում է ընթերցողի ցավակցությունը պատերազմի զոհերի ու տուժածների տանջանքների նկատմամբ:


Իբրև վերջաբան

Թեման շարադրելիս հիշեցի մոտ կես տարի առաջ կայքերից մեկում հանդիպած նկարի մասին: Այն այնքան էր գրգռել հետաքրքրասիրությունս, որ պահպանել էի համակարգչիս հիշողությունում: Փորփրելով արխիվները` գտա այն և, ավելի քան երբևէ, խորապես զգացի նկարի արտահայտած ողջ ճշմարտությունը մեդիայի մասին: Ճշմարտությունը, կամ գուցե հաստատումը, որ ոչ մի ճշմարտություն էլ իրականում գոյություն չունի:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1669 reads | 11.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com