ԱՐԴՅՈ՞Ք ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՂՐԻՄԻՆ
ՎԱԼԵՐԻԱ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ 
Միջազգայնագետ, քաղաքական գիտությունների թեկնածու 










Ուկրաինայում տիրող քաղաքական ճգնաժամը, որը սպառնում է բաժան-բաժան անել երկիրը, բավականին մեծ տեմպերով զարգացում է ապրում: Ուշադրության կենտրոնում է հայտնվել Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը: Կիևը պաշտպանում է <<անբաժանելի Ուկրաինայի>> տարածքային ամբողջականությունը, իսկ Ռուսաստանը առաջ է քաշում <<ռուսախոս բնակչության պաշտպանության>> թեզը: Նման իրավիճակում Թուրքիան նույնպես պատրաստ է Ղրիմի նկատմամբ իր հավակնություններն առաջ քաշել:

Մինչև XVIII դարի վերջը Ղրիմը եղել է Օսմանյան Կայսրության կազմի մեջ, իսկ Ռուսական կայսրությանն է միացվել 230 տարի առաջ՝ համաձայն կայսրուհի Եկատերինա II-ի 1783թ. ապրիլի 8-ի(19) մանիֆեստի: Երբ թերակղզին միանում է կայսրությանը, շատ թաթարներ արտագաղթում են Թուրքիա, և մինչև հիմա Թուրքիայում գոյություն ունի մեծ ղրիմաթաթարական համայնք: Ղրիմի թաթարների տվյալների համաձայն՝ նրանց թիվը հասնում է մոտ հինգ միլիոնի, սակայն քանի որ Թուրքիայում չկա էթնիակական տարրերի հստակ հաշվարկ, նման տվյալները դժվար է իրատեսական համարել: Օրինակ, Էսքիշեհիր քաղաքում ապրում է մոտ 200 հազար Ղրիմի թաթար, որոնք պահպանել են իրենց լեզուն ու մշակույթը և ուժեղ լոբբի ունեն Թուրքիայում: Այսպիսով, չնայած այն բանին, որ Օսմանյան կայսրության տարածքից Ղրիմը դուրս է եկել մոտ 200 տարի առաջ, այնուամենայնիվ Թուրքիայի և Ղրիմի թաթարների սերտ կապերը պահպանվել են:

1990-ական թվականների սկզբներին Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Ղրիմին, այնտեղ ներդրումներ կատարում: Ղրիմի տարածքում թուրքական ֆոնդեր են գործում, մասնավորապես Թուրքիայի նախարարների խորհրդի միջազգային զարգացման և համագործակցության գործակալությունը (TIKA): Գործում է Գյուլենի դպրոցը: Այնպիսի երիտասարդական կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Ղրիմի թաթարների մշակույթի և փոխօգնության ֆոնդը, Էմել, Ղրիմի զարգացման ֆոնդերը, ինչպես նաև ղրիմաթաթարական ազգի Մեջլիսի գործունեությունը ֆինանսավորվում է վերը նշված գործակալության կողմից: Պատահական չէ, որ Ղրիմի համայնքների ֆեդերացիան, որը Ղրիմի թաթարներին միավորող առաջատար կազմակերպություն է, Թուրքիային կոչ է արել պաշտպանել հայրենակիցների անվտանգությունը, որոնք մնացել են թերակղզու վրա: Սակայն, անհրաժեշտ է նշել, որ ներկայումս Թուրքիան ի վիճակի չէ իր վրա վերցնել Ղրիմի թաթարների ղեկավարումը: Մարդասիրական նախագծերի ֆինանսավորումը, ճիշտ է, դրված է Թուրքիայի երկարաժամկետ պլանների օրակարգում և Թուրքիան պատրաստ է աջակցել իր հայրենակիցներին, բայց ոչ ավելին: Այդ պատճառով է, որ Դավութօղլուն բավարարվեց միայն հրապարակային կոչով՝ ասելով, որ անհրաժեշտ է զարգացնել մշակույթն ու զբոսաշրջությունը, նշելով, որ <<Ղրիմի իրական տերերը Ղրիմի թաթարներն են>> և <<Թուրքան միշտ լինելու է Ղրիմի թաթարների կողքին>>: Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջիկա պլաններում չի մտնում Ուկրաինայի ներքին գործերի մեջ մտնելը:

Չնայած թուրքական մամուլը ուռճացնում է Ղրիմի վերադարձի թեման, պետական-պաշտոնական մակարդակով այն լուրջ չի ընկալվում: Ներկա իրականությունն այնպիսին է, որ Թուրքիա-ԵՄ հարաբերությունները մի քիչ լարված են. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ Ուկրաինայում կատարվածի մեջ միայն Եվրոպան է մեղավոր: Թուրքիան նաև չի ցանկանում Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել: Դավութօղլուն իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել է, որ պետք է ճանաչել Ռուսաստանի ռազմավարական շահերը ոչ միայն Ուկրաինայում, այլև Ղրիմում:

Սակայն, այնուամենայնիվ, պետք չէ Թուրքիայի երկարաժամկետ օրակարգից հանել Ղրիմի հետ կապված պլանները. Ինքնավար Հանրապետությունը Թուրքիայի և Ռուսաստանի ավանդական հետաքրքրությունների շրջանակներում է: Եթե դիտարկենք ռազմավարական և մարտավարական տեսակետներից, ապա Թուրքիային ձեռնտու է Ղրիմում անկայուն վիճակը: Առաջին հերթին այդ իրադրության պայմաններում հնարավորություն կստեղծվի զբոսաշրջիկների հոսքը Ղրիմից տեղափոխել Թուրքիա: Երկրորդը՝ անկայունությունը կարող է արագացնել Ղրիմի թաթարնեիր ինքնակազմակերպման գործընթացը և ավելացնել անջատողական տրամադրությունները: Նման պահանջները կարող են հիմք հանդիսանալ, որ սլավոնական բնակչությունը արտագաղթի, իսկ թաթարները ավելի ամրապնդեն իրենց դիրքերը թերակղզու քաղաքական և տնտեսական կյանքում: Նման սցենարի զարգացման դեպքում Թուրքիան փաստացի կարող է ստանալ միանգամայն կառավարելի տարածքային միավորում: Այս սցենարը Թուրքական Հանրապետության վաղեմի երազաքն է: Սակայն ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ Անկարան չի պատրաստվում բացահայտորեն ներքաշվել Ղրիմում տեղի ունեցող գործընթացների մեջ, բայց նաև չի հրաժարվում կողմերի միջև միջնորդ լինելուց:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
983 reads | 05.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com